Սեպտեմբերի 10-ին կայացավ Falling Walls Engage-ի ծանոթագրական նիստը (“Introduction to Engage”), որին մասնակցության հրավեր ունեին բոլոր այն գիտակրթական ուղղվածությամբ կազմակերպությունները, որոնք չէին հայտնվել նոյեմբերին կայանալիք եզրափակիչ միջոցառման մասնակիցների ցանկում (այդ ժամանակ են հայտարարում բոլոր անվանակարգերում տարվա հաղթողների անունները): Հանդիպմանը «Ինլայթ»-ը ներկայացնում էր Վերլուծական ֆորումի համակարգող Հեղինե Ալեքսանյանը:
Նիստի նպատակն էր անմիջական կապ ստեղծել դիմորդ-կազմակերպությունների հետ, ավելի մոտից ծանոթանալ նրանց անցած ուղուն և ներկայացնել Falling Walls հիմնադրամի առաջիկա ծրագրերն ու հնարավորությունները, որոնց կարող են մաս դառնալ մասնակիցները: Մասնավորապես՝ հաշվի առնելով, որ այս տարի նոյեմբերին կայանալիք ֆորումը անց է կացվելու առցաց տարբերակով՝ նիստի բոլոր մասնակիցները ստացան հյուրի կարգավիճակով 5-օրյա ֆորումին մասնակցելու հրավեր: Կազմակերպիչները նաև ներկայացրին Falling Walls Lab-ը, որը ամենամյա ֆորումին մասնակցելու այլընտրանքային ճանապարհ է ստեղծում հետաքրքրված կազմակերպությունների համար, և հրավիրեցին մասնակիցներին իրենց ուժերը փորձելու նաև այդ ծրագրում:
Բացի այդ, նիստի յուրաքանչյուր մասնակից հնարավորություն ստացավ ներկայացնելու իր կազմակերպությունը՝ շեշտադրելով հատկապես այն հարցը, թե ինչու է նրանցից յուրաքանչյուրը ձգտում մարդկանց ներգրավել և մասն դարձնել իրենց գիտական/կրթական համայնքին: