Կասետային ռումբերը Ստեփանակերտի և Հադրութի վրա հարձակման ժամանակ

Կասետային ռումբերի կիրառում ԼՂՀ-ում. https://factcheck.kz/v-mire/nagornyj-karabax-kassetnye-bomby-pri-atake-stepanakerta-i-gadruta-analiz-svidetelstv
Լեռնային Ղարաբաղ․ Կասետային ռումբերը Ստեփանակերտի և Հադրութի վրա հարձակման ժամանակ
 Վկայությունների վերլուծություն

Factcheck.kz խմբագրությունը կարծիքներ չի արտահայտում, այլ վերլուծում է փաստերը և վկայությունները։ Այն աջակցություն չի հայտնում հակամարտության որևէ կողմին և ցանկանում է պատերազմի շուտափույթ ավարտը, ցանկացած պատերազմի, հատկապես այնպիսինների, որտեղ զոհվում են խաղաղ բնակչության ներկայացուցիչներ և/կամ օգտագործվում են արգելված զինատեսակներ:

2020 թվականին սրված Լեռնային Ղարաբաղի հակամարտության ժամանակ Հայաստանն ու Ադրբեջանը մեղադրում են միմյանց արգելված զենք կիրառելու մեջ։ Հայաստանի և չճանաչված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունները մեղադրում են Ադրբեջանին Ստեփանակերտի ռմբակոծության ժամանակ կասետային ռումբեր կիրառելու համար, իսկ Ադրբեջանը՝ խողովակաշարին և Գյանջային նման զենքով հարված հասցնելու համար։ Ստեփանակերտում կասետային ռումբերի կիրառման փաստը հաստատում են Amnesty International-ի և Halo Trust-ի փորձագետները: Հայկական FIP.am փաստերի ստուգման հարթակը նաև կցում է Հադրութ քաղաքում նման ռումբերի կիրառման ֆոտոապացույցները։ Factcheck.kz-ի խմբագրությունն ուսումնասիրել է երկու կողմերի ֆոտո և վիդեո վկայությունները, որպեսզի պարզի՝ արդյոք կիրառվել է անթույլատրելի զենք և ում կողմից:

Համառոտ ամփոփում

Մեր ստացած և բաց հասանելիությամբ տրված վկայությունները թույլ են տալիս եզրակացնել, որ Ստեփանակերտի ռմբակոծության ժամանակ իսկապես օգտագործվել է իսրայելական արտադրության արգելված զենք (կասետային արկեր/ռումբեր)։ Այս պահին ադրբեջանական կողմի տրամադրած տվյալները թույլ չեն տալիս ապացուցողական եզրահանգումներ կատարել Հայաստանի կողմից կասետային ռումբերի կիրառման փաստի վերաբերյալ:

Մանրամասն․ Ստեփանակերտ, Հադրութ 

Հիմնական վկայությունը մեքենայի վիդեո ձայնագրիչի տեսագրությունն է․ հաստատվում է, որ նկարահանումը Ստեփանակերտում է իրականացվել։ Տեսանյութում տեսնում ենք, թե ինչպես են օդային տագնապի ազդանշանից հետո ռումբեր թափվում, այնուհետև առաջին հարվածից հետո փոքր մասշտաբի բազմաթիվ պայթյուններ են հնչում, դրան հետևում է այդ թվում օդում պայթող լիցքերի տեսարանը: 

Սա կասետային ռումբերի կիրառման տիպիկ օրինակ է։ Կասետային ռումբը 19-րդ դարից ի վեր հակառակորդի հիմնական կենդանի ուժը խոցելու համար օգտագործվող կոտորակառումբերի (շրապնել) հեռավոր ազգականն է: Համեմատեք ստորև ներկայացված տեսանյութի հետ (ցույց են տրվում տարբեր տեսակների կասետային ռումբեր).

Կասետային զինամթերքի կոնվենցիան (Convention on Cluster Munitions), որն ընդունվել է 2008 թվականին և ստորագրվել կամ վավերացվել է բազմաթիվ երկրների կողմից, արգելում է կասետային զինամթերքի օգտագործումը, փոխանցումն ու կուտակումը, քանի որ դրանք կարող են չափազանց մեծ վնաս հասցնել խաղաղ բնակչությանը: Հայտնի է, որ մի շարք լիցքեր միանգամից չեն պատռվում և կարող են պայթել ավելի ուշ՝ հայտնաբերման պահին, բացի այդ լիցքավորումները պիտակավորվում են վառ գույներով և հաճախ չպայթած ռումբերի զոհ են դառնում երեխաները։

Բայց արդյոք տեսանյութում Լեռնային Ղարաբաղն է։ Ստուգենք․ տեսանյութի ձախ կողմում շենք է, որը նման է պետական հաստատության: Սակայն մակագրությունները մշուշոտ են և դժվար է հասկանալ, թե ինչ հաստատություն է։ Մեր գործընկերների՝ Bellingcat-ի օգնությամբ մենք կարողացանք պարզել, որ շենքը փոստային բաժանմունք է։ Ստորև բերված է փոստային բաժանմունքի լուսանկարը գեոլոկացիայով՝ տեղակայված Ստեփանակերտի Հակոբ Հակոբյան փողոցի տուն համար 30 հասցեում։

2016 թվականին արված լուսանկարում տեսնում ենք նույն պատշգամբը, ցուցանակը, պատուհանները, տարբերությունը միայն տարվա եղանակն է․ լուսանկարում ձմեռ է, տեսանյութում՝ աշուն, փոքր-ինչ փոխվել է փողոցի տեսքը:

Կասետային զենքի հիմնական թիրախներն են հակառակորդի կենդանի ուժը և թեթև տրանսպորտային միջոցները, ավելի մեծ ռումբերը կարող են օգտագործվել նաև խոշոր զրահապատ տեխնիկայի (օրինակ, տանկերի) դեմ և ոչնչացնել ենթակառուցվածքային օբյեկտները: 2008 թվականին կասետային ռումբերի արգելման կոնվենցիային չեն միացել Ադրբեջանն ու Հայաստանը, իսկ կասետային արկերի գլխավոր արտադրողներն են ԱՄՆ-ը, Ռուսաստանը և Չինաստանը: Նման սպառազինության արտադրությամբ զբաղվում է նաև Իսրայելը․ նրա արտադրած արկերը հայտնաբերվել են չճանաչված հանրապետության մեկ այլ քաղաքում՝ Հադրութում (տես լուսանկարները ստորև):

Լուսանկարում իսրայելական արտադրության LAR-160 համազարկային կրակի համակարգի օգնությամբ արձակված արկ է։ Ի տարբերություն Հայաստանի՝ այս համակարգը պաշտոնապես Ադրբեջանի սպառազինության մասն է կազմում։ Բացի այդ, այս համակարգը նախատեսված է նաև կասետային ռումբերով արկերի արձակման համար, նկարում մարտագլխիկ և M095 DPICM-ի կասետային ենթազինամթերքերն են (Amnesty International-ը հաղորդում է Ստեփանակերտում այդ զինամթերքի հայտնաբերման մասին): Մեր հարցման արդյունքում տրամադրվել են լուսանկարների մետատվյալները, որոնց վրա արտացոլված է նկարահանման ժամանակն ու վայրը:

 

Լեռնային Ղարաբաղում 2016 թվականին հենց նույնպիսի զենքի (LAR-160 և M095 DPICM) կիրառման վկայություններ կան, սակայն այն ժամանակ անկախ դիտորդներից որոշակի հայտարարություն չի արվել կողմերից որևէ մեկի միանշանակ պատասխանատվության մասին: Առկա են նաև ռուսական արտադրության «Սմերչ» համակարգերի կիրառման վկայություններ (ինչպես Ադրբեջանի, այնպես էլ Հայաստանի կողմից իրացվող սպառազինության մեջ)։

Այսպիսով, մենք կարող ենք եզրակացնել, որ Ադրբեջանի կողմից կասետային ռումբեր են օգտագործվել առնվազն Ստեփանակերտի և Հադրութի վրա հարձակման ժամանակ։ Դա հաստատվում է նաև իրավապաշտպան կազմակերպությունների հայտարարությամբ, սակայն, ցավոք, դրանք չեն ներկայացնում մի շարք մանրամասներ (գեոլոկացիայի տվյալներ և այլն), ինչի կապակցությամբ էլ մենք պատրաստել ենք այս նյութը։ 

Հակամարտության մյուս կողմի ֆոտո և վիդեոապացույցներն այս պահին նվազ համոզիչ են (ինչի մասին գրում է նաև Amnesty International-ը)։

(Լուսանկարը՝ Ադրբեջանի ՊՆ, տեսագրությունը՝ France24)

Մի կողմից նման զենքով հարձակումը խողովակաշարի վրա ոչ տիպիկ է, քանի որ լուսանկարներում և տեսանյութերում ռումբերը համընկնում են Ստեփանակերտում և Հադրութում հայտնաբերված ականների հետ, դրանք հանդիսանում են հետևակի և թեթև զրահապատ տեխնիկայի խոցման արկեր, այլ ոչ թե ենթակառուցվածքային օբյեկտների վրա հարձակման համար նախատեսված զինատեսակներ, մյուս կողմից, լուսանկարում և տեսանյութում M095 DPICM-ի կլաստերային ենթազինամթերքներ են, որոնք նույնական են Ստեփանակերտում, Շուշիում և Հադրութում հայտնաբերվածների հետ։ Այս փաստերը լրացուցիչ ապացույցներ և հետաքննություն են պահանջում։ Ստորև մեջբերում ենք Amnesty International-ի հաղորդագրությունը:

Ադրբեջանը հայտնել է, որ հայկական զորքերը հարձակվել են երկրի մեծությամբ երկրորդ քաղաք Գյանջայի քաղաքացիական շրջանների, ինչպես նաև այլ քաղաքների վրա: Չնայած Amnesty International-ի փորձագետները հաստատել են, որ «Սմերչ» 300 մմ ռեակտիվ հրետանային համակարգերն իսկապես օգտագործվել են հայկական զորքերի կողմից, այնուամենայնիվ, ադրբեջանական կողմի մոտ առկա ֆոտո և տեսանյութերը դեռևս թույլ չեն տալիս վերջնական վերլուծություն կատարել դրա կոնկրետ նպատակների վերաբերյալ, ինչպես նաև այն մասին, թե արդյոք հրթիռային մարտագլխիկները պարունակում էին կասետային զինամթերք:

Amnesty International 

Նախապատմություն

  • Չճանաչված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում Հայաստանի և Ադրբեջանի միջև ռազմական գործողությունները վերսկսվել են 2020 թվականի սեպտեմբերի վերջին:
  • Երկու կողմերն էլ միմյանց մեղադրում են գնդակոծություններ սկսելու մեջ և բազմաթիվ պնդումներ են բերում, որոնք ստուգելը դեռևս հնարավոր չէ, ինչպես, օրինակ, Ադրբեջանի և Հայաստանի հայտարարությունները հակառակորդի մարտական կորուստների մասին կամ Հայաստանի պաշտպանության նախարարության հայտարարությունը Հայաստանի տարածքում խոցված Սու-25-ի մասին: 
  • Ներկայիս հակամարտության պատմությունն արմատներով գնում է 1991 թվական, երբ Լեռնային Ղարաբաղի բնակչությունը (հիմնականում էթնիկ հայերը) անկախություն հռչակեց Ադրբեջանից։ 1992-1994 թվականներին Ադրբեջանը փորձում էր ինքնահռչակ հանրապետությունը վերցնել հսկողության տակ, Բաքուն և Երևանը գտնվում էին պատերազմական վիճակում։ Այդ ընթացքում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վերահսկողության տակ են անցել Ադրբեջանի մի քանի շրջաններ, որոնք մինչև հակամարտության սկսվելն ինքնավարության կազմում չեն եղել։ (Հետաքրքրվողներին հղում ենք նաև 1918-1920 թթ. հայ-ադրբեջանական պատերազմի պատմությանը և Ադրբեջանի կազմում Լեռնային Ղարաբաղի ինքնավարության ստեղծման պատմությանը)։
  • 1994 թվականին ստորագրվեց Բիշքեքյան արձանագրությունը, կողմերը պայմանավորվեցին հրադադարի մասին, իսկ հակամարտությունը սառեցվեց։ 
  • Վերջին սրացումը տեղի էր ունեցել 2016 թվականին, երբ երկու կողմերն էլ միմյանց մեղադրել են կասետային ռումբերի օգտագործման մեջ։ 

Պավել Բաննիկով

Լրագրող, խմբագիր, բանասեր: Լրագրության և ատելության խոսքի վերաբերյալ մի շարք հոդվածների համահեղինակ և կազմող: Նա աշխատել է որպես լրագրող և խմբագիր Ղազախստանում գիտահանրամատչելի, զվարճանքի և հասարակական-քաղաքական տարբեր հրապարակումներում: «Փաստերի ստուգում Ղազախստանում» նախագծի գլխավոր խմբագիր: Մեդիա մարզիչ, Factcheck.Academy կրթական նախագծի հիմնադիր։

 

Բնօրինակի հեղինակ՝ Павел Банников, Factcheck.kz


Թարգմանիչ` Ռոզա Միրզոյան (Roza Mirzoyan) © Բոլոր իրավունքները պաշտպանված են։