Անցյալ տարվա մարտին Taiex-ի գործողությունն ավարտվեց հանցավոր խմբավորման ղեկավարի ձերբակալությամբ, ով ամբողջ աշխարհում ավելի քան 100 ֆինանսական հաստատությունների դեմ հարձակումներ էր կազմակերպել վնասակար Carbanak և Cobalt ծրագրերի միջոցով: Այդ իրավապահպան գործողություններին մասնակցում էին Իսպանիայի ազգային ոստիկանությունը, Եվրոպոլը, FBR-ը, Ռումինիայի, Մոլդովայի, Բելառուսի և Թայվանի իշխանությունները, ինչպես նաև կիբերանվտանգության ոլորտի մասնավոր ընկերությունները: Հետաքննող մարմինները պարզել էին, որ հակերները ակտիվ գործունեություն էին ծավալել ոչ պակաս քան 15 երկրներում:
Մենք բոլորս գիտենք, որ փողն արագ է շրջանառվում ամբողջ աշխարհում: Ինչպես ցույց է տվել Taiex գործողությունը, կիբերհանցագործությունները նույնպես արագ են տարածվում` ավելի ընդունակ դառնալով միջսահմանային արագ համագործակցության: Հանցագործները, այլ երկրների հանցակիցների հետ համագործակցելով, դառնում են ավելի արագ ու կենսունակ:
Կիբերանվտանգ աշխարհ ստեղծելու համար պետք է համաշխարհային մասշտաբով գործենք նույնքան արագ և հետևողականորեն, որքան հանցագործները: Այլևս բավարար չէ միայն համաշխարհային սպառնալիքներին դիմակայելու համար հենվել մեր սեփական ռեսուրսների վրա: Երկրները ազգային և միջազգային մակարդակով պետք է անեն ավելին իրենց ուժերը համակարգելու համար:
Ինչպես լավագույնս աշխատել միասին
Առաջին հերթին մասնավոր հատվածը մեզ առաջարկում է օպտիմալ համագործակցության բազմաթիվ օրինակներ: Արդյունաբերությունը պետք է գովաբանվի շատ ոլորտներում ղեկավար դեր ստանձնելու համար` մշակելով տեխնիկական կանոնակարգեր և ռիսկերի կառավարման ստանդարտներ՝ տեղեկատվության փոխանակման ֆորումներ կազմակերպելու և զգալի ռեսուրսներ ծախսելու համար: Միջազգային մարմինները, ներառյալ G7-ի և Բազելյան կոմիտեի կիբերանվտանգության փորձագիտական խմբերը տեղեկատվություն տարածում և ներկայացնում են ճիշտ վերահսկողական պրակտիկա ֆինանսական ոլորտի վերահսկողների համար: Սա շատ կարևոր գործ է:
Բայց ավելին պետք է արվի, մանավանդ եթե մենք առաջնորդվենք գլոբալ մոտեցմամբ: Գոյություն ունի չորս ոլորտ, որոնց միջոցով միջազգային հանրությունը կարող է համախմբել իր ջանքերը և աջակցել երկրի մակարդակով իրականացվող աշխատանքներին:
Առաջինը մենք պետք է ավելի խորը հասկանանք առկա ռիսկերը՝ սպառնալիքների աղբյուրն ու բնույթը և դրանց հնարավոր ազդեցությունը ֆինանսական կայունության վրա: Այս ռիսկերը ավելի լավ հասկանալու համար ավելի շատ տվյալներ են անհրաժեշտ հաջող կիբերհարձակումների սպառնալիքների և ազդեցությունների վերաբերյալ:
Երկրորդ՝ պետք է ամրապնդենք համագործակցությունը սպառնալիքների հետախուզության, դեպքերի հաղորդման և ճկունության ու արձագանքման լավագույն փորձի վերաբերյալ: Անհրաժեշտ է բարելավել հաղորդակցությունը մասնավոր և հանրային հատվածների միջև, օրինակ, նվազեցնել բանկերի համար այն խոչընդոտները, որոնք առկա են խնդիրների դեպքում վերահսկիչներին և իրավապահ մարմիններին զեկուցելիս:
Յուրաքանչյուր երկրի տարբեր գերատեսչություններ պետք է պահեն, պահպանեն անխափան հաղորդակցություն: Եվ ամենից դժվարը՝ բարելավեն երկրների միջև տեղեկատվության փոխանակումը։
Երրորդ՝ անհրաժեշտ է հասնել առավել մեծ համախմբվածության կարգավորման գործընթացում: Երկրներն այսօր ունեն տարբեր չափանիշներ, կանոնակարգեր և օգտագործում են տարբեր տերմինաբանություն: Այս անհամապատասխանության նվազեցումը կնպաստի տեղեկատվության ավելի լայն տարածմանը:
Չորրորդ՝ երկրները պետք է պատրաստ լինեն խուսափել հարձակումներից՝ գիտակցելով, որ դրանք ապագայում կարող են տեղի ունենալ: Ճգնաժամային պատրաստության և պատասխան միջոցառումների արձանագրությունները պետք է մշակվեն ինչպես ազգային, այնպես էլ անդրսահմանային մակարդակներում, որպեսզի հնարավոր լինի արագ իրականացնել պատասխան միջոցառումներ և վերականգնել համակարգի աշխատանքը: Ճգնաժամային դասընթացների վարժանքները այժմ խիստ կարևոր դեր են խաղում կայունության բարձրացման և ճգնաժամերին արձագանքելու կարողության հարցում` բացահայտելով աշխատանքային գործընթացների և որոշումների կայացման բացերը և թույլ կողմերը:
Գլոբալ փոխհարաբերությունների ընկալում
Քանի որ կիբերհարձակում կարող է տեղի ունենալ աշխարհի ցանկացած վայրից և իրականացվել միաժամանակ բազմաթիվ ուղղություններով, հակաճգնաժամային արձանագրությունները պետք է ձևակերպվեն տարածաշրջանային և գլոբալ մակարդակներում:
Սա նշանակում է, որ համապատասխան մարմինները պետք է նախապես իմանան «ում են դիմելու» մոտակա և, իդեալական տարբերակի դեպքում, հեռավոր երկրներում ճգնաժամի ժամանակ: Փոքր կամ զարգացող երկրների համար սա խնդիրը է, որը պահանջում է միջազգային հանրության ուշադրությունը: Դրանցից շատերի համար ֆինանսական համակարգ մուտք գործելը կախված է համաշխարհային բանկերի կողմից տրամադրված ֆինանսական ծառայություններից կամ թղթակցային հաշիվներից: Միջսահմանային արձագանքման արձանագրությունների մշակումն օգնում է երկրներին հասկանալ ճգնաժամի ընթացքում իրենց պարտականությունների բաշխումը և նպաստում է ճգնաժամի ընթացքում համակարգված արձագանք ապահովելուն:
G7-ի երկրները հիանալի սկիզբ են դրել կիբերանվտանգության ոլորտում համագործակցության համար, բայց այս աշխատանքները պետք է տարածվեն բոլոր երկրների վրա առանց բացառության:
ԱՄՀ-ն դրանում կարող է կարևոր դեր ունենալ: Այլ միջազգային կազմակերպությունների համեմատությամբ երկրների շատ ավելի լայն շրջանակի ընդգրկմամբ պայմանավորված՝ ԱՄՀ-ն հնարավորություն ունի համաշխարհային մակարդակի բարձրացնել զարգացող և անցումային տնտեսություններին հուզող խնդիրները: Քանի որ հարձակումը կարող է իրականացվել ցանկացած վայրից, զարգացած երկրները, ի վերջո, շահագրգռված են համագործակցել այլ երկրների հետ՝ տեղեկատվության փոխանակման, համակարգման և ինստիտուցիոնալ կարողությունների ձևավորման տեսքով:
ԱՄՀ-ն աշխատում է այն երկրների հետ, որոնք պետք է ուժեղացնեն, զարգացնեն այդ կարողությունները, ձեռք բերեն հմտություններ և գիտելիքներ, որոնք անհրաժեշտ են կիբերանվտանգության սպառնալիքները ճանաչելու և արդյունավետորեն հաղթահարելու համար: Սա այն է, ինչ անում են մեր միջազգային գործընկերները, և մենք պարբերաբար աշխատում ենք մի շարք պետական և մասնավոր հատվածների շահագրգիռ կողմերի հետ:
Հաջող կիբերհարձակումները կարող են խոչընդոտել ֆինանսական զարգացմանը՝ անվստահություն ստեղծելով, մանավանդ, երբ անձնական և ֆինանսական տվյալները վտանգված են:
Եթե օգտվենք նոր տեխնոլոգիաներից, որոնք կարող են նպաստել շուկաների զարգացմանը և ֆինանսական ծառայությունների հասանելիության ընդլայնմանը, մենք պետք է պահպանենք վստահությունը և ապահովենք տեղեկատվական ու հաղորդակցական տեխնոլոգիաների անվտանգությունը: Կիբերանվտանգության ապահովման նպատակով իրականացվող աշխատանքները երբեք չեն դադարում այն պարզ պատճառով, որ փոփոխությունների տեմպն աներևակայելիորեն արագ է:
Թարգմանիչ՝ Նարինե Պետրոսյան (Narine Petrosyan) © Բոլոր իրավունքները պաշտպանված են: