Ադրբեջանի և Թուրքիայի վարած տեղեկատվական պատերազմը Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի դեմ

Սեպտեմբերի 27-ին Ադրբեջանն ու Թուրքիան հարձակվեցին Լեռնային Ղարաբաղի հայերի վրա: Նրանք նաև սկսեցին տեղեկատվական պատերազմ` հայերին մահաբեր հակամարտության  սրացման մեջ մեղադրելու համար։ Նրանց տարածած ապատեղեկատվությունն ու կեղծարար դիվանագիտությունը պետք է ուշադրության արժանանան, որպեսզի ճշմարտությունը բացահայտվի, և խաղաղություն հաստատվի:

Լեռնային Ղարաբաղում՝ Ադրբեջանի հարավարևմտյան մասում գտնվող մի շրջանում, որը գրեթե ամբողջովին հայերով է բնակեցված, տեղի է ունենում էթնիկ հայերի կոտորած։ Հայերը, որ ապրում են Նյու Յորքից ուղիղ վեց անգամ մեծ այս անկլավում, վերջին երեք շաբաթվա ընթացքում անդադար թիրախավորվում են հրետանիով և կասետային ռումբերով։ Հանգստյան օրերին երկկողմ համաձայնեցված հումանիտար հրադադարը րոպեների ընթացքում խախտվեց Ադրբեջանի կողմից` վերջինիս ռազմական գործողությունների վերսկսմամբ։

Քաղաքացիական անձանց նկատմամբ վայրագություններ կատարելուն զուգընթաց՝ Թուրքիան և Ադրբեջանը զբաղված են խոսքակռվով՝ պատասխանատվությունից ազատվելու համար։ Այս երկրները բազմիցս հերքել են վստահելի աղբյուրների կողմից հաստատված փաստերը։ Արդեն սեպտեմբերի 30-ին “The Guardian”-ը և “CNN”-ը հոդվածներ հրապարակեցին Լեռնային Ղարաբաղում Թուրքիայի համար կռվող սիրիացի վարձկանների մասին։ Հոկտեմբերի 2-ին հրապարակված մամուլի հաղորդագրության մեջ Ադրբեջանի Արտաքին գործերի նախարարը հերքեց սիրիացի վարձկանների առկայությունը և մեղքը բարդեց Հայաստանի վրա՝ վերջինիս մեղադրելով ահաբեկչական խմբավորումների ներգրավման մեջ. «Բազմաթիվ փաստեր կան Հայաստանի վարած ռազմական գործողություններում ահաբեկչական խմբավորումների ու վարձկանների ներգրավման վերաբերյալ», ” ասել է նա։ Հաջորդ օրը՝ հոկտեմբերի 3-ին,  Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, “Al Jazeera”-ին տված հարցազրույցում հերքեց, որ տարածաշրջանում սիրիացի վարձկաններ են տեղակայվում։ Նա արհամարհանքով խոսեց Էմանուել Մակրոնի այն պնդման մասին, թե Ֆրանսիան ապացույցներ ունի Թուրքիայի կողմից սիրիացի վարձկանների տեղակայման վերաբերյալ։

Չնայած Ադրբեջանի պաշտոնական հերքումներին՝ բազմաթիվ լրատվամիջոցներ հաստատել են,  որ մարտադաշտում կան Ադրբեջանի ու Թուրքիայի համար կռվող սիրիացի վարձկաններ։ Տարբեր աղբյուրներ, ինչպես օրինակ “Wall Street Journal”-ը («Թուրքիայի կողմից հովանավորվող սիրիացի մարտիկները մասնակցում են հայ-ադրբեջանական հակամարտությանը»), “Foreign Policy”-ը (Սիրիացիները կազմում են Թուրքիայի պրոկսի բանակի մասը Լեռնային Ղարաբաղում») և “National Interest”-ը («Լեռնային Ղարաբաղ․ Ինչո՞ւ է Թուրքիան սիրիացի վարձկանների ուղարկում Ադրբեջան՝ պատերազմի») հաստատում են, որ սիրիացի վարձկանները պայմանագրվել են Լեռնային Ղարաբաղում քրիստոնյա հայերին սպանելու համար։

Ժխտումը սովորական է Թուրքիայի համար։ Թուրք պաշտոնյաները մինչև հիմա ժխտում են, որ 1915-1923 թթ. Օսմանյան կայսրությունում հայ և քրիստոնյա այլ բնակչության հանդեպ ցեղասպանություն է իրականացվել։ Ցեղասպանությունը, որն այժմ ճանաչված է 32 երկրների՝ այդ թվում ԱՄՆ-ի Կոնգրեսի կողմից, չի ճանաչվել Թուրքիայի կողմից։ Թուրք պաշտոնյաները 1,5 միլիոն հայերի սպանությունը կոչում են «սովորական պատերազմական պատահարներ»՝ նշելով, որ  երկու «կողմերն» էլ մեծ կորուստներ են կրել։

Մինչ միջազգային հանրությունը ջանում է հասկանալ, թե ինչ է իրականում տեղի ունենում, Լեռնային Ղարաբաղում Թուրքիան ու իր դաշնակից Ադրբեջանը փաստերը հերքելու ծեծված մարտավարություն են կիրառում, որպեսզի կարողանան շարունակել իրենց հանցագործությունները։ Մարտական գործողությունները ընդարձակելու հետ մեկտեղ Թուրքիան և Ադրբեջանը ընդլայնել են նաև ապատեղեկատվության միջոցով իրադարձություների պաշտոնական քողարկումը։

Ապատեղեկատվություն տարածելը համառ աշխատանք է: Համաձայն Միացյալ Նահանգների Արդարադատության նախարարության տվյալների՝ Ադրբեջանի Հանրապետությունը 45 պայմանագիր է կնքել ԱՄՆ-ում տեղակայված հանրային կապերով զբաղվող ընկերությունների հետ։ Յուրաքանչյուր ընկերությանը տրվող վարձավճարը կազմում է ամսական 15.000-50.000 դոլար։  Հաշվի չառնելով այս տարվա նոր պայմանագրերը, որոնց վերաբերյալ տվյալները դեռևս հասանելի չեն` Ադրբեջանն ավելի քան 1,25 միլիոն դոլար է վճարել հանրային կապերի խորհրդատուներին անցած 5 տարվա ընթացքում, որպեսզի բարելավի իր իմիջը լրատվական դաշտում և իր կողմը քաշի ԱՄՆ Կոնգրեսի անդամներին։

2020 թվականի հուլիսին Ադրբեջանի օգտին աշխատող BGR խումբը ԱՄՆ ընտրված պաշտոնյաներին է ուղարկել Ադրբեջանի դեսպան Էլին Սուլեյմանովի հոդվածը, որում կեղծ մանրամասներ էին ներկայացված Լոս Անջելեսում ադրբեջանցի և հայ ցուցարարների միջև թեժ վեճի մասին: Նրա հոդվածը հրապարակվեց Սան Ֆրանցիսկոյի հայկական դպրոցը հակահայկական, ադրբեջանամետ գրաֆիտիներով ապականելուց անմիջապես հետո:

Ադրբեջանը ոչ միայն մի ամբողջ կարողություն է ծախսում ԱՄՆ-ում տեղակայված հանրային կապերով զբաղվող ընկերությունների վրա, այլ նաև վճարում է Ադրբեջանի բնակիչներին առցանց ապատեղեկատվական արշավով զբաղվելու համար: Հոկտեմբերի 8-ին Facebook-ը ջնջել է Facebook-ի 589 հաշիվ, 7906 էջ և Instagram-ի 447 հաշիվ, որոնք զբաղվում էին «շինծու աշխատանքով» (այլ կերպ ասած՝ ստեր տարածելով): Facebook-ի աշխատակից Սոֆի Ժանգի կողմից գրված ներքին հաղորդագրության համաձայն՝ ընկերությունը մեկ տարի սպասել է, որ հետաքննություն սկսի Ադրբեջանի իշխող քաղաքական կուսակցության նկատմամբ, որը, աշխատելով կուսակցության Երիտասարդական միության հետ, «հազարավոր անօրինական ակտիվներ է օգտագործել՝ … ընդդիմությանը հետապնդելու» և երկիրը կառավարող «Նոր Ադրբեջան» կուսակցության շահերը պաշտպանելու համար։:

Facebook-ի անվտանգության քաղաքականության ղեկավար Նաթանիել Գլեյխերն ասել է. «Ադրբեջանում մարդիկ ներգրավված էին այս ցանցում  կառավարելու համար էջեր, որոնց միակ նպատակը միջազգային և տեղական լրատվամիջոցների, հասարակական գործիչների, այդ թվում՝ Ադրբեջանի ընդդիմության և իշխող կուսակցության էջերում աջակցող և քննադատական մեկնաբանություններ թողնելն է՝ որոշ տեսակետների լայն քննադատության և մյուսների մեծ աջակցության տպավորություն ստեղծելու համար»: Ադրբեջանամետ մեկնաբանությունները սոցիալական ցանցերում առաձնանում էին #stopArmenianterrorism, #StopArmenianAggression, #ArmeniaKillsCivilians, #DontBelieveArmenia, #ArmeniaKillsChildren, #PrayforGanja, #StopArmenianLies կամ #TerroristArmenia հեշթեգներով: Հետաքննությունը բացահայտել է նաև պետության կողմից ֆինանսավորվող կիբեր բանակ, որն աջակցում է Ադրբեջանի տարածած կեղծ պնդումներին: 

Առցանց պրոպագանդիստները հետապնդում են նաև Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի պաշտպաններին: Ամերիկացի ռեփեր Քարդի Բին և Էլթոն Ջոնը հարձակման են ենթարկվել Լեռնային Ղարաբաղի ժողովրդին աջակցելու համար: Քարդի Բին խոստովանել է, որ «Ադրբեջանից շատ մարդիկ» գրել են իրեն և սոցիալական ցանցերում օգտագործել #CardiBSupportsTerrorism հեշթեգը:

ԱՄՆ-ի ակադեմիկոսներն ու լրագրողները նույնպես ենթարկվում են ճնշման: Թուրք-ամերիկյան ասոցիացիաների ֆեդերացիան սպառնալից նամակներ է ուղարկում հայտնի մտավորականներին և լրագրողներին: Նրանք մեղադրում են վերջիններիս «իսկական մարդասպան(ներ)» լինելու մեջ և սպառնում են մերկացնել նրանց որպես իսլամաֆոբներ և «ռասայական գերակայության ջատագով(ներ) (supremacist)»:

Ադրբեջանն ու Թուրքիան արհամարհում են լրագրողական ազատությունը: Հոկտեմբերի 3-ին Ադրբեջանը մամուլի հաղորդագրություն է տարածել Լեռնային Ղարաբաղում գտնվող օտարերկրյա լրագրողների մասին. «Կրկին կոչ ենք անում լրագրողներին խուսափել Ադրբեջանի ժամանակավորապես գրավյալ տարածքներ այցելելուց՝ այդպիսով հնարավորություն չտալով Հայաստանին օգտագործել դրանք»: Պաշտպանության պատրվակով լրագրողներին պատերազմական գոտուց հեռացնելու մասին այս հայտարարությունը Ադրբեջանին ձեռնտու է:

Ադրբեջանը ճշմարտության հանդեպ արհամարհանք դրսևորելու մեծ փորձ ունի։ Այն Reporters sans frontièrs-ի (Լրագրողներ առանց սահմանների) ամենամյա Մամուլի ազատության համաշխարհային ինդեքսում 180 երկրներից 168-րդն է:

Փորձելով լինել անաչառ՝ Լեռնային Ղարաբաղի դեպքերը լուսաբանելիս միջազգային լրատվամիջոցները ներկայացնում են երկու «կողմերի» տեսակետները : Երկու կողմերին հավասար ձայն տալը լրատվամիջոցներին դարձնում է Թուրքիայի և Ադրբեջանի կողմից իրականացվող էթնիկական զտումների հանցակից: Ապատեղեկատվությունը նույնպես խոչընդոտում է արյունահեղությունը դադարեցնելուն ուղղված դիվանագիտական ջանքերը:

Լիզա Գուլեսերյանը Հարվարդի համալսարանի հայոց լեզվի և հայկական մշակույթի դասախոս է, իսկ Դեյվիդ Լ. Ֆիլիպսը Կոլումբիայի համալսարանի «Խաղաղության հաստատման և մարդու իրավունքների» ծրագրի տնօրենն է: 

Բնօրինակի հեղինակ՝ Lisa Gulesserian and David L. Phillips, ISHR


Թարգմանիչներ՝ Արմինե Թաթոյան (Armine Tatoyan), Մարիամ Անտիկյան (Mariam Antikian) © Բոլոր իրավունքները պաշտպանված են: