ՍԱԲ-ի վարձկանները Ադրբեջանում. իրեղեն ապացույցներ

2020-ի սեպտեմբերի վերջին սոցիալական ցանցերում սկսեցին շրջանառվել չհիմնավորված հայտարարություններ այն մասին, որ Սիրիայի ազգային բանակի (ՍԱԲ) անդամները՝ Սիրիայի հյուսիսում գտնվող Թուրքիայի պրոքսի ուժերը, ուղարկվել են Ադրբեջան: Սկզբնական շրջանում այդ տեղեկությունները ոչ այլ ինչ էին, քան չհիմնավորված խոսակցություններ, քանի որ չկային հստակ ապացույցներ, և պատճառ էլ չկար, որ Թուրքիան վարձկաններ ուղարկեր Ադրբեջան՝ մեծածավալ և լավ զինված բանակ ունեցող երկիր, որը ոչ մի մարտական ​​գործողութուն չէր իրականացնում այդ ընթացքում: Իրադրությունը փոխվեց սեպտեմբերի 27-ի առավոտյան, երբ Ադրբեջանը սկսեց լայնածավալ ռազմական գործողություններ հայերի կողմից վերահսկվող Լեռնային Ղարաբաղի տարածքում: Ի հավելումն  ռազմական գործողություններին անմիջական մասնակցող մարտիկների վկայությունների` հաջորդ օրերի և շաբաթների ընթացքում սիրիական տեղական և միջազգային լրատվամիջոցների կողմից հրապարակվել են մի շարք տեսանյութեր և նկարներ։ Մինչ ադրբեջանական և թուրքական համախոհները (պարտիզանները) շարունակում էին ակտիվորեն հերքել հակամարտության մեջ ՍԱԲ-ի մարտիկների ներգրավումը, իրեղեն  ապացույցների վերլուծությունը հստակորեն հաստատում է այդ զեկույցների իսկությունը: Ստորև ես հավաքել եմ այս տեղեկատվությունը՝ նախ ներկայացնելով ամենաակնհայտ օրինակները, և նպատակ եմ ունեցել հավաքագրել ամեն ինչ մեկ վայրում, որպեսզի մյուսները նույնպես կարողանան ուսումնասիրել դրանք։

Սիրիայի ազգային բանակի մարտիկների աշխարհագրական տեղակայումը Ադրբեջանում և Լեռնային Ղարաբաղում

Առաջին հստակ տեսանյութը, որն արձանագրել է ՍԱԲ-ի զինյալների առկայությունը Ադրբեջանում, նկարահանված էր հայկական առաջնագծերից և Իրանի սահմանից մի քանի կիլոմետր հեռավորության վրա գտնվող Հորադիզ քաղաքում: Այս տեսանյութում երևում է, թե ինչպես է զինվորների մի խումբ տեսախցիկի դիմաց արաբերեն խոսելիս ունկնդրում ՍԱԲ-ի Սուլթան Մուրադ (Furqat al-Sultan Murad) դիվիզիայի  մասին  երգը։ Նրանց համազգեստները, որոնք հետագայում երևում են ՍԱԲ-ի՝ Ադրբեջանից հրապարակած բոլոր տեսանյութերում, ունեն կապտավուն երանգ, իսկ նախկինում Սիրիայի քաղաքացիական պատերազմի մասնակից կողմերի ոչ մի մարտիկ դրանք երբեք չի կրել:

Riam Dalati ն նույն օրը հրապարակվել է Մուստաֆա Քանթի անունով սիրիացի մարտիկի կողմից նկարահանված մեկ այլ տեսանյութ, որը պատկերում է վերջինիս և մեկ այլ զինվորի՝ հայկական հրետանու կրակի տակ գտնվող առաջնագծի մի քանի հատվածներում: Այս տեսանյութում տեղ գտած երեք տեսարաններից մեկը, ինչպես պարզվեց, նկարահանվել է նույն վայրում, ինչ Ադրբեջանի Պաշտպանության նախարարության կողմից մի քանի օր անց հրապարակված տեսանյութերից մեկը:

Տեսանյութի մեկ այլ տեսարան, որը պատկերում է գրավված հայկական զինամթերքի պահեստը ներսից և դրսից, նույնպես համընկնում էր  Ադրբեջանի ՊՆ հրապարակած տեսանյութին:

Երկու տեսանյութերի կադրերն էլ ցույց են տալիս զինամթերքի տուփերի գրեթե նույն դասավորությունը:

 

Հոկտեմբեր ամսվա առաջին շաբաթվա ընթացքում ՍԱԲ-ի մարտիկների կողմից նկարահանվել և հրապարակվել են որոշ տեսանյութեր, որոնցից երկուսը պատկերում են հայկական խրամատի տեսարանները՝ այն գրավելուց հետո:  Այն աշխարհագրորեն նկարահանված էր Հորադիզ քաղաքի արևմտյան մասից մի քանի կիլոմետր հեռավորություն վրա գտնվող Մարջան/Մարջանլի գյուղում: Տեսանյութում նկարահանված տղամարդը խոսում է արաբերեն: Նա ներկայանում է որպես «Ֆիրքաթ ալ Համզա» (Furqat al-Hamza) ահաբեկչական խմբավորման «ալ-Ֆարուք» ջոկատի (Liwa’al-Farouq) անդամ՝ նախքան կադրում տեսանելի մահացած հայկական «խոզերի» մասին մեծաբանելը:

Տեղանք `39.379370, 47.234291
Այլ իրեղեն ապացույցներ Ադրբեջանում ՍԱԲ-ի վարձկանների առկայության մասին

Չնայած ստորև ներկայացված նկարներից և տեսանյութի կադրերից ոչ մեկը աշխարհագրորեն չեն տեղայնացվել, սակայն դրանք ներկայացնում են Ադրբեջանում ՍԱԲ-ի անդամների վերաբերյալ այլ ապացույցներ: Առաջին նկարը հրապարակվել է սեպտեմբերի 30-ին Jesr Press-ի՝  Սիրիայի արևելքում գործունեություն ծավալող լրատվամիջոցներից մեկի կողմից, որը, ինչպես հաղորդվում է, պատկերում է թուրքմենաբնակ Թասնին գյուղի (Հոմսի նահանգ) բնակիչ Աբդուլ Ռացաք («Աբու Հուրեյրա») անունով տղամարդու մահվան վերջին շունչը: Լուսանկարում երևում են ևս հինգ հոգի, ովքեր կրում են բազմերանգ մարտական բաճկոնով կապտագույն համազգեստներ, ինչպես նաև մեկ ուրիշը` այսպես կոչված թվային «կամուֆլյաժ» համազգեստով, որն օգտագործում են ինչպես Թուրքիայի, այնպես էլ Ադրբեջանի զինված ուժերը:

Նույն օրը տարբեր լրատվամիջոցների կողմից հրապարակվել է լուսանկարների մեկ այլ հավաքածու, որը,   ըստ  նկարներին  նշված ամսաթվի, արվել  է երկու օր շուտ: Չնայած չի հաջողվել պարզել նկարնեում պատկերված մարդկանց ինքնությունը, սակայն նրանք կրում են կապտագույն համազգեստների ու թվային կամուֆլյաժ բաճկոնների նույն համադրությունը, ինչպես երևում է ստորև ներկայաված լուսանկարում: Հետևի ֆոնին կարելի է տեսնել Ադրբեջանի դրոշ և  քարտեզը պատկերող պաստառներ:

Հոկտեմբերի 11-ին Jarabulus News al-Kabous-ը՝ հյուսիսային Հալեպում գործունեություն ծավալող տելեգրամյան ալիքը, հրապարակեց ՍԱԲ մարտիկներին պատկերող ևս մեկ տեսանյութ, ըստ որի՝ նրանք ենթադրաբար գտնվում են Լեռնային Ղարաբաղում։  Այս նկարում պատկերված են նույն զինվորական համազգեստով երեք զինյալներ, ովքեր գտնվում են հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուներով գրված սահմանային նշանի դիմաց:  Նրանցից մեկն ասում է, որ այդ տարածքը «ազատագրվել» է, մյուսը հեռվում մատնանշում է իրանական սահմանը,  իսկ երրորդը ողջունում է «Գորշ գայլերի» նշանով՝ ձեռքի ժեստ, որը կիրառում են թուրք ծայրահեղ ազգայնականները: Տեսանյութում ցուցադրված հարթ տեղանքը, կարծես, Լեռնային Ղարաբաղի հարավում գտնվող Հորադիզ / Ֆիզուլի սահմանագծերի մերձակայքում է:

Մինչ այժմ հրապարակվել է Լեռնային Ղարաբաղում մարտական ​​գործողություններին մասնակցող ՍԱԲ-ի վարձկաններին պատկերող միայն մեկ տեսանյութ: Այն թողարկվել է վերևում նշված տեսանյութին գրեթե զուգահեռ, որտեղ երևում էր, թե ինչպես են որոշ մարդիկ կրակում մի շարք զենքերով՝ մի փոքր ավելի բարձունքում գտնվող անհայտ թիրախների ուղղությամբ:

Չնայած տեսանյութը աշխարհագրորեն չի տեղայնացվել,  դրանում առկա մեքենաներից մեկը էական նախադրյալ է հանդիսացել՝ պարզելու, թե որտեղ է այն նկարահանվել: Նկարում ներքևի աջ անկյունում տեսանելի է իսրայելական արտադրության AIL Storm զրահամեքենան: Այս մեքենան Սիրիայում ոչ մի տեղ չկա և չի օգտագործվում թուրքական զինուժի կողմից:

Ինչպես AIL Storm-ը, այնպես էլ մյուս զրահամեքենան` թուրքական արտադրության Otokar Cobra-ն, ակտիվորեն օգտագործվում են ադրբեջանական զինուժի կողմից: Ստորև բերված են նկարներ («Վիքիպեդիայից»), որոնք պատկերում են երկու տեսակի մեքենաները Բաքվում անցկացված զորահանդեսի ժամանակ:

Իրեղեն ապացույցներ կապված ՍԱԲ-ի մարտիկների՝ Ադրբեջան տեղափոխվելու հետ կապված

Սեպտեմբերի 24-ին ու 25-ին հյուսիսային Սիրիայի տելեգրամյան ալիքներում հրապարակվեցին ուսումնամարզական ճամբարում զինվորական համազգեստով մարդկանց լուսանկար և տեսանյութ։ Ինչպես երևում է, նրանց համազգեստները նույնն են, ինչ որ Ադրբեջանում աշխարհագրորեն տեղակայված նկարներից ծանոթ կապտավուն երանգներով համազգեստները։

Հետագայում պարզվեց, որ սա աշխարհագրորեն տեղակայված է Սիրիայից Թուրքիա տանող ռազմական սահմանի անցակետի մոտ՝ Հալեպում՝ Հավար Քիլիսում։ Այս  վայրը նախկինում ՍԱԲ-ի՝ Լիբիա ուղարկվող մարտիկների մեկնման կետն է եղել, բացի այդ՝ նաև ենթադրյալ ռազմաբազա ու հրամանտարական կենտրոն Ֆիրքաթ Ալ-Համզայի՝ ՍԱԲ-ի մի խմբավորման համար, որն ընդգրկված է Ադրբեջանի գործողությունների մեջ։ ՍԱԲ-ի՝ Ադրբեջան ուղարկված մարտիկների կողմից տրված բազմաթիվ վկայություններ նշում են այս սահմանային անցակետը՝ որպես այն վայրը, որտեղ նրանք հավաքվում էին մեկնելուց առաջ։

Սեպտեմբերի 22-ին լրագրող Լինդսի Սնելը տարածեց մի լուսանկար, որում պատկերված էին մարդատար օդանավի բեռնախցիկի մեջ գտնվող մարդիկ։ Ըստ նրա՝  այդ մարդկիկ Ֆիրքաթ Ալ-Համզաի անդամներն էին, ովքեր այդ օրը Անկարայից Բաքու էին փոխադրվում։ Այնուամենայնիվ, այդ լուսանկարը հաստատում է այն միակ փաստը, որ օդանավը A-400M է՝ Թուրքիայի Ռազմաօդային ուժերի կողմից գործարկվող փոխադրամիջոց։

Չնայած հստակ տեղեկությունների բացակայությանը՝ այդ օրը TuAF A-400M-ի երկու   թռիչքներ են գրանցվել FlightRadar24-ում։ Առաջինը մեկնել է Կայսերիից, որտեղ, նախքան Սիրիայի սահմանին մոտ գտնվող Գազիանթեփում վայրէջք կատարելը, հաճախ կանգնեցվում են TuAF A-400M-ները։ Մի քանի ժամ անց նույն օդանավը Գազիանթեփից մեկնել է դեպի հյուսիս-արևմուտք։ FlightRadar24-ը, որը հիմնականում հետևում է առևտրային օդանավերին, կորցրել էր օդանավի ազդանշանը, հետևաբար՝ մենք հաստատ չգիտենք՝ այն Անկարայու՞մ է վայրէջք կատարել, թե՞ Ստամբուլում։ A-400M-ների՝ Կայսերի-Գազիանթեփ-Ստամբուլ կամ Անկարա ուղղությամբ թռչելու այս օրինաչափությունը հիշեցնում է ՍԱԲ-ի վարձկաններին Լիբիայում տեղակայելիս Թուրքիայի կողմից իրականացվող փոխադրման գործընթացը։

Ադրբեջանում ՍԱԲ-ի մարտիկների կրած համազգեստների վերլուծությունը

Լեռնային Ղարաբաղում տեղակայված ՍԱԲ-ի վարձկանների առաջին լուսանկարների հայտնվելուց շատ չանցած՝ թվիթերյան օգտատերերը նույնացրին այն յուրահատուկ կամուֆլյաժները, որոնցով նրանք նկատվել էին Ադրբեջանի Պետական սահմանային ծառայության (Dövlət Sərhəd Xidməti) կամուֆլյաժների հետ։

Հետաքրքիր է, որ Հավար Քիլիսի ռազմական անցակետում արված նկարներից մեկում կարող ենք նկատել և՛ Ադրբեջանի Պետական սահմանային ծառայության համազգեստները՝ հետին պլանում մարզվող մարդկանց հագին, և՛ թուրքական մուլտիքամ  համազգեստներ՝ ենթադրաբար Լեռնային Ղարաբաղ փոխադրված ՍԱԲ-ի մի քանի խմբավորումների անդամների հագին։ Սա նշանակում է, որ ՍԱԲ-ի մարտիկներն այս նոր համազգեստները ստացել են Սիրիայում՝ նախքան Թուրքիայի տարածքով Ադրբեջան անցնելը։

Ստորև ներկայացված են  Ֆիրքաթ Ալ-Համզայի և Ֆիրքաթ Ալ-Սուլթան Մուրադի մարտիկները՝ նույն թուրքական մուլտիքամ համազգեստներով։

Չնույնականացված մարտիկների՝ ենթադրյալ ՍԱԲ-ի անդամների աշխարհագրական տեղակայումը Ադրբեջանում

Ադրբեջանում ՍԱԲ վարձկանների առկայությունը վկայող առաջին տեսանյութը նկարահանվել է առաջնագծին մոտ գտնվող Հորադիզ քաղաքի մի բնակչի կողմից։ Դրանում կարելի է նկատել 22 ավտոմեքենայից բաղկացած մի շարասյուն։ Մեքենաներից 21-ը փիքափ տեսակի են,  և բեռնախցիկներում տեղափոխում են մարտիկներ, որոնցից  նվազագույն մի քանիսը հանդերձավորված են ու զինված գնդացիրներով։ Շարասյան մյուս ավտոմեքենան AIL Storm է՝ վերը նշված իսրայելական արտադրության զրահապատ արտաճանապարհային մեքենա, որն օգտագործվում է Ադրբեջանի զինուժի կողմից։ Չնայած դեռ չի հաստատվել, որ սրանք իսկապես ՍԱԲ-ի մարտիկներ են եղել, այնուամենայնիվ հավանական է, քանի որ ջոկատների տեղափոխման համար փիքափ մեքենաների օգտագործումը Ադրբեջանի զինուժին բնորոշ չէ։ Տեղանքը նաև շատ մոտ է Հորադիզում ՍԱԲ-ի մարտիկների՝ հոկտեմբերի 3-ի վերը նշված տեսանյութի տեղակայությանը։

Հոկտեմբերի 1-ին հրապարակվեց Ադրբեջանի քաղաքացու կողմից նկարահանված մեկ այլ տեսանյութ, որում փիքափ մեքենաները նույն կերպով օգտագործվում էին զինվորական համազգեստով մարդկանց տեղափոխելու համար։ Այն նկարահանված էր Բարդա քաղաքում՝ հյուսիսային Լեռնային Ղարաբաղի անմիջապես արևելյան մասում։ Ինչպես վերոնշյալ տեսանյութի առաջին շարասյան դեպքում էր, դեռ չի հաստատվել այն փաստը, որ, այս մարդիկ ՍԱԲ-ի մարտիկներ են։ Բացի այդ՝ պատերազմի հյուսիսային ճակատին մոտ տեղանքը հեռու է ընկած այն վայրից, որ փաստացի հաստատվել է ՍԱԲ-ի անդամների հրապարակած տեսանյութերով, որոնք բոլորն էլ աշխարհագրորեն  տեղակայված են եղել հեռավոր հարավում։

Տեղանքը՝ 40.384038, 47.124070։
Նույն շինության լուսանկարը կադրի հետին պլանում՝ վերբեռնված 2014 թ.-ին Google-ի օգտատերի կողմից։
Հայաստանի Պաշտպանության նախարարության հրապարակած կադրերը

Հոկտեմբերի կեսերին Հայաստանի Պաշտպանության նախարարության մամուլի քարտուղարն իր թվիթերյան էջում երկու տեսանյութ տարածեց՝ որպես Լեռնային Ղարաբաղում ՍԱԲ-ի մարտիկների փոխադրման հավելյալ փաստեր։ Երկուսում էլ կարելի է նկատել Սահմանային ծառայության կապտագույն համազգեստներ հագած մարդկանց խմբեր։ Այս մարտիկների ինքնության հետագա հաստատումն այս տեսանյութերի միջոցով հնարավոր չէ։

Կադր անվտանգության տեսախցիկների նկարահանումից՝ հրապարակված հոկտեմբերի 18-ին ՀՀ ՊՆ-ի կողմից։ Ուշադրություն դարձրե՛ք Սահմանային ծառայության բազմերանգ մարտական բաճկոնով համազգեստներին:

Ամփոփելով կարող ենք նկատել, որ Լեռնային Ղարաբաղում ընթացող պատերազմում ՍԱԲ վարձկանների առկայությունը հաստատող էական իրեղեն ապացույցներ կան։ Սիրիացի արաբերեն խոսող մարդկանց կողմից նկարահանված մի շարք տեսանյութեր, որ երբեմն բացահայտում են այն խմբավորումները, որոնց հետ նրանք փոխկապակցված են, աշխարհագրորեն տեղայնացվել են պայքարի հարավային ճակատում։ Մյուս տեսանյութերն ու նկարները պատկերում են սիրիացիների, ովքեր կրում են Ադրբեջանի Սահմանային ծառայության համազգեստներ։ Բացի այդ՝ բազմաթիվ հետազոտողներ ու լրատվամիջոցներ վկայություններ են հավաքել հենց Ադրբեջան փոխադրված մարտիկներից և նրանց ընտանիքների անդամներից՝ ներկայացնելով փոխադրման վերաբերյալ հավելյալ փաստեր՝  անմիջապես դրանում  ներգրավված անձանցից։ 

Բնօրինակի հեղինակ՝ Alexander McKeever, AKMcKeever․com


Թարգմանիչներ՝ Արմինե Թաթոյան (Armine Tatoyan), Մարիամ Անտիկյան (Mariam Antikian) © Բոլոր իրավունքները պաշտպանված են: