Նոամ Չոմսկիի անդրադարձը Արցախի դեմ ադրբեջանական ագրեսիային

Նոամ Չոմսկին ամեն տեսանկյունից ապրել է ամենաարտասովոր կյանքով: Ցուցանիշներից մեկում նա դասվում է պատմության մեջ ամենամեջբերվող մարդկանց շարքին՝ հենց Արիստոտելի, Շեքսպիրի, Մարքսի, Պլատոնի և Ֆրոյդի հետ:  Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի լեգենդար պրոֆեսորը փաստացի հայտնագործել է ժամանակակից լեզվաբանությունը: Ի հավելումն նրա՝ այդ ասպարեզում կատարած պիոներական աշխատանքի՝ նա բազմաթիվ տասնամյակներ եղել է խաղաղության և հասարակական արդարության ձայնը: Քրիս Հեջեսը ասում է, որ նա «Ամերիկայի ամենանշանավոր ինտելեկտուալն է», ով «ուժեղներին, ինչպես նաև նրանց ազատամիտ ջատագովներին, չափազանց անհարմար դրության մեջ է դնում»: Նա Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտում լեզվաբանության և փիլիսոփայության ամբիոնի պատվավոր պրոֆեսոր է և Արիզոնայի համալսարանի լեզվաբանության դափնեկիր պրոֆեսոր, ինչպես նաև Ա․ Ն․ Հաուրի անվան շրջակա միջավայրի և սոցիալական արդարության ծրագրի ղեկավար: 91 տարեկանում նա դեռ աշխույժ է, հարցազրույցներ է տալիս լրատվամիջոցներին՝ ամբողջ աշխարհով մեկ: Նա մի շարք գրքերի հեղինակ է, այդ թվում՝ «Քարոզչություն և հանրային միտք», «Ինչպես է գործում աշխարհը», «Էլեկտրաէներգիայի համակարգեր և գլոբալ դժգոհություններ»՝ Այլընտրանքային ռադիոյի (Alternative Radio) Դեյվիդ Բարսամյանի համահեղինակությամբ:

2020 թվականի հոկտեմբերի 9-ին Դեյվիդ Բարսամյանը խոսել է Նոամ Չոմսկիի հետ Արցախի դեմ պատերազմի, դրա կայսերական արմատների և «չարագործ մասնակիցների» դերի մասին, և թե ինչպիսին է Թուրքիայի Էրդողանը: Armenian Weekly-ն շնորհակալություն է հայտնում Բարսամյանին հարցազրույցի սղագրությունը հրապարակավ ներկայացնելու թույլվության համար:

Դեյվիդ Բարսամյան. Հարավային Կովկասում տեղի ունեցող պատերազմական գործողությունները կարող են օրինակը հանդիսանալ այն բանի, որն Էդվարդ Սայիդն անվանել է «չլուծված աշխարհատարածքներ»:

Կայսերական քարտեզագիրների ժառանգություն: Որպես փոքրամասնությունների կոմիսար՝ Ստալինը 1920-ին Թուրքիային հանդարտեցնելու համար Ադրբեջանին տվեց Լեռնային Ղարաբաղը, որը հայերը կոչում են Արցախ, և Նախիջևանը՝ երկու տարածքն էլ հայերի գերակշռող մեծամասնությամբ: Հետո 1990-ականներին Խորհրդային Միության փլուզումով մարտեր սկսվեցին, որի արդյունքում հայկական ուժերը գրավեցին Լեռնային Ղարաբաղը: Այդ օրվանից սկսած՝ եղել են փոխհրաձգություններ, այսպես կոչված՝ սահմանային միջադեպեր, բայց Ադրբեջանի հարձակումը, որը սկսվեց սեպտեմբերի 27-ին, անկասկած, համաձայնեցված լինելով Թուրքիայի հետ, իրենից իրավիճակի մեծ սրացում է ներկայացնում: Այստեղ (ԱՄՆ-ում) եղած լուրերի քիչ քանակությունը զուրկ է պատմական նախապատմությունից կամ ենթատեքստից: Պայքարը «ժայթքում է», հին թշնամիներ կան և այլն: Որո՞նք են այս կոնֆլիկտի արմատները:

Նոամ Չոմսկի. Դուք ճիշտ եք, որ Ստալինն է գծել սահմանները, բայց հիշեք, որ նա միակը չէր, որ սահմաններ էր գծում: Ամբողջ Միջին Արևելքը մասնատվեց ֆրանսիական, բրիտանական իմպերիալիստների կողմից, որոնք գծեր քաշեցին այնտեղ, որտեղ իրենք էին ուզում, որոնք իրենց շահերից էին բխում՝ հաշվի չառնելով բնակչության կարիքներն ու շահերը: Դա է տարածաշրջանում մոլեգնող դառը, բռնի բախումների պատճառի հիմնական մասը:

Վերցրեք, օրինակ, Իրաքը: Բրիտանացիները Իրաքի շուրջ սահմաններն այնպես գծեցին, որ ոչ թե Թուրքիան՝ նախկին Օսմանյան կայսրությունը, այլ Բրիտանիան վերահսկողություն ունենար հյուսիսում՝ նավթի հարուստ պաշարների վրա: Դա միավորեց քրդերին և արաբներին, որոնք ընդհանուր ոչինչ չունեին: Բացի այդ, բրիտանացիները ուզում էին վստահ լինել, որ իրենց պարտադրած նոր միավորը անկախ չէր լինի, չէր ունենա ազատ ելք դեպի Պարսից ծոց, ուստի նրանք վերցրին Քուվեյթի շեյխությունը, որը կվերահսկեին բրիտանացիները, որպեսզի Իրաքը ելք չունենար դեպի ծոց: Սիրիան, Լիբանանը, Պաղեստինը. նույն բանն է: Ֆրանսիացի և բրիտանացի իմպերիալիստները գծեր քաշեցին՝ ելնելով իրենց շահերից: Ամբողջ Աֆրիկայում դուք ուղիղ գծված սահմաններ եք տեսնում: Ինչո՞ւ: Կայսերական տերությունները ավերում էին Աֆրիկան՝ իրենց շահերի համար: Ահավոր վայրագություններ: Պետք չէ, որ մենք դրան անդրադառնանք: Դեռ մարդիկ կան Միջերկրական ծովում մահացող, որոնք փախչում են ստեղծված սարսափներից: Ուստի միայն Ստալինը չէ, այլ` կայսերական բոլոր տերությունները:

Իսկ ինչ վերաբերում է Հայաստանին և Ադրբեջանին, երկար պատմություն է: Չեմ կարող ծավալվել դրա շուրջ, բայց իրական ճգնաժամն սկսվեց այն ժամանակ, երբ Ադրբեջանը, հաստատապես ունենալով Թուրքիայի օժանդակությունը, գործի դրեց իսրայելական զինամթերքը: Իսրայելի «Բեն Գուրիոն» օդանավակայանում «Իլյուշին» ինքնաթիռները ներս ու դուրս են անում, մինչդեռ ոչ մի այլ ինքնաթիռ [Բաքու] չի թռչում ՝ իսրայելական զենք ուղարկելով Ադրբեջան, որպեսզի նրանք կարողանան սպանել մարդկանց, հայերին` Լեռնային Ղարաբաղում: Ուստի, այո՛, սա էսկալացիա է: Միջազգային: Ռուսաստանը երկու կողմերի աջակիցն է, Իրանն աջակցում է Հայաստանին. շատ տարօրինակ հարաբերություններ են: Այնտեղի մարդկանց համար սարսափելի է: Շատ վտանգավոր իրավիճակ է: Միջազգային դիվանագիտության ժամանակն է, որպեսզի բանակցություններ տեղի ունենան՝ փորձելու համար կայունացնել դրությունը:

Դերակատարները, մեղմ ասած, ամենալավ մարդիկ չեն աշխարհում: Էրդողանը Թուրքիայում փորձում է, ըստ էության, Օսմանյան խալիֆայության նման մի բան ստեղծել, իսկ ինքը՝ որպես  խալիֆ, գերագույն առաջնորդ, բարձրացնել իր կշիռը տարածաշրջանում և միաժամանակ ոչնչացնել ժողովրդավարության մնացորդները Թուրքիայում:

Իսրայելը միայն հետաքրքրված է զենք վաճառելով: Նրանք կվաճառեն դրանք բոլորին՝ հաշվի չառնելով, թե ում են սպանելու դրանով: Սա է նրանց տնտեսության հիմնասյունը՝ անվտանգություն ու զենք: Անգամ հենց այստեղ, որտեղ ես ապրում եմ, իմ ապրած տեղից  ոչ շատ հեռու գտնվող սահմանը ամրացվում է Իսրայելի՝ այսպես կոչված անվտանգության ուժերի և կորպորացիաների վճռորոշ օգնությամբ: Դա է նրանց աշխատանքը: Այս դեպքում՝ Էլբիտ համակարգերը:

Բավականին շատ չարագործ ուժեր են ներգրավված, և մենք միայն կարող ենք հուսալ, որ միջազգային աջակցություն կլինի՝ նվազեցնելու  ոճրագործություններն ու ագրեսիան, նախքան այն կվերածվի լայնածավալ կոտորածների և, հավանական է, միջազգային պատերազմի, որովհետև շատ միջազգային ուժեր են ներգրավված:

Դեյվիդ Բարսամյան. Թուրքիան նաև Սիրիայից ԻԼԻՊ ջիհադիստական մարտիկներ է բերել և նրանց վճարում է, որ կռվեն ադրբեջանցիների հետ հայերի դեմ:

Նոահ Չոմսկի. Դա ակնհայտորեն ճիշտ է: Թուրքիան հավանաբար նույնն է անում Լիբիայում՝ այն մյուս տարածքներից մեկում, որտեղ Էրդողանը փորձում է իր ուժը ցույց տալ: Այո՛, այդ մասին հաղորդվում է Ադրբեջանում:

Դեյվիդ Բարսամյան. 2018 թ.ին Հայաստանը խաղաղ ժողովրդավարական հեղափոխություն արեց Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ՝ տապալելով իշխող օլիգարխիան: Սա այն քիչ օրինակներից մեկն է, երբ խաղաղ հեղափոխություն տեղի ունեցավ՝ փոխարինելով հետխորհրդային պետություններում բռնատիրական ռեժիմին: Սա լավ չլուսաբանվեց  այստեղ՝ ԱՄՆ-ում:

Նոահ Չոմսկի. Ինչքանով ես գիտեմ, Միացյալ Նահանգներում էապես հետաքրքրություն չկար դրա հանդեպ: Իսկ եթե կար, ես դա չեմ նկատել: Այո՛, դա այս անգամ  ակնհայտորեն իսկական ժողովրդավարական հեղափոխություն էր: Ինչ է տեղի ունեցել դրանից այն կողմ՝ մանրամասները չգիտեմ:

Դեյվիդ Բարսամյան. Դուք գիտեք, որ ես ծագումով հայ եմ և եղել եմ Հայաստանի Հանրապետությունում: Այն համեմատաբար աղքատ երկիր է, դեպի ծով ելք չունեցող, ունի մոտ երեք միլիոն բնակչություն: Ես մի քանի գյուղեր գնացի և նկատեցի, որ գյուղում երիտասարդ կամ միջին տարիքի տղամարդ չկար, ուստի հարցրի, թե որտեղ են նրանք: Իսկ նրանք ասացին, որ բոլոր տղամարդիկ գնացել են Ռուսաստան, որովհետև այնտեղ աշխատանք չկար: Ուստի Հայաստանը, կարելի է ասել, հուսահատ դրության մեջ է:

Նոահ Չոմսկի. Եվս մեկ պատճառ, թե ինչու  ներկայիս ագրեսիան դադարեցնելու համար պետք է գործադրվեն լուրջ միջազգային ջանքեր և փորձ արվի որևէ եղանակ գտնել՝ լուծելու  Լեռնային Ղարաբաղի խճճված խնդիրը, որտեղ Ադրբեջանի կողմից վերահսկվող* տարածքում հայեր են ապրում: Դա հեշտ չէ լուծել, բայց  խելամիտ բանակցություններով այդպիսի արդյունքը հնարավոր է:

Դեյվիդ Բարսամյանը (ձախից) Նոամ Չոմսկիի հետ

Դեյվիդ Բարսամյանը Կոլորադոյի Բոլդեր քաղաքում տեղակայված Այլընտրանքային Ռադիոյի (Alternative Radio) մրցանակակիր հիմնադիրն ու տնօրենն է: Նա բազմաթիվ գրքերի հեղինակ է Նոամ Չոմսկիի, Հովարդ Զինի, Էքբալ Ահմադի, Թարիք Ալիի, Արունդհաթի Ռոյի և Էդվարդ Սայիդի հետ: Նրա՝ Չոմսկիի հետ հեղինակած մեծ վաճառք  ապահոված գրքերը թարգմանվել են շատ լեզուներով: Վերջերս տպագրված նրա գրքերն են՝ «Ինչպես է գործում աշխարհը», «Ինչ մենք ասում ենք, հեռանում է» (երկուսն էլ Չոմսկիի հետ) և «Թիրախավորելով Իրանը»: Դեյվիդի հարցազրույցներն ու հոդվածները հայտնվում են The Progressive, Z և այլ հրատարակչություններում: Նա Մեդիա կրթության մրցանակի, անկախ լրագրության համար Ամերիկյան քաղաքացիական ազատությունների միության (ACLU) «Ապտոն Սինքլեր» մրցանակի  և «Լաննան» հիմնադրամի Մշակութային ազատության կրթաթոշակի  դափնեկիր է: Այլընտրանքային լրագրության ինստիտուտը նրան ընդգրկեց Մեդիա հերոսների թոփ տասնյակի մեջ:

 

Հղումներ

* Ստիպված ենք նշել, որ պարոն Չոմսկիի տվյալ ձևակերպումը չի համապատասխանում իրականությանը։ Իրողությունն այն է, որ դե յուրե ԼՂՀ-ն գտնվում է Ադրբեջանի կազմում, սակայն դե ֆակտո այդ տարածքները չեն վերահսկվում Ադրբեջանի կողմից, այլ գործում է ինքնահռչակ Արցախի Հանրապետությունը։ Ձևակերպումը թարգմանվել է բառացի՝ առանց  հեղինակի խոսքերը աղավաղելու։

Բնօրինակի հեղինակ՝ David Barsamian

Թարգմանիչ՝ Մանե Վարդանյան (Mane Vardanyan) © Բոլոր իրավունքները պաշտպանված են: