Պրոֆեսոր Քոլին Սպարքսը` լրատվամիջոցների անկման, տեղեկատվության թվայնացման և Google-ում թոփ տասը որոնումների մասին։
Գրեթե յուրաքանչյուր հասարակության մեջ տեղեկատվությունը հասարակ մարդկանց կյանքի շատ կարևոր մաս է կազմում։ Ճիշտ է, որ ԱՄՆ-ում նորությունները կազմում են քաղաքական և մշակութային կյանքի մի մասը, դա ճիշտ է Չինաստանի, ինչպես նաև Ռուսաստանի համար։ Այնուամենայնիվ, կարծում եմ, որ կան շատացող ապացույցներ այն բանի, որ նորությունների դերը հասարակության մեջ աստիճանաբար նվազում է։ Այսօր ես կսկսեմ թերթերին վերաբերող իրավիճակի մասին խոսելով։ Թերթերն ընդամենը տեղեկատվություն փոխանցելու միջոց են, սակայն ես կփորձեմ ամփոփել խոսքս՝ ասելով, որ մեր հասարակությունում առհասարակ կան խնդիրներ՝ կապված թե՛ նորությունների և թե՛ հասարակությունում դրանց զբաղեցրած դիրքի հետ, և այս խնդիրներն ունեն լուրջ հետևանքներ։
Թերթը խոսքս սկսելու լավ առաջաբան է ապահովում, քանի որ ճգնաժամի հատկանիշներն այստեղ շատ ակնհայտ են։ Փաստացի, ճգնաժամը երկու կողմ ունի։ Համեմատաբար պարզ կողմերից մեկը տնտեսական է: Օրինակ՝ ԱՄՆ-ում վերջին տասնամյակում լրագրողների երեսուն տոկոսը կորցրել են իրենց աշխատանքը՝ թոշակի անցնելու, չփոխարինվելու կամ որևէ այլ պատճառով։ Լրագրողների թիվը պակասում է, նվազում է լրագրողների աշխատավարձը և այլն։ Սրա համար կա մի լավ ու պարզ պատճառ, այն է՝ ԱՄՆ-ի թերթերը ֆինանսական դժվարությունների մեջ են: Դրանք հիմնականում կապված են թերթի գովազդի շուկայի փլուզման հետ: 2000թ․ ԱՄՆ թերթերը միջին հաշվով եկամտի 85%-ը ստանում էին գովազդից։ Նախկին 15 տարիների ընթացքում այդ եկամուտն անհետացել է, բայց ոչ ամբողջությամբ, այլ կիսով չափ: Այն նվազել է, քանի որ գովազդը տեղափոխվել է ավելի արդյունավետ տիրույթ: Գովազդը տեղափոխվել է առցանց հարթակ։
Գովազդատուի համար ավելի արդյունավետ է գումար ներդնել՝ գովազդելով Google-ի կամ այլ առցանց ծառայության միջոցով, քան «Նյու Յորք Թայմս» (The New York Times) կամ «Վաշինգտոն Փոստ» (The Washington Post) պարբերականներում կամ այլուր։ ԱՄՆ-ում թերթերը բախվել են ֆինանսական էական սահմանափակումների, այդ պատճառով էլ լրագրողների թիվը պակասել է, ահա թե ինչու է թերթերի հետ կապված իրավիճակը գնալով դառնում խնդրահարույց:
Սա ոչ երկրորդական, բայց հասկանալու համար բավականին պարզ խնդիր է: Շատ ավելի բարդ խնդիր է այն, որ սկսած 1980-ական թվականների կեսերից՝ թերթ ընթերցող մարդկանց բացարձակ քանակը կայունորեն նվազել է՝ առանց ընդհատումների։ Եվ այս անկումը հատկապես սուր է երիտասարդների շրջանում: ԱՄՆ-ում մինչև 34 տարեկան երիտասարդների շրջանում թերթեր կարդալը աստիճանաբար քիչ հավանական է դառնում։ Սա Ամերիկայի Միացյալ Նահանգներն է, որը մեծ ու կարևոր երկիր է, բայց միակը չէ աշխարհում:
Այնուամենայնիվ, ես կարող եմ մատնանշել նմանատիպ ճգնաժամեր և խնդիրներ նաև Արևմտյան Եվրոպայում և, որքան էլ զարմանալի է, Չինաստանում: Վերջին 10 տարիների ընթացքում ընդունված է, որ թեև թերթերը Արևմուտքի ավանդական շուկաներում անկում են ապրում, դրանք աճում են Հնդկաստանի և Չինաստանի նման երկրներում: Սա դեռևս ճիշտ է Հնդկաստանի և զարգացող շատ երկրների համար, բայց Չինաստանի համար այլևս ճշմարիտ չէ: Քանի որ Չինաստանը դարձել է ավելի զարգացած և համացանցն ավելի լայն տարածում է, գտել այստեղ, մենք հանդիպում ենք ԱՄՆ-ի խնդրի նման խնդրի: Այսպիսով, մեզ հետաքրքրող խնդիրն այն է, թե ինչու երիտասարդներն այլևս չեն ցանկանում թերթեր կարդալ: Կարծում եմ՝ մարդկանց պատասխաններից մեկն այն է, որ հիմա նրանք իրենց լուրերը ստանում են առցանց, որն անշուշտ ճիշտ է։ Երիտասարդները շատ ավելի հաճախ օգտվում են առցանց հարթակներից, ավելի ու ավելի հաճախ բջջային հավելվածներից և այլն։ Այնուամենայնիվ, նորությունների սպառման այս ձևը տարբերվում է այն մեկից, որը ներկայացնում էին ավանդական թերթերը կամ հեռուստատեսային ծրագրերը:
Եթե նայենք Twitter-ում ամենաշատ հետևորդ ունեցող անձանց, ապա նրանցից միայն մեկն է, որ սովորաբար ասոցացվում է «Նյու Յորք Թայմս»-ի (The New York Times) կամ «Գարդիան»-ի (The Guardian) առաջին էջի հետ, դա Բարաք Օբաման է։ Սովորական հայտնիներից են՝ Ջասթին Բիբերը, Լեդի Գագան, Թեյլոր Սվիֆթը, որոնք հիմնականում ուղղակի պոպուլյար են։
Այնուամենայնիվ, այն, ինչ կատարվում է առցանց, չի ենթադրում, որ մարդիկ նայում են Թեյլոր Սվիֆթին կամ մեկ ուրիշին, այլ այն, որ նրանք դա անում են նորություններին հետևելու փոխարեն։ Դա հստակ կարող եք տեսնել, եթե նայեք Google-ում 2015 թվականի թոփ տասը որոնումները: Դրանցից երկուսը համապատասխանում են դասական նորությունների պատմությանը: Երկուսն էլ, ըստ էության, նույնն են՝ Չարլի Էբդո և Փարիզ: Երկուսն էլ ուղղված են Փարիզում տեղի ունեցած ահաբեկչական հարձակումներին։ Դրանք, ակնհայտորեն, ցանկացած լրատվամիջոցի ավանդական նորությունների օրակարգի մաս են կազմում: Այնուամենայնիվ, մյուս ութը կրկին հայտնի արտիստներ են։ Google-ում որոնումների դեպքում հիմնականում «Քարդաշյաններ» հեռուստասերիալի աստղերն են, որոնք նույնքան հայտնի են Մոսկվայում, որքան Նյու Յորքում կամ Լոնդոնում: Ուստի մեր ունեցածը վկայում է, որ այո՛, երիտասարդները օգտվում են համացանցից, այո՛, նորությունները ստանում են առցանց, բայց այն լուրերը, որ նրանք են փնտրում՝ նրանց կողմից սպառվող նորությունների տեսակը, հակված է տարբերվելու այն նորություններից, որոնք դուք կգտնեք «Նյու Յորք Թայմս»-ում, «Գարդիան»-ում կամ ռուսական թերթերից շատերում հրապարակվողներից:
Սա ինձ հուշում է, որ նորությունների հետ կապված ընդհանուր խնդիր կա: Այն պարզապես թերթերի տնտեսական խնդիրը չէ։ Հեռուստատեսային նորությունների հետ կապված՝ ճիշտ է, նրանք ունեն 24-ժամյա լրատվական ալիքներ, սակայն շատ փոքր լսարան։ Բրիտանիայում, BBC-24-ը ամենահաջողված լրատվական ալիքն է, որն ունի լսարանի ընդամենը մեկ տոկոսը: Բրիտանիայում CNN-ի լսարանի բաժինն այնքան փոքր է, որ այն հնարավոր չէ չափել` այն 0,1 տոկոսից պակաս է: Ենթադրում եմ, որ ասվածը ճիշտ է նաև Ռուսաստանի համար: CNN-ը նույնպես ունի շատ փոքր լսարան, բայց դրա ունկնդիրների սակավությունը, չի նշանակում, որ այն կարևոր չէ։ CNN-ի լսարանն ընդգրկում է շատ կարևոր մարդկանց՝ գործարարների, քաղաքական գործիչների, դիվանագետների, քաղաքացիական ծառայողների և այլոց։ Ընդհանուր առմամբ, ինձ և քեզ պես մարդիկ չեն դիտում 24-ժամյա նորություններ:
