Հեգեմոն ուժերի տեղաշարժը ժամանակակից աշխարհում. ԱՄՆ և Չինաստան

https://nationandstate.com/2019/05/31/auerback-american-global-hegemony-is-breaking-down-heres-what-comes-next/

Նյութը հրապարակվում է «Ինլայթ» ՀԿ-ի կողմից կազմակերպված «Վերլուծական պրակտիկա» ծրագրի շրջանակում:

21-րդ դարում հեգեմոնիայի դրսևորման առանձնահատկությունների ուսումնասիրությունն ունի կարևոր նշանակություն: Միջազգային հարաբերություններում ժամանակ առ ժամանակ տեղի է ունենում ուժերի վերադասավորում, որի արդյունքում փոփոխման է ենթարկվում ուժերի հավասարակշռությունը և հեգեմոն կարգը, որոնք իրենց հերթին հանգեցնում են մի շարք հարցերի ի հայտ գալուն․ արդյո՞ք 21-րդ դարում գոյություն ունի հեգեմոն կարգ իր դրսևորման մաքուր ձևով, ինչպիսի՞ փոխակերպումների են ենթարկվում նախկինում հեգեմոն (տերմինը լատիներեն բառ է, որը թարգմանաբար նշանակում է իշխանություն, առաջնորդող, ղեկավար և այլն) համարվող ուժերը, ի՞նչ ազդեցություն ունի հեգեմոն համարվող ուժերի պայքարը գործող աշխարհակարգի վրա և այլն: Այս հարցադրումներին պատասխանելու համար անհրաժեշտ ենք համարում ուսումնասիրել հեգոմոն կարգի տեսամեթոդաբանական հիմքերը և վերհանել հեգեմոն կարգի առանձնահատկությունները փոփոխվող աշխարհի պայմաններում՝ ԱՄՆ-ի և Չինաստանի օրինակով: 

Քննադատական ռեալիստների (Ա.Գրամշի, Է. Լակլաու, Շ Մուֆֆի) կողմից առաջ քաշված մոտեցմամբ հեգեմոնիան դիտարկվում է որպես ուժերի տեղաշարժ: Առաջարկվող մոտեցման մեկնակետը իշխանության բազմազան շարժումներն են հեգեմոն կարգի շրջանակներում: Հեգեմոնիան ուժն է, որն ի հայտ է գալիս տերությունների այս շարժումների խաչմերուկում և փոխազդեցություններում: Սրանք դրսևորվում են և՛ դրսից ներս, և՛ ներսից դուրս ուղղություններով:

Հեգեմոնիան՝ որպես ուժի շարժում ունի որոշակի ուժի և այն գործադրողների միջև փոխհարաբերությունների բնույթ։ Այստեղ առանձնահատուկ նշանակություն ունի երկու հարց. ուժը արտաքին բնութագրիչ է, թե՞ ներքին և արդյո՞ք նպատակ ունի փոխել միայն իր օբյեկտների արտաքին վարքը, թե՝ նաև ազդել դրանց ներքին կազմի և ինքնության վրա: Առաջին դեպքում ուժը թիրախավորում է իր օբյեկտների արտաքին վարքը, այլ կերպ ասած ուժի արտաքին բնութագրիչները ավելի շոշափելի և տեսանելի են: Որպես օրինակ կարող է հանդիսանալ տվյալ պետության սպառազինությունը, այլ պետությունների նկատմամբ պատժամիջոցների կիրառումը, ռազմաբազաների տեղակայումը: Այս առումով հատկանշական է, որ Չինաստանը 2017 թվականին Ջիբուդիում ռազմաբազա հիմնեց՝ կարևոր ռազմավարական տարածք Սուեզի ջրանցքի մոտ: Դա իր տարածքից դուրս գտնվող առաջին ռազմաբազան էր: 

Երկրորդ դեպքում շեշտադրվում է ուժի ներքին բնույթը: Ներքին բնութագրիչը ի տարբերություն արտաքինի, կարող է չլինել չափելի և շոշափելի: Նման բնութագրիչի օրինակ է ինքնությունը, որի շուրջ տեղի է ունենում հասարակության համախմբում, օրինակ՝ գերմանացիների համախմբումը իրենց արիացի լինելու գաղափարի շուրջ: Լավագույն օրինակ է նաև ամերիկյան երազանքը, կամ վերջին տարիներին ի հայտ եկած չինական երազանքը:

Այսպիսով, այս հարցադրումների արդյունքում կարելի է տարբերակել ուժի չորս տարբեր շարժումներ, որոնք համապատասխանում են միջազգային հարաբերություններում հեգեմոնիայի չորս տարբեր տիպերին: Դիտարկենք այս տիպերը՝ ներկայացնելով միջազգային հարաբերություններում երկու կարևոր դերակատարների՝ ԱՄՆ-ի և Չինաստանի հեգեմոն ձգտումների զարգացման դինամիկան:

Երկբևեռ աշխարհակարգի փլուզումից հետո առաջացավ երկու տեսակի լարվածություն. առաջինը կապված էր գերիշխող համաշխարհային ուժի թուլացումից հարևան երկրների օգտվելու ցանկության հետ, երկրորդը` փլուզված կամ թուլացած գերիշխող ուժի ջանքերի հետ, որն ուղղված էր ծայրամասերում իր իշխանության վերականգնմանը: Սառը պատերազմին հաջորդող տարիներին ԱՄՆ գերիշխանությամբ ձևավորվեց միաբևեռ աշխարհակարգ, սակայն այն համեմատաբար կարճ կյանք ունեցավ: Հարկ է նշել, որ եթե մինչև 21-րդ դարի երկրորդ տասնամյակ ԱՄՆ-ի հեգեմոնիայի տարածման համար դաշտը հիմնականում ազատ էր և առերես խոչընդոտների չէր հանդիպում, ապա այժմ ԱՄՆ-ն ստիպված է հաշվի նստել այնպիսի ուժերի հետ, որոնք համարվում են տարածաշրջանային լիդերներ կամ ունեն հավակնություններ այդպիսին դառնալու, ինչպես օրինակ՝ ՌԴ, Իրան, ԵՄ, ինչպես նաև Չինաստան:

Չինաստանի քաղաքականությունը 21-րդ դարում տեսականորեն կարելի է բաժանել երկու մեծ շրջանների՝ մինչև Սի Ծինփինի նախագահությունը, և նրա նախագահությունից ի վեր: Առաջին շրջանում Չինաստանը վարում էր պրոտեկցիոնիզմի քաղաքականություն և, կարելի է ասել, փորձում էր զարգանալ որպես տարածաշրջանային ակտոր՝ միաժամանակ հող պատրաստելով համաշխարհային ձգտումների համար: Սի Ծինփինի նախագահությունից ի վեր ամեն ինչ փոխվեց: 2012 թվականին նա առաջին անգամ խոսեց «Մեծ երազանքի» մասին, որը հետագայում հայտնի դարձավ որպես չինական երազանք: Այն իր մեջ ներառում էր հետևյալը՝ հզոր և հարուստ պետություն, ազգային զարթոնք, ժողովրդի երջանկություն, ժողովրդավարություն: Այս ժամանակ հիմք դրվեց այսպես կոչված ծայրամասային դիվանագիտությանը, և Չինաստանը սկսեց ներգրավման քաղաքականություն վարել տարածաշրջանի հարևան երկրների հետ: Ըստ այդ քաղաքականության՝ Չինաստանը փորձելու էր խթանել հարևանների հետ բարեկամությունն ու գործընկերությունը, համախմբել բարեկամական հարաբերությունները և խորացնել նրանց հետ փոխշահավետ համագործակցությունը, որը կապահովեր Չինաստանի զարգացումը, ինչն էլ իր հերթին ավելի շատ օգուտներ կբերեր հարևաններին: Երկար դադարից հետո հենց այս ժամանակ առաջին անգամ խոսվեց «ավելի շատ օգուտների» մասին: Այս շրջանում Չինաստանը հանդես է գալիս որպես տարածաշրջանային լիդեր՝ սկսելով «նոր մետաքսի ճանապարհի» նախագիծը:

Հեգեմոնիան կարելի բնորոշել նաև ուժերի տեղաշարժի մոտեցմամբ՝ դիտարկելով հեգեմոնիայի չորս եղանակները՝ հարկադրանքի վրա հիմնված հեգեմոնիա, համաձայնության վրա հիմնված հեգեմոնիա, ներգրավման վրա հիմնված հեգեմոնիա և ներքին կյանքի վերահսկման վրա հիմնված հեգեմոնիա:

Արտաքին, դեպի դուրս (outside out): Հեգեմոնիան դիտարկվում է որպես ուժի տիրապետում (նյութական հնարավորությունների տեսանկյունից) և այս ուժի գործիքային օգտագործումը ուղղված է համաշխարհային քաղաքականության մեջ լիդերություն կամ գերակայություն ապահովելուն: Շարժման այս ուղղությունը արտահայտվեց ԱՄՆ-ում Սառը պատերազմի ավարտից հետո նյութական հնարավորությունների, ինչպես նաև թշնամու փաստացի բացակայության պայմաններում` համաշխարհային քաղաքականության մեջ լիդերություն կամ գերակայություն ապահովելու ԱՄՆ-ի ձգտմամբ: Օրինակ՝ 1990 թվականին Իրաքի հարձակումը Քուվեյթի վրա ԱՄՆ-ի համար առիթ էր պահպանելու իր ռազմական ներկայությունը տարածաշրջանում։ Մեկ այլ օրինակ, արդեն 21-րդ դարի սկզբին՝ 9/11 դեպքերից հետո, ԱՄՆ-ի նախագահ Ջ. Բուշը, ահաբեկչության դեմ պայքարի պատրվակով ներխուժեց Աֆղանստան և Իրաք:

Արտաքին, դեպի ներս (outside in): Հեգեմոնիան դիտարկվում է որպես հատուկ ռազմավարություն, որը նպատակաուղղված է ստեղծել ընդհանուր համոզմունքներ և համախմբվածություն՝ լիդերության կամ գերիշխանության հասնելու համար՝ համաձայնության հիման վրա, այլ ոչ թե հարկադրանքի: Այս ուղղության օրինակ են ԱՄՆ-ի և Չինաստանի ինստիտուցիոնալ նախաձեռնությունները: ԱՄՆ-ն փորձում էր իր ստանձնած դերը հավաքական մեխանիզմներում` ՆԱՏՕ, G7, և այլ կազմակերպություններում, ներկայացնել որպես «առաջինը հավասարների շարքում»՝ «միաբևեռ պլյուրալիզմի» տեսքով: Չինաստանի դեպքում այս ուղղությունը արտահայտվեց «նոր մետաքսի ճանապարհի» նախագծի ի հայտ գալով: Վերջին շրջանում այն զարգանում է Գոտու և ճանապարհի նախաձեռնության շրջանակներում: Այս նախաձեռնության միջոցով Չինաստանը ներդրումներ է կատարում աշխարհի տարբեր երկրներում՝ դառնալով աշխարհաքաղաքական գործընթացների կարևոր դերակատար, և փորձում է առանձին բևեռ ստեղծել՝ հետագայում ԱՄՆ-ի կողմից հնարավոր ճնշումները կանխելու կամ դրանց դիմակայելու նպատակով:

Ներքին, դեպի դուրս (inside out): Հեգեմոնիան դիտարկվում է որպես սոցիալ-մշակութային նախագիծ, որի նպատակն է իմիտացիա առաջացնել համաշխարհային քաղաքականության շրջանակներում, միաժամանակ իրենից ենթադրելով սոցիալ-մշակութային տարբեր ծրագրեր և գոյության ձևեր: Այս դեպքում հարկ է խոսել չինական փափուկ ուժի քաղաքականության մասին, որի լավագույն օրինակներ են հանդիսանում Կոնֆուցիոսի ինստիտուտների հիմնումը տարբեր երկրներում և չինական համալսարաններում արտասահմանցի ուսանողներին կրթաթոշակներ տրամադրելը:

Ներքին, դեպի ներս (inside in): Հեգեմոնիան դիտարկվում է որպես ուժի դիֆուզիոն ապարատ, որը նպատակաուղղված է անհատի ներքին կյանքի վերահսկմանը և կառավարմանը: ԱՄՆ-ում այս ուղղությունները իրենց արտահայտությունը գտան Օբամայի վարչակարգի օրոք: Օբամայի վարած քաղաքականության հիմնական, ինչ-որ առումներով քողարկված թեզը հետևյալն էր. ԱՄՆ-ն ուղակիորեն չի ներգրավվում պատերազմների մեջ, այլ սատարում է այն երկրների հասարակություններին, որտեղ ինքնաբուխ պայքար է սկսվում ժողովրդավարական կարգերի հաստատման համար:

