Չինաստանի մտավախությունները՝ հանրային առողջապահության ապագայի հետ կապված

Ինչու Պեկինի օրինակը չպետք է դառնա գլոբալ

COVID-19 համավարակի տարածմանը զուգահեռ ամբողջ աշխարհում քաղաքացիները և ղեկավարները կրկին մտածում են այն մասին, թե ինչ է նշանակում ապահովել մարդկանց անվտանգությունը: Ազգային անվտանգության իմաստը փոփոխվում է. վերջերս անցկացված հարցման արդյունքների համաձայն՝ բազմաթիվ ամերիկացիների ընկալմամբ վարակիչ հիվանդությունը շատ ավելի մեծ սպառնալիք է, քան, ասենք, ահաբեկչությունը, միջուկային զենքերի տարածումը կամ Չինաստանի վերելքը։

Այդչափ միաձուլությունը ի՞նչ նշանակություն ունի առողջապահության ու անվտանգության համար: Ամբողջ աշխարհի ժողովրդավարություններն ու անձնիշխանությունները կմոտենան այս հարցին իրենց սեփական միջոցներով՝ համաձայն գաղտնիության, հսկողության և քաղաքացիական ազատությանն առնչվող և միմյանցից տարբերվող տեսակետների։  Բայց որոշներն ավելի մոտ կգտնվեն հարցի լուծմանը, քան մյուսները: Որպես համավարակի առաջին էպիկենտրոն, Չինաստանի մեկնարկը տպավորիչ էր, սակայն այն տեսլականը, որ մշակել է չինական ղեկավարությունը (մշտական հսկողություն՝ հանուն և՛ կենսաբանական, և՛ քաղաքական առողջության), մտավախություններ է առաջացնում։ Ժողովրդավարությունները առողջապահության և անվտանգության հետագա կապի համար պետք է մշակեն պարզ ու ակնհայտ մի տեսլական, որպեսզի Չինաստանի մոտեցումը չդառնա գլոբալ:

Կանխարգելել և վերահսկել

Հանրային առողջապահությանը վերաբերող չինաստանյան քննարկումներում անընդհատ հնչում է ֆանգկոնգ (fangkong) կամ «կանխարգելել և վերահսկել» արտահայտությունը: Չինաստանի նախագահ Սի Ծինփինը այս արտահայտությունը բազմիցս օգտագործել է, այդ թվում` բարձր մակարդակի հանդիպումների ելույթներում։ Այլ բարձրաստիճան պաշտոնյաներ ևս նման կերպ են վարվել։ Չինաստանի քաղաքականության խիստ պաշտոնական լեզվում բանալի արտահայտությունները հաճախ մեծ նշանակություն են կրում, և ֆանգկոնգը ևս բացառություն չէ: Այն վերաբերում է ճգնաժամի կառավարմանը՝  ներառելով իշխող ուժերի վերահսկողությունը (երկրում և դրա սահմաններից դուրս): Մեծ տարածում գտած տերմինը կարող է կիրառվել առողջապահության և անվտանգության հնարավոր սպառնալիքների համատեքստում: Ֆանգկոնգը մարմնավորում է Պեկինի ընկալումն առ այն, որ այդ երկու սպառնալիքներն ունեն նույն առանձնահատկությունները և, հետևաբար, կիրառելով միևնույն մոտեցումները՝ հնարավոր է հասնել նշված խնդիրների լուծմանը: Մայիսին, Սին հայտարարեց, որ COVID-19-ը պետք է կառավարվի «վաղ նախազգուշացման» համակարգերի և «ժամանակակից ու ճշգրիտ վերահսկողության» միջոցով. նա այդ ամենը կրկնում էր  մի  լեզվով, որով չինացի պաշտոնյաները նկարագրում են երկրի հանրային անվտանգության հետախուզական համակարգը, որը վերահսկում էր հանրությանը՝ կուսակցական իշխանությանը սպառնացող հնարավոր խռովությունից և անկայունությունից հետ պահելու համար: Չինաստանի ազգային անվտանգության հանձնաժողովը, որը Սիի ղեկավարությամբ գործող բարձրագույն մարմին է, հանդիպում հրավիրեց այս գարնանը՝ սոցիալական կայունությանը համավարակի թողած ազդեցությունը դիտարկելու համար:

Բայց և այնպես զուգահեռները շատ ավելի հեռու են գնում: Ֆանգկոնգը 1990-ականների վերջին և 2000-ականների սկզբին դարձավ սովորական արտահայտություն, որը հիմնականում կիրառվում էր ներքին անվտանգությանը վերաբերող հարցերում: Չինաստանի կոմունիստական կուսակցությունը դիտարկում էր հասարակությանը որպես ինժեներական մի նախագծի, որը կարող էր կատարելագործվել ավելի լավ համակարգերի և տեխնոլոգիաների միջոցով: Ֆանգկոնգը այս գաղափարի շրջանակներում ծավալված հասկացություն է: Օրինակ՝ 2000 թվականի մարտին, հյուսիսարևելյան Դալյան քաղաքը յոթ տարվա ընթացքում 450 միլիոն յուան հատկացրեց հանրային անվտանգության ներդրումներին՝ նպատակ ունենալով ընդլայնել «ֆանգկոնգյան համակարգը» և օգտվելով դրանից՝ պայքարել պոռնոգրաֆիայի, խաղամոլության, հանցագործության և Ֆալուն Գոնգի հետևորդների դեմ: 

Ժամանակի ընթացքում հանրային առողջապահության ոլորտում այս արտահայտությունը ստացավ լրացուցիչ իմաստ: 2001 թվականին այն հաճախ էր հանդիպում պաշտոնական մեդիայում, երբ Չինաստանի ղեկավարությունը սկսել էր միջոցներ ձեռնարկել ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի դեմ պայքարելու համար: «ՁԻԱՀ-ի կանխարգելման և վերահսկման (ֆանգկոնգ) աշխատանքները դեռ երկար ճանապարհ ունեն անցնելու»,- ապրիլին հաղորդեց People’s Daily ամսագիրը: Շուտով հանրային առողջապահության  արտակարգ իրավիճակների համար ֆանգկոնգը վերածվեց սովորական կոնցեպտի. 2003 թվականին տարածում գտավ ծանր ընթացքով Սուր շնչառական համախտանիշը (SARS), 2003 թվականին՝ Թռչնի գրիպը, և 2009 թվականին՝ Խոզի գրիպը: Արտահայտությունն իր տեղը գտավ Չինաստանի հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի պաշտոնական անվանման մեջ: 

2013 թվականին նախագահ Սիի շնորհիվ արտահայտությունը՝ որպես հանրային կարգախոս, վերականգեց իր շրջանառությունը: Սիին նախորդողները գերադասում էին օգտագործել «կայունության պահպանում» արտահայտությունը՝ խոսելով հասարակական կարգի սպառնալիքների և դրանց ի հայտ գալու մասին: Ի հակադրություն դրան՝ ներկայիս նախագահը որդեգրել է սոցիալական վերահսկողության ավելի նախազգուշական տեսլական, որը մարմնավորվել է՝ ուշադրության կենտրոնում ունենալով ֆանգկոնգը: Իրոք, այս նպատակին հասնելու համար Սին տարիներ է ծախսել՝ երկրի  ներպետական անվտանգության կառուցվածքը վերակազմավորելու  ուղղությամբ՝  կետրոնանալով  խստացված հսկողությանը, քաղաքացիների տեղաշարժերին հետևելուն, և հաճախ կոպիտ ու կանխարգելիչ պատիժներ էր սահմանում նրանց համար, ովքեր կուսակցության կարծիքով խախտել էին կանոնները: 

Երբ Ուհանում 2019 թվականին ի հայտ եկավ նոր կորոնավիրուսային վարակը, երկիր-կուսակցությունը խստացրեց հսկողության արդեն իսկ տպավորիչ համակարգը՝ ընդլայնելով տվյալների հավաքագրումը ներառելու  համար առողջական ցուցանիշները և էլ ավելի խիստ քննության տակ առնելով քաղաքացիների քայլերը: Հանրային անվտանգության տեղական մարմինները ընկերություններին օգնեցին ստեղծել առողջապահության վերահսկման նոր հավելվածներ, որոնք գրանցում էին մարդկանց մարմնի ջերմաստիճանի տվյալները, նրանց տեղաշարժն ու սոցիալական շփումները: Իրենց հերթին, հավելվածներ ստեղծողները փոխանցում էին այդ տվյալները ոստիկանությանը կամ այլ տեղական մարմիններին, որոնք գրանցում էին դրանք արդեն եղած տվյալների բազաներում՝ մեկուսացումների պահպանման վերահսկողությունը հեշտացնելու համար: Չնայած այս միջոցառումներն ի սկզբանե հադես են եկել ճգնաժամը հաղթահարելու մեխանիզմի շրջանակներում, սակայն, ամենայն հավանականությամբ, սրանցից շատերը մշտական կդառնան։

Կարծես թե, Չինաստանն առայժմ վերահսկում է համավարակը: Բայց այս ձեռքբերումն իր գինն ունի. այն հանրային առողջապահությունը դարձրել է Չինաստանի  «բազմակողմանի անվտանգության» գաղափարի մի մասը՝ խորացնելով երկրի հսկողական կառուցվածքը և սոցիալական վերահսկողությունը:

 «Իմունիզացնելով» քաղաքական համակարգը

Սիի կառավարման տարիներին հանրային առողջապահության անվտանգայնացումն ուղեկցվել է հանրային անվտանգության հավասարապես անհանգստած առողջապահմամբ։ Գոյություն ունեն քաղաքական և գաղափարախոսական հիվանդության բազում փոխաբերություններ։ «Վտանգավոր ինֆեկցիոն հիվանդությունների դեմ պայքարելու համար մենք պետք է շատ արագ կանխարգելիչ պատվաստում կազմակերպենք և բարձրացնենք իմունիտետը»,- 2016 թվականին իր ելույթի ընթացքում ասել է բարձրաստիճան պաշտոնյա Մեն Ցզյանչժուն՝ մեջբերելով «կանխարգելման և վերահսկման» գաղափարը։ Բայց Մենը ոչ թե հանրային առողջապահության ոլորտի աշխատակից էր, այլ երկրի ներքին անվտանգության պետ, ով ներկայացնում էր իր տեսլականը սոցիալական հսկողության պահպանման վերաբերյալ։ 

Նմանօրինակ բժշկական լեզու օգտագործվում էր նաև Սինծիանի վերաբերյալ պաշտոնական բառապաշարում, երբ իշխանությունները բանտարկել էին ավելի քան մեկ միլիոն ույղուրների և այլ կրոնական ու էթնիկ փոքրամասնությունների։ Չինաստանյան պաշտոնյաները այնտեղի սպառնալիքները (սովորաբար անջատողականության, կրոնական ծայրահեղության և ահաբեկչության «երեք չարիքները») պարբերաբար համեմատում են քաղցկեղի և ինֆեկցիոն հիվանդության հետ։ Բանն այն է, որ քաղաքացինների մասսայական ձերբակալությունները հոգատարության նշանն են, և այն բժշկի՝ հիվանդին բուժելու կամքն է, և ոչ թե տոտալիտար ռեժիմի սադրիչ գործողությունը։ Այսպես, համալսարանական մի խումբ, որին հանձնարարված էր պարզել վերուսուցման նպատակային ցուցիչները, իր աշխատանքը ներկայացրեց  հեռացման ենթակա «ուռուցքների» հայտնաբերումը՝ ենթադրաբար մինչ դրանց ճյուղավորում ստանալն ու տարածվելը, իսկ կուսակցական փաստաթղթերում խոսվում է բնակչության շրջանում «գաղափարական վիրուսները» արմատախիլ անելու մասին։

2017 թվականի հոկտեմբերին երիտասարդական կոմունիստական լիգայի կողմից թողարկվեց գրառում, որում օգտագործվում էր բժշկական անալոգիան նկարագրելու համար այն կանխարգելիչ միջոցառումների տևողությունը, որոնք ձեռնարկվում են այն անձանց նկատմամբ, ովքեր «արդեն իսկ վարակված են կրոնական ծայրահեղական հիվանդությամբ»․

«Ամեն պահի կա նման հիվանդության ինքադրսևորման վտանգ, որը կարող է հասարակությանը հասցնել լուրջ վնասներ։ Այդ իսկ պատճառով, նրանց պետք է ժամանակին տանել վերուսուցման հիվանդանոց՝  վարակը  ուղեղներից հանելու և վերականգնելու նրանց նորմալ գիտակցությունը։ Բուժման համար վերուսուցման հիվանդանոցում լինելը մարդկանց բռնի բանտարկման և պատժի համար փակի տակ պահելու միջոց չէ, այլ գործողություն բազմակողմանի փրկարարական առաքելության շրջանակում, որի նպատակն է հեռու պահել նրանց վտանգից»։ 

Իհարկե, սա այն ռեժիմն է, որը որոշում է, թե ովքեր կարող են «վարակվել», իսկ նրանք, ովքեր վարակի ենթադրյալ վտանգի տակ են, չեն կարող պնդել՝ ուզում են «փրկվել» թե «բուժվել»։ Սա է ֆանգկոնգի կոշտ տրամաբանությունը․ այն կենտրոնանում է  վտանգավոր  հիվանդության վրա, և ոչ թե հիվանդի բարեկեցության, այն վեր է դասում հասարակական անկարգությունների մասին մտահոգությունները մարդկանց անհատական իրավունքների պաշտպանությունից։ Մինչդեռ, «իմունիզացիայի» տրամաբանույթունը, որի մասին բարձրաձայնել են Մենը և այլք, ասում է, որ մարդականց անվտագությունը կախված է նրանց թիրախավորելուց և «բուժվելուց»` նախքան  վտանգավոր վարքագծի ախտանշանների ի հայտ գալը։ Սա թողնում է ընդամենը մի քանի սահմանափակում այն գործողությունների վրա, որոնք կարող է ձեռնարկել ռեժիմը՝ հանուն անվտանգության։ Վերջին մեկնաբանություններում «քաղաքական վիրուսի» անալոգիան դուրս էր եկել զուտ ներքին քաղաքականությունից։ Հոնկոնգի և Մակաոյի գործերով Չինաստանի  գրասենյակը հոնկոնգյան բողոքի ակցիան անվանել է «չարորակ վիրուս» և «վարակ», որն Ազգային անվտանգության նոր օրենքը միտում է ունեցել արմատախիլ անել: Չինաստանի ԱԳՆ խոսնակ Հուա Չունյինը անդրադարձել է նաև Միացյալ Նահանգներում  հակաչինական «քաղաքական վիրուսի» տարածմանը։ Պեկինի կողմից այսպիսի «ախտորոշումները» մեծացնում են հավանականությունը, որ Չինաստանի կոմունիստական կուսակցությունը նույն «կանխարգելում ու վերահսկողություն» գաղափարի իր իսկ սահմանները կիրառելով՝ կհասնի Հոնկոնգին և հավանաբար նույնիսկ   վերջինիս ավելի լայն արտաքին քաղաքականության։

Համաշխարհայի՞ն օրինակ

Հիվանդությունը՝ ոչ բժշկական վտանգների համար որպես փոխաբերություն կիրառելը Սիի Չինաստանի միակ առանձնահատկությունը չէ։ Բացի նրանից, իհարկե, նման հռետորաբանությունը Չինաստանի քաղաքականության կազմավորման միակ գործոնը չէ․ եթե թվենք մի քանիսը, ապա բյորոկրատական քաղաքականությունը, ռեսուրների սահմանափակումը, և հասարակական կարծիքը ևս ազդում են այն բանին, թե ինչպես են քաղաքական գաղափարները փոխակերպվում քաղաքականության։ Բայց սարսափելի և շարունակական համավարակի համատեքստում Չինասատանի կոմունիստական կուսակցության՝ առողջությունը և անվտանգությունը կապելու այս մոտեցումը, այնուամենայնիվ, կարող է համաշխարհային քաղաքականության վրա թողնել էական հետք։

Չինաստանը աշխարհում կորոնավիրուսի կառավարման իր ուրույն մոտեցումն է առաջ քաշում։ Այս աշխատանքն իրականացվում է արտաքին քաղաքականության գործիքների լայն տեսականու միջոցով՝ կառավարություններից միջև համագործակցություն և արտաքին օգնությունից մինչև  պրոպագանդա ու ապատեղեկատվություն։ Չինաստանի կառավարությունը վերջերս հրապարակեց պաշտոնական սպիտակ թուղթ՝ «Համաշխարհային համաճարակի հաղթահարումը»՝ աշխարհի հետ իր փորձը կիսվելու նպատակով: Թուղթը, ճգնաժամի հաղթահարման գործում, բարձր է գնահատել Չինաստանի կոմունիստական կուսակցության ղեկավարության դերը՝ պնդելով, որ այն թույլ տվեց Չինաստանին ստեղծել «կանխարգելման և վերահսկման (ֆանգկոնգ) մի խիստ համակարգ, որը ներառում է հասարակության բոլոր շերտերը»: Այլ պաշտոնական զեկույցները մանրամասն նկարագրում են Չինաստանի «կանխարգելման և վերահսկման համակարգը». այն կարող է ծառայել  օրինակ, որին  կարող են հետևել երկրները։ 

Քիչ երկրներ կարող են կրկնօրինակել Չինաստանի մեծամասշտաբ վերահսկողության ծավալուն համակարգը։ Որոշ երկրներ, ինչպիսիք են՝ Գերմանիան, Նոր Զելանդիան և Վիետնամը, գործի դնելով իրենց իսկ մոտեցումները, հաջողությամբ պայքարել են վիրուսի դեմ։ Այնուամենայնիվ, համավարակը կարող է բարձրացնել Չինաստանի ինտենսիվ հսկողության օրինակի գրավչությունը։ Նույնիսկ համավարակի բռնկումից առաջ Չինաստանի հսկողության և հանրային անվտանգության տեխնոլոգիան տեղ էր գտել  առնվազն 80 երկրում, քանի որ Չինաստանի տեխնոլոգիական ընկերությունները կարողացել էին առաջարկել ուղի՝ քաղաքային բռնի հանցանքների և այլ մարտահրավերների դեմ միջոցներ ձեռնարկելու համար։ Հսկողության տեխնոլոգիայի օգտագործումն ու արտահանումը  քիչ գլոբալ կարգավորումների առարկա է, և որտեղ էլ, որ գործում են միջազգային ստանդարտները, ապա դրանք մեծամասամբ սահմանված են Չինական տեխնոլոգիական ընկերությունների կողմից։ Չինաստանի այն ընկերությունները, որոնք ստանում են Պեկինի աջակցությունը, կարող են շատերին հավաստիացնել, որ առողջապահության վերահսկողության համար իրենց ուրույն մոտեցումը լավագույնն է, որը կարող է պայքարել վարակիչ հիվանդության դեմ, ըստ այդմ՝ COVID-19-ը, ամենայն հավանականությամբ, կարող է մեծացնել Չինասատանի տեխնոլոգիայի և դրա հետ կապված՝ «կանխարգելման և վերահսկողության» համակարգի նկատմամբ  վստահությունը՝ չնայած տվյալների պաշտպանության և գաղտնիության չնչին համակարգին կամ քաղաքացիական ազատությունների պաշտպանության բացակայության։

Միացյալ Նահանգները և այլ ժողովրդավարական երկրներ սխալներ չպետք է թույլ տան՝ թերագնահատելով Չինաստանի մոտեցումը այն երկրներում, որոնք անկարող են լուծել COVID-19-ի հասցրած անսովոր մարտահրավերները։ Ոմանք գուցե չգիտեն, թե էլ ուր պետք է դիմել, հատկապես համավարակի դեմ Միացյալ Նահանգների պայքարի գլոբալ ընկալման և Առողջապահության համաշխարհային կազմակերպությունից դուրս գալու Թրամփի վարչակազմի որոշման համատեքստում: Բայց ժողովրդավար երկրների ղեկավարները ավտոկրատ նախադեպերի  երկրաժամկետ ծախսերին չապավինելու համար պետք է ծանր ու թեթև անեն այս իրական կարիքները, քանի որ քաղաքականությունները, որոնք հաստատվել են ճգնաժամի ծանր պահերին, կարող են իրականացվել նույնիսկ անմիջական վտանգի սպառնալիքի անցումից հետո։ 

Չինաստանի մոտեցմանը կան նաև համոզիչ երկընտրանքներ, որոնցից շատերն առաջադրվել են Միացյալ Նահանգների դաշնակիցների և Ասիայում իրենց գործընկերների կողմից։ Հարավային Կորեան և Թայվանը, ի թիվս այլոց, ապացուցել են, որ հնարավոր է պայքարել արտակարգ գլոբալ առողջապահական ճգնաժամի դեմ՝ չհրաժարվելով գաղտնիությունից, քաղաքացիական իրավունքներից և ժողովրդավարական ազատություններից։ Նրանց մոտեցումները դեռևս պարունակում էին անհատական ազատության որոշակի վերահսկողություն և արգելանքներ, սակայն օրենսդրությունը զգուշորեն սահմանափակել է այս միջոցառումները՝  ուրվագծելով դրանց շրջանակը և ժամկետները  և համարելով դրանք ենթակա ժողովրդավարական վերանայման։ Օրինակ՝ Հարավային Կորեայում 2015 թվականին Մերձավոր Արևելքի շնչառական սինդրոմի տարածումից հետո ընդունված օրենսդրությունը թույլ է տալիս սահմանել վերահսկողության միջոցառումներ՝ պահանջելով, որ կառավարությունը թափանցիկորեն հրապարակի հստակ տվյալներ և վերացնի դրանք, երբ ճգնաժամն ավարտվի։ Թայվանում կարանտինը պետք է ժամանակային սահմանափակում ունենա և փոխհատուցվի, հետևաբար նախագահ Ցայ Ին Վենը հակադրվեց արտակարգ իրավիճակների հրամանագրերի կետերին՝ ասելով, որ գործող օրենդրությունը բավարար է։ Նույնիսկ արտակարգ իրավիճակի հրամանագիրի ընդունման դեպքում, դրանք դեռևս ենթակա են օրենսդրական քննարկման և վավերացման։

Ժողովրդավարական հասարակությունները շարունակելու են քննարկել իրավունքների սահմանափակումներըը, քանի որ նրանք բախվում են նոր տեխնոլոգիաների՝ հատկապես առողջապահության վերահսկողության ոլորտում։ Նրանց ոչ բոլոր նախնական պատասխանները կբավարարեն ընտրախավին, և դժվար թե նրանք միավորվեն մեկ, անփոփոխ «ժողովրդավարական մոդելի» շուրջ։ Բայց այն փաստը, որ ժողովրդավարական երկրները կարող են ազատորեն քննարկում իրականացնել, համեմատել  համակարգերը և հարմարեցվել քաղաքացիների մտահոգությունների լուծմանը, արդեն ավելի է պարզեցնում  Չինաստանի օրինակի հակապատկերը։

Ընդ որում,  նրանք, ովքեր արդեն փորձել և փորձարկել են COVID-19-ի լուծման ժողովրդավարական ռազմավարությունը, ինչպես, օրինակ, Հարավային Կորեան և Թայվանը, չեն կարող և չպետք է միայնակ առաջ քաշեն իրենց տեսլականը։ Հաջողության նրանց շանսերը ավելի բարձր կլինեն, եթե ստանան այլ ժողովրդավարական երկրների՝ հատկապես Միացյալ Նահանգների աջակցությունը։ Չինաստանն արդեն իսկ առաջ է քաշում առողջապահության և անվտանգության ընդհանուր ավտոկրատ տեսլականը․ արդեն ժամանակն է, որ ժողովրդավար երկրների ղեկավարները միավորվեն՝ իրական այլընտրանք ստեղծելու համար։

Բնօրինակի հեղինակ՝ Sheena Chestnut Greitens and Julian Gewirtz


Թարգմանիչ՝ Աիդա Սարիբեկյան (Aida Saribekyan) © Բոլոր իրավունքները պաշտպանված են: