Օսմանյան նախազգուշացում. ինչի՞ կհանգեցնի Սուրբ Սոֆիայի կարգավիճակի փոփոխությունը

Քանդելով Աթաթուրքի ժառանգության այնպիսի կարևոր մաս, ինչպիսին է Սուրբ Սոֆիայի կարգավիճակը՝ Էրդողանը ազդանշան ուղարկեց` անհրաժեշտության դեպքում նա կվերանայի Թուրքիայի հանրապետության այլ հիմքերը։ Քարոզչական քայլերից սա կարող է լինել «Աթաթուրքի հիշատակը վիրավորելու» մասին օրենքի չեղարկումը։  Թուրքիայի հարևանները պետք է հիշեն, որ եթե ինչ-որ բան պատահի, Էրդողանը կարող է նաև վերանայել «անարդար» և «պարտադրված» միջազգային պայմանագրերը։

Հուլիսի 10-ին Թուրքիայի գերագույն վարչական խորհուրդը չեղյալ հայտարարեց 1934 թվականի Թուրքիայի կառավարության Սուրբ Սոֆիա (Այա-Սոֆիա) մզկիթը թանգարան վերածելու մասին որոշումը։ Այժմ այնտեղ կրկին մզկիթ կլինի, որտեղ հուլիսի 24-ին տեղի ունեցավ առաջին ուրբաթօրյա նամազը։ Մեկ գիրքը բավարար չի լինի նկարագրելու այս հուշարձանի նշանակությունը համաշխարհային պատմության համար․ այն կառուցվել է 6-րդ դարում, ականատես է եղել երկու կայսրությունների վերելքին և անկմանը՝ Բյուզանդական և Օսմանյան։ Այժմ Այա-Սոֆիան դարձել է այն բանի խորհրդանիշը, որ թուրքական իշխանությունները պատրաստ են վերանայելու վաղեմության ցանկացած փաստաթուղթ՝ հանուն իրենց շահերի։ Այժմ մենք խոսում ենք Ստամբուլի կենտրոնում գտնվող շենքի մասին, իսկ վաղը միգուցե խոսենք Էգեյան ծովի կղզիների, Սիրիայի և նույնիսկ Բոսֆոր ու Դարդանել նեղուցների մասին:

Լեգիտիմության շունչ

Եթե վերլուծենք վերջին տարիների Ռեջեփ Թայիփ Էրդողանի գործողությունները, ապա տպավորություն կստեղծվի, որ նա ամբողջ ուժով պայքարում է իր իշխանության ամրապնդման համար, որպեսզի այնուհետև դուրս գա նոր, ուժեղ և անկախ Թուրքիայի հանգիստ զարգացման որոշակի հարթություն։ Այդ հանգիստ զարգացումը շատ օգտակար կլիներ երկրի համար. թուրքական տնտեսության դրությունն ավելի ու ավելի է վատթարանում, իսկ դոլարի նկատմամբ թուրքական լիրայի փոխարժեքի անկումը հազվադեպ է ընդհատվում։ Բայց դրանով զբաղվելու համար անընդհատ խանգարում էր ճգնաժամը, «դժվար ժամանակները», «ինքնիշխանության սպառնալիքները», դաշնակիցների դավաճանությունը, որոնք աջակցում են Անկարայի թշնամիներին, մասնավորապես քրդերին Սիրիայում և դաշտային մարշալ Հաֆթարին` Լիբիայում։

Թուրքիան Էրդողանի և նրա կողմնակիցների աչքերում թերագնահատված տերություն է, որն արագորեն ամրապնդում է իր ազդեցությունն ուժեղ առաջնորդի ղեկավարության ներքո։ Իսկ մնացած խնդիրները լուծելու համար այս առաջնորդին պետք է դարձնել ավելի ուժեղ՝ տալով նրան ավելի լայն լիազորություններ։ Այդպես վարվեցին 2016 թվականին, երբ ռազմական հեղաշրջման փորձի ամբաստանյալների համար ստիպված էին կառուցել մեծ թվով մարդկանց տեղավորելու ունակությամբ դատարան։ Այդպես եղավ 2017 թվականին, երբ սահմանադրական հանրաքվեի ժամանակ Էրդողանը միաժամանակ «արձակեց» սեփական ձեռքերը և զրոյացրեց ժամկետները։ Վերջապես, դա տեղի ունեցավ 2018 թվականին, երբ Էրդողանը և իր կուսակցությունը կրկին հաղթեցին ընտրություններում՝ Թուրքիայի Հանրապետության 100-ամյակը (2023 թվականին) երկրի ղեկին նշելու հույսով։ 

Բայց ամեն անգամ Էրդողանի հաղթանակը թողնում էր անավարտության զգացում։ Ոչ ոք չի վիճում, որ թուրք զինվորները կարող են ջախջախել թշնամիներին՝ հանուն ազգային շահերի, բայց երբ անջատում ենք հեռուստացույցը, անմիջապես աչքի են ընկնում բարձր գները, անկայունությունը, հարկերի բարձրացումը, կորոնավիրուսային պանդեմիայի հետևանքները։ Վտանգավոր կերպով տատանվում են աջակցության վարկանիշերը, նախկին գործընկերները հեռանում են և ստեղծում իրենց կուսակցությունները։ 

Լեգիտիմության նորանոր հաստատումները օդի նման անհրաժեշտ են Էրդողանի իշխանությանը։ Հենց դա է դարձնում իր իշխանությունը մրցավազք՝ մեկ մեծ նպատակից դեպի հաջորդը։ Այա-Սոֆիայի վերափոխումը մզկիթի լեգիտիմության նման մի շունչ է. հզոր՝ իր խորհրդանշական արժեքով, և շատ էժան՝ գնի տեսանկյունից։ Այժմ Էրդողանի անունը հավիտյան գրված է պատմության մեջ, և դրա համար նույնիսկ անհրաժեշտ չեղավ թուրքական բանակը ուղարկել մեկ այլ արտերկրյա արշավի։ 

Հավանական է, որ Այա-Սոֆիայի կարգավիճակը փոխելով Էրդողանը փորձում էր ոչ միայն բարձրացնել իր վարկանիշը, այլև խռովեցնել ընդդիմությունը։ «Մզկիթ, թե՞ թանգարան» հարցը լիովին կարող էր դառնալ ռուսական «ո՞ւմն է Ղրիմը» արտաահայտության թուրքական անալոգը։ Եթե քաղաքական գործիչները դրան տարբեր կերպ են արձագանքում, կոալիցիաների մասին խոսք անգամ չի կարող լինել։ 

2018 թվականի խորհրդարանական ընտրություններում ընդդիմադիր կուսակցությունները ստեղծեցին մի դաշինք, որում ընդգրկված էին աշխարհիկ քեմալականները, ազգայնականները և աստվածավախ պահպանողականները` Երջանկության կուսակցությունից։ Այդ ժամանակ նրանք ոչինչ չունեին կիսելու, բայց այժմ Այա-Սոֆիայի կարգավիճակի վերաբերյալ հակառակ դիրքորոշումները կարող էին խառնաշփոթ ստեղծել իրենց շարքերում։ 

Բայց ընդդիմության պառակտում տեղի չունեցավ։ Հասկանալով Էրդողանի գաղափարի ժողովրդականությունը՝ ոչ ոք ըստ էության, չսկսեց այն քննադատել։ Ընդհակառակը, աշխարհիկ քեմալականները վրդովված էին, որ այլ պետություններ իրենց կարծիքներով խառնվում էին Թուրքիայի ներքին գործերին, ինչպես Հունաստանը և Ռուսաստանը, իսկ պահպանողականները նույնիսկ փորձեցին առաջ անցնել Էրդողանից` կարգավիճակը փոխելու առաջարկով։ Նրանք երկուսն էլ հայտարարեցին, որ 1500-ամյա պատմություն ունեցող ճարտարապետական հուշարձանը չպետք է դառնա քաղաքական խաղերի և պահի կոնյուկտուրայի զոհ։ 

Այլ կերպ ասած, ընդդիմության աշխարհիկ թևը ստիպված էր թեքվել պահպանողական մեծամասնության կողմը, որ կարողանար պահպանել միասնական ճակատը և չշեղվել հիմնական նպատակից` Էրդողանի մենիշխանության դեմ պայքարից:

Հոգ տանելով վակֆերի մասին

Իրավական տեսանկյունից Այա-Սոֆիայի վերաբերյալ դատավճիռը կարծես կեղծ փաստաբանություն լիներ՝ կազուիստիկա։ Ասես ինչ-որ պատմաբան ներկայանար ռուսական դատարան և ասեր․ 1924 թվականի ՌԽՖՍՀ օրենքները պահանջում էին, որ մարդկանց հուղարկավորեն հողում, այլ ոչ թե ցուցադրեն ապակու ետևում, Կարմիր հրապարակում, այնպես որ՝ հանեք Լենինին։ 

Թուրք հայցվորի հիմնավորումը, որի պատճառով վերանայվել է Աթաթուրքի որոշումը, նույնքան պարզամիտ է և ոչ նոր, չնայած այն պահանջում է որոշակի գիտելիքներ իսլամական ավանդույթների վերաբերյալ։ Եթե մահմեդականն այնքան հարուստ է, որ կարող է ոչ միայն կերակրել աղքատներին, այլ բարեգործության համար մի ամբողջ շենք նվիրել  (իր միջոցներով կառուցված դպրոց, հացի գործարան, մզկիթ), նա այդ սեփականությունը տալիս է ֆոնդի նման մի կառույցին՝ վակֆին (վակուֆ): Վակուֆային սեփականությունը համարվում է անօտարելի նույնիսկ հովանավորի մահից հետո, իսկ դրանից ստացված եկամուտը տրամադրվում է հանրության կարիքներին։ 

Երբ Սութան Մահմեդ II Նվաճողը 1453 թվականին գրավեց Կոստանդնուպոլիսը, Այա-Սոֆիայի տաճարի շենքը դարձավ նրա պատերազմական ավարը։ Նա հրամայեց այն վերածել մզկիթի և հանձնել վակուֆին` հանձնելով նվեր իր հպատակներին։ Օսմանյան կայսրության գոյության 500 տարիների ընթացքում եղել են հազարավոր, թեև ավելի փոքր մասշտաբներով, այդպիսի նվիատուներ, ինչը մեծապես բարդացրել է պետության կառավարման գործընթացը. ցանկացած շենք կամ հողամաս «Ալլահի նվերն էր», որի հետ ոչինչ անել չէր կարելի։ Աթաթուրքի օրոք հատուկ հանձնաժողովը զբաղվում էր վակուֆների լուծարմամբ։ 

Այժմ հայցվորը (որպես այդպիսին հանդես եկավ «Վակուֆային սեփականության, պատմական ստեղծագործությունների և շրջակա միջավայրի հոգածության կազմակերպություն» ՀԿ-ի ղեկավարը) հայտարարեց. 1934 թվականին Այա-Սոֆիան թանգարան վերածելը հակասում է սուլթանի կամքին 15-րդ դարից և հետևաբար` անօրինական է։ Դատարանը միաձայն ընդունեց այս  արդար փաստարկը, չնայած ավելի վաղ նա հրաժարվում  էր ըստ էության նույնիսկ զննել այդպիսի հայտարարությունը։ Օրինակ` 2005 թվականին (այսինքն` արդեն Էրդողանի օրոք), նույն ՀԿ-ն փորձեց հասնել նույն հայցի քննամանը նույն Գերագույն վարչական դատարանում։ Բայց 2018 թվականին Սահմանադրական դատարանը որոշեց չեղյալ հայտարարել գործի քննությունը։ 

Դժվար է պատկերացնել, թե ինչ կլինի, եթե Աթաթուրքի օրոք ազգայնացված այլ վակուֆների ժառանգները օգտվեն Այա-Սոֆիայի վերաբերյալ որոշումից։ Բայց այս դեպքը դժվար թե դառնա նախադեպ. այն նախաձեռնել է անձամբ Էրդողանը։ Պետական ԶԼՄ-ները և պաշտոնատար անձինք խոսեցին Այա-Սոֆիայի դեպքի մասին այնպես, որ կասկած չմնա․ սա նախագահի և ժողովրդի կամքն է՝ կարգը պահելու համար փաթեթավորված դատարանի որոշմամբ։

Անկանխատեսելի անցյալ և ապագա

Ռուսաստանում Այա-Սոֆիայի հետ կապված հիշվեց Պետդումայի պատգամավորների կոչը, որոնք Թուրքիայի իրենց գործընկերներից խնդրեցին «ցուցադրել իմաստություն և չվերանայել ժամանակակից Թուրքիայի հիմնադիր Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի որոշումը» (չնայած այդ հարցը որոշել էին ոչ խորհրդարանում)։ Այնուամենայնիվ, տեղի ունեցածի վերաբերյալ Ռուսաստանի արձագանքը շատ մեղմ կարելի է համարել։ Այո, և ՌՈւԵ-ուն՝ պատրիարք Կիրիլի գլխավորությամբ, և պատգամավորներին թույլ տվեցին ցույց տալ իրենց ինքնավարությունը և քննադատել Էրդողանին։ Բայց հուլիսի 13-ին Պուտինի և Էրդողանի բավականին բարեկամական զրույցը հաստատեց. Այա-Սոֆիան չի ազդի Մոսկվայի և Անկարայի միջև հարաբերությունների վրա, իսկ բոլոր դժգոհությունները կհրապարակեն քաղաքական հեռուստաշոուների սուլիչով։ 

Զուսպ էր նաև Ռուսաստանի արտգործնախարարության արձագանքը. տեղի ունեցածը անվանեցին «Թուրքիայի ներքին գործ»։ Մարիա Զախարովան ասաց, որ Թուրքիայի իշխանությունները պետք է կատարեն միայն ՅՈՒՆԵՍԿՕ-ի պահանջները, որոնք բավականին հստակ են. տեղեկացնել Համաշխարհային ժառանգության կոմիտեին հուշարձանին վերաբերվող ցանկացած փոփոխության մասին, իսկ անհրաժեշտության դեպքում հետևել սույն կոմիտեի ցուցումներին։ 

Մահմեդականը չի կարող կարդալ նամազ, երբ գմբեթից նայում է Աստվածածինը։ 15-րդ դարում քրիստոնեական խճանկարները պարզապես սվաղեցին, 1934 թվականին սվաղը հանեցին։ Ի՞նչ անել հիմա։ Ամենայն հավանականությամբ աղոթքի ընթացքում սրբերի պատկերները թաքցնելու համար ինչ-որ տեսակի վարագույր կկախեն, կամ հատուկ լուսավորություն կլինի։ Իսկ դա արդեն իսկ որոշակի աշխատանք է, հին պատերի մեջ մի քանի մեխեր միևնույն է  մեխվելու են։ Բայց, ինչպես հավաստիացնում է Թուրքիայի ԱԳՆ ղեկավարը, ամեն ինչ արվելու է միջազգային պահանջներին համապատասխան։ 

Թերևս դա է պատճառը, որ Այա-Սոֆիայում առաջին անգամ աղոթքը, հակառակ բազմաթիվ կանխատեսումների, չկայացավ հուլիսի 15-ին` 2016 թվականի ռազմական  հեղաշրջման փորձի տարեդարձին, այլ հուլիսի 24-ին 1923 թվականի` Լոզանի պայմանագրի կնքման օրը, որով որոշվեցին Թուրքիայի ժամանակակից սահմանները։ Նախ, ժամանակ կլինի ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ գտնել փոխզիջում, և որոշել, թե ինչպես աղոթքի ժամանակ կոկիկ թաքցնել քրիստոնեական խճանկարները։ Երկրորդ, Լոզանի պայմանագրի տարեդարձը ավելի մեծ խորհրդանշականություն կավելացնի կատարվածին։ 

Փոխելով Այա-Սոֆիայի կարգավիճակը` Էրդողանը մարտահրավեր նետեց ոչ միայն Ռուսաստանին, այլ հիմնականում Հունաստանին՝ և որպես Բյուզանդական կայսրության ժառանգորդ, և որպես մի երկիր, որի նկատմամբ, ըստ Էրդողանի, Աթաթուրքը շատ զիջումների գնաց։ Այսօրվա Թուրքիայի համար արդիական խնդիրները, ինչպիսիք են Կիպրոսի մայրցամաքային ծանծաղուտներում գազի հայթայթումը, շատ առումներով առաջ են եկել1923 թվականի Լոզանի համաձայնագրից, (Էրդողանը անընդհատ անվանում է այն չաշխատող և անարդար) կամ 1947 թվականի Փարիզի համաձայնագրից հետո։ Եթե նայենք Էգեյան ծովի քարտեզը, կնկատենք, որ Թուրքիայի ափերից 1 կմ, իսկ Հունաստանի ափերից 100 կմ հեռավորության վրա գտնվող փոքրիկ կղզիները պատկանում են Հունաստանին։ Սա խստորեն կաշկանդում է Անկարայի գործողությունները առափնյա ջրերում և մշտական սկանդալներ է առաջացնում։

Քանդելով Աթաթուրքի ժառանգության այնպիսի կարևոր մաս, ինչպիսին է Այա-Սոֆիայի կարգավիճակը՝ Էրդողանը ազդանշան է ուղարկում` անհրաժեշտության դեպքում նա կարող է նախաձեռնել Թուրքիայի Հանրապետության այլ հիմքերի վերանայումը։ Հռետորաքարոզչական քայլերից դա կարող է լինել «Աթաթուրքի հիշատակը վիրավորելու մասին» թիվ 5816-րդ օրենքի չեղարկումը, կամ ամուսնական դավաճանության քրեականացումը, կամ նույնիսկ բազմակնության օրինականացումը (դե ֆակտո որոշ շրջաններում այն այսպես թե այնպես գոյություն ունի)։ Իսկ Թուրքիայի հարևանները պետք է հիշեն, որ անհրաժեշտության դեպքում Էրդողանը կարող է զբաղվել «անարդարացի» և «պարտադրված» միջազգային պայմանագրերի վերանայմամբ։ 

Ամբողջովին խզել Լոզանի պայմանագիրը կամ 1936 թվականի Մոնտրյոյի կոնվենցիան, սահմանափակելով Թուրքիայի վերահսկողությունը Բոսֆորի և Դարդանելի նեղուցների նկատմամբ, իհարկե, շատ կտրուկ քայլ է նույնիսկ Էրդողանի համար։ Բայց փորձել դրանք ավելի ազատ մեկնաբանել, շոշափելով հարևանների համբերության սահմանները, և շրջանցիկ ուղիներ փնտրելը միանգամայն հնարավոր է։ 

Թուրքիայի կողմից նման փորձերի արդեն շատ օրինակներ կան։ Դա Ստամբուլի տարածքով նոր նավուղու նախագիծն է, որի վրա չի տարածվում Մոնտրյոյի կոնվենցիան։ Կամ Միջերկրծովյա ծանծաղուտների վերաձևումը Ֆայեզ Սարաջի լիբիական  կառավարության հետ, որը կախված է թուրքական օգնությունից քաղաքացիական պատերազմում։ Անկարայի և Տրիպոլիի կողմից հայտարարված «բացառիկ տնտեսական գոտում» է հայտնվել հունական Կաստելորիզո կղզին, բայց այս փաստը պարզապես անտեսվում է։ 

Էրդողանն արդեն ցույց է տվել իր վերաբերմունքը Լոզանի պայմանագրին, երբ մի քանի ամիս առաջ գիշերը թուրք սահմանապահները պարզապես բուլդոզերներով ջարդեցին Հունաստանի սահմանային ամրությունների մի մասը, որ թույլ տան փախստականներին մուտք գործելու Շենգենյան տարածք։ 

Մինչ ԱՄՆ-ն և Ռուսաստանը վերանայում են համաձայնագրերը, որոնք վերջ են դրել Սառը պատերազմին, ինչպիսիք են «Միջանկյալ և կարճ հեռահարության հրթիռների վերացման մասին» պայմանագիրը (1987թ.) և «Բաց երկնքի մասին» պայմանագիրը (1992), Թուրքիան պատրաստ է էլ ավելի խորանալ պատմության մեջ։ Ամբողջական խզման դժվար թե հասնի, բայց որոշակի դրույթների վերանայումը կամ անտեսումը միանգամայն հնարավոր է։ Արևմուտքը կսկսի գլուխ ջարդել, թե ինչ պետք է անել Էրդողանի հետ, իսկ Էրդողանը կստանա քաղաքական միավորներ և զիջումների համար սակարկությունների կգնա։ Այա-Սոֆիայի կարգավիճակը փորձնական գնդակ է այս ճանապարհին։ 


Թարգմանիչ` Անաստասիյա Հարությունյան (Anastasiya Harutyunyan), խմբագիր՝ Անի Յախշիբեկյան (Ani Yakshibekyan) © Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Կարդացեք նաև՝ Սուրբ Սոֆիայի տաճար կամ Այա Սոֆիա․իկոնային տաճարը վերածվեց մզկիթի