Եթե փորձենք տարբերակել, թե ինչի վրա է հիմնվում ԱՄՆ-ն հեգեմոն շարժումներում, ապա կնկատենք, որ ներկայումս այնտեղ ձևավորվել է խառը մոդել, որը ներառում է իր մեջ և՛ հարկադրանք, և՛ ներգրավում: Ինչ վերաբերում է չինական հեգեմոն ձգտումներին, ապա դրանք թե՛ տարածաշրջանային, թե՛ համաշխարհային առումներով հիմնականում հիմնված են ներգրավման և ընդհանուր համոզմունքներ ստեղծելու վրա: 

Նշենք, որ չնայած այս երկրների հեգեմոն ձգտումներին, այսօր աշխարհը երկբևեռ չէ այլ՝ բազմաբևեռ, քանի որ բացի ԱՄՆ-ից ու Չինաստանից կան նաև այլ պետություններ, որոնք, թեկուզ տարածաշրջանային առումով, կարողություններ և միջազգային համակարգում իրենց տեղն ու դերն ունեն, օրինակ՝ ՌԴ, Իրան, Ճապոնիա, ԵՄ, մի շարք երկրներ և այլն: Այս երկու պետությունների հարաբերությունները ներկա փուլում ավելի շատ բնորոշվում են որպես մրցակցություն, քան հակամարտություն: Նրանք պայքարում են բազմաբևեռ աշխարհում ազդեցության տիրույթներ ձեռք բերելով և դրանք ընդլայնելով:

Ամփոփելով կարող ենք անել հետևյալ եզրակացությունները. անհրաժեշտ է տարբերակել հեգեմոնիա և լիդերություն տերմինները, դրանց հիմնական տարբերությունը պետության նպատակների մեջ է: Այսօր հեգեմոնիան չի դրսևորվում իր մաքուր ձևով, այլ գործում է դրա ավելի մեղմ տարբերակը՝ լիդերությունը: Չնայած տեսական բազմաթիվ մոտեցումների առկայությանը՝ հակված ենք հեգեմոնիան դիտարկել որպես կառուցվածք, որը կարող է դրսևորվել տարբեր մակարդակներում: ԱՄՆ-ի միաբևեռ պլյուրալիզմի դրևորումները այլևս ավարտված են, քանի որ կան այնպիսի պետություններ, որոնք ձգտում են ոչ միայն տնտեսական առումով զարգացման, այլև՝ ազդեցության ոլորտների մեծացման: Չինաստանի հեգեմոն ձգտումները 21-րդ դարի երկրորդ տասնամյակում հիմնվում են ներգրավման ռազմավարության վրա, իսկ ԱՄՆ-ի հետ պայքարը ոչ թե հակամարտություն է, այլ՝ մրցակցություն ազդեցության տիրույթների և լիդերության հաստատման համար:

Գրականություն

  1. Кондрашова Л.Китайская мечта о национальном возрождении ” Институт экономики, М., 2014, https://inecon.org/docs/Kondrashova_paper_2014.pdf
  2. Anderson P., The H-Word: The Peripeteia of Hegemony (New York: Verso Books, 2017).
  3. Antoniades A.,From ‘Theories of Hegemony’ to ‘Hegemony Analysis’ in International Relations. Centre for Global Political Economy.San Francisco.2008
  4.  Gilpin R., Global Political Economy. Princeton, NJ: Princeton University Press. 2001. 
  5. Ikenberry, G. J., Liberal Leviathan: The Origins, Crisis, and Transformation of the  American World Order. Princeton, NJ: Princeton University Press. 2011.
  6.  Lewis M.E., “The City-State in Spring-and-Autumn China,” in A Comparative Study of Thirty City-State Cultures, ed. Mogens Herman Hansen (Copenhagen, Denmark: C. A. Reitzals Forlag, 2000).
  7.  Keohane, R. O.. After Hegemony: Cooperation and Discord in the World Political Economy. Princeton: Princeton University Press.1984.
  8. Posen, B. R..Command of the Commons: The Military Foundation of U.S. Hegemony. International Security, 28(1),2003. 
  9. Schmidt, B..Competing Realist Conceptions of Power. Millennium, 33(3), 2005. 
  10. Waltz, K. N. . Theory of International Politics. New York: Random House.1979. 


Հեղինակ՝ Անուշ Չիլինգարյան (Anush Chilingaryan) © Բոլոր իրավունքները պաշտպանված են: