Հարցազրույց «Ինլայթ» հանրային հետազոտությունների կենտրոն հասարակական կազմակերպության հանրային կապերի և մարքեթինգի բաժնի ղեկավար Ռուզաննա Հովհաննիսյանի հետ:
Գրեթե 4 տարի է` «Ինլայթ» թիմի մասն եք կազում. կմանրամասնե՞ք` ինչ ուղի եք անցել, ինչպե՞ս եք միացել թիմին և սկսել Ձեր կարիերան:
Կազմակերպությանը միացել եմ 2016 թվականին՝ ֆրանսիական բաժնի բացմանը զուգընթաց: Բոլոր վերլուծություններն արդեն թարգմանվելու էին նաև ֆրանսերեն, և հարկավոր էր մարդ, որը կզբաղվեր սոցցանցերում ֆրանսերեն քոնթենթի մշակմամբ, տարածմամբ՝ մեր նյութերը ֆրանսախոս հանրությանը հասանելի դարձնելու նպատակով: Որոշ ժամանակ անց սկսեցի զբաղվել նաև ռուսերեն, անգլերեն, ապա նաև հայերեն նյութերով: 2018-ին, երբ անվանափոխման պրոցեսն էր ընթանում, իսկ լսարանը զգալի չափով մեծանում էր, խորհրդի որոշմամբ ստեղծվեց սոց. մեդիա և մարքեթինգի բաժինը, որի համակարգման աշխատանքները վստահեցին ինձ: Այնուհետև միացան մեդիա և սոց. մեդիա բաժինները, և ես շարունակեցի զբաղվել համակարգմամբ:
Որպես «Հանրային կապերի և մարքեթինգ» բաժնի ղեկավար՝ ի՞նչ ռազմավարություն եք մշակել և կամ իրագործում բաժնի աշխատանքը բարելավելու համար: Ի՞նչ քայլեր եք ձեռնարկում ցանկալի որակի ապահովման համար:
Բաժինը կազմակերպության ամենամեծ բաժինն է: Ուստի համակարգված աշխատանքներ կազմակերպելը բավականին հետաքրքիր և միաժամանակ լուրջ մարտահրավեր է: Հիմնական ռազմավարությունը համակարգված աշխատանքների բաժանումն է: Յուրաքանչյուրն ունի իր գործառույթը և հստակ սահմանված պարտականությունները, առանձին-առանձին կատարվում են աշխատանքներ, այնուհետև դրանք ընդհանրանում են միասնական քննարկումներից հետո: Յուրաքանչյուր հրապարակում, որը տարածվում է սոցցանցերում, անցնում է մշակման մի քանի փուլ, այսպես է նաև վիդեո և ֆոտո քոնթենթի դեպքում: Ժամանակ առ ժամանակ բաժնի ներսում փոփոխում ենք դերերն ու գործառույթները, ինչն օգնում է, որ անդամները չձանձրանան և բացահայտեն իրենց հմտություններն այլ դաշտում կամ ձեռք բերեն նոր հմտություններ: Որակն ապահովվում է ներբաժնային և այլ բաժինների հետ փոխհամագործակցության և հետևողական աշխատանքի արդյունքում:
Ձեր գործունեության ընթացքում, որպես բաժնի ղեկավար, ո՞րն եք համարում Ձեր և բաժնի գլխավոր ձեռքբերումն ու հաջողությունը:
Ամենաբարդ և ամենակարևոր պրոցեսը հենց թիմ հավաքագրելը, վերջինիս համար ռազմավարություն մշակելն ու աշխատանքային առողջ մթնոլորտ ստեղծելն էր: Երբ աշխատանքները դրվեցին «անիվներ»-ի վրա, և բաժինը սկսեց իր հաջող ընթացքը, գրանցվեց առաջին հաջողությունը. սա ինձ համար ասոցացվում է հենց գլխավոր հաջողություն գաղափարի հետ: Իսկ գլխավոր ձեռքբերումը մեր բաժնի հիմնական գործառույթի՝ վերլուծությունները, հոդվածները և նյութական ողջ «պաշար»-ը հանրությանը հասանելի դարձնելու իրագործումն է: «Ինլայթ»-ն ունի իր հարթակը մի շարք սոցցանցերում, այստեղ ընդգրկված են մարդիկ՝ ամենատարբեր հետաքրքրությունների և նախասիրությունների: Մենք փորձում ենք մեր քոնթենթը հասանելի դարձնել բոլորին՝ իհարկե պահպանելով մեր ոճը ու հավատարիմ մնալով մեր սկզբունքներին:
Ըստ Ձեզ` ո՞րն է լավ թիմ ստեղծելու բանալին: Թիմում ինչպե՞ս պետք է ստեղծել վստահություն և հարգանք միմյանց նկատմամբ:
Փոխադարձ վստահություն և հարգանք ստեղծելու համար առաջին հերթին հարկավոր է տեսնել և ընդունել դիմացինիդ տաղանդը: Երբ մարդիկ նկատում են և փորձում են աջակցել դիմացինին կատարելագործելու վերջինիս քիչ առաջ ծնված «խենթ» կամ անիրատեսական գաղափարները, քաջալերում են միմյանց, հայտնվում են ջերմ ու հաճելի միջավայրում, որտեղ մթնոլորտ ստեղծողները հենց իրենք են: Բանալին մարդկանց մի փոքր ազատություն տալն է, այնուհետև հարկավոր է լինել հետևողական և աջակցել գաղափարներն իրականություն դարձնելու պրոցեսում:
Որո՞նք են ամենակարևոր հմտությունները, որոնք ձեռք եք բերել և օգտագործում եք այս պաշտոնում: Ինչի՞ն եք առաջնահերթություն տալիս աշխատանքի մեջ:
Ճկունություն, զբաղվածության և ծանրաբեռնվածության պարագայում ժամանակ հայթայթելու կարողություն, դե երևի թե՝ հանդուրժողականություն:
Առաջնահերթությունը տալիս եմ լսելուն, հասկանալուն և լուծումներ փնտրելուն: Շատ հաճախ որոշումներ կայացնելը թողնում եմ հենց թիմակիցներին: Այսպես բարձրանում է նաև պատասխանատվության զգացումը:
Անդրադառնանք մասնագիտական կրթությանը: Ըստ Ձեզ` պարտադի՞ր է ունենալ հատուկ մասնագիտական կրթություն այս ոլորտում աշխատելու համար: Ինքնակրթությունը և փորձը կարո՞ղ են լիովին փոխարինել մասնագիտական կրթությանը:
Երբ ինքնակրթությունն ու մասնագիտական կրթությունը դրվում են միևնույն հարթության վրա, և դրանք համեմատելու կամ մեկը մյուսից անջատելու փորձ է արվում, արդեն իսկ մի բան սխալ է ընթանում: Ես կարծում եմ, որ երկուսն անբաժան պետք է հանդես գան, մեկը մյուսին լրացնում է, սակայն երբեք չի փոխարինում: Այս ոլորտում աշխատելու համար կարծում եմ հարկավոր է ունենալ կա՛մ լավ լեզվական գիտելիքներ, կա՛մ լավ տեխնիկական գիտելիքներ, այս ամենն էլ համեմել մարքեթոլոգի հոտառությամբ, և կստացվի իդեալական մասնագետ: Երբ այս շղթայում բացակայում է օղակներից մեկը, թերի է դառնում ամեն բան:
Նոր կորոնավիրուսային համաճարակը ի՞նչ ազդեցություն է ունեցել «Ինլայթ»-ի և մասնավորապես Ձեր ղեկավարած բաժնի վրա:
Քանի որ մինչ համաճարակային իրավիճակը «Ինլայթ»-ում աշխատանքնեը արդեն իսկ գլխավորապես իրականացվում էին հեռավար եղանակով, մեծ փոփոխություններ, որպես այդպիսին, տեղի չեն ունեցել: Ազդեցությունն էլ բացասական չի եղել: Պարզապես ամիսներ շարունակ շեղվել ենք մի գեղեցիկ ավանդույթից. երբ երկու-երեք շաբաթը մեկ բաժնի հանդիպում էր կազմակերպվում բացօթյա կամ օֆիսային պայմաններում: Թեպետ լիահույս եմ, որ շուտով այս ավանդույթը կկարողանանք վերականգնել:
Այս շրջանում ի՞նչ աշխատանքներ են տարվում, ի՞նչ սպասենք Ձեր թիմից ապագայում:
Այս շրջանում «Ինլայթ»-ն ունի բազմաթիվ զիլ գաղափարներ ու ծրագրեր, որոնք իրագործման ճանապարհին են: Մեր թիմը ևս լծված է այդ գործին և պատրաստ է լուսաբանել ամենը: Ունենք նաև նոր նախագծեր իրագործելու պլաններ, որոնք դեռևս գաղտնի թող մնան: Ցանկանում ենք շուտով նաև վերսկսել մեր EnlightQuizzes շարքը:
Հարցազրույցը վարեց՝ Աննա Մանուկյանը