Պատերազմ Լեռնային Ղարաբաղի համար կամ ինչու է «չեզոքությունը» դիրքորոշում դարձել

Գերմանիայի առաջատար լրատվամիջոցների կողմից վերսկսված պատերազմի վերաբերյալ հրապարակված վերլուծությունների մեջ գերիշխում է պսևդո-օբյեկտիվությունը, որն, ըստ էության, հիմնված է Ադրբեջանի կողմից ներկայացրած տեղեկությունների վրա: Բայց փաստերը շատ ավելի խրթին են։

«Շատերը փորձում են խուսափել արմատականությունից՝ «ճշմարտությունը ոսկե միջինում փնտրելով»: Դա ինչ-որ չափով պարզ է հնչում, բայց հստակորեն պարզաբանված չէ: Քանի որ ճշմարտությունը չի հետևում որևէ երկրաչափական ցուցումների: Այստեղ սխալվում է «ոսկե միջինի ծայրահեղականությունը»: Սրանք Միխայել Շմիթ-Սալոմոնի խոսքերն են, որոնք ճշգրտորեն նկարագրում են Հայաստանի և Ադրբեջանի միջև Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանի (հայերեն՝ Արցախ) համար սեպտեմբերի 27-ից վերսկսված պատերազմի մասին գերմանական լրատվականներում ներկայումս տարածված լուրերը։

Մարտական գործողությունների՝ երեք շաբաթ առաջ վերսկսվելուց ի վեր հանրային-իրավական լրատվամիջոցներում առկա իրավիճակի մասին գրեթե ոչ մի նյութ չի հրապարակվում առանց հետևյալ երեք մեկնաբանությունների.

  1. «Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանը հիմնականում բնակեցված է հայկական արմատներ ունեցող մարդկանցով, սակայն միջազգային իրավունքի համաձայն՝ այն պատկանում է Ադրբեջանին»,
  2. «Հայաստանն ու Ադրբեջանը միմյանց են մեղադրում …»,
  3. «Առավելապես մահմեդական բնակչություն ունեցող Ադրբեջանին աջակցում է Թուրքիան, իսկ առավելապես քրիստոնյա բնաչություն ունեցող Հայաստանին՝ Ռուսաստանը»:

Երեք նախադասություն, և գրեթե բոլորը՝ սխալ: Բացառությամբ այն փաստի, որ Ադրբեջանը մեծ աջակցություն է ստանում Թուրքիայից: Հետևաբար, նախքան մանրամասն պարզաբանումներ տալը, ահա երեք հակիրճ ուղղումներ:

  • Լեռնային Ղարաբաղում ապրում են ոչ թե «հայկական արմատներ ունեցող մարդիկ», այլ հայեր: 1991 թ․ աշնանը տարածաշրջանը անջատվեց Ադրբեջանի Խորհրդային Հանրապետությունից` լիովին համապատասխանելով այն ժամանակի գործող Խորհրդային օրենսդրությանը, և Խորհրդային Միության փլուզումից ի վեր անկախ, սակայն դեռևս ոչ մեկի կողմից չճանաչված պետություն է, որը 2017 թվականից կոչվում է Արցախի Հանրապետություն:
  • Հայաստանի և Ադրբեջանի ներկայիս պատերազմում խոսքը չի վերաբերում մի հակամարտության, որտեղ պայքարում են երկու հավասարապես ուժեղ և հավասարապես մեղավոր հակառակորդներ: Ընդհակառակը, ամեն ինչ մատնանշում է այն փաստը, որ մարտերը նախաձեռնել է Ադրբեջանը:
  • Մինչ Թուրքիան Ադրբեջանին տրամադրում է ռազմական և նյութատեխնիկական աջակցություն, ինչպես նաև ամենից առաջ մաքսանենգ ճանապարհով Սիրիայից (հնարավոր է նաև Լիբիայից) իսլամիստ վարձկան զորքեր, Ռուսաստանը, ի դժբախտություն հայերի, ո՛չ ուղղակի, ո՛չ էլ անուղղակի կերպով չի միջամտում մարտերին:

Լեռնային Ղարաբաղը և Հայաստանը

Լեռնային Ղարաբաղը լեռնային շրջան է Հարավային Կովկասի արևելյան հատվածում՝ ներկայումս Հայաստանի Հանրապետության (արևմուտքից), Ադրբեջանի Հանրապետության (արևելքից) և Իրանի Իսլամական Հանրապետության (հարավից) միջև, Գերմանիայի Զարլանդ երկրամասից մոտավորապես երկու անգամ մեծ, որը դարեր շարունակ հիմնականում հայերով է բնակեցված եղել, և որոնց վկան են հատկապես բազմաթիվ հնագույն եկեղեցիներն ու տաճարները: Ներկայումս այնտեղ ապրում է գրեթե 150,000 հայ:

19-րդ դարի սկզբին՝ ռուս-պարսկական պատերազմից հետո, տարածքն ընկավ ռուսական ցարի տիրապետության տակ: Այնուամենայնիվ, «Նագորնի Կարաբաղը», ինչպես ռուսերեն են ասում, չի միացվել Արևելյան Հայաստանին՝ «Երևանի նահանգին», որը 1828 թվականից գտնվում էր Ռուսաստանի տիրապետության տակ: Ռուսական ցարը այդ ժամանակ ձգտում էր կանխել միանշանակ էթնիկ մեծամասնություն ունեցող տարածքների ստեղծմանը, ուստի «Բաժանի՛ր, և տիրի՛ր» սկզբունքով նա մտցրեց Լեռնային Ղարաբաղի շրջանը Ելիզավետպոլի նահանգի (այսօր՝ Գյանջա) կազմ, որը հիմնականում բնակեցված էր ադրբեջանցիներով և, որը քառասունականների սկզբին՝ Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո, Ադրբեջանի Խորհրդային Հանրապետության մաս էր դարձել:

Արևմտյան Անատոլիայում և Օսմանյան կայսրության այլ տարածքներում ապրող արևմտահայերը բազմիցս զոհ են դարձել 19-րդ դարի կառավարության կողմից հովանավորվող ամենասարսափելի ջարդերին և կոտորածներին. միայն 1894-1896 թվականներին սուլթան Աբդուլ Համիդ II-ի իշխանության օրոք Օսմանյան կայսրության իշխանությունների և նրանց դաշնակից քրդական Համիդիե հեծելագնդերի կողմից սպանվեց մինչև 300,000 հայ: Մինչև 1915 թվականը «Միասնություն և առաջընթաց» կուսակցության (İttihat)՝ այսպես կոչված երիտթուրքերը, Առաջին համաշխարհային պատերազմի քողի տակ Գերմանական կայսրության կառավարության լուռ հաստատմամբ, հայ բնակչության նկատմամբ իրականացրին ցեղասպանություն, որին զոհ գնաց մինչև մեկուկես միլիոն հայ, մեծամասնությունը բառացիորեն քշվեցին Միջագետքի անապատներ՝ սպանվելու դատավճռով: Հայոց ցեղասպանությունը, որը հետագայում դարձավ օրինակ Հիտելի կառավարության կողմից եվրոպացի հրեաների ցեղասպանության համար, մինչ այժմ չի ճանաչվել Թուրքիայի կողմից:

XX դարի պատմության առաջին եվրոպական այս ցեղասպանությունը և հանցագործների ժառանգների կողմից մինչ օրս դրա հերքումը այդ ժամանակից բաց վերք է համայն հայության համար, աշխարհի որ ծայրում էլ որ նրանք լինեն, չկա այնպիսի հայ ընտանիք, որը չունենա նախնիներ, որոնք զոհ են գնացել ցեղասպանությանը:

«Միջազգային իրավունք». Կամայականորեն գծված սահմաններ …

Արևելյան բնակավայրերում գոյատևած հայերին, որոնց 1920 թ․ օգոստոսին Սևրի խաղաղության (երբեք չվավերացված) պայմանագրում երանելի լուծում էին խոստացել, որը երբեք էլ չիրականացավ. մնում էր միայն ընտրություն կատարել ատելի բոլշևիկների և ավելի ատելի թուրքերի միջև: 1921 թ. հուլիսի 5-ին նորաթուխ Խորհրդային Միության «Անդրկովկասյան հատուկ կոմիտեն», որը ղեկավարում էր ազգությունների հարցերով ժողկոմիսար Իոսիֆ Ստալինը, որոշում կայացրեց Լեռնային Ղարաբաղը միացնել Խորհրդային Ադրբեջանի Հանրապետությանը՝ հակառակ տեղի բնակչության կամքի, որի 94 %-ը կազմում էին հայեր, այն դեպքում, երբ նույն հանձնաժողովը նախորդ օրը (ապագա բռնապետի բացակայության պայմաններում) որոշում էր կայացրել տարածաշրջանը միացնել Խորհրդային Հայաստանի Հանրապետությանը:

Ղարաբաղը Հայաստանի կազմում մնաց մի ամբողջ 24 ժամ: Սակայն, ինչպես նախորդ ցարերի, այնպես էլ Ստալինի նպատակն էր կովկասյան ժողովուրդներին միմյանց դեմ լարելը: Այդ ժամանակից ի վեր, Լեռնային Ղարաբաղը Խորհրդային Միության գրեթե ամբողջ ժամանակաշրջանում եղավ ինքնավար մարզ (ԼՂԻՄ) Ադրբեջանի ԽՍՀ կազմում:

1980-ականների վերջին, գորբաչովյան վերակառուցման ժամանակ, սայլը տեղից շարժվեց: 1988 թ․ փետրվարին և նոյեմբերին, ինչպես նաև 1989 թ․ հունվարին հակահայկական արյունոտ ջարդեր սկսվեցին Ադրբեջանի Սումգայիթ, Կիրովաբադ (այսօր՝ Գյանջա) քաղաքում և մայրաքաղաք Բաքվում, որտեղ բռնի ամբոխի կողմից մի քանի հարյուր հայեր կոտորվեցին փողոցներում և իրենց տներում:

1988 թ․ նոյեմբերին, հյուսիսային Լեռնային Ղարաբաղից հարևան Հայաստան «էթնիկական զտումների» տրամաբանությամբ աստիճանաբար սկսվեց առաջին զանգվածային արտագաղթը: Այն արագացրեց տեղահանումը: Բաքվի ջարդերից հետո շուրջ 300,000 հայ փախավ Ադրբեջանից դեպի հարևան Հայաստան և խորհրդային այլ հանրապետություններ, իսկ Հայաստանում բնակվող 200,000 ադրբեջանցիներ՝ Ադրբեջան: Սկսվեցին մարտեր մի կողմից Ադրբեջանի և մյուս կողմից Խորհրդային Հայաստանի ու Ղարաբաղի զինված զորքերի միջև: Մոսկվայի կենտրոնական մարմինը, որը զորքեր էր ուղարկում ռազմաճակատ, կարողացավ ժամանակավորապես զսպել հակամարտությունը:

Երբ 1991 թ․ օգոստոսի 30-ին Ադրբեջանական ԽՍՀ-ն իրեն անկախ հռչակեց և դուրս եկավ Խորհրդային Միությունից, երեք օր անց՝ սեպտեմբերի 2-ին, Ադրբեջանի կազմում գտնվող Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզը, որը տասնամյակներ շարունակ տնտեսական առումով անտեսված էր եղել, բաժանվեց և իրեն հռչակեց սովետական անկախ ​​հանրապետություն և դուրս եկավ այն ժամանակ դեռ գոյություն ունեցող ԽՍՀՄ կազմից:

Ղարաբաղը ապավինում էր նախորդ տարվա ապրիլի 3-ին ընդունված «Սովետական Միությունից դուրս գալու հետ կապված հարցերի լուծման կարգի մասին» օրենքին, որը պաշտպանական դրույթով յուրաքանչյուր ինքնավար մարզին թույլ էր տալիս դուրս գալ նոր հիմնադրված ԽՍՀՄ-ի կազմից: Դա հաստատվեց 1991 թ. դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղի բնակչության կողմից, ովքեր հանրաքվեի արդյունքում (որին մասնակցեց բնակչության 82,2 %) 99,89 % ձայնով կողմ արտահայտվեցին Ադրբեջանից անջատմանը:

1991 թ․ վերջին Խորհրդային Միության փլուզումով հայերի և ադրբեջանցիների ներքին բախումը վերածվեց միջպետական ​​պատերազմի, որն ավարտվեց 1994 թ․ կեսերին՝ փաստացի Հայաստանի հաղթանակով, որը այդ ժամանակից ի վեր Ղարաբաղի պաշտպանական ուժն է և ռազմավարական պատճառներով վերահսկում է յոթ հարևան նահանգները՝ որպես բուֆերային գոտի: Պարզ ասած՝ հակամարտությունը սառեցվեց: 1994 թ․ մայիսի 12-ին պատերազմող կողմերը Մոսկվայում ստորագրեցին զինադադարի պայմանագիր: Հարավային Կովկասում պատերազմը տասնյակ հազարավոր մարդկանց կյանք խլեց, խաղաղ բնակչության ջարդեր իրականացվեցին երկու կողմից էլ, և դա ճշմարտություն է: Նախկինում Ղարաբաղում ապրող ադրբեջանցիները ստիպված էին լքել իրենց հայրենիքը և տեղափոխվել Ադրբեջան, որտեղ նրանց մեծամասնությունը երկար ժամանակ ապրեց փախստականների ճամբարներում:

Մի խոսքով՝ Ստալինի վատ սերմերը սկսեցին բողբոջել տասնամյակներ անց:

… հետմահու լեգիտիմացվում են:

Եվ սա արդիական է մինչ օրս, քանի որ նախկին ԽՍՀՄ հանրապետությունների՝ մասամբ կամայականորեն գծված սահմանները, լեգիտիմացան ԽՍՀՄ փլուզումից հետո «միջազգային իրավունքով»՝ անտեսելով Սովետական Միության՝ 1990 թվականի ապրիլյան օրենքը: Այն, որ գործող միջազգային օրենքը, ավելի ստույգ, դրա կամայական մեկնաբանությունը, վերափոխվեց ստալինյան անարդարության հետմահու ներողամտության (նույնը վերաբերում է Խրուշչովի կամայական որոշմանը՝ Ղրիմը «նվիրել» Ուկրաինական ԽՍՀ-ին). սա պատմության հատկապես խայտառակ դրվագներից է, որը երբեք համարժեք կերպով չի թեմատիկացվել, առավել ևս՝ մշակվել:

Բայց պետական ինքնիշխանության և ժողովուրդների ինքնորոշման իրավունքի միջև առկա լարված հարաբերակցությունը, որն ամրագրված է միջազգային իրավունքում, բայց երբեք բավարար կերպով չլուծված, առնվազն Կոսովոյի պատերազմից և Հարավսլավիայի նախկին ինքնավար նահանգի՝ Արևմուտքի գլոբալ քաղաքական դերակատարների կողմից ճանաչվելուց հետո միշտ մեկնաբանվել է այնքանով, ինչքանով որ դա նրանց ձեռք էր տալիս աշխարհաքաղաքական առումով:

Հաստատենք, որ Լեռնային Ղարաբաղի անջատումը ոչ միայն լեգիտիմ էր, այլև իրավաչափ, քանի որ այն համապատասխանում էր այն ժամանակ գործող խորհրդային սահմանադրական օրենքին: Երբ մեր ԶԼՄ-ները գրեթե միաձայն, հավերժ կրկնվող և կեղծ օբյեկտիվորեն ասում են, որ Ղարաբաղը պատկանում է «միջազգային իրավունքով Ադրբեջանին», դրանով նրանք ծառայում են ադրբեջանական քարոզչամեքենային, այսինքն` նրանք գիտակցաբար կամ անգիտակցաբար անցնում են Ադրբեջանի կողմը:

«Bothsideism» (Կեղծ հավասարակշռություն)՝ սխալ չեզոքություն

Գերմանական ավանդական, ինչպես նաև որոշ այլընտրանքային լրատվամիջոցների կողմից հրապարակվող պսևդո-չեզոք վերլուծություններն օգտագործվում են որպես նոր հնարք, որը կարելի է որակել ոչ այդքան գեղեցիկ և հաճելի արտահայտությամբ՝ «կեղծ հավասարակշռություն»: Այն նշանակում է, որ օգտագործվում են փաստարկներ և ձևակերպումներ, որոնք ենթադրում են, որ այս դեպքում երկու հավասար, ամենից առաջ հավասարապես մեղավոր հակառակորդներ միմյանց վրա են հարձակվում համեմատաբար հզոր զինհամակարգերով: Ըստ այդմ՝ ամենատարածված նախադասության մեջ՝ «Հայաստանն ու Ադրբեջանը միմյանց են մեղադրում …» շատ բան է անհրաժեշտ շտկել:

Միայն բնակչության թվերն ինքնին խոսուն են. Ադրբեջանն ունի շուրջ տասը միլիոն բնակչություն, Հայաստանը՝ ընդամենը երեք միլիոնից պակաս, իսկ Ղարաբաղը/ Արցախը, ինչպես նշվեց, 150 000-ից էլ քիչ: Ադրբեջանը շատ հարուստ երկիր է՝ իր փրփրացող նավթահորերի և գազի հսկայական հանքերի շնորհիվ, ինչը չի նշանակում, որ հարստությունը նաև օգուտ է տալիս բնակչության մեծամասնությանը: Մյուս կողմից, Հայաստանն ու հատկապես Արցախը հազիվ թե ունենան հանքային հանածոներ, որոնց մասին հարկ կլինի նշել: «Հայաստան-Քարաստան»-ը («Հայաստան-քարերի երկիր»), որպես կանոն, հայկական հայտնի ասացվածք է:

Հայերով բնակեցված երկու երկրներն էլ աղքատ են, ինչը, իհարկե, ազդեցություն է ունենում ռազմական բյուջեի և այդպիսով զինված ուժերի սպառազինության վրա: 1990-ականների սկզբի պատերազմի ժամանակ հայերը հուսահատորեն զիջում էին ամբողջությամբ զինված ադրբեջանցիներին՝ զորքերի հզորության, զինտեխնիկայի քանակային և որակային առումով: (Չնայած դրան՝ հայերը կարողացան լուծել հակամարտությունն իրենց օգտին): Վերջին տարիներին Ադրբեջանը ֆեոդալական նավթադոլարային եկամտի օգնությամբ ամբողջովին սպառազինվել է. 2009-2018 թվականների ընթացքում ռազմական բյուջեն կազմում էր 24 միլիարդ ԱՄՆ դոլար, մինչդեռ նույն ժամանակահատվածում Հայաստանը չորս միլիարդ դոլար է ծախսել սպառազինության վրա: Մինչդեռ Ադրբեջանի ռազմական բյուջեն այժմ կազմում է մոտավորապես նույնքան, ինչքան Հայաստանի ամբողջ պետական ​​բյուջեն է:

Սոցիալական համակարգերը նույնպես լիովին հակասում են իրար: Ադրբեջանը ղեկավարվում է կլեպտոկրատական ​​խմբավորման կողմից՝ ի դեմս Ալիևների կլանի, որը երկիրը ղեկավարում է 1993 թվականից ի վեր, լռեցնում է ընդդիմադիրներին և փորձում է շքեղ նավթային միջոցներով ազդել Եվրամիության տրամադրություններին: Որոշ գերմանացի կոռումպացված քաղաքական գործիչներ արդեն հաջողությամբ զբաղվել են ադրբեջանամետ քարոզչությամբ: Մյուս կողմից, Հայաստանը ժողովրդավարական վերելք է ապրել 2018 թ․ գարնանը տեղի ունեցած խաղաղ «թավշյա հեղափոխությունից» հետո, որին աջակցում է բնակչության ճնշող մեծամասնությունը: Երկիրը պատրաստվում է ազատվել նախկին կոռումպացված կառույցներից: Բնական ռեսուրսների բացակայության պայմաններում մարդիկ սկսում են ներդրումներ կատարել թվայնացման և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում:

Ինչ վերաբերում է Ղարաբաղին, ապա երկու երկրներում էլ հայերն ունեն միայն մեկ շահ` ստատուս քվոյի ապահովում և միջնաժամկետ հեռանկարում` որպես անկախ պետության միջազգային ճանաչում: Հավատալը (կամ ենթադրելը), որ փոքրիկ Արցախը մինչև ատամները զինված Ադրբեջանին հրահրել է նոր զինված բախման, անհեթեթություն է:

Էրդողանը սրում է իրավիճակը, Մոսկվան՝ զգուշացնում

Անդրադառնանք մեր առաջատար ԶԼՄ-ների վերջին մանտրային այն պնդմանը, որ Ադրբեջանին աջակցում է Թուրքիան, իսկ Հայաստանին` Ռուսաստանը: Այս նախադասությունը միաժամանակ ճիշտ է և սխալ:

Դա ճիշտ է Թուրքիայի հետ կապված, որը թուրքական արմատներով Ադրբեջանին ընդունում է որպես եղբայր ժողովուրդ՝ «մեկ ազգ, երկու պետություն» սկզբունքով և, որը կամուրջ է՝ դեպի նեոօսմանական հեռահար երազանքների իրականացում: Երազանքներ, որոնց քրիստոնյա Հայաստանը աշխարհագրական առումով խանգարում է: Թուրքիան Ադրբեջանին մատակարարում է նորագույն ռազմական տեխնոլոգիաներ՝ ներառյալ բազմաթիվ հրթիռային կայանքներ և մարտական անօդաչու թռչող սարքեր, որոնցում առկա են նաև գերմանական բարձր տեխնոլոգիան: Թուրքական F-16 կործանիչները պատերազմի սկսվելուց ի վեր գործողություններ են իրակացնում Հայաստանից 65 կիլոմետր դեպի արևելք գտնվող Գյանջայի ավիաբազայից, որտեղ նրանք տեղափոխվել էին օգոստոսին անցկացված ադրբեջանա-թուրքական զորավարժությունների ընթացքում:

Բայց ամենաանհանգստացնողն այն է, որ Թուրքիան ֆինանսավորում է նաև ջիհադիստական ​​վարձկան զորքերին: Խոսքը Սիրիայից և, հնարավոր է, նաև Աֆղանստանի լեռներից հավաքագրված թալիբանական մի քանի հազար զինյալների մասին է, որոնք կռվում են Ղարաբաղի սահմանի առաջնագծում: Մի խոսքով՝ առանց Բոսֆորի Մեծ Եղբոր կողմից ահռելի աջակցության, Ադրբեջանը հաստատ չէր սկսի մարտական գործողությունները:

Ադրբեջանը ռազմական աջակցություն է ստանում ոչ միայն Թուրքիայից, այլև նրան զենքեր են մատակարարում Իսրայելը և Ռուսաստանը: Այն ավանդական նախադասությունը, որ քրիստոնյա Հայաստանին սատարում է Ռուսաստանը, նույնիսկ կիսով չափ ճիշտ չէ: Ռուսաստանը Հայաստանում տեղակայել է շուրջ 4000 զինվոր, նաև զենք է մատակարարում Հայաստանին, բացի այդ Ռուսաստանը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) առաջատար ռազմական տերությունն է, որի անդամ է նաև Հայաստանը: Սակայն Մոսկվան արդեն հայտարարել է, որ դաշինքի պարտավորությունները չեն տարածվելու Ղարաբաղի դեմ հարձակումների վրա, քանի որ այդ տարածքը ՀԱՊԿ անդամ չէ:

Այնուամենայնիվ, թե արդյո՞ք Ռուսաստանը պատրաստ կլինի ռազմական միջամտություն ցուցաբերել Հայաստանի դեմ դաժան հարձակումների դեպքում, արդարացիորեն կասկածելի է: Հայաստանի տարածքի վրա անօդաչու թռչող սարքերի գործողություններ արդեն տեղի են ունեցել: Ի վերջո, այդ դեպքում Ռուսաստանը, գոնե անուղղակիորեն, կմասնակցի ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի դեմ ռազմական գործողություններին: Հնարավոր հետևանքները անհնար է նույնիսկ պատկերացնել:

Սա կարող է հասկանալի լինել ռուսական տեսանկյունից: Ամեն դեպքում հայերն իրենց լքված են զգում բոլոր կողմերից: Ռուսաստանից, որը մինչ այժմ միայն հորդորում է հրադադար հաստատել, ինչն արդեն պարզվեց, որ շատ փխրուն էր, այնուհետև վերածվեց ժամանակավոր «մարդասիրական հրադադարի», ինչպես նաև Արևմուտքից, որը այդպես էլ մատը մատին չտվեց, որպեսզի հետ պահի թուրքական մեծ հավակնություններով ՆԱՏՕ-ի իր գործընկերոջը պատերազմ հրահրելուց: Ցեղասպանությունից ծանր տուժած հայերը ստիպված են դառնորեն սովորել, որ երբ խոսքը վերաբերում է կյանքի ու մահվան կռվին, նրանք իսկապես կարող են ապավինել միայն մեկ դերակատարի՝ միայն ու միայն իրենց:

Եվ այս անգամ այն ​​կարող է իսկապես լրջանալ: Ադրբեջանում, և առավել ևս Թուրքիայում, որը կանգնած է նրա թիկունքում, այժմ կարծես ցանկանում են «գործը գլուխ բերել»: Ալիևը կասկած չի թողել, որ Հայաստանի հետ հակամարտության ավարտը տեսնում է միայն Ղարաբաղի վերանվաճմամբ: Ո՛չ, ոչ միայն դա. նա արդեն զգացնել է տվել, որ աչքի տակ ունի նաև Երևանը:

Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության գրավման դեպքում տեղի հայերին սպառնում է դաժան զանգվածային արտաքսում, իսկ «ամենաբարենպաստ» սցենարով, հայկական հնագույն մշակութային արժեքների ոչնչացում, ինչպես Նախիջևանում և Արևելյան Անատոլիայում եղավ: Այնուամենայնիվ, միանգամայն հնարավոր է, որ ադրբեջանական զորքերը ջիհադիստ վարձկանների հետ համագործակցությամբ և նրանց մեծ նեոօսմանյան եղբոր աջակցությամբ կսկսեն ավարտին հասցնել երիտթուրքերի 1915 թ. գործը: Եթե ​​նրանց ձեռքը չբռնեն, ապա ամենայն հավանականությամբ նրանք չեն սահմանափակվի Արցախով:

Ուղիղ 105 տարի առաջ աշխարհը մեկ անգամ արդեն անգործ նայել է:

Դոկտ. Լեո Էնզելը («Look at the other side!») հակամարտությունների հետազոտող և միջմշակութային դասընթացավար է, որի ուսումնասիրության կենտրոնում են գտնվում Հետխորհրդային տարածաշրջանը և Կենտրոնական/Արևելյան Եվրոպան: Կատարած հրապարակումներն են՝ «Վախ և միջուկային սպառազինություն», ուսումնասիրություններ վերամիավորման սոցիալական հոգեբանության, ինչպես նաև հետսովետական ​​տարածաշրջանում Գերմանիայի ազդեցության վերաբերյալ: Արևելք-Արևմուտք նոր հակամարտությունում նրա հիմնական մտահոգությունը կեղծ վերլուծությունների հաղթահարումն է, դեէսկալացիան և վստահության վերականգնումը:

Բնօրինակի հեղինակ՝ Telepolis, Leo Ensel


Թարգմանիչ՝ Հռիփսիմե Մանուկյան (Hripsime Manukyan) © Բոլոր իրավուքները պաշտպանված են