Եթե Ֆրանսիան մտադիր է լսված և հարգված լինել, նա պիտի խոսի բարձր, ուժեղ և հստակ: Վալերի Բուայեն անդրադառնում է Լեռնային Ղարաբաղում ողբերգական իրավիճակին և Հայաստանի ու Ադրբեջանի միջև հակամարտությանը:
Արդեն երեք շաբաթ է, ինչ Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի կողմից պարտադրված պատերազմի մեջ է: Հակամարտության հենց սկզբից նախագահ Մակրոնը պարզորեն ձևակերպել է փաստերը և պատասխանատվությունը՝ նշելով, որ «Ադրբեջանի կողմից հարձակումները չունեն հիմնավորում», և որ Ֆրանսիան բացահայտել է, որ «300 մարտիկ լքել են Սիրիան և անցել Գազիանթեփով՝ Բաքու մեկնելու համար: Այս մարտիկների ինքնությունը, նրանց անցած ճանապարհը հայտնի է. նրանք սերում են ջիհադիստ խմբավորումներից, որոնք գործում են Հալեպի շրջաններում», ինչպես նաև նշվել է, որ ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիան անցել է «կարմիր գիծը» հանցավոր ագրեսիայի այս դրսևորմամբ: Ադրբեջան-ջիհադիստ-Թուրքիա. ամեն ինչ ասված է ահաբեկչության այս կոալիցիայի մասին:
Այդ պահից ի վեր ավելացող փաստերը արդարացնում են միջազգային հանրության ամենավատ մտավախությունները` Ղարաբաղի փոքրիկ հանրապետության բնակչության և ենթակառուցվածքների ռմբակոծությունները, քաղաքացիների արտագաղթը դեպի հարևան Հայաստան, որն ի դեպ, նույնպես զերծ չէ ռմբակոծություններից, ադրբեջանական ուժերի և նրանց ջիհադիստ օժանդակների կողմից գերի վերցրած ղարաբաղցի զինվորների և քաղաքացիական անձանց արտադատական մահապատիժները, նույնիսկ գլխատումը՝ ինչպես Օսմանյան Կայսրության ամենալավ ժամանակներում:
Էթնիկ զտման այս իրավիճակում միջազգային ողջ հանրությունն է անհանգստանում է, և միանգամայն արդարացի է, որ ֆրանսիացի խորհդարանականները Ժան Իվ Լը Դրիանի՝ մեր արտգործնախարարի ուշադրությունն են հրավիրել այս հարցին: Ֆրանսիան իրականում առանձնահատուկ պատասխանատվություն ունի այս գործում, քանի որ համանախագահում է ԵԱՀԿ Մինսկի խումբը, որը արդեն 30 տարի լիազորված է օգնել հակամարտության կողմերին կնքել խաղաղության պայմանագիր, ինչն այսուհետ ավելի քան անհավանական է թվում:
Հոկտեմբերի 13-ին Ֆրանսիայի Ազգային ժողովում հնչած հարցին ի պատասխան պարոն Լը Դրիանը մեջբերեց նախագահ Մակրոնի խոսքերը և «այն լուրջ հետևանքները, որոնք առաջացել են այս հակամարտության հատկապես միջազգայնացումից. միջազգայնացում, որն առաջ բերեց Թուրքիան զենքերի առաքմամբ և վարձկանների զորահավաքով»՝ անմիջապես կշռադատելու համար այն «արդարացի հուզմունքը», որը Ֆրանսիայում կառաջացներ այս հակամարտությունը՝ նկատի ունենալով «մարդկային, մշակութային, պատմական սերտ կապեր, որոնք մեզ միավորում են Հայաստանի հետ», և այն «երկար հարաբերությունը», որ մենք կունենանք նաև Ադրբեջանի հետ: Եվ վերջապես ամենակարևորը. նա ընդգծեց, որ Մինսկի խմբի երեք համանախագահները ճնշում են գործադրում, «որպեսզի երկու կողմերը խստորեն պահպանեն հրադադարը»՝ հիշելով «Լեռնային Ղարաբաղի ճգնաժամի համատեքստում Ֆրանսիայի անաչառության պահանջը»: Մինչ եզրափակելը. «Մենք այլևս արդարացի չենք լինի, եթե անցենք այս կամ այն երկրի կողմը: Եվ ես կարծում եմ, որ մենք ինչպես հարկն է չենք նպաստի Հայաստանի հետ մեր երկկողմ հարաբերությունների որակին, եթե անհավասարակշիռ դիրք բռնենք, որը կասկածի տակ կդնի այն դերը, որ մենք ունենք Մինսկի խմբում, և որը կասկածի տակ կդնի այն ազդեցությունը, որ մենք կարող ենք ունենալ ճգնաժամային կողմերի վրա»:
Հայտնի չէ՝ որտեղից սկսել մեկնաբանել այս խոսքերը, որոնք ոչ այն է՝ նույն հարթության վրա են դնում հայկական ժողովրդավարությունը և ադրբեջանական բռնապետությունը, ոչ այն է՝ ակնարկում են, որ առաջինին աջակցելը կբխեր անտրամաբանական «էմոցիայից», երբ վտանգի տակ են մեր արժեքները: Բացի այդ՝ տվյալ հայտարարության մեջ բացարձակապես չի նշվում այս հակամարտության զոհերի մասին: Քանիցս այնտեղ լինելով՝ ես կարող եմ վկայել, որ Լեռնային Ղարաբաղը անիրական հակամարտության գոտի չէ, որի համար երկու երկրներ պայքարում են: Դա մարդկությամբ բնակեցված մի երկիր է` կանանցով և տղամարդկանցով, որոնց ես առիթ եմ ունեցել հանդիպել իմ ուղևորությունների ընթացքում: Այն փաստը, որ պետական կառույցներն ու ժամանակակից հասարակությունը, որ նրանք ստեղծել են, չեն ճանաչվել Ֆրանսիայի կողմից, ոչ մի կերպ չի փոխում իրականությունը, նրանց առօրյան, հենց թեկուզ այն անհերքելի փաստը, որ նրանք գոյություն ունեն: Բայց այդ՝ չճանաչելը ոչ մի կերպ չի փոխում նաև Ֆրանսիայի և միջազգային հանրության պատասխանատվությունը մի ազգի նկատմամբ, որն այսօր կանգնած է իրական էթնիկ զտման վտանգի առաջ: Ինչպես այլ կերպ որակել այն փաստը, որ Լեռնային Ղարաբաղի բնակչության կեսն արդեն լքել է երկիրը և պատսպարվել հարևան Հայաստանում, մինչդեռ մյուս կեսը մարտնչում է կատարյալ մենության մեջ՝ թշնամու առաջխաղացումը կանխելու համար, որի ցանկացած հարձակում անխախտորեն ուղեկցվում է պատերազմական հանցագործություններով: Ինչ վերաբերում է ներքին քաղաքականությանը, Կոնֆլան-Սենտ-Օնորինի վերջին հանցագործության հետ կապված՝ մենք պատրաստվում ենք արդարացիորեն կոշտացնել մեր միջոցները ահաբեկիչների և գլխատման այլ պրոֆեսիոնալների դեմ: Մենք պիտի նույնկերպ ընդդիմանանք Ադրբեջանին, որի զինվորներն անողոքաբար կոտորում են հայ քաղաքացիներին ու գերիներին՝ անտեսելով միջազգային համաձայնագրերը:
Եվ այստեղ է, որ չեզոքության անիրական այս դիրքը, որ մեր արտգործնախարարը հարկ է համարում պահպանել, հարցեր է առաջացնում: Անաչառ լինել նշանակում է ամենաքիչը կարողանալ հաստատել, թե ով է ագրեսորը, և ով է հարձակման ենթարկվածը, ինչպես արեց նախագահ Մակրոնը: Երբ դատարանում դատավորը կարդում է արդարացման կամ դատապարտման վճիռ, նա կատարյալ անաչառ է: Մենք նրանից չենք լսում, որ նա նույն հարթության վրա դնի զոհին և ագրեսորին, քանզի չեզոք լինել անարդարության պարագայում նշանակում է լինել դահիճի կողքին: Եվ նույնիսկ այս ցինիկ տեսանկյունից, որին այնքան համակրում է ԱԳՆ-ն, այդ անաչառությունը վնասում է Ֆրանսիայի դիրքին և գործունեության արդարացիությանը, որը հստակորեն Ադրբեջանի դաշնակից Թուրքիայի հետապնդած նպատակներից է. հետին պլան մղելով մեր երկրի ձայնը, նույնիսկ ծաղրելով այն՝ այս գեղեցիկ «անաչառությունը» կնսպաստի Մինսկի խմբի համանախագահությունից Ֆրանսիայի հեռանալուն, և հավանաբար Թուրքիայով կփոխարինվի, որը հայտնի է հայերի նկատմամբ հավասարակշիռ լուծումների և մեծ անաչառության իր հակումներով:
Հիմնական հարցը, որին մենք պիտի պատասխանենք այսօր, այն է․ մենք ուզում ենք փրկել Մինսկի խումբը, թե՞ ներկայումս էթնիկ զտման վտանգի առաջ կանգնած Ղարաբաղի հայերին: Պետք է ավելի շատ մտահոգվել «Մինսկի խմբի դերո՞վ» և «այն ազդեցությամբ, որ մենք կարող ենք ունենալ ճգնաժամային կողմերի վրա», քան այդ կողմերի ճակատագրով: Մեր մանդատը մեզ անշուշտ առաջարկում է միջնորդի անաչառությունը, սակայն այն հատկապես մեզ պարտավորում է երկու կողմերին հակամարտության բացառապես խաղաղ լուծման պարտադրել: Այսպիսով, Ադրբեջանը այնտեղ հարկադրում է իր ռազմական լուծումը ինչպես Ղարաբաղի հայերին, այնպես էլ Մինսկի խմբի համանախագահներին՝ նրանց կանգնեցնելով կատարված փաստի առաջ: Այս լուծումը նույնքան պարզ է, որքան թվաբանական խնդիրը. երբ Ղարաբաղի բնիկ հայերը կանհետանան, կսպանվեն կամ կաքսորվեն, երբ դիվանագատության դիաֆորուսների խնամքին հանձնված՝ նրանք կկարողանան բացականչել՝ «վերջապե՜ս բժիշկ, Ձեր շնորհիվ ես մեռնում եմ բուժված», այլևս չի լինի նրանց իրավունքները պաշտպանելու խնդիր, և հետևաբար չի լինի Ղարաբաղի հարցը: Ուրեմն ո՞րն է Մինսկի խմբում լինելու պատճառը: Փորձել փրկել Ֆրանսիայի հեղինակությունը կամ պաշտպանել չեզոքությունը այդ ժամանակ այնքան չնչին և անհիմն մտահոգություն կլինի, որ մեր արտաքին քաղաքականությունը լրջորեն արատավորված կլինի իր անկարողությամբ և նույնիսկ մեր երկրի արժեքները պահպանելու անվճռականությամբ:
Եթե Ֆրանսիան մտադիր է լսված և հարգված լինել, նա պիտի խոսի բարձր, ուժեղ և հստակ: Մենք կարող ենք դուր չգալ մեծ տերություններին, ինչպես Չինաստանին՝ ույղուրների պատճառով կամ Ռուսաստանին՝ Նավալնիի պատճառով: Մենք պիտի կարողանանք դուր չգալ Ադրբեջանին ղարաբաղցիների պատճառով: Ճանաչենք Ղարաբաղի հանրապետությունը, քանզի ներկայիս պայմաններում դա միակ ռացիոնալ լուծումն է այդ ազգաբնակչությանը միջազգային հանրության պաշտպանության տակ պահելու համար: Դա Ձեր անքակտելի իրավունքն է պարոն արտգործնախարար և, հաշվի առնելով հանգամանքները, դա Ձեր ամենամեծ պարտականությունն է:
Վալերի Բուայե, Բուշ դյու Ռոնի սենատոր
Թարգմանիչ՝ Տաթևիկ Թադևոսյան (Tatevik Tadevosyan) © Բոլոր իրավունքները պաշտպանված են։