Ջերոմ Բրուներ. Պատմության դասը

Սովորելու ամենահարուստ փորձառությունը գալիս է պատումից (նարատիվ). առաջադեմ հոգեբանն ասում է Ջոն Քրեյսին

«Դուք կարծում եք, թե մարդկանց պատահական եք հանդիպում, բայց երբ հետհայացք եք գցում ձեր կյանքին, հասկանում եք, որ  բացարձակապես ոչինչ պատահաբար տեղի չի ունեցել»:

                   Ջերոմ Բրուներ

Հեշտ է մոռանալ, որ 50 տարի առաջ նախադպրոցական կրթությունը քաղաքականության և ֆինանսավորման համար հետին պլանում էր: Նրանք արժանի էին համարում գումար ծախսել համալսարանների վրա, բայց եթե վերջիններս հակված լինեին միջին խավի ուսանողներով լցված լինելուն, ամեն ինչ իր տեղում կլիներ։ Հարուստներին պարզապես հաջողվում էր ավելի խելացի երեխաներ ունենալ: Շնորհիվ Ջերոմ Բրուների և ճանաչողական զարգացման ուսումնասիրությունների այլ նախաձեռնողների` այսպիսի հայացքներն արդեն երկար ժամանակ մոռացված են: Բայց Բրուներն ու ուրիշներն այլևս չունեն այն ճանաչումը, որին արժանի են: Այն գաղափարը, որ երեխաներն անցնում են սովորելու զարգացման փուլերով, բավականին շատ է քննարկվել հասարակության բանավեճերում, և այն կարող է հակասական չթվալ, նույնիսկ պարզորեն բացահայտ:  Հնարավոր է որոշ վիճելի հատվածներ լինեն, բայց այն այլևս արդիական թեմա չէ. նյարդաբանությունն է գիտության արդի քննարկման առարկան: Հին ժամանակակիցները, ինչպիսին է Բրուները, այսօր մի կողմ են քաշված, որովհետև նրանց գաղափարների հետևորդները քիչ են 21-րդ դարի  հոգեբանության մեջ:

Սակայն Բրուներն իր աշխատանքի ուղղվածությունը փոխելու մտադրություն չուներ: 91 տարեկանում նա դեռ կանգուն էր, դասավանդում էր Նյու Յորքի համալսարանի իրավաբանականի ֆակուլտետում: Մի արարողության ժամանակ Օքսֆորդում, որտեղ կրթության բաժնում շենքերից մեկն իր պատվին է անվանակոչվել, նա դասախոսել է պատմության շարադրանքը որպես սովորելու կենսական միջոց լինելու մասին իր վերջին տեսությունների վերաբերյալ: 

«Ինչու՞ ենք մենք գիտակցված կերպով մերժողական տրամադրված պատումի (նարատիվի) դեմ,- հարցնում է նա,-  ինչո՞ւ ենք ավելի հակված դրան վերաբերվել որպես էժանագին ինչ-որ բանի, երբ հետաքրքրվում ենք, խորհում և մտածում այն մասին, թե ինչ ենք անում մեր մտքի հետ: Պատմության շարադրանքը իրականացնում է մշակութային երկակի գործառույթ՝ անծանոթը դարձնելով ծանոթ, իսկ մեզ` ավելի անհատական և տարբերվող: Եթե աշակերտները քաջալերված են մտածել տարբեր ելքերի մասին, որոնք կարող են որոշ հանգամանքների արդյունք դառնալ, ապա նրանք ցույց են տալիս առարկայի մասին գիտելիքի օգտագործելիությունը: Փաստերն ու գիտելիքն ուղղակիորեն մտքում պահելու փոխարեն նրանք դրանց սահմաններից դուրս են գալիս, որ, օգտագործելով իրենց երևակայությունը,  մտածեն այլ ելքերի մասին, քանի որ պատմածը հասկանալու համար նրանց ամբողջական տրամաբանական ապացույց անհրաժեշտ չէ: Սա նրանց օգնում է մտածել ապագայի մասին, և այն ոգևորում է նաև ուսուցչին»:

Համատեքստն ու մշակույթը Բրուների ամբողջ աշխատանքի հիմքն են կազմում` սկսած 1930-ականներից` իր բակալավրիատի տարիներից Դյուկի համալսարանում, որտեղ նրան դասավանդում էր ականավոր  բրիտանացի հոգեբան Վիլյամ Մըք Դուգալը: «Հոգեբանության մեջ այդ շրջանում գերակշռում էին վարքաբանները (բիհեվիորիստները),- ասում է Բրուները,- և Մըք Դուգալը օգնեց ինձ պարզ՝ «ազդակ և պատասխան» մեթոդը որպես ծայրաստիճան սահմանափակ և հնացած մոդել ընդունել: Պարզ էր ինձ համար, որ փոխգործողությունը (այն կոնտեքստը, որում «ինչու» հարցն է հնչում ինչ-որ բան են սովորում) ավելի շատ մարդու հասկացողության ու զարգացման բանալին է, քան զուտ գիտելիք ստանալու փաստը: Վերցնենք պատիժը՝ որպես օրինակ: Ոչ բոլորն են այն նույն կերպ մեկնաբանում․ դա այն է, ինչ որոշակի գործողություն ներկայացնում է մարդուն, ով էլ սահմանում է արդյոք դա պատիժ է, թե ոչ»:

Ահա Մըք Դուգալի հրաժեշտի խոսքերը Բրուներին.  «Ուսումդ Հարվարդում չշարունակե՛ս, ինչ էլ որ անես. նրանք չափից դուրս դրական են իրենց հայացքներում»: Այսպիսով, բնականաբար, նա հենց այդտեղ էլ գնաց: Այնտեղ էր, որ նա զարգացրեց իր գաղափարներից շատերը նախադպրոցական կրթության կարևորության մասին և ստեղծեց բանականության և մանկական զարգացման մասին Պիաժեի տեսությանը  զուգահեռ ավելի ազդեցիկ մոդել: Իր աշխատանքն իրեն ազգային ճանաչում բերեց, և Ջոն Ֆ. Քեննեդին հրավիրեց նրան՝ գլխավորելու նախագահի գիտական ​​խորհրդատվական խորհուրդը, որտեղ նա առանցքային դեր խաղաց կառավարության միջոցները բարձրագույն կրթականից նախադպրոցական հաստատություններին ուղղելու հարցում:

Քաղաքականության բյուրոկրատիան

Լինդոն Ջոնսոնը (ԱՄՆ-ի 36-րդ նախագահը) հրավիրեց Բրուներին ղեկավարել  Մանկան առողջության և զարգացման ազգային ինստիտուտը (National Institute of Child Health and Development):  «Ջոնսոնը շատ թերագնահատված նախագահ էր,- ասում է Բրուները․- նա ուներ տիպիկ տեխասյան դանդաղախոսություն, և ես գրավված էի: Սակայն ես սկսեցի հիասթափվել քաղաքականության բյուրոկրատիայից և ցանկանում էի ազատ լինել մանրամասները ընթացքի մեջ դնելու ճնշումից: Այսպիսով, ես մերժեցի հրավերը. մի բան, որի համար հետագայում փոշմանելու էի»:

Բրուները նաև Հարվարդից էր կուշտ, նա սկսել էր ձանձրանալ դրանից:  «Ուշ 1960-ականներին էր, երբ ուսանողներից շատերը ներգրավվում էին քաղաքացիական իրավունքների և հակապատերազմական շարժումներում: Նախկին հենասյուները փլուզման վտանգի տակ են,- բացատրում է նա։-  Նրանք նաև ավելի շատ ցանկանում էին իմանալ, թե ինչպես էր համալսարանը ղեկավարվում, և դա ինձ միանգամայն խելամիտ էր թվում: Ասել, որ ուսանողները բավականին հասուն են պատերազմ գնալու համար,  բայց ոչ այնքան հասուն իրենց կրթական կյանքի կառավարման մեջ ներգրավված լինելու համար, ուղղակի անհեթեթություն էր: Բայց Հարվարդի տնօրինության ներգործությամբ ես ստիպված էի ինձ զգալ որպես կողմնակի խռովարար անձ, քանի որ այսպիսով իմ աջակցությունն էի հայտնել, և, երբ Իսայա Բեռլինը հրավիրեց ինձ Օքսֆորդում դասավանդելու, ես բաց չթողեցի այդ հնարավորությունը»:

