Հաղթահարելով համաճարակը՝ Թուրքիան ներկայանում է ավելի հաստատակամ արտաքին քաղաքականությամբ

Հաղթահարելով համաճարակը՝ Թուրքիան ներկայանում է ավելի հաստատակամ արտաքին քաղաքականությամբ

Ներքին մարտահրավերների պակաս չունենալով՝ Էրդողանն ընդարձակում է Թուրքիայի դերը Միջերկրական ծովի արևելյան հատվածում և միևնույն ժամանակ հակազդում Եվրոպային…

Թուրքիան կորոնավիրուսի համաճարակի ընթացքում արագորեն օգտագործեց իր դիվանագիտական լծակը, որը ներառում է բժշկական պաշարների մատակարարում և բժշկական սարքավորումների հետ կապված երկարաժամկետ համագործակցության ծրագրեր: Այս համագործակցային դիվանագիտությունը համահունչ է հաստատուն արտաքին քաղաքականությանը, որը ցուցադրվում է ռազմական միջամտություններով և Միջերկրական ծովի արևելյան հատվածի իրավական կարգ ու կանոնին մարտահրավերներ նետելով: Մինչ այն համաձայնեցված է կառավարության՝ 2023 թվականին ուղղված ռազմավարությանը (երբ Թուրքիան նախագահական ընտրություններ կանցկացնի և կնշի երկրի հարյուրամյակը), այս քաղաքականությունը անխուսափելիորեն կստեղծի պարբերաբար շատացող դժվարություններ Անկարայի գործընկերների համար:

Համաճարակը առաջ է բերում դիվանագիտական ու քաղաքական նոր հնարավորություններ

Թուրքիան բժշկական սարքավորումներ է մատակարարել իր կողմից ռազմավարական նպատակներով ընտրված մի շարք երկրների՝ կամ կայուն կապերը պահպանելու համար (ինչպես Իտալիայի, Իսպանիայի և Միացյալ Թագավորության դեպքում), կամ հետագա աշխարհաքաղաքական շահերի համար (ինչպես Բալկանյան թերակղզու արևմտյան հատվածի և  աֆրիկյան տարբեր գործընկերների դեպքում), կամ էլ հավանության արժանանալու համար (ինչպես ԱՄՆ-ի դեպքում): Օգտագործելով իր ռազմական բեռնատար հեռագնաց ինքնաթիռները՝ Թուրքիան թուրք դիվանագետների կողմից ճշգրտորեն մշակված արարողությամբ  կարողացավ մատակարարումներ ուղարկել 116 երկրի:

Այս երկրի հաջորդ քայլը Չինաստանին այլընտրանքային երկիր դառնալն է եվրոպական երկրներին բժշկական սարքավորումներ և պաշարներ մատակարարելու, հարմարվողական արդյունաբերության ընձեռած առավելության  շնորհիվ (հատկապես պաշտպանության ոլորտում): Դիվանագիտական նպատակը պարզ է. օգտագործել համաճարակը կարիքավոր երկրներին օգնելու համար և բարելավել Թուրքիայի հեղինակությունը միջազգային ասպարեզում:

Սակայն այն ներքին հնարավորությունները, որ Թուրքիան է տեսնում, բավականին տարբեր են: Ինչպես աշխարհի այլ առաջնորդներ, այնպես էլ Ռեջեփ Թայիփ Էրդողանը շարունակում է ճնշումների գործելաոճը իր երկրում: Երկրի կառավարությունը խոչընդոտում է ընդդիմադիր անձանց և այլախոհների գործունեությանը, ինչպես օրինակ՝ ձախաթևյան Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության անդամ որոշ քաղաքապետերի, սոցիալ-դեմոկրատական Ժողովրդահանրապետական կուսակցական որոշ օրենսդիրների և քաղաքապետերի, իրավաբանների ու լրագրողների: Այն բանից հետո, ինչ բանտարկյալների վաղ ազատ արձակման մասին հատուկ օրենք սահմանվեց՝ օգնելու վիրուսի տարածումը զսպել, մաֆիայի պարագլուխներին և այլ կատաղի հանցագործներին առաջնահերթություն տրվեց, մինչդեռ խղճի բանտարկյալները մնացին ճաղերի ետևում:

Ո՛չ Եվրոպական խորհրդի հրատապ կոչերը, ո՛չ էլ Ամնեսթի Ինթերնեշնլի (Amnesty International) բողոքները չեն կարողացել խոչընդոտել քաղաքական այս ռազմավարությանը: Նշանավոր անձինք, ինչպիսիք են լրագրող Ահմեդ Ալթանը, քուրդ քաղաքական գործիչ ու նախագահի նախկին թեկնածու Սելահաթթին Դեմիրթաշը և բարեգործ Օսման Քավալան, մնում են բանտարկված միայն այն պատճառով, որ դիտարկվում են որպես նախագահին դեմ: Ավելին՝ խորհրդարանական կոալիցիայի (Էրդողանի պահպանողական «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ) և աջաթևյան ծայրահեղական «Ազգայնական շարժում» կուսակցության) ներսում քննարկվում է մի նոր օրենք, որը նպատակ ունի արգելելու քվեների փոխանցումը, ինչը թույլ կտա ետ մղել ԱԶԿ նախկին փոխվարչապետ Ալի Բաբաջանի ու ԱԿԶ նախկին վարչապետ Ահմեդ Դավութօղլուի կողմից հիմնած նոր քաղաքական կուսակցությունների մրցակից կոալիցիաներին: Էրդողանի և իր դաշնակիցների միակ նպատակը մնում է քաղաքական գերիշխանությունը:

Ավելի հաստատակամ Թուրքիա

Այնինչ Թուրքիան ավելի առաջ է գնում միջազգային ասպարեզում: Նախ ստեղծում է ավելի հզոր պաշտպանական համակարգ, որպեսզի հզորացնի իր ռազմական ուժերը: Օրինակ՝ երկրի ռազմական արդյունաբերությունը զարգացրել է հեռահար ռազմական անօդաչու սարք (Bayraktar Akıncı), որը նախկինում ստեղծվում էր միայն ԱՄՆ-ում ու Չինաստանում: Այն շուտով էական դեր կխաղա թուրքական օդային ուժերում:

Երկրորդ՝ Թուրքիան ավելի քան ուրախ է ցույց տալ իր ռազմական հզորությունը Լիբիայում, Քաթարում, Սոմալիում ու Սիրիայում և իր հզորությունը զգացնել նախկին Օսմանյան կայսրության տարածքում ու դրանից դուրս (ինչն այժմ Թուրքիան համարում է իր ազդեցության գոտին): Այս քաղաքականությունը ներառում է Ռուսաստանին մարտահրավեր նետելը Սիրիայում, որտեղ Թուրքիան փորձում է վրեժխնդիր լինել անցյալ փետրվարին ռուսական և սիրիական օդային ուժերի կողմից Իդլիբում գտնվող թուրքական գումարտակին հասցրած ստորացման համար, և Լիբիայում, որտեղ Թուրքիայի ռազմական վերջին հաջողությունների պատճառով այն Նյու Յորք Թայմսի կողմից ստացել է «գորշ կարդինալ» ծաղրանունը: Այնուամենայնիվ, Լիբիայում Թուրքիայի և Ռուսաստանի միջև մրցակցության ավարտը դեռ սարերի ետևում է:

Երրորդ՝ Թուրքիան մարտահրավեր է նետում Միջերկրական ծովի արևելյան հատվածի կարգ ու կանոնին՝ և՛ վերագծելով առափնյա սահմանները Լիբիայի «Ազգային համաձայնության կառավարության» հետ գործարքի միջոցով, և՛ Կիպրոսից գրաված տարածքներում կատարելով գազի արդյունահանման աշխատանքներ: Թուրքիան փորձում է այդ շրջանում ստեղծել նոր կանոններ՝ հիմնվելով «մի անշրջելի փաստը մյուսի ետևից» սկզբունքի վրա: Ինչպես մայիս ամսին ասել է արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն. «Թուրքիան այստեղ է, ստիպված եք Թուրքիայի հետ աշխատել»:

Չորրորդ՝ Թուրքիան դիմում է սադրանքի և նույնիսկ ստորացման քայլերի: Ներքին գործերի նախարարությունը  թիրախավորել է Հունաստանին՝ գաղթականներին քշելով դեպի սահմանը, և Էրդողանը իրեն թույլ է տվել հունական կառավարությանը «նացիստ» անվանել, երբ վերջինս փորձել է Թուրքիայի դեմ դուրս գալ: Պաշտոնական հայտարարություններում թուրքական կառավարությունը Եվրոպական միության՝ առափնյա սահմանների վերաբերյալ դիրքորոշումը պիտակավորել է որպես  «կրկնվող… ձանձրալի ճառ» և պնդել, որ Ֆրանսիան դարձել է «չարակամության հովանավոր», որը «զառանցանքի մեջ է ընկնել» Կիպրոսի և Հունաստանի հետ տարածաշրջանային վեճերում: Թուրքիան հաճախ Եվրոպական միությունը ներկայացնում է որպես անհաջող կազմակերպություն, հատկապես կորոնավիրուսի համաճարակի ժամանակ:

Ընդհանուր առմամբ Թուրքիան հակված է վերադարձնել իր գերակայությունը հարևան երկրների նկատմամբ: Հակառակ մեր փափագած հույսերի՝ անհավանական է թվում, որ Թուրքիան կփոխի իր քաղաքականությունը Սիրիայում՝ հանուն Եվրոպական միության հետ կապերը շտկելու: Ինչպես կառավարամետ մի թղթակից վերջերս բացատրեց. «Թուրքական աշխարհաքաղաքական հզորությունը այժմ զգացվում է Պարսից ծոցից մինչև Հյուսիսային Աֆրիկա և Կարմիր ծով, Բալկանյան թերակղզուց մինչև Կովկաս ու Կենտրոնական Ասիա»:

Թուրքիայի 2023 թվականի ռազմավարությունը

Թուրքիայի՝ Եվրոպական միության հանդեպ թշնամությունն ի հայտ է գալիս այն ժամանակ, երբ Էրդողանի հեղինակությունը խամրում է, Թուրքիայի ներքին քաղաքական անախորժությունը ավելանում է, և երբ երկրի տնտեսական հեռանկարն ավելի չարագուշակ է դառնում: Արտաքին քաղաքականության դյուրագրգիռ հայտարարությունները որոշ չափով օգնում են թաքցնել ներքին անախորժությունները:

Այն, ինչ կարող է հակասական թվալ արևմտյան քաղաքական գործիչներին, թուրքական համատեքստում ունի ավելի համոզիչ հիմնավորում. այն գլխավորապես մշակված է ըստ հաջորդ նախագահական ընտրությունների՝ ծրագրված 2023 թվականի հունիսին՝ նույն թվականի հոկտեմբերին տեղի ունեցող Թուրքիայի Հանրապետության հարյուրամյակին ընդառաջ: Նախագահը ցանկանում է գերազանցել (ինչու ոչ, վերացնել) Քեմալ Աթաթուրքի ժառանգությունը՝ այնպես անելով, որ հաջորդ ընտրություններում պարտվելու հավանականություն չլինի: Հարյուրամյակը պետք է նույն կերպ հաստատի Թուրքիայի ժամանակակից լինելն ու հզորությունը և վերականգնի վերջինիս ազդեցությունը նախկին Օսմանյան կայսրության գոտում:

Այդ նպատակով թուրքական ղեկավարության էական որոշումները (սկսած նոր հիվանդանոցների, կամուրջների, թունելների, օդանավակայանների կառուցումից և վերջացրած թեթև օդանավակրի, նոր սուզանավերի, թուրքական արտադրության ռազմական անօդաչու սարքերի կառուցմամբ և օտարերկրյա զորքերի կիրառմամբ) հետևում են միայն մեկ ենթաշղթայի, այն է՝ 2023 թվականի ռազմավարությունը:

Այս արդյունքը անխուսափելի էր: Այսպիսի արշավը իրոք կարող էր իրականացվել տարբեր սկզբունքների հիման վրա (եթե լինեին  մարդու իրավունքների բարելավված արձանագրություններ, ավելի խորը համագործակցություն Եվրոպայի հետ կամ եթե Թուրքիայի դերը ավելի հզոր լիներ ՆԱՏՕ-ում), բայց ներքաղաքական դաշինքներն ու Էրդողանի անձնական հակվածությունները երկրին հակառակ ուղղությամբ են մղել:

Թուրքիայի՝ Եվրոպական միության կառավարությունների և Եվրոպական միության դեմ բարձրացրած շատ խնդիրներին դիմակայելու ժամանակ Եվրոպական խորհրդի շատ անդամներ, հնարավոր է, հակված լինեն բավարարել Անկարայի պահանջները, մինչդեռ մյուսները հավատարիմ կմնան Եվրոպական միությանը և կխոչընդոտեն Թուրքիայի թշնամական քայլերին: Տեսնելով, որ Թուրքիան արդյունավետորեն ղեկավարվում է բռնապետական կանոնադրությամբ՝ Եվրոպական միության կողմից ձեռնարկված դրական բանակցությունների որևէ առաջարկ (ենթադրելով, որ Եվրոպական խորհուրդը կհամաձայնի) կուժեղացնի ու կօրինականացնի թուրքական համակարգի օրենքի կիրառման բացակայությունը, և այն հավանաբար կառավարամետների շրջանում կբացատրվի որպես աջակցություն Էրդողանին:

Շատ արժանի հարցերից միայն այս մեկի կշռադատված պատասխանն է Եվրոպայից պահանջում։ Ո՞րը պետք է լինի Եվրոպական միության երկարաժամկետ շահը, որպեսզի այն աջակցի ինքնակալությանը իր սահմանների շեմին: Այս հարցը հատկապես զարմանալի է լսել մի երկրի նկատմամբ, որն ընդհարումներով է իրականացնում իր արտաքին քաղաքականությունը Եվրոպական միության՝ Բալկանյան թերակղզու արևմտյան հատվածի, Մաղրիբի և Աֆրիկայի հետ, բովանդակազրկում է ՆԱՏՕ-ն, հարձակվում է իր հարևանների վրա և խառնվում է Եվրոպական միության քաղաքականությանը:

Մոտ ապագայի համար Եվրոպական միությունը, հաստատուն կերպով հավատարիմ մնալով իր սկզբունքներին, ունի ռազմավարական շահ, այն է՝ օրենքի գերակայություն, վեճերի խաղաղ լուծումներ և հարևանների հետ բարիդրացիական հարաբերություններ: Թուրքիայի հետ բաց երկխոսություն պահելու պայմաններում ԵՄ-ն ստիպված կլինի հրապարակավ ձևավորել այս սկզբունքներով պայմանավորված սահմանափակումները: ԵՄ-Թուրքիա հարաբերությունների հիմնավոր  վերականգնումը, հնարավոր է, երկարաձգվի, բայց Թուրքիայում քննարկումներին, ազատականացմանը, մտքի ազատությանը շարունակական աջակցությունը դեռ առաջնային է մնում:

 

Մարկ Պիերինին Քարնեգի Եվրոպայի այցելու գիտնական է, ում հետազոտությունները եվրոպական տեսանկյունից կենտրոնացած են Մերձավոր Արևելքի ու Թուրքիայի զարգացումների վրա:

Բնօրինակի հեղինակ՝ Marc Pierini, Carnegie Europe


Թարգմանիչ՝ Ջեմմա Խաչատրյան (Jemma Khachatryan) ©Բոլոր իրավունքները պաշտպանված են: