Ռուսական «Կոմերսանտ» պարբերականի աղբյուրները հայտնել են, թե ինչպես է Թուրքիան հող նախապատրաստել Լեռնային Ղարաբաղում իրավիճակի սրացման համար:
«Կոմերսանտ»-ի ռազմական-դիվանագիտական աղբյուրները հավաստիացնում են, որ Լեռնային Ղարաբաղի շուրջ հակամարտության ընթացիկ խիստ սրացումը դիտավորյալ կերպով նախածրագրվել և հրահրվել է Թուրքիայի կողմից: Ըստ այդ աղբյուրների վարկածների՝ Անկարան վերջին ամիսներին ակտիվորեն հրահրել է Բաքվին սանձազերծելու ռազմագործողություններ բազմակողմ քաղաքա-դիվանագիտական, ռազմատեխնիկական և հետախուզական աջակցության խոստումների դիմաց: Լեռնային Ղարաբաղի շուրջ հակամարտությունում Թուրքիայի անմիջական ներգրավվածության մասին նախկինում նշել են ԱՄՆ-ի և Ֆրանսիայի իշխանությունները:
Այն պատկերը, որ փորձում են պատկերել «Կոմերսանտ»-ի ռազմա-դիվանագիտական աղբյուրները, հետևյալն է: Ս.թ. հուլիս-օգոստոսին թուրք-ադրբեջանական հերթական զորավարժությունների ավարտից հետո Ադրբեջանի տարածքում մնացել էր Թուրքիայի ԶՈւ-ի նշանակալի ծավալի զորախումբ, որն էլ կոչված է խաղալու համակարգողի և ուղղորդողի դերը Լեռնային Ղարաբաղում հարձակողական գործողությունների ծրագրման և իրականացման գործերում:
Խոսքը գնում է 600 զինծառայողի մասին, որ բաղկացած է 200-հոգանոց մարտավարական գումարտակից, Նախիջևանում գտնվող 50 հրահանգիչներից, Բաքվում գտնվող 90 ռազմական խորհրդատուներից (ապահովում էին բրիգադ-կորպուս-գլխավոր շտաբ շղթայի կապը ռազմական գործողությունների ընթացքում), Գաբալայի ավիաբազայում գտնվող 120-հոգանոց օդատեխնիկական անձնակազմից, Դալլյարի աէրոդրոմում գտնվող 20 ԱԹՍ-օպերատորներից, Եվլախի աէրոդրոմում գտնվող 50 հրահանգիչներից, 4-րդ բանակային կորպուսում (Փիրեքեշքյուլ) գտնվող 50 հրահանգիչներից և Բաքվի Հեյդար Ալիևի անվան ռազմածովային բազայում ու ռազմավարժարանում գտնվող 20-հոգանոց անձնակազմից: Ենթադրվում է, որ այս զորախումբը ներառում է նաև 18 միավոր ՀՄՄ (հետևակի մարտական մեքենա), համազարկային կրակի 1 ռեակտիվ կայանք, 10 միավոր ավտոտեխնիկա և ընդհուպ 34 միավոր ավիացիոն տեխնիկա, այդ թվում՝ 6 միավոր ինքնաթիռ, 8 միավոր ուղղաթիռ, մինչև 20 միավոր ԱԹՍ (անօդաչու թռչող սարք), որն ապահովում է ինչպես Արցախի, այնպես էլ ՀՀ-ի տարածքում ռազմական հետախուզություն:
- Սեպտեմբեր-հոկտեմբերին, դատելով Պարբերականին հաղորդված տվյալներից, կտրուկ աճել է Թուրքիայից Ադրբեջան (առավելապես Վրաստանի տարանցիկ տարածքով) ռազմատրանսպորտային բնույթի թռիչքների քանակը: Մասնավորապես սեպտեմբերի 4-ին իրականացվել է անձնակազմի և ռազմապաշարների փոխադրում թուրքական ՌՕՈւ-ին (ռազմաօդային ուժեր) պատկանող S-130 ինքնաթիռով, սեպտեմբերի 18-ին՝ SN-235, իսկ սեպտեմբերի 25-ին՝ A400M ինքնաթիռով:
- Սեպտեմբերի 28-30-ի ռազմագործողությունների թեժ պահին, նախկինում ժամանած ռազմական խորհրդատուներից բացի, Ադրբեջան են մեկնում նաև Թուրքիայի ցամաքային զորքերի հրամանատար Ումիթ Դյունդարը և Պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը: Պարբերականի աղբյուրները պնդում են, որ նրանք հենց տեղում են իրականացրել ղարաբաղյան ճակատում ընթացող գործողությունների ընդհանուր ղեկավարումը:
- Սեպտեմբերի 30-ին, հոկտեմբերի 1-ին և 3-ին դեղերի և թեթև սպառազինության փոխադրումն ըստ միևնույն աղբյուրների՝ իրականացվել է SN-235 ինքնաթիռներով Էթիմէսգութ (Անկարա) ” Նասոսնայա (Հաջի-Զեյնալաբդին) երթուղով:
- Անձնակազմի և ռազմապաշարների փոխադրումն ամենայն հավանականությամբ տեղի է ունեցել նույնպես հոկտեմբերի 7-ին թուրքական ՌՕՈւ-ին պատկանող S-130 ինքնաթիռով (թռիչքի համար՝ TUAF737):
- Հոկտեմբերի 9-ին, ինչպես նշում են Պարբերականի զրուցակիցները, ադրբեջանական ռազմաբեռնափոխադրող IL-76TD ինքնաթիռով (թռիչքի համար՝ AZAF002) Ամման-Բաքու երթուղով, Վրաստանի տարանցիկ տարածքով արձանագրվել է իր զինամթերքով հանդերձ մինչև 200 միավոր ДШК տիպի գնդացիրների փոխադրումը:
- Ավելի վաղ Թուրքիայի կողմից վրացական օդային տարածքով տարանցիկ թռիչքների մասին հայտեր են ներկայացվել հոկտեմբերի 14-ի, 21-ի և 28-ի համար: Ըստ միևնույն աղբյուրների՝ թույլտվություններն արդեն ստացվել են:
Վերոնշյալին զուգահեռ, պարբերականի զրուցակիցները հաղորդում են, որ թուրքական ներկայացուցիչները Սիրիայում և Լիբիայում պատերազմող, Անկարային հավատարիմ մահմեդական խմբավորումներից հավաքագրում են վարձկաններ Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի դեմ ռազմագործողություններին մասնակցելու նպատակով: Թուրքիայի ՊՆ ռեսուրսների և ուժերի հովանավորությամբ Թուրքիայի Ազգային հետախուզության կազմակերպությունը իրականացնում է վարձկանների փոխադրման լոգիստիկ շղթաների արդյունավետ աշխատանքի ընդհանուր վերահսկողությունը:
Նույն զրուցակիցների խոսքերով՝ հոկտեմբերի առաջին շաբաթում սիրիացի մինչև 1,300, ինչպես նաև առնվազն 150-հոգանոց լիբիական վարձկանների խմբեր են ուղարկվել Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտի: Սրանցից առաջինները գլխավորապես տեղակայվել են Թարթառի ուղղությամբ՝ Բայանդուրի և Ղափանլըի շրջաններում (համապատասխանաբար 5 և 10 կմ հարավ-արևելք Թարթառից), իսկ մնացածը՝ Ջաբրայիլի ուղղությամբ՝ Քարվենդի շրջանում (250 կմ Բաքվից արևմուտք):
Հաղորդվում է, որ սիրիացի զինյալների հավաքագրումն ընթանում է Անկարայի կողմից վերահսկվող Սիրիայի հյուսիսային և հյուսիսարևմտյան տարածքներում «Սիրիական ազգային բանակ»-ի դաշտային հրամանատարների հետ համագործակցող SADAT մասնավոր ռազմական ընկերության աշխատակիցների կողմից: Ենթադրաբար հավաքագրման հիմնական կետերը գործում են Աֆրին, Ալ-Բաբ, Ռաս ուլ-Աին և Թել Աբյադ քաղաքներում: Նորակոչիկների հավաքը կազմակերպվում է Աֆրինում, որտեղից թուրքական տրանսպորտային ընկերությունների օգնությամբ նրանց տեղափոխում են Շանլըուրֆա քաղաք (Թուրքիա), որ Սիրիայի հետ սահմանից 40 կմ է հեռու: Այնուհետև վարձկանները տեղափոխվում են SADAT-ի չարտերային թռիչքներով դեպի հակամարտության գոտի:
Համաձայն «Կոմերսանտ»-ի աղբյուրների՝ Անդրկովկասում պատերազմի մեկնել ցանկացողներին հավաքագրողներն առաջարկել են 1,500 ԱՄՆ դոլարի «խթանող նպաստ» և ամսական մինչև 2,000 ԱՄՆ դոլար պարգևավճար:
Հավաքագրողները նախքան նրանց Ադրբեջան գործուղելը իբր վարձկաններից առգրավել են անձը հաստատող փաստաթղթեր և հաղորդակցության անձնական միջոցներ: Վարձկաններին ասվել է, որ նրանց ծառայությունները կպահանջվեն երեքից վեց ամիս ժամկետով:
«Դեռևս սեպտեմբերի 22-ին «Սիրիական ազգային բանակ»- ի 2-րդ կորպուսի կազմից առաջին խումբն ուղարկվել է Ադրբեջան, որն անցել էր երկշաբաթյա հատուկ դասընթաց Սիրիայում թուրք հրահանգիչների հսկողության ներքո»,- ասաց «Կոմերսանտ»-ի զրուցակիցներից մեկը:
Ըստ նրա խոսքերի՝ մինչ Լեռնային Ղարաբաղում կրակի դադարեցման մասին հայտարարությունը, սիրիացի վարձկանների մեկ այլ ջոկատ, որոնց թիվը հասնում էր 1500-ի, շարունակում էր ակտիվորեն կազմավորվել Ադրբեջան ուղարկվելու համար: «Այս ջոկատը կազմավորվել է և ցանկացած պահի կարող է տեղակայվել Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում»,- վստահեցնում է աղբյուրը: Խոսքը «Ֆայլակ աշ-Շամ», «Սուլթան Մուրադ բրիգադ», «Ֆիրքաթ Համզա» և «Ֆիրքաթ Սուլեյման շահ» խմբավորումների զինյալների մասին է:
Ավելի վաղ բրիտանական BBC ռադիոկայանը հայտնել էր, որ Թուրքիան Աֆրինից «Ջեյշ ալ-Շամ» խմբավորումից 150 զինյալ է տեղափոխել Ադրբեջան: «Սուլթան Մուրադ բրիգադ»-ից շուրջ 2,000 հոգի էլ պատրաստվում էին տեղափոխվել Ղարաբաղ հոկտեմբերի սկզբից: Այս մասին հայտնել է նաև ամերիկյան The Wall Street Journal թերթը: Միևնույն ժամանակ The Washington Post-ի լրագրողները, վկայակոչելով սիրիացի վարձկանների հարազատներին, հայտնում են, որ նրանցից ավելի քան 50-ը զոհվել են Լեռնային Ղարաբաղում ընթացող մարտերի ժամանակ:
Այն մասին, որ Թուրքիան Սիրիայից և Լիբիայից վարձկաններ է ուղարկում Լեռնային Ղարաբաղ, բազմիցս հայտնել են նաև ՀՀ իշխանությունները:
ԱՄՆ պետքարտուղար Մայքլ Պոմպեոն նույնպես հոկտեմբերի 15-ին խոսեց հակամարտության մեջ Թուրքիայի ակտիվ ներգրավվածության մասին: «Հիմա թուրքերը միջամտել և ռեսուրսներ են տրամադրել Ադրբեջանին՝ դրանով իսկ յուղ ավելացնելով այն կրակին, որը տեղի է ունենում պատմական ճակատամարտում Լեռնային Ղարաբաղ կոչվող վայրում՝ մի փոքր տարածք, որի բնակչությունը մոտ 150 հազար մարդ է կազմում», ” ասաց նա WSB ռադիոկայանի հետ հարցազրույցում:
Նախօրեին Թուրքիայի բացասական ազդեցության առնչությամբ Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Իվ Լե Դրիանն ասել էր հետևյալը. «Արտաքին միջամտությունը, մասնավորապես Թուրքիայի միջամտությունը, խթանում է այս սրացումը, ինչն անթույլատրելի է»: Ավելի վաղ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը նույնպես հայտարարել էր, որ Թուրքիայի իշխանությունները օգնում են Սիրիայից զինյալներին Ադրբեջան տեղափոխվելուն:
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, սակայն, կտրականապես հերքում է, որ ադրբեջանական կողմում կռվում են օտարերկրյա վարձկաններ: «Ոչ ոք մեզ ոչ մի ապացույց չի տրամադրել ներկայիս Ադրբեջանի տարածքից բախումներին մասնակցող օտարերկրյա զինված կազմավորումների առկայության մասին: Մեր պաշտոնական դիրքորոշումն այն է, որ մենք չունենք արտասահմանցի վարձկաններ»,” ասել է Իլհամ Ալիևը ՌԻԱ Նովոստի-ի՝ Ադրբեջանի և ՀՀ-ի ղեկավարների հետ զուգահեռ հարցազրույցի ժամանակ:
ԱՄՆ-ի և Ֆրանսիայի իշխանությունների հայտարարությունները Ադրբեջանում որակվեցին որպես անընդունելի այնպիսի երկրների համար, որպիսիք ձգտում են միջնորդի դեր խաղալ Լեռնային Ղարաբաղի հակամարտության մեջ:
Թուրքիայի իշխանությունները ևս իրենց հերթին ոչ մեկ անգամ մտացածին են բնորոշել լուրերն առ այն, թե իրենք օժանդակում են Սիրիայից և Լիբիայից Լեռնային Ղարաբաղ վարձկանների ուղղորդմանը:
Թարգմանիչ՝ Վահե Սալահյան (Vahe Salahyan) © Բոլոր իրավունքները պաշտպանված են: