Հոգեկան առողջությունն ու պատերազմը

Հոգեկան առողջություն
Հոգեկան առողջության համաշխարհային օրն ամեն տարի նշվում Է հոկտեմբերի 10-ին: Այն անցկացվում Է Առողջապահության համաշխարհային 
կազմակերպության (ԱՀԿ) օժանդակությամբ՝ հոգեկան առողջության և դրանից բխող խնդիրների մասին հասարակությանը իրազեկելու նպատակով:
Նյութը հրապարակվում է պատերազմական իրավիճակում հոգեկան առողջության մասին հիշատակելու,դրա կարևորությունն ընդգծելու նպատակով:


Բովանդակություն

    • Ի՞նչ է հոգեկան առողջությունը,
    • Ինչո՞ւ է կարևոր հոգեկան առողջությունը,
    • Պատերազմը և հոգեկան առողջությունը,
    • Ինչպե՞ս հասկանալ արդյոք ունեք Հետտրավմատիկ սթրեսային խանգարում  (ՀՏՍԽ),
    • Ինչպե՞ս հաղթահարել պատերազմի հետևանքով առաջացած հոգեբանական խնդիրները:

Ի՞նչ է հոգեկան առողջությունը

Հոգեկան առողջությունը սահմանվում է որպես անձի հոգեբանական բարեկեցության վիճակ: Մարդն ունակ է արդյունավետորեն իրացնել իր անձնային ներուժը, հաղթահարել առօրյա սթրեսները, աշխատել պրոդուկտիվ, ինչպես նաև ունենալ սեփական ներդրումը հասարակական կյանքում։ Հոգեպես առողջ մարդը ձգտում է հավասարակշռել և զարգացնել իր ես-ի բոլոր կողմերը՝ ֆիզիկական, հոգեկան, կոգնիտիվ, հուզական և վարքային։ Հոգեկան առողջությունը կարևոր է կյանքի բոլոր փուլերում. մանկությունից մինչ երիտասարդություն և հասուն տարիք:
Կան մի շարք գործոններ, որ նպաստում են հոգեկան առողջության խնդիրներին`

  • Կենսաբանական գործոններ: Օրինակ՝ ուղեղի կառուցվածք, գենային գործոն
  • Կյանքի փորձառություններ, տրավմաներ
  • Ընտանեկան պատմություններ կամ հոգեկան առողջության հետ կապված խնդիրներ

Ինչո՞ւ է կարևոր հոգեկան առողջությունը

Հոգեկան առողջությունը կարևոր է, քանի որ այն առօրյա կյանքի անքակտելի մասն է կազմում, վերջինս ուղղակիորեն ազդեցություն է ունենում ինչպես մտքերի, այնպես էլ վարքի և էմոցիաների վրա: Հոգեպես առողջ լինելը խթանում է արդյունավետ աշխատելուն, սովորելուն և ցանկացած այլ գործունեություն ծավալելուն: Այն շատ կարևոր դեր է խաղում կյանքում, օգնում է հաստատել ամուր հարաբերություններ, հարմարվել կյանքի փոփոխություններին և հաղթահարել խոչընդոտներն ու դժվարությունները:

Պատերազմը և հոգեկան առողջությունը

Պատերազմն աղետալի ազդեցություն է ունենում մարդկանց առողջության և ինքնազգացողության վրա: Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ կոնֆլիկտային իրավիճակներն ավելի շատ մահացություն և հաշմանդամություն են առաջացնում, քան որևէ այլ, «հիմնական» հիվանդություն: Պատերազմը դանդաղորեն կործանում է համայնքներն ու  ընտանիքները, հաճախ խաթարում է ազգերի սոցիալական և տնտեսական կառուցվածքի զարգացմանը: Պատերազմի հետևանքները ներառում են երկարաժամկետ ֆիզիկական և հոգեբանական վնասներ թե՛ երեխաների և թե՛ մեծահասակների շրջանում, ինչպես նաև հանգեցնում են նյութական և մարդկային կապիտալի կրճատմանը:

Պատերազմների արդյունքում մահը պարզապես «այսբերգի գագաթն է»: Ցավոք, այլ հետևանքներ, բացի մահից, այդքան էլ լավ փաստագրված չեն: Դրանք ներառում են, օրինակ, աղքատությունը, թերսնուցումը, հաշմանդամությունը, տնտեսական/սոցիալական անկումը, հոգեբուժական հիվանդությունները և այլն: Միայն հակամարտությունների և դրանցից բխող հոգեկան խնդիրների ավելի խորքային ուսումնասիրությունների միջոցով կարող են մշակվել նմանատիպ խնդիրների լուծմանը համահունչ և արդյունավետ ռազմավարություններ:

Վերը նկարագրված հոգեբանական խանգարման տեսակն ընդունված է կոչել Հետտրավմատիկ սթրեսային խանգարում (ՀՏՍԽ): Այն համարվում է թե՛ գենետիկական, թե՛ շրջակա միջավայրի գործոններով պայմանավորված հիվանդություն, որը պատկանում է դեպրեսիայի և տագնապի՝ քրոնիկ ընթացք ունեցող ծանր հոգեկան հիվանդությունների շարքին: Այն հաճախ անվանում են «վախի հիվանդություն», քանի որ վերջինս զարգանում է կյանքին ու առողջությանը սպառնացող, սուր վախ ու սարսափ առաջացնող տրավմատիկ արտակարգ (ներառյալ պատերազմական) իրավիճակներում հայտնված անձանց մոտ կամ այլ կերպ ասած՝ հոգեբանական տրավմայի արդյունքում։

Առողջապահության համաշխարհային ասամբլեան 2005թ-ին կատարել էր  հետազոտություն, որի համաձայն՝ ամբողջ աշխարհում զինված բախումների իրավիճակում տրավմատիկ իրադարձություններ ապրող մարդկանց 10%-ն ունենում են լուրջ հոգեկան խնդիրներ, ևս 10%-ը՝ զարգացնում վարքագիծ, որը կխոչընդոտի նրանց արդյունավետ գործելուն: Հիմնական պայմաններն են դեպրեսիան, անհանգստությունը և հոգեսոմատիկ խնդիրները, ինչպիսիք են անքնությունը կամ մեջքի և ստամոքսի շրջանում ցավերը:

Ինչպե՞ս հասկանալ արդյոք ունեք Հետտրավմատիկ սթրեսային խանգարում  (ՀՏՍԽ)

Եթե Ձեզ մոտ առկա են հետևյալ ախտանիշները, ապա ամենայն հավանականությամբ դուք ունեք Հետտրավմատիկ սթրեսային խանգարում.

  • քնի խանգարում և գիշերային մղձավանջներ, որոնք կապված են անցյալում տեղի ունեցած տրավմատիկ իրադարձության հետ,
  • տրավմատիկ իրադարձության շարունակական վերապրում, երբ ՀՏՍԽ-ով տառապող հիվանդն անընդհատ հիշում ու վերապրում է անցյալում տեղի ունեցած տրավմատիկ իրադարձությունը։ Առաջանում է սաստիկ վախի, անօգնականության և սարսափի զգացում՝ այն, ինչ հիվանդն արդեն ապրել է տրավմատիկ իրադարձության ժամանակ,
  • խուսափողական վարք կամ փախուստ, երբ հիվանդն անընդհատ խուսափում է տրավմատիկ իրադարձությունը հիշեցնող վայրերից, իրավիճակներից, առարկաներից։ Հիվանդի մոտ նկատվում է հուզական ոլորտի անկում, որն արտահայտվում է մարդկանց և երևույթների հանդեպ անտարբերությամբ ու թմրածությամբ և խոսելու ընդունակության կորուստ, ինչի պատճառով հիվանդն օտարանում և մեկուսանում է շրջապատից։
  • գերլարվածություն կամ գերգրգռվածություն, որն արտահայտվում է նրանով, որ հիվանդը մշտապես տագնապի կամ հոգեկան լարվածության մեջ է գտնվում: Հիվանդները ուշադրության կենտրոնացման և հանգստանալու հետ կապված դժվարություններ են կրում, նաև գերզգայուն են դառնում բարձր ձայների և վառ լույսի նկատմամբ։

Ինչպե՞ս հաղթահարել պատերազմի հետևանքով առջացած հոգեբանական խնդիրները

Պատերազմները, ավտո և ավիավթարները, ընտանիքում ծանր հիվանդություններն ու մահացությունները, վարակիչ հիվանդությունները և նմանատիպ այլ իրադարձություններ բնակչության շրջանում առաջացնում են զանգվածային խուճապ, տագնապ, վախ, սթրեսներ, երբեմն՝ դեպրեսիա: 

Եթե հոգեսոմատիկ խանգարումները նկատվում են  իրադարձությունից մեկ կամ մի քանի ամիս հետո, ապա երևույթը հիվանդության է վերածվում հետտրավմատիկ սթրեսային խանգարումներ (ՀՏՍԽ) անվանմամբ:

Հիմնականում նման մարդկանց կարող են օգնության հասնել մտերիմները, ընկերները: Սակայն աշխատանքի մեծ մասը պետք է տանի հենց այն մարդը, ում մոտ նկատվում են ախտանշաններ:


Ի՞նչ անել.

1) Շարժվե՛ք:
Բնության գրկում, բացօթյա տարածքներում ակտիվ գործողություններ կատարելը, ինչպիսիք են արշավները, հեծանվավազքերը, ժայռամագլցումը, ջրային ռաֆթինգը և դահուկասահքը, կարող են օգնել մարտահրավեր նետել ձեր խոցելիության զգացողությանը և օգնել վերադառնալ քաղաքացիական կյանքին:

2) Ինքնակարգավորե՛ք Ձեր նյարդային համակարգը:
2.1 «Մտածող» շնչառություն: Ցանկացած իրավիճակում արագ հանգստանալու համար պարզապես կատարեք 60 շունչ՝ ուշադրությունը կենտրոնացնելով յուրաքանչյուր արտաշնչի վրա: Մեդիտացիան նույնպես հիանալի լուծում է:

2.2 «Զգայական ներդրում»: Երբ շրջապատում բարձր ձայները, աղմուկը, մարդկանց հագուստը կամ պարզապես առարկաները Ձեզ հիշեցնեն անցանկալի դեպքերը, պարզապես նայեք հաճելի նկարներին, լսեք Ձեր սիրելի երգերը կամ նման մի բան: Պարզապես փորձեք տհաճ զգացումները փոխարինել մեկ այլ՝ հաճելի զգացումներով:

2.3  «Հուզական կապ»: Իհարկե շատ բնական է, երբ մարդ խուսափում է հիշել կամ վերապրել այն, ինչի միջով անցել է: Բայց խնդիրն այն է, որ այդ հիշողություններից խուսափելը չի վերացնում դրանք: Սովորաբար երբ մարդ փորձում է ճնշել կամ մոռանալ հիշողությունները, վերջինիս մտքերը, մի շարք պատկերներ և երբեմն էլ երազները կարող են խոչընդոտ հանդիսանալ: Այս ամենը հաղթահարելու և առաջ շարժվելու միակ միջոցը նորից կապվելն է Ձեր զգացածի հետ: Որպես լուծում կարող է լինել «ապահով վայր»-ի ստեղծումը: Օրինակ՝ մի սենյակ, ներկված քո սիրելի գույներով, լի առարկաներով ու պատկերներով, որոնք առաջացնում են դրական և հաճելի էմոցիաներ: Այս ապահով և հարմարավետ վայրում վերհիշելով տհաճ զգացումները, կարող ես հուզական կապ հաստատել, և վերածել դրանք չեզոք կամ սովորական զգացումների, որոնք քեզ չեն խանգարի ապրել:

3. Շփում մարդկանց հետ: Կարևոր է գտնել մարդկանց, ովքեր ունակ են լսելու, քննարկելու և հոգեբանական աջակցություն ցուցաբերելու: Այսպիսի մարդիկ կարող են լինել քո ընկերներն ու հարազատները:

4. Հաղթահարել վերապրածի բարդույթը: Պարզապես հարցրու ինքդ քեզ, թե ինչպես և ինչու կարողացար հաղթահարել, ողջ մնալ դժբախտ պատահարից կամ պատերազմից  հետո: Հասկացիր քո առավելություններն ու հաշտվիր այն մտքի հետ, որ դու ոչնչով մեղավոր չես: Գնահատիր քեզ տրված շանսն ու առաջ շարժվիր:

Ինչ վերաբերում է մասնագետներին, նրանք հիվանդությունը բուժում են հոգեթերապիայի և դեղորայքաբուժության համատեղությամբ. տրանկվիլիզատորներ, հակադեպրեսանտներ, հանգստացնող դեղաբույսեր: Հաճախ դեղերից կախվածություն է առաջանում, այդ իսկ պատճառով շատ ավելի արդյունավետ է հոգեթերապիան՝ անհատական և խմբային: Այն օգնում է վերականգնել հոգեկան գործընթացները՝ ընկալում, հիշողություն, ուշադրություն, մտածողություն, երևակայություն: Հոգեթերապևտը պարզելով, թե ինչ գործոններ են խնամառուներին (պացիենտ)  խուճապի մատնում, նվազագույնի  է հասցնում դրանց հանդեպ նրանց զգայունակությունը, ինչպես նաև օգնում է նրանց տիրապետել ինքնակառավարման մեթոդներին: Նման դեպքերում ավելի արդյունավետ է խմբային հոգեթերապիան, որի ընթացքում աշխատանք է տարվում նմանատիպ խնդիրներով մի շարք խնամառուների հետ: Այս պարագայում բացի հոգեթերապևտից իրար օգնում են նաև մասնակիցները: Սա օգնում է հաղթահարել միայնակության զգացումը, օտարացումը հասարակությունից, ձևավորվում է կյանքի և շրջապատողների հանդեպ նոր հայացք և դրական վերաբերմունք սեփական անձի հանդեպ:


Հեղինակ՝ Ռուզաննա Հովհաննիսյան (Ruzanna Hovhannisyan) ©  Բոլոր իրավունքները պաշտպանված են։