Ինչու է Եվրոպան դեռ կարևոր

Կորոնավիրուսի համավարակից հետո Եվրոպան համաշխարհային համագործակցության և կառավարման բարեփոխումներ ներկայացնելու լավ հնարավորություններ ունի։ Բայց դա անելու համար նախևառաջ հենց Եվրոպան պետք է փոխվի։

Սա ավելի շատ պատերազմական հռետորաբանությամբ լի ժամանակաշրջան էր։

Նոր կորոնավիրուսի տարածմանը անմիջապես հաջորդեցին բնակչությանն ուղղված հորդորները՝ մարտական ոգին վեր հանելու և վիրուսի դեմ պայքարելու։

Այդ ընթացքում բառերի վտանգավոր և պառակտիչ պատերազմը սրվում էր ԱՄՆ վարչակազմի և Չինաստանի կառավարության միջև։ Եվ 2020 թվականի մարտի 30-ին ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը զգուշացրեց, որ Երկրորդ համաշխարհային պատերազմից ի վեր համավարակը ամենամեծ ճգնաժամն է, որը առաջ է բերում «էլ ավելի մեծ անկայունության, մեծ խռովությունների ու մեծ հակամարտությունների» ռիսկեր։

Այս վտանգավոր ճգնաժամային տարածությունը, որում կա ղեկավարման պակաս,  միակն է, որտեղ Եվրոպայի ավելի մեծ ներգրավվածությունը կարևոր կլիներ։

Մայիսի 8-ին Եվրոպայում Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտին նվիրված տոնակատարությունը աշխարհին հիշեցրեց ազգայնականության, ավտորիտարիզմի և պատերազմի հասցրած վնասների մասին, ինչպես նաև ԱՄՆ խոստումների ու Եվրոպայում ինտեգրման շնորհիվ խաղաղության ձեռքբերման մասին։

Այս համավարակի մյուս կողմը համերաշխության, համագործակցության, փոխադարձ աջակցության ու կարեկցանքի սցենարն է։ Վերջինս ձևավորվում է ամեն օր անհատական կարեկցանքի և մոբիլիզացիայի, ավելի կարիքավորներին օգնելու նպատակով, մասնավոր ձեռներեցության և առաջնորդների ու կառավարությունների ձախողումները ստեղծարարությամբ շտկելու միջոցով։ Նման սցենարներ կան ողջ աշխարհում։

Կորոնավիրուսն ընդգծում է միաժամանակ և՛ ազգայնականությունն ու ավտորիտարիզմը, և՛ էլ ավելի լայն միջազգային համագործակցության ձգտումը։ Բանավեճն այն հարցի շուրջ, թե ինչպես է աշխարհը հաղթահարելու համավարակը, ստանձնել է երկբնույթ իմաստ՝ վերադարձ ազգայնականությանը և համագործակցության պահանջ։

Մայիսի 8-ին Միացյալ Նահանգների և Չինաստանի միջև տարաձայնությունների պատճառով ՄԱԿ-ին չհաջողվեց բոլոր տեսակի հակամարտությունների հրադադար հայտարարել ողջ աշխարհում։ Եթե սա է այն ամենը, ինչ համաշխարհային առաջնորդությունը կարող է առաջարկել, ապա աշխարհն այլընտրանքային ուղիների ու քաղաքականության հրատապ կարիք ունի։

Հաշվի առնելով անկայունության այս ստվերը՝ արդյո՞ք Եվրոպան կարող է այլ պատում առաջարկել։

Եվրոպական հռետորաբանությունը որպես ապագայի մոդեկ միշտ առաջարկում է փոխկախվածության իր սեփական նկարագրությունը։ Նվազագույնը ԵՄ-ն միանում է մյուս երկրների ջանքերին՝ ուղղված Առողջապահության համաշխարհային կազմակերպության ամրապնդմանը, բժշկական հետազոտությունների միջազգային ֆինանսավորումը վարելուն և աշխահի ամենաաղքատ երկրների պարտքերի մեղմացմանն աջակցելուն։ Բայց անցյալի հաջողությունները բավարար չեն․ քաղաքացիները հիասթափված են ԵՄ գործունեությունից, իսկ ԵՄ խաղաղության նախագիծը չկարողացավ խաղաղություն հաստատել իր սահմաններից դուրս։

Եթե Եվրոպան ցանկանում է հետհամավարակային աշխարհի ձևավորման հարցում առաջնորդի դերում լինել, ապա այն նույնպես պետք է փոխվի։ Նախորդ տասնամյակը ցնցեց Եվրոպան, որն ամեն մի ճգնաժամից հետո դառնում էր էլ ավելի թույլ ու մասնատված։ Համաշխարհային դերի իր որոնումը տատանվում է բազմակողմանիության խոստումների ու ավելի «աշխարհաքաղաքական» դառնալու և «ուժի լեզվով խոսելու» կոչերի միջև։

Գործնականում այն շատ քիչ բան է կարողանում անել՝ ճնշված լինելով այլ դերակատարների միջև մրցակցությունից և շատ հաճախ մասնատվելով, միաժամանակ հիասթափեցնելով թե՛ իդեալիստներին, թե՛ ռեալիստներին։ Եվրոպան պետք է դուրս գա ազգայնականությաւն և միջազգային համագործակցության այս երկբնույթ տրամաբանությունից և ցույց տա, որ ամեն ինչ կարող է այլ կերպ արվել։

Եվրոպան վերանայելը շատերի օրակարգում է։ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ամենահեռատես քաղաքական ղեկավարներից է, սակայն տարիներ շարունակ հասարակական մտավորականությունը, գիտահետազոտական ինստիտուտներն ու քաղաքացիական հասարակությունը ներգրավված են այս տևական բանավեճում։ Բազմաթիվ են նախաձեռնությունները, քաղաքական նոր գաղափարները և բարեփոխումների առաջարկները։ Ակնկալվում է, որ Եվրոպայի ապագայի վերաբերյալ համաժողովը, որը պետք է անցկացվեր մայիսի 9-ին, բայց հետաձգվեց մինչև սեպտեմբեր, կնպաստի այդ բանավեճի հետագա զարգացմանը։

Կորոնավիրուսի համավարակը նոր լույս է սփռել մարդկանց և համընդհանուր բարօրության կարևորության վրա․ սրանք կարող են դառնալ այն հիմնական սկզբունքները, որոնցով Եվրոպան կարող է առաջ շարժվել։ Այս նպատակին հասնելու համար ԵՄ-ն պետք է վերամիավորվի եվրոպացիների հետ, որպեսզի մի կողմից ԵՄ օրինականությունը վերականգնի, մյուս կողմից էլ՝ Եվրոպայի համաշխարհային դերը՝ աշխարհում քաղաքացիների հետ համագործակցության հարցում։

Համավարակը ցույց է տվել, թե որքան լավ է կառավարության տարբեր մակարդակների միջև համագործակցությունը, այնքան առողջ և անվտանգ է հասարակությունը, և մեծ՝ տնտեսական վերականգնման հեռանկարները։ Եվրոպայի պատմությունը հեղհեղուկ է իր սխալ մեկնարկից հետո, բայց ի տարբերություն Միացյալ Նահանգների՝ նրա համակարգումը ուշագրավ է։

Եվրոպական միությունը շատ ավելի լավ է պատրաստված, քան պետությունները՝ համավարակի ընթացքում համագործակցության դրական սցենարները օգտագործելու և իր կառավարման համակարգը բարեփոխելու համար։

Որպեսզի ԵՄ-ն անցում կատարի կառավարման մարդակենտրոն մոդելի, այն պետք է դադարեցնի միջկառավարական աշխատաոճը, որը վերջին տասնամյակում գերիշխող էր որոշումների կայացման ժամանակ, և Եվրոպայի ներսում կապ հաստատի կառավարության տարբեր մակարդակների հետ՝ ԵՄ, ազգային, տարածաշրջանային և տեղական։ Սա միաժամանակ և՛ մարդակենտրոն քաղաքականություն ձևավորելու, և՛ քաղաքացիներին եվրոպական քաղաքականությանն ու որոշումերի կայացմանը մոտեցնելու միջոց է։

Միջազգայնորեն, կորոնավիրուսի կրկնակի ազդեցությունն ու համաշխարհային առաջնորդության բացակայությունը մղում են պառակտման և առաջ են բերում քաղաքական ու քաղաքացիական հետագա խռովությունների ռիսկեր։ Համաշխարհային կայունացման և լարվածությունը ցրող նախաձեռնությունների կարիքը մեծ է, մինչդեռ դրանց համար շատ քիչ տեղ կա։ Միջազգային կառավարման կառույցների բարեփոխումը դժվար թե տեղի ունենա մրցակից ուժերը արգելափակելու միջոցով։

Բայց ճգնաժամը նաև առաջ է բերել համաշխարհային համընդհանուր բարօրության հասկացությունների նոր ըմբռնումներ՝ շրջակա միջավայրի, առողջության, լավ կառավարման (good governance)։ Սա կարող է վերսկսել զրույցը պետությունների, կազմակերպությունների և համաշխարհային քաղաքացիական հասարակության կոալիցիաների և պետական դաշինքների միջև`  միջազգային համագործակցության վերանայման փորձերը կրկնապատկելու նպատակով:

Եվրոպան դեռևս կարևոր է ոչ միայն այն պատճառով, որ նրա համագործակցային անցյալը խաղաղություն և ժողովրդավարություն բերեց պատերազմից մասնատված մայրցամաքին, այլև քանի որ այն կարող է միավորել համավարակի դրական սցենարները և նպաստել համագործակցության ու կառավարման բարեփոխման ջանքերին։

Դրան հասնելու համար Եվրոպային անհրաժեշտ կլինի քաղաքական երևակայություն, ինչպես նաև համարձակություն։

Ռոզա Բալֆուր

Ռոզա Բալֆուրը Քարնեգի Եվրոպայի (Carnegie Europe) տնօրենն է։ Նրա փորձագիտության ոլորտներն են՝ եվրոպական քաղաքականությունը, ինստիտուտները, ինչպես նաև արտաքին և անվտանգության քաղաքականությունը։

@ROSABALFOUR

Բնօրինակի հեղինակ՝ Rosa Balfour, Carnegie Europe


Թարգմանիչ՝ Լիլիթ Արսենյան (Lilit Arsenyan) © Բոլոր իրավունքները պաշտպանված են։