#EnlightTalks բանախոսությունների շարք՝ ‹‹Ինլայթ››-ի վերլուծական պրակտիկա ծրագրի շրջանակում:
Հուլիսի 21-ին վերլուծական պրակտիկայի շրջանակներում կայացավ «Ինլայթի»-ի վերլուծաբան, մասնագիտությամբ արվեստաբան Մարինե Խաչատրյանի բանախոսությունը՝ «Քանակական հետազոտություն» թեմայի շուրջ:
Վերլուծաբանը իր խոսքի սկզբում ընդհանուր պատկերացում տվեց հետազոտության սահմանման, տեսակների, դասակարգման մասին: Նախքան բուն նյութին՝ քանակական հետազոտությանն անցնելը՝ բանախոսը որոշակի պատկերացում տվեց նաև որակական ու քանակական հետազոտությունների և այդ երկուսի միջև առկա տարբերությունների մասին. ըստ որի՝ որակական հետազոտությունը, ի տարբերություն քանակական հետազոտության, հիմնվում է ոչ թե մաթեմատիկական հաշվարկների, այլ տրամաբանական ենթադրությունների վրա: Որակական հետազոտության համար օբյեկտիվ իրականություն որպես այդպիսին գոյություն չունի:
Քանակական հետազոտություններն իրենց հերթին բաժանվում են մի քանի տեսակների՝ նկարագրողական, բացատրական, պատճառահամեմատական, էքսպերիմենտալ:
Բանախոսը մանրամասն վերլուծությամբ ներկայացրեց քանակական հետազոտության բաղադրիչները՝ վարկածը, անկախ ու կախյալ փոփոխականները:
Քանակական հետազոտության մասին ընդհանուր տեղեկություն հաղորդելուց հետո բանախոսը ներկայացրեց քանակական հետազոտություն անցկացնելու փուլերը:
Առաջին փուլում ուսումնասիրության թեման ընտրելուց հետո պետք է իրականացնել հիմնախնդրի ուսումնասիրություն, դրա հիման վրա կատարել գրականության ուսումնասիրություն, վարկածի առաջքաշում, տվյալների հավաքագրում ու վերլուծություն: Բանախոսը մանրամասն ներկայացրեց տվյալների հավաքագրման եղանակները՝ հարցումներ, հարցազրույց, խմբային քննարկումներ: Տարածված տարբերակներից է հարցումներ իրականացնելը, և բանախոսն այն կարծիքին է, որ որակյալ հարցում իրականացնելու համար անհրաժեշտ է բարձրորակ հարցաշար:
Հավաքագրումից ստացված տվյալները լինում են երկու տեսակի՝ առաջնային և երկրորդական:
Բանախոսը ներկայացրեց, թե ինչպես են հետազոտական կենտրոնները իրականացնում իրենց աշխատանքները և ինչ մեթոդաբանություն են կիրառում:
Հատկանշական էր Կովկասյան բարոմետրի՝ SPSS տվյալների բազայի օգտագործմամբ կատարված վերլուծությունը, որի արդյունքում բանախոսն առանձնացրեց մի քանի գործոններ, որոնց միջև մասնակիցները փորձեցին գտնել որոշակի կապեր. ճակատագրապաշտություն և քաղաքական ակտիվություն, կրոն և վստահության մակարդակ, կրոն և քաղաքական մասնակցություն և այլն:
Պատրաստեց՝ Էմմա Միքայելյանը
Մարինե Խաչատրյանի հեղինակած վերլուծություններին ծանոթացեք հղմամբ: