Հիշողության ֆենոմենը հետաքրքրում է կենսաբաններին, նյարդաբաններին, հոգեբաններին, փիլիսոփաներին, ինչպես նաև սոցիալական անտրոպոլոգներին, սոցիոլոգներին և տարբեր այլ մասնագետների։ Այսօր մենք կդիտարկենք հիշողությունը՝ որպես սոցիալական ֆենոմեն, կպարզենք` ինչպես է այն կառուցվում, փոխանցվում, փոփոխվում։ Այնուհետև կպարզենք՝ ինչպես կարող են գրքերը (հատկապես դպրոցական դասագրքերը) ծառայել որպես հիշողության փոխանցման գործիքներ։ 101 տարի է անցել Հայոց ցեղասպանությունից, և դրա վերաբերյալ տարբեր ժամանակներում մարդիկ ունեցել են տարբեր հիշողություններ․ ոմանք եղել են ցեղասպանության ականատեսներ, ոմանց ցեղասպանության մասին պատմել են իրենց ծնողներն ու տատիկ-պապիկները, իսկ ոմանք էլ դրա մասին տեղյակ են տարբեր աղբյուրներից։ Այդ աղբյուրներից ամենամասսայականը հիմնական դպրոցի դասագրքերն են։ Այդ պատճառով կփորձենք պարզել՝ ինչպիսի տեղեկատվություն են դրանք պարունակում, ինչը կարևոր է հենց հիշողության կառուցման տեսանկյունից։
Հիշողությունը՝ որպես սոցիալական երևույթ
«Հիշողություն1» բառը առաջին հերթին ասոցացվում է ներքին երևույթների, մարդու ուղեղում տեղակայման հետ։ Սակայն դրա բովանդակային հագեցումն ու կազմակերպումը, դրանում փաստերի պահպանման ժամկետները կապված են ոչ այնքան ներքին, որքան արտաքին գործոնների հետ։ Այդ պատճառով օգտագործում են սոցիալական հիշողություն եզրույթը, որը մի սերնդից մյուսին փոխանցվող գիտելիքների ամբողջություն է։ Մասնագիտական գրականության մեջ տարբերակում են անհատական և կոլեկտիվ հիշողություններ։ Անհատական հիշողությունը կապված է անհատի սեփական փորձի հետ։ Մարդկանց հիշողությունները ինչ-որ մասով չեն համընկնում, ինչը կախված է առանձին անհատի խառնվածքից, փորձառությունից, կյանքի հանգամանքներից։ Սրանք կազմում են անհատական հիշողությունը, որը հանդիսանում է հիմնականում նյարդաբանների և կոգնիտիվ հոգեբանների ուսումնասիրման առարկան։ Կոլեկտիվ հիշողությունը սերնդեսերունդ փոխանցվող անցյալի վերաբերյալ սուբյեկտիվացումների ամբողջությունն է։ Ինչու՞ ոչ փաստեր, այլ սուբյեկտիվացումներ, քանի որ միևնույն սոցիալական փաստերը տարբեր սոցիալական խմբերում տարբեր կերպ կարող են մեկնաբանվել։ Մարդու հիշողությունը հիմնված է որոշակի շրջանակների (ֆրեյմերի) վրա։ Դրանք հենակետեր կամ համակարգային միավորներ են, որոնք առաջանում են մշակույթի զարգացման բնական ճանապարհով և հանդիսանում են հանրույթի պահպանման կարևորագույն միջոցներից մեկը։ Շրջանակները լեզվի և ժամանակի կոնցեպցիայի նման ստեղծվել են մարդկանց կողմից և չեն կարող փոփոխվել առանձին անհատների ցանկությամբ։ Ինչպես և լեզուն, դրանք մարդուն տրվում են որպես օբյեկտիվ փաստեր։ Հենց այս ֆրեյմերն են կազմում մեր կոլեկտիվ հիշողությունը, որը նույնն է տվյալ կոլեկտիվի անդամների մոտ։ Սակայն այս երկու երևույթները՝ անհատական և կոլեկտիվ հիշողությունները, փոխկապակցված են։ Անհատականը մասամբ հիմնվում է կոլեկտիվի վրա։
Սոցիոլոգիայի դասականներից Էմիլ Դյուրկհեյմը հասարակությունը մեկնաբանում է որպես առաջին հերթին գաղափարների և զգացմունքների ամբողջություն: Սրանից նա բխեցնում է, որ դրա կայունության մակարդակը բարձր է, երբ դրա անդամների անհատական գաղափարները ենթարկված են տվյալ հասարակությանը: Սոցիումի կողմից իր անդամների վրա գործադրած ճնշումը թույլ չի տալիս անհատներին ազատորեն դատել այն հասկացությունների մասին, որոնք հասարակությունն ինքն է մշակել և որոնցում ներդրել է իր անհատականության մի մասը: Այսպիսի կառուցվածքները սրբազան են մասնավոր անձանց համար: Այլ խոսքով՝ Դյուրկհեյմի սոցիոլոգիան դիտարկվում է հիշողության պրոբլեմատիկայի դիտանկյունից և բերում այն եզրակացությանը, որ հասարակական կայունության պահմպանման, դրա անդամների համերաշխության ու խմբի գոյության պատմական շարունակականության համար անդամները պետք է հիշեն որոշակի բաներ որոշակի ձևով, իսկ որոշակի բաներ էլ կազմակերպված ձևով մոռանան: Սոցիալական հիշողության մեկ այլ հետազոտող Ռեպինան նշում է, որ հիշողությունը կարող է լինել սոցիալական կամ կոլեկտիվ միայն այն ժամանակ, երբ կարող է փոխանցվել, իսկ դրա համար այն պետք է պարզ և հստակ ձևակերպված լինի: Սա հնարավոր է խոսքի, ծիսակատարությունների, պատկերների և այլ միջոցներով: Պատկերները պետք է լինեն պայմանական, որպեսզի իմաստ ունենան ամբողջ խմբի համար, և պարզ, որպեսզի պարունակեն ընդհանուր իմաստ և հեշտ փոխանցելի լինեն: Անհատական հիշողությունները հանդիսանում են անձնականի և սոցիալականի խառնուրդ: Հիշողությունն ինքնին սուբյեկտիվ է, բայց միևնույն ժամանակ այն համակարգված է լեզվով, կրթությամբ, կոլետիվում տարածված գաղափարներով և փորձով: Հիշողությունները սոցիալական են նաև նրանով, որ դրանք կապված են սոցիալական փոխհարաբերությունների և իրավիճակների հետ, որոնք անհատը վերապրել է այլ մարդկանց հետ համատեղ:
Պատմության դասագիրքը՝ որպես մշակութային հիշողություն
Մորիս Հալբվաքսն առանձնացնում է սոցիալական հիշողության երկու տարատեսակ՝ կոմունիկատիվ և մշակութային։ Կոմունիկատիվ հիշողությունը բանավոր ավանդույթի փոխանցման արդյունք է և կապված է ոչ վաղ անցյալի հետ։ Սրանք այն հիշողություններն են, որոնք մարդիկ կիսում են իրենց ժամանակակիցների հետ։ Երբ կոմունիկատիվ հիշողության կրողները մահանում են, դրանք իրենց տեղը զիջում են նոր հիշողություններին։ Կոմունիկատիվ հիշողությունը պահպանելու համար այն վերածում են մշակութային հիշողության։ Մշակութային հիշողությունն ուղղված է անցյալի որոշ մոմենտների ամրագրմանը։ Նրանում անցյալը երբեմն չի կարող պահպանվել այնպիսին, ինչպիսին կա, այդ իսկ պատճառով փոխակերպվում է սիմվոլիկ կերպարների։ Օրինակ՝ առասպելները հիշողության կերպարներ են։ Մշակութային հիշողությունն, ի տարբերություն կոմունիկատիվի, առավել ֆորմալացված է։ Տոները, ավանդույթները, արձանները, գրքերը կազմում են մշակութային հիշողության մասը։ Ի տարբերություն կոմունիկատիվ հիշողության՝ մշակութային հիշողությունը ինքնուրույն չի տարածվում, ինչն իր հետևից բերում է վերահսկողություն դրա տարածմանը: Մշակութային հիշողությունը միշտ շրջապատված է ավելի խիստ պահպանվող սահմաններով, և հենց այս սահմաններն են գծում կոլեկտիվ հիշողության շրջանակները: Ստացվում է, որ եթե մենք փոխենք մշակութային հիշողության սահմանները, կփոխվի նաև կոլեկտիվ հիշողությունը: Պարադոկս է, բայց անցյալն անընդհատ նորացվում է, երբ ստեղծվում է նոր իրականություն: Այն նորացվում, փոփոխվում է՝ ելնելով առկա հասարակական պահանջից: Կարելի է ենթադրել, որ հիշողության արվեստը ստեղծում է հիշողություն առաջացնող կերպարներ, որպեսզի վերածնի հիշողության հանգչող կարծրատիպերը:
Մշակութային հիշողության առանձնահատուկ տարր են հանդիսանում դասագրքերը: Դրանցով ուսանում են ամբողջ սերունդներ: Պատմական հիշողությունը պահպանվում է պատմության դասագրքերի միջոցով: Դասագրքերն անընդհատ վերահրատարակվում են՝ նոր մեկնաբանման, անցյալը ներկայում նոր վերակառուցման ենթարկելու համար: Սա կարող է տեղի ունենալ երկրի արտաքին և ներքին քաղաքականության փոփոխմանը զուգընթաց:
Հայոց ցեղասպանության հիշողության կառուցումը ՀՀ հիմնական դպրոցի պատմության դասագրքերում
Այս ենթագլխում ցույց կտանք, թե հիշողության ինչպիսի հիմնական շրջանակներ է պարունակում դպրոցական դասագիրքը։ Շրջանակների փոփոխությունը ցույց տալու համար վերցրել ենք հիմնական դպրոցում կիրառված դասագրքերի վերջին երկու հրատարակությունները (2008թ. և 2013թ.) և ենթարկել բովանդակային վերլուծության։
Պատմության դասագրքերում առկա կերպարները մենք բաժանել ենք 4 խմբի՝ զոհեր, աջակիցներ, հանցագործներ և հանցակիցներ: 2008 թվականին հրատարակված դասագրքում զոհի կերպարում հանդես են գալիս հայերը: Նրանք բնորոշվում են միամտությամբ, որի պատճառով անընդհատ խաբվում են թշնամու կողմից, խաղաղասիրությամբ, անպաշտպանությամբ, անմեղությամբ: Չնայած թուրքերի անընդհատ հարձակումներին՝ նրանք, ամեն անգամ «հանկարծակիի» գալով, անցնում են ինքնապաշտպանության: Հայերն ունեն անկոտրում և ազատաբաղձ ոգի: Ի տարբերություն առաջին դասագրքի՝ 2013 թվականին հրատարակված դասագրքում զոհի կերպարում հանդես են գալիս ինչպես հայերը, այնպես էլ հույներն ու ասորիները: Հայը կրկին անպաշտպան է, անմեղ, խաղաղասեր: Մեծ տեղ է տրվում հայդուկային պաշտպանություններին: Առաջին դասագրքում աջակցի դերում հանդես են գալիս համաշխարհային առաջադեմ հասարակայնությունը, Ռուսաստանը, Անտանտի երկրները, Մուսա լեռան մոտ օգնում են ֆրանսիացիները: Ռուսաստանը միշտ չէ, որ արտահայտվում է դրական կերպարով, օրինակ՝ Ցարիզմի փորձերը խլել եկեղեցու տարածքները, թշնամանք առաջացնել հայերի և թաթարների միջև, Ցարական իշխանության ավազակությունները: Երկրորդ դասագրքում այս շարքին ավելանում է եվրոպական հյուպատոսությունը: Ռուսաստանը ներկայացվում է նույն կերպ, անգամ նշվում է՝ բարկացած հայերը մահափորձ են կատարել Գոլիցինի դեմ: Սկզբում հանցագործ են ներկայացվում թուրքական իշխանությունը և քրդերը, հետագայում երիտթուրքերը: Հանցագործին տրվում են մի շարք հատկանիշներ՝ նենգ, կեղծավոր, հանդուգն, սադրիչ, հայաջինջ գործելակերպով, խաբեբա, հրեշավոր քաղաքականությամբ: Առաջին դասագրքում մեկ անգամ նշվում է, որ եղան թուրքեր և քրդեր, ովքեր օգնեցին հայերին, օրինակ՝ քուրդ Մարթուլլա բեյը կանխում է Մոկսի կոտորածները: Երկրորդ դասագրքում թշնամու դերում կրկին հանդես են գալիս թուրքերը Աբդուլ Համիդը, երիտթուրքերը, քրդական զինված ավազակները, չերքեզ ցեղերը: Այս անգամ չի նշվում այն հանգամանքը, որ որոշ թուրքեր և քրդեր օգնել են հայերին: Մեծամասամբ թուրքական կառավարությունը չի տարբերակվում թուրք ժողովրդից: Առավել հաճախ գործածվում է ոչ թե «թուրքական իշխանությունների կողմից իրականացված կոտորած» արտահայտությունը, այլ «թուրքերի կողմից իրականացված»: Հանցակցի դերում հանդես է գալիս Եռյակ միությունը, մասնավորապես՝ Գերմանական կառավարությունը: Երկրորդ դեպքում նույնպես հանցագործների հանցակիցն է Եռյակ միությունը, հատկապես Գերմանիան, մասնավորապես՝ Վանի պաշարման ժամանակ գերմանական հրանոթներով ռմբակոծումը:
Պատճառները բաժանված են 2 խմբի՝ զոհի կողմից ներկայացվող և հանցագործի կողմից ներկայացվող: 2008-ի հրատարակությունում թուրքերի կողմից նշվում են կրոնական և էթնիկ դրդապատճառներ: Երիտթուրքերը պատճառաբանում էին, որ ցանկանում են իրականացնել իրենց պանթյուրքիզմի և պանիսլամիզմի ծրագրերը: Հայերի մոտ պատճառների մեկնաբանումն այլ էր, բացի երիտթուրքերի ծրագրերից նրանք տեսնում էին նաև սոցիալական և տնտեսական մոտիվներ: Թուրքերը ցանկանում էին տիրանալ հայերի ունեցվածքին, հայերի բնաջնջումը ձեռնտու էր թուրքերին նաև հայկական հարցը վերացնելու տեսանկյունից: Երկրորդ դասագրքում մահմեդական հոգևորականությունը լուրեր է տարածում, թե հայերը պատրաստվում են ապստամբության, ուստի Ալլահը պահանջում է հաշվեհարդար տեսնել նրանց հետ: Նրանք իրականացնում էին պանթյուրքիզմի և պանիսլամիզմի, Մեծ Թուրանի ստեղծման ծրագրերը: Հայերն այստեղ տեսնում էին այլ պատճառներ. չկա հայ, չկա հայկական հարց: Հայերը տեսնում էին նաև տնտեսական, հազարավոր տարիների ընթացքում ստեղծված պատմամշակութային ժառանգության նպատակաուղղված ոչնչացման, հայերի անգամ հետքը չթողնելու նպատակ:
Առաջին գրքում հայերը որպես այս հրեշավոր ծրագրի մեղավորներ տեսնում էին թուրքական կառավարությանը, քրդերին, թաթարներին, ինչպես նաև գերտերությունների ղեկավարությանը: Վերջիններս մեղադրվում են իրենց կոչերին չարձագանքելու, օգնության ձեռք չմեկնելու և թուրքական կառավարության հրեշավոր ծրագրի իրագործումը չկանխելու համար: Չկա հստակ ձևակերպված և կոնկրետ խմբերի ուղղված պահանջատիրություն: Կոնտեքստից դուրս է բերվում, որ հայերն ունեն բարոյական և նյութական հատուցման պահանջներ: Անտանտի տերությունների ղեկավարությունները, ենթարկվելով առաջադեմ գործիչների ճնշմանը, բազմիցս հայտարարում են, որ այդքան մարդկային զոհեր տված Հայաստանը պատերազմի ավարտից հետո կստանա բարոյական և նյութական արժանի փոխհատուցում: 2013-ի հրատարակությունում մեղավորությունն ընկած է հանցագործի՝ թուրքերի, քրդերի, չերքեզների ուսերին: Պահանջատիրությունն ուղղված է միայն Թուրքիային: Սրա մասին են վկայում հետևյալ տողերը՝ Թուրքիան մինչ օրս չի դատապարտել և չի ճանաչել հայոց ցեղասպանությունը: Մեծ եղեռնից փրկված հայերի սերունդները և ընդհանրապես ամբողջ հայությունը շարունակում են պայքարել ոչ միայն ճանաչման, այլ նաև արժանի հատուցման և ամբողջական հայրենիքի վերականգնման համազգային նպատակի համար: Կարող ենք նկատել, որ այստեղ հայերը ոչ մի անգամ չեն մեղադրում գերտերություններին՝ կոտորածները չկանխելու համար:
Առաջին գրքում հանցագործները զոհերի նկատմամբ նախ կիրառում են հյուծիչ հարկային քաղաքականություն, տնտեսական բազմաբնույթ ճնշումներ: Նրանք նպատակ են հետապնդում հայերին բնաջնջելու, կազմակերպվում է հայերի անխնա կոտորած՝ առանց սեռատարիքային խտրության: Բռնաբարվում են հայ կանայք ու աղջիկներ, ոմանք տարվում թուրքական հարեմներ, տեղահանվում է բնակչությունը, տարածվում ինքնասպանությունը, քրիստոնյա ժողովրդի բռնի մահմեդականացումը: Երկրորդ դասագրքում ցեղասպանական գործողությունները տեղի են ունեցել բռնաճնշումների, տեղահանությունների, հայերի զանգվածային կոտորածների, խաղաղ բնակչության գնդակոծման, կախաղանների, հայերին ոչնչացնելու և հայրենազրկելու ծրագրի միջոցով: Դասագրքից դուրս են թողնվել հայ կանանց բռնաբարությունները: Հանդիպում են նմանատիպ բառերի կիրառման 30-ից ավելի դեպքեր: Հետաքրքրական է, որ կա տարբերություն ցեղասպանության սկսվելու տարեթվերի հետ կապված: Եթե 2008 թվականի դասագրքում որպես ցեղասպանության սկիզբ նշված են դեռ 1890-ականները, ապա 2013-ի հրատարակության համաձայն՝ այն սկսվել է 1914-ի հոկտեմբերին:
Առաջին դեպքում հետևանքներն արտահայտված են միայն կորստի տեսքով: Հանցագործի կողմից թողնված 1,5 միլիոն մարդկային կորուստներ, դրանից բացի աղքատությանը, սովին և համաճարակներին զոհ գնացածներ, տարածքային կորուստներ, տեղահանություններ, ահռելի թալան, մահմեդականացած քրիստոնյաներ, տարագիրներ, պատմամշակութային հարուստ ավանդի՝ եկեղեցիների, դպրոցների, հին մատյանների ոչնչացում: Երկրորդ դեպքում նույնպես հետևանքները բացառապես բացասական են՝ 1,5 միլիոն զոհ, 250000 հայի մահմեդականացում, ազգային քաղաքական և հոգևոր ղեկավարների, մտավորականների, գիտնականների, արվեստագետների ոչնչացում, Արևմտյան Հայաստանի մեծագույն մասի հայաթափում: Ձևավորվեց հայկական մեծ սփյուռքը (ինչը գնահատվում է բացասաբար, «ցավոք սրտի» արտահայտությամբ): Թուրքերի և քրդերի կողմից թալանվեց 20 միլիարդ ֆրանկ ոսկի, շարժական և անշարժ գույք: Ոչնչացվեցին հայկական պատմամշակութային հազարավոր արժեքներ (հազարավոր եկեղեցիներ, 1500 հայկական դպրոցներ ու վարժարաններ, 20000-ից ավելի հայկական ձեռագրեր և հնատիպ գրքեր), քանի որ դրանք նյութական վկաներ էին մարդկության բնօրրաններից մեկում՝ Հայաստանում, հազարամյակներ ապրելու մասին: Ցեղասպանությունն իր հետքն է թողել հայության բոլոր սերունդների կենսագործունեության, բնավորության, ազգային նկարագրի և աշխարհայացքի ձևավորման վրա: Այս վերջին դասագրքում որպես ցեղասպանության ծանրագույն հետևանք նշվում է հայերի հայրենազրկումը:
Այս փոփոխություններից շատերը կարող են պայմանավորված լինել այն հանգամանքով, որ հին դասագրքերի վրա ավելի մեծ է սովետական ժամանակաշրջանի ազդեցությունը (օրինակ՝ հին դասագրքում մեղադրվում են գերտերությունները՝ օգնություն չցուցաբերելու համար, հին դասագրքում կատարվում է տարբերակում թուրք կառավարության և ժողովրդի միջև, նորում մեղքը կոլեկտիվացվում է, չեն նշվում թուրք և քուրդ ժողովուրդների օգնության դեպքերը)։
Այնուամենայնիվ, ցեղասպանության 100-ամյակին նվիրված միջոցառումներից շատերի ժամանակ քննարկվեց հայի կերպարին վերաբերող հարցը, և ոչ մեկ անգամ խոսվեց զոհի կերպարից հաջողակ հայի կերպարին անցում կատարելու մասին։ Եթե Հայսատանում կրթության պարադիգմայի պետություն-կրթություն կապը կրում է ուժեղ բնույթ, այսինքն՝ կրթությունը տնտեսապես և գաղափարապես կախված է պետությունից, ապա կարող ենք կանխատեսել, որ հաջորդ դասագրքում կվերանայվի հենց զոհի միանշանակ կերպարը։
Եզրակացություն
Հիշողությունը, որքան էլ տարօրինակ չհնչի, նույնպես կարելի է մեկնաբանել որպես սոցիալական ֆենոմեն։ Այն կառուցվում է սոցիալական ֆրեյմերի վրա։ Այս սկզբունքով ձևավորվում է կոլեկտիվ հիշողությունը և շրջանակների միջոցով փոխանցվում սերնդեսերունդ։ Անհատական հիշողությունը կառուցվում է կոլեկտիվի հիման վրա, սակայն տարբերվում դրանից՝ կախված անհատների անձնական փորձառությունից, կոգնիտիվ տարբերություններից։ Սոցիալական հիշողության հարատև փոխանցումը տեղի է ունենում ֆրեյմերի ամրագրման միջոցով։ Մշակութային հիշողությունն իրենից ենթադրում է հենց այդպիսի ֆրեյմերի ամրագրում տոներում, ծիսակատարություններում, ավանդույթներում, գրքերում, երգերում, ֆիլմերում, տարբեր փաստաթղթերում։ Քանի որ հիշողությունը կառուցվում է շրջանակների վրա, դրանց փոփոխման պարագայում կփոխվի նաև կոլեկտիվ հիշողությունը։ Ցեղասպանության հիշողությունը պարզելու նպատակով հատկապես կարևոր է դպրոցական դասագրքերում առկա ֆրեյմերի (շրջանակներ) ուսումնասիրումը։ Վերլուծությունից հետո պարզ դարձավ, որ դասագրքերում որոշ երևույթներ նույն կերպ են ներկայացվում, օրինակ՝ հայի կերպարը՝ որպես զոհ, սակայն մի շարք երևույթներ տարբերվում են։ Պատմական փաստերը նույնպես կարող են վերամեկնաբանվել, մի մասը ասվել, մյուսները՝ չասվել կամ այլ դիտանկյունից ներկայացվել այլ տպավորություններ առաջացնելու նպատակով։
Օգտագործած գրականության ցանկ
- Միհրան Դաբաղ, Հիշողության հայկական քաղաքականությունը գլոբալիզմի դարաշրջանում
- Культурная память. Письмо, память о прошлом и политическая идентичность в высоких культурах древности. — М.: Языки славянской культуры, 2004
- Хальбвакс M. Социальные рамки памяти. –М.: Новое издательство, 2007.
- Репина Л. П. Культурная память и проблемы историописания (историографические заметки). М., 2003.
Հեղինակ՝ Մարթա Մամյան (Marta Mamyan): © Բոլոր իրավունքները պաշտպանված են։