Արդյո՞ք 1968 թվականին Օքսֆորդն իրոք շատ ավելի ազատական էր, քան Հարվարդը: Բրուները ժպտում է: «Այդպես չեմ կարծում,- ասում է նա,-  բայց ես այդքան էլ լավ չգիտեմ: Ես պարզապես մտածում էի, որ Հարվարդի հետ համեմատած ինչ-որ ավելի լավ կառույց պետք է լինի»:

Նրա՝ Անգլիա ժամանելու միջոցը նույնքան անսովոր էր, որքան իր դասավանդումն ու հետազոտությունը. «Կարծում եմ՝ ես միակ ակադեմիկոսն եմ համալսարանի պատմության մեջ, ով իր պաշտոնը ստանձնելու է գնում Ատլանտյան օվկիանոսը նավարկությամբ կտրելով»։ 

Բրուներն Օքսֆորդում անցկացրած իր 10 տարիները համարում է իր կյանքի ամենաարդյունավետ փուլերից մեկը. «Դա զարմանալիորեն տաղանդավոր ակադեմիկոսների և ուսուցիչների մի խումբ էր, որը ջանասիրաբար էր աշխատում այնտեղ՝ մարտահրավերներ  նետելով և զարգացնելով մեկը մյուսի հետազոտությունները մի ձևով, որն այդ շրջանում անսովոր էր տեսնել Բրիտանիայում,- ասում է նա։ -Մենք մեծ աշխատանք կատարեցինք՝ ընդգծելով այն փաստը, որ 5-րդ դասարանում ձախողվում էին հենց նրանք, ովքեր բաց էին թողնում կարևոր ընտանեկան շփումները: Այս տեսակետն առաջ էր քաշում  Լեդի Պլաուդենը (ով 1967 թվականին նորարարական զեկույց էր ներկայացրել նախադպրոցական կրթության մասին) իր և այն ժամանակվա կրթության նախարար Մարգարետ Թետչերի միջև վեճերում»:

Չնայած նա  արդեն վաթսուննանց էր՝ Բրուները թոշակի անցնելու միտք չուներ: Նա շարունակեց աշխատել և  ութսուննանց տարիքում կանոնավոր թռիչքներ էր կատարում դեպի իտալական Ռեջիո Էմիլիա գյուղ՝ դեպի ազատական կրթության էպիկենտրոն: Նա ոչ թե շարունակում է աշխատել պատմության մեջ իր տեղը թողնելու ցանկությունից դրդված, այլ, որովհետև նա սիրում է այն, ինչ անում է: Նա շարունակաբար  հանրայնացնում է այն մարդկանց աշխատանքը, ովքեր համագործակցել են իր հետ և գրեթե չի թաքցնում իր ուրախությունն այն մարդկանց դժբախտությունների վրա, ովքեր նյարդայնացնում էին իրեն: Հնարավոր է՝ հիմա (դեռևս 2007 թվականին) նրան քայլելիս ձեռնափայտ անհրաժեշտ լինի, սակայն իր միտքը պայծառ է, ինչպես երբևէ, և նա ապրում է երեխայական խանդավառությամբ և հետաքրքրասիրությամբ:

Բրուները կույր է ծնվել, և իր տեսողությունը վերականգնվել է միայն կատարակտը հեռացնող վիրահատությունից հետո, երբ նա երկու տարեկան էր: Արդյո՞ք նա հուշեր ունի այդ վաղ տարիներից: «Ոչ իրականում,- ասում է Բրուները,- բայց պետք է որ եղած լինի տևական ազդեցություն: Աշխարհում վատագույն բանը այն չէ, որ ունես ինքդ քեզ համար ստեղծած ծնողներիդ պատկերը, բայց այն, որ դեռ կա զգայական դեպրիվացիան: Հաստատ եղել է կապվածության հանդեպ կարոտը, որը որոշ չափով բաց է մնացել»:

Ամաչկոտ և հիմարիկ

Բրուները մեծացել է Լոնգ Այլենդի հարավային ափում, և հիմնականում իր մասին հոգ է տարել  մայրը, մինչդեռ իր հայրը ղեկավարում էր ժամացույցների պատրաստման ընտանեկան արտադրամասը: Բրուները շատ ժամանակ է անցկացրել ծովափում: «Ես բավականին ամաչկոտ,  հիմարիկ տղա էի,- ասում է նա,- բացարձակ նման չէի իմ մեծ քրոջը՝ Ալիսին, ով շատ ավելի ինքնավստահ ու շփվող էր: Ես ունեի մեկ կամ երկու մոտ ընկեր, մենք միասին գնում էինք թիավարության կամ նավարկության՝ ստեղծելով մեր իսկ իրականությունը, որում ոչ ոք երբևէ չէր արել այն, ինչ  մենք էինք անում այն ժամանակ: Մենք ամենաարագ թիավարներն էինք, լավագույն նավարկողները… Ջրի այս գրավչությունը երբեք չի լքել ինձ: Ինչ-որ չափով դա աշխարհի վրա քո իշխանությունը հաստատելու ունակության հիասքանչ փոխաբերություն է՝ պահպանելով, միևնույն ժամանակ,  անհասանելի տարանջատումդ»:

Ամեն ինչ փոխվեց, երբ Բրուները 12 տարեկան էր: «Հայրս մահացավ լյարդի քաղցկեղից, և մայրս երբեք չհաշտվեց դրա հետ»,- ասում է նա։ ” Նա մտավ երկարատև թափառումների մի շրջան: Մենք տեղից տեղ էինք տեղափոխվում, և ես մի դպրոցից մյուսն էի գնում: Դժվար է ասել, թե ես ինչ էի զգում դրանից: Պահ էր լինում, երբ ես դա նորմալ էի համարում և շարունակում էի ապրել, բայց մյուս պահին ենթագիտակցական մակարդակում, կարծում եմ, հասկանում էի, որ նա ճնշված էր վշտից: Սակայն այն, ինչ հասկացա, որ սովորեցի, հաղորդակցման մեջ համատեքստի կարևորությունն էր: Այն այնքան էլ մեր օգտագործած բառերի ու շարահյուսության մեջ չէ, այլ այն ձևը, որով մենք շփվում ենք․ հենց դա է սահմանում, թե ինչ ենք մենք հասկացել»:

Ինչպես ընտանիքներում, որտեղ ծնողներից մեկը վաղաժամ է մահանում, Բրուներն էլ երբեք չի վերականգնել ընտանիքի նախկին մտերմությունը, և իր քույր Ալիսի՝ երիտասարդ տարիքում ամուսնանալու հետ մեկտեղ նա սովորել է բավարարվել ինքն իրենով: «Մորս թողած իրական ազդեցությունն ինձ ապստամբ և անկախ մարդ դարձնելն էր»,- ասում է նա,- սակայն ես վստահ չեմ, թե հայրս ինչպես կվերաբերվեր իմ ձախաթևյան քաղաքական ուղղվածությանը: Նա մի ավանդապաշտ, բարդ բնավորության տեր տղամարդ էր, ով պաշտում էր Թեոդոր Ռուզվելտին: Ես սիրում և հարգում էի նրան, բայց կարծում եմ՝  մենք, հավանաբար, կվիճեինք, եթե նա ողջ լիներ»:

Ոչ ոք չի կարող մեղադրել Բրուներին չգործելու մեջ: «Ես փորձեցի անդամագրվել Հանրապետականներին իսպանական քաղաքացիական պատերազմում և նույնիսկ գնացի Չինաստանի հյուպատոսարան՝ 6-րդ բանակում ցուցակագրվելու Ճապոնիայի դեմ իրենց պայքարում կռվելու համար: Ես մինչև հիմա հիշում եմ, թե ինչքան ամաչեցի նրանց հետևյալ խոսքից՝ «Պարո՛ն  Բրուներ, մենք աշխատուժի խնդիր չունենք»:

Երկրորդ համաշխարհային պատերազմի սկզբին նա փորձեց միանալ ԱՄՆ-ի զինված ուժերին, բայց նրան մերժեցին վատ տեսողության պատճառով, և փոխարենը նա զորակոչվեց ռազմավարական ուսումնասիրությունների բաժին՝ համարժեք Էմ-Այ-5-ին (MI5-Military Intelligence, Section 5): «Մենք սկսեցինք օտարերկրյա ռադիոհեռարձակումներ ուսումնասիրել,- հիշում է Բրուները,- բայց մեր հիմնական առաքելությունը  եղավ 1944 թվականին, երբ Դի-օրը (D-Day, 1944 թվականի հունիսի 6-ը, երբ արևմտյան դաշինքի ստորաբաժանումները հասան Ֆրանսիայի հյուսիսաևելյան շրջանի Նորմանդիայի ափ՝ Արևմտյան Եվրոպան նացիստական Գերմանիայից ազատագրելու ” թարգմանչի կողմից)  մեզ ուղարկեցին հարձակվող ուժի թիկունք՝ որոշելու, թե արդյոք ազատագրված ֆրանսիական գյուղերը վստահելի էին: Դա բարդ ժամանակաշրջան էր, դեռևս կային Վիչիի (Vichy, քաղաք կենտրոնական Ֆրանսիայում, Երկրորդ համաշխարհայինի շրջանում Վիչիական Ֆրանսիայի կառավարության նստավայրը ” թարգմանչի կողմից) համակիրներ, բայց անկուսակցական ֆրանսիացիներն ատում էին այն գաղափարը, որ որոշ յանկիներ հարցաքննում էին իրենց մարդկանց: Ամեն դեպքում սա օգտակար դաս էր սովորելու համար, որ մարդիկ ոչ միշտ նկատի ունեն այն, ինչ ասում են»:

Պատերազմի ավարտից հետո Բրուների ակադեմիական կյանքն ավելի հարթ սկսեց ընթանալ, քան անձնականը: Նա բաժանվեց իր առաջին կնոջից Եվրոպայից վերադառնալուց հետո և դրանից հետո ամուսնացավ ևս երկու անգամ: «Գիտե՞ք,- հոգոց է հանում, -դուք կարծում եք, թե մարդկանց պատահական եք հանդիպում, բայց, երբ հետհայացք եք գցում ձեր կյանքին,  հասկանում եք, որ բացարձակապես ոչինչ պատահաբար տեղի չի ունեցել: Բոլորս փորձում ենք վարել մեր կյանքը լավագույն կերպով, ինչպես կարող ենք,- կանգ է առնում,- սա այն ամենն է, ինչ ուզում եմ ասել այս մասին»:

Ափսոսո՞ւմ եք: «Ինձ քննադատողները միշտ մեղադրել են հետազոտության հնարավոր հետաքրքիր ոլորտներն անտեսելու մեջ,- ասում է նա,- դա որոշ չափով ճիշտ է: Երբ սկսեցինք մեր աշխատանքը, ճանաչողական զարգացման ոլորտը պարզապես այնքան նոր, ոգևորիչ և բաց էր, որ կարելի էր այնքան շատ բան անել ցանկացած պահի, և դու պարզապես գնում ես այն ուղղություններով, որոնք ամենահետաքրքիրն են թվում: Այսպիսով, անկասկած, կան մասեր, որ կցանկանայի հետ գնալ և ավելի ուշադիր նայել դրանց»:

Ջերոմ Բրուներ․ Կենսագրություն

Ծնվել է՝ 1915 թվականի հոկտեմբերի 1-ին, մահացել՝ 2016 թվականի հունիսի 5-ին:

Մասնագիտություն/աշխատանք՝ Նյու Յորքի համալսարան, հոգեբանության հետազոտող պրոֆեսոր, իրավաբանական ֆակուլտետի ավագ գիտաշխատող:

Գրքեր՝ Ուսումնասիրություն Մտածողության մասին (A Study of Thinking), Ուսումնասիրություններ ճանաչողական աճման մասին (Studies in Cognitive Growth), Նշանակությունների գործեր (Acts of Meaning), Կրթության մշակույթը (The Culture of Education):

Սիրում էր նավարկություն:

Չէր սիրում հարկային հայտարարագրերի լրացնել:

Ամուսնացած է եղել երեք անգամ, ունի 2 երեխա:

Բնօրինակի հեղինակ՝ John Crace


Թարգմանիչ՝ Արգիշտի Եղյան (Argishti Yeghyan) © Բոլոր իրավունքները պաշտպանված են։