Ինչո՞ւ են Հայաստանի և Ադրբեջանի միջև կրկին մարտեր

Զսպում առանց խաղաղության. Ինչո՞ւ են Հայաստանի և Ադրբեջանի միջև կրկին մարտեր

 

Ներկայացնում ենք Carnegie Europe հիմնադրամի ավագ վերլուծաբան, Արևելյան Եվրոպայի և Կովկասի տարածաշրջանի խնդիրների փորձագետ Թոմաս դե Վաալի հոդվածը արցախյան հակամարտության և հուլիսյան մարտական գործողությունների առնչությամբ

Ռուսաստանը, ԱՄՆ-ն և ԵՄ-ն ունեն բավարար գործիքներ, որոնք կարող են զսպել երկու կողմերին, բայց նրանք չունեն ո’չ ժամանակ, ո’չ ուժ և ո’չ էլ ցանկություն` որպեսզի փորձեն ստիպել Հայաստանին և Ադրբեջանին խաղաղություն կնքել, էլ չենք խոսում խաղաղարարներ ուղարկելու մասին, որոնք պետք է հետևեն համաձայնագրի կատարմանը:

Ամբողջ Եվրոպայում գոյություն ունեն միայն երկու երկիր, որոնք դեռևս միմյանց հետ պատերազմի մեջ են։ Վերջերս Հայաստանի և Ադրբեջանի միջև կրկին մարտեր սկսվեցին։ Տարբեր տվյալներով մի քանի տասնյակ մարդ, այդ թվում` ադրբեջանցի գեներալ և քաղաքացիական անձինք, զոհվել են սահմանի հյուսիսային հատվածում` Տավուշի և Թովուզի քաղաքների միջև բախումների հետևանքով։ Հուլիսի 16 ” ին կարճատև դադարից հետո, կողմերը կրկին ծանր զինտեխնիկա կիրառեցին։ Դժբախտաբար, երկամյա դադարը, որը կարելի է անվանել Փաշինյանի «մեղրամիս», ավարտվեց, այն էլ շատ կտրուկ։ Իրավիճակը արագորեն փոխվում է, և հետագա սրացումը միանգամայն հնարավոր է։ Համենայն դեպս, վերջին իրադարձություններն Ադրբեջանում լավատեսություն չեն ներշնչում։ Նախագահ Իլհամ Ալիևը պաշտոնանկ արեց երկարամյա (2004 թվականից) արտգործնախարար Էլմար Մամեդյարովին՝ հայտարարելով, որ նա զբաղվում էր «անօգուտ աշխատանքով, անօգուտ բանակցություններով»։ Դրան հաջորդեց Բաքվում տեղի ունեցած ցույցը, որի վրդովված մասնակիցները պահանջում էին իշխանություններից ավելի կոշտ դիրքորոշում ցուցաբերել Հայաստանի հետ հարաբերություններում։ 

2018թ-ին Երևանում տեղի ունեցած խաղաղ հեղափոխությունից հետո, Ադրբեջանը գոհունակությամբ ընդունեց Նիկոլ Փաշինյանի նշանակումը ՀՀ վարչապետի պաշտոնում, ով նոր սերնդի մարդ էր և, ի տարբերություն իր երկու նախորդների, ծնունդով Ղարաբաղից չէր, և չէր մասնակցել 1991-1994թթ. հակամարտությանը։ 

Փաշինյանն ու Ալիևը պայմանավորվեցին նվազեցնել լարվածությունը շփման գծում։ Առաջին անգամ ստեղծվեց հեռախոսային թեժ գիծ երկու երկրների բանակների հրամանատարների միջև։ Միջադեպերի քանակը նվազեց՝ հասնելով գրեթե զրոյի. դա ակնհայտորեն ցույց է տալիս այն, որ նախկինում բախումները բոլորովին պատահական չէին, այլ տեղի էին ունենում վերևից հավանությամբ։ 

Երկկողմ հարաբերություններում երկար տարիներ այդպիսի դրական տրամադրվածություն չէր եղել։ Հույս կար, որ կողմերը կարող են սկսել դանդաղ բանակցություններ։ 2019 թվականի հունվարին Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարները նույնիսկ համաձայնվեցին, որ «անհրաժեշտ է կոնկրետ միջոցներ ձեռնարկել բնակչությանը խաղաղությանը պատրաստելու համար»: Արտաքնապես իրավիճակը բարելավվել էր, բայց, ցավոք, էական փոփոխություններ տեղի չունեցան։ Երկու երկրների առաջնորդներն ու հասարակությունը շարունակեցին հավատարիմ մնալ միմյանց բացառող դիրքորոշումներին. Ղարաբաղը պատկանում է միայն մեզ, և վերջ, իսկ մյուս կողմը պետք է գնա զիջումների։ 

Վերջին մարտերը վերջ դրեցին երկամյա մեղրամսին։ Պարզ չէ, թե ով է առաջինը սկսել կրակել։ Ընդհանուր առմամբ, Ադրբեջանն ավելի շատ է հետաքրքրված ստատուս քվոյի խախտմամբ, քանի որ համարում է այն անարդար։ Այնուամենայնիվ, Տավուշի և Թովուզի միջև ընկած շրջանը, որը գտնվում է երկու երկրների միջև սահմանի հյուսիսային հատվածում, ունի որոշ առանձնահատկություններ. այն երկու կողմից խիտ բնակեցված է, և երկու երկրներն էլ այստեղ կենտրոնացրել են ծանր զինտեխնիկա։ Ցանկացած միջադեպ կարող է արագորեն սրվել, եթե դրա համար համապատասխան հրահանգ լինի։ 

2018 թվականից ի վեր Բաքվում զայրույթ էր կուտակվում, այն պատճառով, որ Հայաստանի պահանջները բավարարվում են` երկու երկրների բանակների շփման գծում և ընդհանուր առմամբ սահմանին անվտանգությունը ամրապնդվում էր։  Իսկ ահա այս ընթացքում Ադրբեջանի հիմնական պահանջի կատարման հարցում առաջընթաց չի գրանցվել. կողմերը այսպես էլ չանցան քաղաքական կարգավորման շուրջ բովանդակային բանակցությունների։ 

Իսկապես, Փաշինյանի նկատմամբ Ադրբեջանի իշխանությունների սկզբնական ոգևորությունը բավականին միամիտ է թվում։ Այո, նա ծնունդով Ղարաբաղից չէ, բայց պատկանում է հայերի այն սերնդին, ում համար ինքնին պարզ է, որ Ղարաբաղը հայկական տարածք է և այն երբեք ստիպված չեն լինի կիսել Ադրբեջանի հետ։ Ընդհակառակը, ղարաբաղահայության աջակցությունն ապահովելու համար, երևանցի Փաշինյանը սկսեց էլ ավելի հենվել ազգային-հայրենասիրական հռետորաբանության վրա։ 2019-ին նա այցելեց Ղարաբաղ և ելույթ ունեցավ հանրահավաքին, որտեղ նա վանկարկում էր «Միացում» կարգախոսը` ընդգծելով տարածաշրջանի՝ Հայաստանից անբաժան լինելու մասին։

Իր հերթին, ադրբեջանական ղեկավարությունը այդպես էլ չի հրաժարվել իր հռետորաբանությունից, որը Հայաստանում համարում են ուղիղ սպառնալիք։ 2018թ-ին նախագահ Ալիևը զգուշացնում էր, որ Ադրբեջանը երբեք չի հրաժարվի իր պահանջներից․ «Պատերազմը չի ավարտվել, ավարտվել է միայն նրա առաջին փուլը»։ 

Հայ-ադրբեջանական հակամարտության հիմնական առանձնահատկություններից մեկն այն է, որ երկու երկրների ղեկավարները, ըստ էության, նրա պատանդներն են։ Հակամարտությունն այնքան ամուր է մտել ազգային գիտակցության մեջ, որ ոչ մի առաջնորդ հետ չի կանգնի կայացած ազգայնական պատումից (նարատիվից)նույնիսկ եթե նրանք հասկանում են խաղաղ կարգավորման ռազմավարական արժեքը, նրանք զգուշանում են այդ ուղղությամբ շարժվելու հետ կապված ռիսկերից։ 

Միջազգային ճնշումն այստեղ դժվար թե օգնի։ Չնայած Սերգեյ Լավրովի խաղաղության համաձայնագիր մշակելու եռանդուն ջանքերին, Ռուսաստանի ղեկավարությունը, ընդհանուր առմամբ, շահագրգռված չէ ռիսկի ենթարկել իր հարաբերությունները Բաքվի և Երևանի հետ` խաղաղության հասնելու  համար։ Բացի դրանից երկու կողմերը Ռուսաստանին չեն վստահում. Ադրբեջանը, քանի որ Ռուսաստանի և Հայաստանի միջև կնքված է ռազմական դաշինք, Հայաստանը՝ որովհետև Մոսկվան կարծես չի շտապում կատարել դաշնակցի նկատմամբ իր ռազմական պարտավորությունները։ Ռուսաստանի հնարավորությունները սահմանափակ են. հարկ է հիշել, որ ի տարբերություն Աբխազիայի, Հարավային Օսիայի, Մերձդնեստրի կամ Ուկրաինայի, ղարաբաղյան հակամարտության գոտում ռուս զինվորականներ չկան։ 

Ինչ վերաբերում է մյուս տերություններին, ապա Թուրքիան աջակցում է Ադրբեջանին, բայց ակնհայտորեն չի ցանկանա իր սահմաններին բռնկվի ևս մեկ հակամարտություն։ Իրանը` պարզապես ոչ մի դեր չխաղացող, հետաքրքրված դիտորդ է։ Միացյալ Նահանգները, ժամանակին որպես ակտիվ միջնորդ, վերջին տասնամյակներում զգալիորեն կրճատել է իր ներգրավվածությունը տարածաշրջանում, հատկապես Թրամփի օրոք։ 

Այս ամենը նշանակում է, որ Ռուսաստանը, ԱՄՆ-ն և ԵՄ-ն ունեն բավարար գործիքներ, որոնցով կարող են զսպել երկու կողմերին, բայց նրանք ո՛չ ժամանակ ունեն, ո՛չ ուժ և ո՛չ էլ ցանկություն փորձել ստիպել Հայաստանին և Ադրբեջանին խաղաղություն կնքել, էլ չենք խոսում խաղաղարարներ ուղարկելու մասին, որոնք պետք է վերահսկեն համաձայնագրի կատարումը։ Այժմ մնում է հուսալ, որ կկնքվի հերթական փխրուն զինադադարը։ Ինչ վերաբերում է խաղաղությանը, որքան էլ, որ տխուր է, այսօր այն ավելի հեռու է, քան երբևէ։ 

Բնօրինակի հեղինակ՝ Thomas de Waal, Carnegie Moscow Center

Թարգմանիչ ` Անաստասիյա Հարությունյան © Բոլոր իրավունքները պաշտպանված են