Փաստերը, ըստ երևույթին, խոսում են այն մասին, որ ընդհանուր առմամբ նորությունների ճգնաժամ կա: Սա անմիջապես հարց է բարձրացնում, թե ինչու պետք է լինի նման ճգնաժամ: Այս հարցին պատասխանելու համար մենք պետք է փորձենք պարզել, թե ինչու 1990-ականներին կամ 1980-ականներին մարդիկ ունակ և պատրաստակամ էին կարդալ մեծ քանակությամբ թերթեր, դիտել նորությունների բովանդակությամբ հեռուստատեսային հաղորդումներ և այլն: Սրան հստակ պատասխան չկա։
Ակնհայտ է, որ մի շարք գործոններ նպաստում են նորությունների սպառմանը: Առաջինն այն է, որ նորությունների սպառումը հակված է անհամաչափ քաղաքային երևույթ լինելուն: Այսպիսով, երկերներն ինչպիսիք են Չինաստանը կամ Հնդկաստանն այսօր, Ռուսաստանը՝ հիսուն տարի առաջ, Մեծ Բրիտանիան՝ հարյուր հիսուն, գյուղական հասարակություններից զարգացան դեպի քաղաքային հասարակություններ, ինչի արդյունքում հեռուստատեսությունն ու ռադիոլուրերը դարձան մարդկանց առօրյա կյանքի մի մասը: Ակնհայտ է, որ թերթերի պարագայում գրագիտությունը գլխավոր գործոն է. ըստ սահմանման՝ անգրագետները չեն կարող կարդալ թերթեր, այնպես որ գրագիտության տարածումն է, որը Բրիտանիայի դեպքում հաշվվում է 120-130 տարի առաջ, Ռուսաստանում ենթադրում եմ՝ 1920-30-ական թվականներից, բայց ես չգիտեմ, արդյոք Չինաստանի պարագայում դա կարելի է թվագրել 1949-ով՝ նոր Չինաստանի հիմնադրմամբ: Գրագիտության հաստատումը, անշուշտ, նպաստող գործոններից մեկն է:
Խելամտորեն տնօրինվող եկամուտը ևս ակնհայտորեն նպաստող գործոն է: Նախքան թերթերը շատ աղքատ մարդիկ առաջին հերթին սննդի, հագուստի և կացարանի կարիք ունեն։ Այսպիսով, կարծում եմ, որ սրանք այն գործոններն են, որոնք բացատրում են, թե ինչու, ընդհանուր առմամբ, պետք է լինի թերթ ընթերցողների լսարան: Բայց դրանք չեն բացատրում, թե ինչու այսօր նման սուր ճգնաժամ կա: Եվ ես կարծում եմ, որ կցանկանայի դա կապել ժամանակակից հասարակության փոփոխվող բնույթի հետ: Թերթը, եթե ուզում եք, և առհասարակ նորությունները, վիճելիորեն բնորոշ են ժամանակակից հասարակությանը: Եվ քանի որ մենք մոդեռն հասարակությունից անցնում ենք հետմոդեռն, ուստի նորությունների դիրքը ևս փոխվում է։
Կարծում եմ՝ ժամանակակից հասարակության բնութագրիչներից մեկը, որը նաև ճիշտ է բոլոր քաղաքական ձևերի շարքում, ճիշտ է Ամերիկյան երազանքի և եվրոպական սոցիալական դեմոկրատիայի պարագայում, միանշանակ ճիշտ է նաև Ստալինյան Ռուսաստանի և Մաոիստական Չինաստանի հռետորաբանության մեջ: Բանն այն է, որ բոլորս միասին պետք է լինենք՝ անկախ նրանից, թե ինչ դժվարությունների և անհավասարությունների ենք բախվում՝ այս կամ այլ կերպ միասին աշխատելով, կարող ենք ամեն ինչ բարելավել․ Ամերիկան, Ռուսաստանը, Չինաստանը կդառնան ավելի լավը և այլն:
Իմ կարծիքով՝ ներառական հռետորաբանությունը մարդկանց համար ավելի թեթևամիտ է դառնում։ Եթե նայեք, ասենք, ԱՄՆ 2016 թվականի նախագահական ընտրություններին կամ Բրիտանիայում եվրոպական համայնքին անդամակցության վերաբերյալ ընթացող հանրաքվեին, կտեսնեք, որ շատերն այլևս չեն հավատում այդ ներառական հռետորաբանությանը:
Կասկած կա վերնախավերի նկատմամբ, կա զգացում, որ անձը չի պատկանում իր իսկ երկրին, և որ անտեսվում են մարդու հայացքներն ու համոզմունքները:
Շատ հաճախ այդ զգացումը արտահայտվում է արմատական խոսքերով, օրինակ՝ Դոնալդ Թրամփի հակագաղթի տրամադրվածությունը, ռասիզմը Բրիտանիայում և այլն: Նկատի չունեմ, որ դա լավ է, այլ ասում եմ, որ սովորական երևույթ է։ Եվ այդպիսի հասարակության մեջ, երբ մարդիկ մտածում են, որ այլևս տեղ չունեն հասարակությունում, նրանց տեսակետներն այլևս կարևոր չեն, հասարակության մասին տեղեկանալը դառնում է պակաս կարևոր: Այսպիսով, քաղաքականությանը մասնակցելը, քաղաքական կյանքի մասին տեղեկացված լինելը, նորություններ կարդալը այլևս քաղաքացի լինելու էական մաս չեն կազմում։
Այսօր նորություններով հետաքրքրվելը շատերի համար տարօրինակ ինչ-որ բան է: Շատ ավելի խելամիտ է հետաքրքրվել Թեյլոր Սվիֆթով, ֆուտբոլով, սառցե հոկեյով կամ այլ բանով: Զվարճանքն ամենաշատն է հետաքրքրում մարդուն։ Այն ավելի մեծ իմաստ ունի մարդկանց առօրյա կյանքում: Քաղաքականությունը խորն է, հեռավոր: Այն քաղաքական արհեստավարժ գործիչների համար է: Տնտեսագիտությունը բանկիրների, արդյունաբերողների համար է: Տնտեսագիտությունն ու քաղաքականությունն ինձ համար չեն, մեզ համար չեն, դրանք սովորական մարդկանց համար չեն: Եվ եթե դրանք մեզ համար չեն, մեզ նման մարդկանց համար չեն, ինչու՞ պետք է կարդամ դրանց մասին: Շատ ավելի հետաքրքիր է կարդալ սկանդալների, սենսացիաների, սպորտի կամ այլ բաների մասին։ Այսպիսով, կարծում եմ, որ սա է նորությունների ճգնաժամի ծագման աղբյուրը: Այդ հասարակությունն այլևս կազմակերպված չէ այնպես, որ լուրերի ավանդական սննդակարգ ստեղծի, որն իմ և շատ այլ կրթված մարդկանց համար պետք է լինի այն մասին, թե ինչպես է գործում հասարակությունը, ինչպիսի ընտրությունների առաջ է կանգնում, և թե որոնք են հասարակության առջև ծառացած սպառնալիքներն ու վտանգները: Դա այլևս իրական մտահոգության առարկա չէ: Դա մեր մտահոգություններից և հետաքրքրություններից դուրս է, դուրս է՝ այդ մասին որևէ բան անելու մեր ճանապարհից:
Եվ ես կարծում եմ, որ նորությունների հանդեպ հետաքրքրությունը մարում է, և դրա հետ մեկտեղ լրատվական կազմակերպությունները դանդաղ, բայց անվերապահորեն մահանում են՝ բացառությամբ իհարկե, վերնախավային կազմակերպությունների: Բացառությամբ The New York Times-ի, The Financial Times-ի՝ լրատվական սուբսիդավորվող կազմակերպությունների մակարդակից, ինչպիսին է Russia Today-ը: Այդ մակարդակում հստակ լսարան կա: Բանկիրները դեռ ցանկանում են իմանալ, թե ինչ է կատարվում ֆինանսական ոլորտում, քաղաքական գործիչները՝ քաղաքական ասպարեզում, վերնախավի ներկայացուցիչները ցանկանում են իմանալ իրենց վարած և իրենց կողմից վերահսկվող աշխարհի մասին: Նրանց ԶԼՄ-ները գոյատևում են: Մեր ԶԼՄ-ները, կԶԼՄ-ների այն տեսակները, որոնք մեզ ստիպեցին զգալ մեզ որպես աշխարհի մի մաս, դանդաղորեն մահանում են: Եվ նրանք մահանում են, քանի որ ավելի ու ավելի պարզ է դառնում ավելի շատ մարդկանց համար, որ մենք հասարակության մեջ տեղ չունենք: Այն, ինչ մենք ենք կարծում, նշանակություն չունի: Մենք այլևս չենք վերահսկում այն, ինչ երբևէ արել ենք՝ այն ուղղությունը, որով շարժվում է հասարակությունը:
Քոլին Սպարքս (Colin Sparks)
Հոնկոնգի բապտիստական համալսարանի մեդիայի ուսումնասիրությունների ամբիոնի պրոֆեսոր
Թարգմանիչ՝ Մարիետա Ստեփանյան (Marieta Stepanyan) © Բոլոր իրավունքները պաշտպանված են: