Ռուս-թուրքական համատեղ մշտադիտարկման կենտրոնի ստեղծման մանրամասների շուրջ
Նոյեմբերի 9-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ստորագրեցին համատեղ հայտարարություն՝ Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների լիակատար դադարեցման վերաբերյալ։ Հայտարարության մեջ տեղ գտած ինը դրույթներից յուրաքանչյուրն իր մեջ պարունակում է բազում դետալներ, որոնք հստակեցված չեն փաստաթղթում և ունեն լրացուցիչ պարզաբանման անհրաժեշտություն։
Եռակողմ այս հայտարարության տեքստից որպես կարևոր արձանագրում կարող ենք նշել այն հանգամանքը, որ ամեն գնով բանակցային գործընթացի մաս դառնալ ձգտող և պատերազմի ողջ ընթացքում Ադրբեջանական կողմին լիակատար աջակցություն ցուցաբերող Թուրքիային չհաջողվեց դառնալ այս համաձայնագրի կողմ։ Սակայն միամտություն կլիներ կարծել, որ Թուրքան այլևս ջանքեր չի գործադրելու՝ տարածաշրջանում և հակամարտության կարգավորման գործում իր մասնակցայնությունը ապահովելու համար։
Նոյեմբերի 10-ին թուրքական կողմի նախաձեռնությամբ Թուրքիայի նախագահ Ռ․ Էրդողանի և ՌԴ նախագահ Վ․ Պուտինի միջև տեղի ունեցած հեռախոսազրույցում Ռուսաստանի ղեկավարը թուրք գործընկերոջը ներկայացրել է եռակողմ հայտարարության մեջ տեղ գտած դրույթների էությունը։ Նաև կողմերը պայմանավորվել են հայտարարության մեջ տեղ գտած համալիր միջոցառումների իրականացման համատեքստում հետագա սերտ փոխգործակցության մասին։
Միևնույն օրը Ադրբեջանի նախագհի մամուլի գրասենյակը հանդես եկավ հայտարարությամբ՝ հայտնելով, որ Ադրբեջանի և Թուրքիայի նախագահները Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ հեռախոսազրույց են ունեցել։ Նշվում էր, որ վերջինիս ընթացքում կողմերը քննարկել են նաև տարածաշրջանում ռուս-թուրքական խաղաղապահ կենտրոն ստեղծելու հարցը։ Այս հայտարարությունը դարձավ նոր քննարկումների և մեկնաբանությունների առիթ։ Հարց էր առաջանում, թե խաղաղապահ առաքելության մեջ ինչպիսին է Թուրքիայի ներգրավվածությունն ու դերը։ Թեև հայտարարության մեջ ոչինչ ասված չէր խաղաղապահ առաքելության մեջ Թուրքիայի ներգրավվածության մասին, սակայն թուրքական կողմը պնդում էր, որ իրենք մասնակցելու են խաղաղապահ գործողություններին։ Մասնավորապես երկրի նախագահ Ռ․ Էրդողանը նոյեմբերի 11-ին հայտարարեց, որ նույն օրն առավոտյան Ռուսաստանի և Թուրքիայի միջև կնքվել է փոխըմբռնման հուշագիր՝ Լեռնային Ղարաբաղում հրադադարի ռեժիմի պահպանման և վերահսկման ռուս-թուրքական համատեղ կենտրոնի ստեղծման վերաբերյալ։ Էրդողանը նշեց, որ Թուրքիան Ռուսաստանի հետ միասին կզբաղեցնի իր տեղը խաղաղապահների շարքերում։
Նոյեմբերի 12-ին Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, ապա նաև ՌԴ Արտգործնախարարությունը հերքեցին այս պնդումը՝ որոշակի պարզաբանում մտցնելով խնդրի մեջ։ Պեսկովը հայտնեց, որ Լեռնային Ղարաբաղում խաղաղապահներ են լինելու բացառապես ռուսները, որոնք տեղակայված են լինելու շփման գծի երկայնքով։ Իսկ թուրք զինվորականների հետ փոխգործակցությունը լինելու է բացառապես մոնիթորինգային կենտրոնի շրջանակներում, որն էլ տեղակայված է լինելու Ադրբեջանի տարածքում։
Այսպիսով, նոյեմբերի 11-ին ՌԴ և Թուրքիայի Պաշտպանության նախարարությունների միջև տեսակապի միջոցով ստորագրված համատեղ հուշագիրը, փաստորեն, տեղավորվում է նոյեմբերի 9-ին կնքված եռակողմ հայտարարության 5-րդ կետի շրջանակներում, որտեղ նշվում էր, որ պայմանավորվածությունների կատարման նկատմամբ վերահսկողության արդյունավետության բարձրացման նպատակով ձևավորվում է հրադադարի վերահսկողության խաղաղապահ կենտրոն։ Կենտրոնը պետք է իրականացնի հակամարտող երկրների կողմից հրադադարի դրության պահպանման և պայմանավորվածությունները խախտելու վերաբերյալ տեղեկատվության հավաքման ու ստուգման գործառույթներ: Կապված կենտրոնի կոնկրետ տեղակայման վայրի և գործառույթների հստակեցման հետ, ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտնել է, որ «Թուրքական դիտորդների տեղաշարժման սահմանները սահմանափակվում են այն աշխարհագրական կոորդինատներով, որանք կսահմանվեն Ադրբեջանի տարածքում հրադադարի վերահսկման ռուս-թուրքական համատեղ կենտրոնի համար: Դա Ադրբեջանի այն տարածքն է, որը մոտ չէ Ղարաբաղին, և հավելյալ կհամաձայնեցվի»: Ամեն դեպքում ռուսական կողմի հավաստիացումների հիման վրա կարելի է ասել, որ Արցախում խաղաղապահ առաքելությունը իրականացնում և իրականացնելու են միայն ռուսական ուժերը, և բացառված է թուրքական ուժերի ներկայությունը Արցախում:
Սրանից բացի Լավրովը հայտարարել է, որ ստեղծվելիք մոնիթորինգային կենտրոնը աշխատելու է հեռավար ռեժիմով՝ անօդաչուների կիրառմամբ: Օգտագործվելու են օբյեկտիվ վերահսկման տեխնիկական միջոցներ, որոնք թույլ են տալու տեսնել իրավիճակը Լեռնային Ղարաբաղում՝ առաջին հերթին շփման գծում, և որոշել, թե կողմերից որը կարող է խախտել ռազմական գործողությունների և կրակի դադարեցման պայմանները:
Կենտրոնի տեղակայման կոնկրետ վայրի և դրա գործունեության մանրամասների հստակեցման շուրջ կողմերը երկար բանակցություններ էին վարում: Նոյեմբերի 22-ին Թուրքիայի նախագահի խորհրդական Իբրահիմը Քալընը հայտարարեց, որ բանակցությունների առաջին փուլն ավարտված է, և Ռուսաստանը տեղյակ է Թուրքիայի մոտեցումներին: Կողմերի միջև այս հարցով բանակցությունների՝ ընթացքի մեջ գտնվելու մասին հայտնելուց զատ, թուրքական կողմը բաց չէր թողնում առիթը հայտարարություններում խոսելու այն մասին, որ միջազգային կազմակերպությունները հակամարտության լուծման որևէ խելամիտ տարբերակ այդպես էլ չկարողացան առաջարկել, և որ 30-ամյա կոնֆլիկտի լուծման շուրջ Անկարան և Մոսկվան հաջողեցին հասնել համաձանության: Անկարան այսպիսով փորձում էր ամեն կերպ շեշտել իր մասնակցայնությունն ու ներկայությունը հարցի կարգավորման գործընթացում:
Նոյեմբերի 17-ին Թուրքիայի Մեջլիսը ձայների մեծամասնությամբ ընդունեց նախօրեին երկրի նախագահի ստորագրությամբ խորհրդարան բերված օրենքի այն նախագիծը, որը նախատեսում էր էր ռուս-թուրքական մոնիթորինգային կենտրոնի ստեղծման համար Ադրբեջան ուղարկել թուրք զինվորականների: Օրենքի ընդունումը լեգիտիմ իրավական հիմք է ստեղծել այս տարածաշրջանում Թուրքական ռազմական ներկայության համար:
Նոյեմբերի 24-ին Reuters-ը գրեց, որ հրադադարի վերահսկման ռուս-թուրքական միասնական կենտրոնի ստեղծման շուրջ պայմանավորվածության ձեռքբերումից հետո, այժմյան բանակցություններում կողմերի անհամաձայնությունը կայանում է նրանում, որ Անկարան ցանկություն ունի Ադրբեջանում հիմնել իր առանձին, սեփական կենտրոնը՝ դրանով միանշանակ նպատակ հետապնդելով տարածաշրջանում ավելի ամրացնել իր դիրքերը: Աղբյուրը նշում էր, որ Թուրքիան այս առանձին կենտրոնի ստեղծումը համարում է անհրաժեշտություն, որին տրամաբանորեն դեմ է ռուսական կողմը, թեև չէր բացառում, որ Մոսկվայում շարունակվող բանակցություններում հնարավոր կլինի հասնել կոնսենսուսի: Դեկտեմբերի 1-ին Թուրքիայի ՊՆ-ն պաշտոնական հայտարություն տարածեց այն մասին, որ Ադրբեջանի տարածքում ռուս-թուրքական համատեղ մշտադիտարկման կենտրոնի ստեղծման տեխնիկական մանրամասների շուրջ կողմերի բանակցություններն ավարտվել են, և կնքվել է համաձայնագիր: հայտարարության մեջ նշվում է, որ կենտրոնը նախատեսում է ամենակարճ ժամկետում սկսել աշխատանքները: Այլ մանրամասներ չեն ներկայացվում: Ռուսական կողմը սկզբնական ժամերին այս առիթվ տարածում էր միայն Թուրքիայի ՊՆ հաղորդագրությունը: Ավելի ուշ, ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը հայտնեց, որ համաձայնագիրը նախատեսում է մոնիթորինգային կենտրոնի կազմակերպչական կառուցվածքում ունենալ հավասար թվով ռուսական և թուրքական անձնակազմ: Կենտրոնի գործունեության ու տեղակայման վայրի հետ կապված այլ մանրամասներ դեռևս չեն հրապարակվել:
Որքան էլ Ռուսաստանը ձգտի տարածաշրջանում Թուրքիայի ներկայությանը մինիմալի հասցնել, Թուրքիան ստեղծված իրավիճակից ջանալու է քաղել ամեն հնարավորը: Թեև ռուս-թուրքական համագործակցության շրջանակում տարածաշրջանում թուրքական զինվորական կոնտինգենտի տեղակայումը արդեն իսկ ռազմական ներկայություն է, ամենայնիվ բարենպաստ պայմանների դեպքում դա կարող է և առավել լրջացվել: Դեկտեմբերի 1-ին կնքված համաձայնագրի մանրամասների վերաբերյալ տեղեկությունների բացակայության ֆոնին ստեղծվելիք կենտրոնի հետ կապված շատ հարցեր շարունակում են մնալ մշուշոտ: Ամեն դեպքում պետք է նշել, որ հայկական կողմը այս հարցը ևս չպետք է անուշադրության մատնի, և ընթացող զարգացումները պետք է ստանան սթափ գնահատական:
Հեղինակ՝ Անահիտ Կարապետյան (Anahit Karapetyan) © Բոլոր իրավունքները պաշտպանված են: