Շահարկելով դավադրության տեսությունները և անցյալի աղավաղված վարկածները` Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները միայն ձգձգում են Լեռնային Ղարաբաղի տարածքի շուրջ իրենց չկարգավորված հակամարտությունը: Երբ ամերիկացի լրագրող Բիլ Քելերին հարցրի 1980-ականներին հայ-ադրբեջանական հակամարտությունը լուսաբանելու իր փորձի մասին, նա ասաց, որ «ղարաբաղյան հակամարտությունն իրեն սովորեցրել է, որ պատմության մեջ մեզ պետք են վաղեմության ժամկետներ»։
«Աստված նրանց հետ»,- չեզոք շատ դիտորդներ այդպիսի հետևություն կանեին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև կայացած դժվարին բանավեճից հետո, որը տեղի ունեցավ 2020 թվականի փետրվարի 15-ին` Մյունխենի անվտանգության համաժողովի ընթացքում։ Ալիևն ու Փաշինյանը փորձում էին կառուցողական լինել։ Այնուամենայնիվ, նրանց բանավեճը ցույց տվեց, որ Լեռնային Ղարաբաղի տարածքի շուրջ երեք տասնամյակ շարունակվող այս հակամարտությունը վեր է երկու մարդու ուժերից: Մյունխենում Ալիևն ու Փաշինյանը ներկայացան ոչ այնքան որպես ղեկավարներ, որքան որպես կապող օղակներ երկու պետությունների մութ պատմությունների համար։ Նրանք նորից անդրադարձան իրենց ժողովուրդների կրած վնասներին, դավադրության տեսություններին, բայց հանդես չեկան որևէ հստակ հաղորդագրությամբ հակառակ կողմի համար։
«Առաջին հերթին պետք է անդրադառնանք անցյալին»,- սկսեց Ալիևը, նախքան անդրադառնալը 1805թ.-ին կնքված պայմանագրին՝ արդարացնելու Ադրբեջանի պահանջը Ղարաբաղի նկատմամբ։ Ավելի ուշ Ալիևն առաջարկեց Ղարաբաղում ապրող հայերին փոքրամասնության իրավունք տալ՝ տարածքի վերահսկողությունը Ադրբեջանին վերադարձնելու պայմանով, սակայն, նա արդեն անդրադարձել էր իրեն դիտող հայերին՝ պնդելով, որ այս տարածքներում հայկական պատմական ժառանգություն գոյություն չունի։ Երեք տասնամյակ առաջ՝ 1988թ.-ին սկսված վեճի գլխավոր պատճառն այն էր, որ ղարաբաղահայությունը վախենում էր, որ Խորհրդային Ադրբեջանը չի հարգում իրենց դարավոր մշակութային ժառանգությունը:
ՀՀ վարչապետն ասաց, որ ուզում է ավելի շատ խոսել ներկայի, ոչ թե անցյալի մասին։ Նա ողջունեց այն հայտարարությունը, որ խաղաղության վերջնական հաստատումը պետք է ընդունելի լինի ադրբեջանցիների համար։ Բայց նա խճճեց այս բանակցությունները՝ բազմիցս հերքելով 1992թ.-ին հայերի կողմից կատարված վայրագությունը։ Եվ վերջում նա տարօրինակ կերպով անդրադարձավ հռոմեական ժամանակաշրջանի հայոց թագավոր Տիգրան Մեծին:
Փետրվար ամսվա ավարտը միշտ ծանր է այս հակամարտության համար, քանի որ և՛ հայերը, և՛ ադրբեջանցիները սգում են 1988թ.-ին Սումգայիթում և 1992թ.-ին Խոջալուում կատարված սարսափելի վայրագությունները:
Դեռևս չլուծված հակամարտության պայմաններում ավելորդ է ակնկալել ղեկավարներից խոստովանել իրենց կողմի մեղքը այս վայրագությունների մեջ, ինչպես, օրինակ, 2013թ.-ին վարվեց Սերբիայի նախագահը Սրեբրենիցայի 1995թ.-ի կոտորածի վերաբերյալ: Բայց և՛ Ալիևը, և՛ Փաշինյանն ակտիվորեն խոչընդոտում են հակամարտության կարգավորմանը՝ շահարկելով դավադրության տեսությունները:
Ի՞նչ է ենթադրվում այստեղ. 1988թ.-ի փետրվարի 27-ին սկսված սումգայիթյան ջարդերով տեղայնացված վեճը վերածվեց հայ-ադրբեջանական լիարժեք հակամարտության: Մեկ շաբաթ առաջ ղարաբաղահայությունը սկսել էր արշավ՝ դուրս գալու Խորհրդային Ադրբեջանից և միանալու Խորհրդային Հայաստանին: Երկու հանրապետություններում անցկացվեցին հիմնականում խաղաղ հավաքներ:
Այնուամենայնիվ, ադրբեջանական հանրահավաքները շատ ավելի բորբոքվեցին, երբ տարածվեց կասկածելի հանգամանքներում երկու երիտասարդ ադրբեջանցիների մահվան լուրը։ Ադրբեջանական շատ քաղաքներում բողոքի ցույցերը զսպվում էին, բայց Սումգայիթում մի խումբ երիտասարդներ հարձակվեցին հայկական թաղամասի վրա: Քսանվեց հայ սպանվեց, շատերն էլ բռնաբարության զոհ դարձան կամ սարսափելի վնասվածքներ ստացան։ Ողջ Խորհրդային Միությունը ցնցված էր։
Ի վերջո, Սումգայիթում ութսունչորս տղամարդ դատապարտվեց հանցագործությունների համար։ Շատ ադրբեջանցիներ իսկապես ամաչում էին, իսկ որոշ արմատականներ գովում էին «Սումգայիթի հերոսներին»: Այնուամենայնիվ, որոշ ժամանակ անց այդ ժամանակին հարիր ոճով մի դավադրական տեսություն ի հայտ եկավ, քանի որ ութսունչորս մեղադրյալներից մեկը՝ Էդուարդ Գրիգորյանը, ուներ հայկական ազգանուն: Վերջին տարիներին ադրբեջանցիների մեծ մասը հավատում էր, որ Գրիգորյանը ինչ-որ կերպ կանգնած էր Սումգայիթի ջարդերի ետևում և ադրբեջանցիներին հրամայել էր սպանել հայերին։ Հաշվի չէին առնում, որ Գրիգորյանն ընդամենը սադիստ էր, եռակի դատապարտված մի հանցագործ, ում հայրը մահացել էր, երբ նա դեռ շատ երիտասարդ էր՝ թողնելով նրան հայկական ազգանվան և ռուս մոր հետ։
Ցավոք սրտի, Ադրբեջանի նախագահն ինքը կրկնեց այս անմիտ տեսությունը, և հնարավոր է՝ այդպես վարվի նաև այս շաբաթ:
Չորս տարի անց` 1992թ.-ի փետրվարի 26-ի գիշերը, հայկական ուժերը կատարեցին ղարաբաղյան հակամարտության ամենավատ վայրագությունը՝ սպանելով պաշարված քաղաք Խոջալուից փախչող բոլոր ադրբեջանցիներին: Ադրբեջանը հայտարարեց, որ զոհերի թիվը 613 է։
Այդ սարսափելի դրվագը լավ է փաստվել «Human Rights Watch»-ի և «Memorial»-ի հոդվածներում։ Այն հաստատվել է հայկական աղբյուրների կողմից հայ անվանի կամավոր հրամանատար Մոնթե Մելքոնյանի եղբոր՝ Մարգար Մելքոնյանի հուշերում ու նաև նախկին նախագահ Սերժ Սարգսյանի հետ ունեցած իմ հարցազրույցում։ Այս ամենը վկայում է այն մասին, որ դաժան և անկանոն հայ մարտիկները իսկապես կատարել են այս սպանությունները՝ ցանկանալով փոխել հակամարտության ընթացքը։ Ավելի ուշ մի բրիտանացի լրագրող այս սպանություններն անվանեց «Վրեժխնդրության ողբերգություն», քանի որ լսել էր, որ այս ամենի ետևում կանգնած էին նաև Սումգայիթի հայ փախստականները։
Ամեն ինչ պարզ էր, բացառությամբ նրա, որ Ադրբեջանի նախկին նախագահ Այազ Մութալիբովն ավելի ուշ դառնագին հարցազրույց տվեց մի չեխ լրագրողի (այն տպագրվել է ռուսական «Նեզավիսիմայա գազետա» թերթում), մեղադրելով ադրբեջանցի քաղաքական իր հակառակորդներին՝ իրեն վարկաբեկելու միտումով ադրբեջանցիների վրա հարձակումներ գործելու համար։
Մութալիբովը խայտառակ գործիչ էր, ում զրկեցին նախագահի պաշտոնից հիմնականում այն պատճառով, որ նա չկարողացավ տարհանել իրենց քաղաքացիներին Խոջալուից: Հարցազրույցը փոքր-ինչ խճճված էր, և նա հետագայում հերքեց իր խոսքերը։ Այնուամենայնիվ, որոշ հայեր սա օգտագործում են որպես զենք՝ խուսափելու սպանությունների համար իրենց կողմի պատասխանատվությունից, ցավոք, ներառյալ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ինչպես տեսանք Մյունիխում:
Մյունիխի ձախողումը չեզոք անձանց պետք է որ ցույց տված լինի, թե ինչպես են հայերն ու ադրբեջանցիները դեռևս խորը հակամարտության մեջ ղարաբաղյան հարցում, և, որ կա մի երրորդ այլընտրանքային պատմության կարիք, որը պարզապես չի կրկնի անցյալի երկու աղավաղված տարբերակները։
Պատմությունը նույնպես կարող է սատարել մի այսպիսի երրորդ պատմության։ Ինչ-որ մեկը, թերևս, պետք է վերատպի 1724թ.-ի պարսկական դարաշրջանի բարեկամության պայմանագրի տեքստը, որը կնքվել է Ղարաբաղի հայ իշխանների և Գյանջեի ադրբեջանական խաների միջև (ընդդեմ օսմանյան թուրքերի):
Ադրբեջանցի պատմաբան Սուլեյման Մամեդովի կողմից 1977թ.-ին լույս տեսած գրքի թեման, կարծես, անպատեհ կերպով հիշեցում է այն մասին, որ դարեր շարունակ հայերը և ադրբեջանցիները բնակվել են Ղարաբաղում և հաճախ բարեկամաբար ապրել են կողք կողքի:
Հակառակ դեպքում, նախքան հաջորդ միջազգային ֆորումը կանցկացնի նմանատիպ հանդիպում, նրա կազմակերպիչները պետք է երկու ղեկավարներին խնդրեն կնքել պատմական իրադարձությունների շուրջ հրադադարի համաձայնագիր՝ թույլ չտալով պատմությանը թունավորել ներկա բանակցությունները:
Թարգմանիչ՝ Ռուզաննա Բարակոզյան (Ruzanna Barakozyan) © Բոլոր իրավունքները պաշտպանված են: