«Նոր կանաչ կուրս»-ը՝ ապագայի բանալի. Նոամ Չոմսկի և Ռոբերտ Փոլլին

Աղբյուրը՝ Truthout.org

Մենք արդեն ունենք իրատեսական լուծում «Նոր կանաչ կուրս»-ի տեսքով, ուղղակի քաղաքական կամքի պակաս կա:

Կլիմայի փոփոխությունը անկասկած ամենալուրջ ճգնաժամն է, որին բախվում է աշխարհն այսօր: Ինչպես գիտենք, վտանգի տակ է քաղաքակրթության ապագան: Այնուամենայնիվ, թե՛ հանրության իրազեկումը, թե՛ կառավարության գործողությունները հետ են մնում կլիմայական փոփոխության աղետը կանխելու համար անհրաժեշտ քայլեր կատարելուց: Ստորև ներկայացված հարցազրույցում Նոամ Չոմսկին և Ռոբերտ Փոլլինը քննարկում են առաջացած բարդությունները և այն բոլոր քայլերը, որոնք պետք է կատարվեն:

Նոամ Չոմսկին Մասաչուսեթսի Տեխնոլոգիական ինստիտուտի (MIT) լեզվաբանության վաստակավոր պրոֆեսոր է, ինչպես նաև Արիզոնայի համալսարանի լեզվաբանության դափնեկիր պրոֆեսոր: Ռոբերտ Փոլլինը տնտեսագիտության համալսարանական նշանավոր պրոֆեսոր և Ամհերթսում Մասաչուսեթսի քաղաքական տնտեսության հետազոտության ինստիտուտի համատնօրեն է: Չոմսկին, Փոլլինը և Պոլիխրոնիուն կլիմայական փոփոխության և «Նոր կանաչ կուրս»-ի մասին գրքի համահեղինակներ են, որը հրատարակվել է 2020-ի գարնանը՝ Verso-ի միջոցով:

Ս. Ժ. Պոլիխրոնիու: Նոամ, թույլ տվեք սկսել Ձեզնից: Խնդրում եմ կիսվեք կլիմայական փոփոխության ճգնաժամի եզակիության մասին Ձեր մտքերով: 

Նոամ Չոմսկի: Պատմությունը չափազանց հարուստ է սարսափելի պատերազմների, աննկարագրելի խոշտանգումների, կոտորածների և հիմնարար իրավունքների ակնհայտ ոտնահարումների արձանագրումներով: Բայց մարդկության կազմակերպված կյանքի կործանման վտանգը ցանկացած ճանաչելի և տանելի եղանակով բոլորովին նոր է: Ընթացիկ բնապահպանական ճգնաժամը եզակի և իրական էքզիստենցիալ ճգնաժամ է մարդկության պատմության մեջ: Այսօր ապրողները կորոշեն մարդկության և այլ տեսակների ճակատագիրը, որոնց մենք հիմա ոչնչացնում ենք 65 միլիոն տարվա ընթացքում չտեսնված տեմպերով, երբ հսկայական աստերոիդը վերջ տվեց դինոզավրերի դարաշրջանին և զարգանալու ճանապարհ բացեց որոշ փոքր կաթնասունների համար, որոնք ևս պետք է երկրագնդի համար նույն վտանգն առաջացնեին, ինչ աստերոիդը նախկինում, սակայն վտանգի տարբերությունը այն է, որ այժմ մենք կարող ենք ընտրություն կատարել:

Մինչդեռ աշխարհն ականատեսն է, թե ինչպես ենք մենք գնում դեպի աներևակայելի չափերի աղետի: Մենք վտանգավոր կերպով մոտենում ենք 120,000 տարի առաջվա գլոբալ ջերմաստիճանին, երբ ծովի մակարդակը 6-9 մետրով ավելի էր, քան այսօր: Սառցաբեկորները հինգ անգամ ավելի արագ են հոսում դեպի ծով, քան 1990-ականներին, օվկիանոսի տաքացման պատճառով որոշ տեղերում ավելի քան 100 մետրով հալել է սառույցի հաստությունը, և յուրաքանչյուր տասնամյակ ներկայիս կորուստները կրկնապատկվում են: Սառցե ծածկույթի ամբողջական կորուստը կբարձրացներ ծովի մակարդակը մոտ հինգ մետրով՝ խեղդելով ափամերձ քաղաքները, նաև այլ վայրերում թողնելով իր ծայրաստիճան կործանարար ազդեցությունը, օրինակ՝ Բանգլադեշի ցածրադիր հարթավայրերում: Սա միայն մեկն է այն մարդկանց բազմաթիվ մտահոգություններից, ովքեր ուշադրություն են դարձնում այն ամենին, ինչ կատարվում է մեր աչքերի առաջ:

Կլիմայական փոփոխություններն ուսումնասիրող գիտնականներն, անշուշտ, մեծ ուշադրություն են դարձնում և խիստ նախազգուշացումներ տալիս: Իսրաելցի կլիմայագետ Բարու Ռինկևիչը համառոտ կերպով ներկայացնում է հիմնական տրամադրվածությունը.

Ինչպես ասացվածքում է ասվում՝ «մեզնից հետո թեկուզ ջրհեղեղ»: Մարդիկ ամբողջովին չեն հասկանում, թե ինչի մասին ենք մենք խոսում…:Նրանք չեն հասկանում, որ ակնկալվում է, որ ամեն ինչ փոխվելու է՝ օդը, որ շնչում ենք, ուտելիքը, որ ուտում ենք, ջուրը, որ խմում ենք, լանդշաֆտները, որ տեսնում ենք, օվկիանոսները, եղանակները, առօրյան, կյանքի որակը: Մեր երեխաները ստիպված կլինեն հարմարվել կամ վերանալ: Դա ինձ համար չէ: Ես ուրախ եմ, որ այստեղ չեմ լինի:

Սակայն այն ժամանակ, երբ բոլորը պետք է միասին գործեն, նվիրվածությամբ, որպեսզի դիմակայեն մարդկության «հիմնական խոչընդոտին», մարդկության պատմության ամենահզոր պետությունների առաջնորդները՝ ամբողջովին տեղյակ լինելով իրենց արածի մասին, անվերապահորեն իրենց նվիրում են մարդկանց կազմակերպված կյանքը ոչնչացնելու հեռանկարներին:

Ս. Ժ. Պոլիխրոնիու: Քիչ բացառություններով ԱՄՆ հիմնական քաղաքական հաստատությունը (էստաբլիշմենտը) շարունակում է այլ կերպ նայել, երբ խոսքը վերաբերում է կլիմայի փոփոխություններին: Ինչու՞ է դա այդպես:

Չոմսկի: Երկու քաղաքական կուսակցություններն էլ նեոլիբերալ տարիներին տեղափոխվեցին աջ, ինչպես Եվրոպայում: Դեմոկրատական կուսակցությունը հիմա քիչ թե շատ այն է, ինչը մի քանի տարի առաջ կարող էր կոչվել «չափավոր Հանրապետական»: Հանրապետականները դուրս են մնացել սպեկտրից: Համեմատական ուսումնասիրությունները ցույց են տվել, որ նրանք դասվում են Եվրոպայում ծայրահեղական աջաթևյան կուսակցությունների շարքում՝ ըստ իրենց ընդհանուր դիրքորոշումների: Բացի այդ, նրանք միակ ամենամեծ պահպանողական կուսակցությունն են, որը չի ընդունում մարդածին կլիմայական փոփոխությունը, որը, ինչպես արդեն նշել էինք, գլոբալ անոմալիա է: Ձեռնարկատերերի ամերիկյան ինստիտուտի նշանավոր քաղաքական վերլուծաբաններ Թոմաս Մանը և Նորման Օրնշտեյնը 90-ականներին Նյուտ Գինգրիչի ղեկավարած Հանրապետական կուսակցությունը նկարագրում են որպես ոչ նորմալ քաղաքական կուսակցություն, այլ որպես «արմատական խռովություն», որը հիմնականում լքել է խորհրդարանական քաղաքականությունը: Դա ավելի ակնհայտ դարձավ Մաքքոնելի ղեկավարության ներքո, քանի որ նա բավականին կողմնակիցներ ունի կուսակցության շրջանակներում:

Կլիմայի վերաբերյալ առաջնորդության դիրքորոշումը, անշուշտ, ազդում է Հանրապետական կուսակցության հավատարիմների վերաբերմունքի վրա: Հանրապետականների միայն մոտ 25%-ն է ընդունում, որ գլոբալ տաքացման համար մարդիկ են մեղավոր: Շոկային տվյալներ:

Հանրապետականների շրջանում շտապ խնդիրների դասակարգումը, գլոբալ տաքացումը (եթե նույնիսկ ենթադրենք, որ այն տեղի է ունենում) գրեթե անբացահայտելի է:

Կոպիտ կլինի ասել, որ Հանրապետական կուսակցությունը ամենավտանգավոր կազմակերպությունն է մարդկության պատմության մեջ: Գուցե և այդպես է, բայց փորձառության վրա հենվելով էլ ի՞նչ ռացիոնալ եզրահանգման կարող ենք գալ:

Ս. Ժ. Պոլիխրոնիու: Բոբ, «Նոր կանաչ կուրս»-ը համարվում է կլիմայական փոփոխությունների՝ Նոամի կողմից նկարագրված աղետը կանխելու գուցե միակ հնարավոր տարբերակը: Դեռ շատերը շարունակում են վերաբերվել դրան անիրատեսականորեն, ոչ միայն զուտ տնտեսական հեռանկարի տեսանկյունից (պնդում են, որ դա ուղղակի անթույլատրելի է), այլ նաև այն իմաստով, որ ժամանակակից տնտեսությունները և հասարակությունները չեն կարող գործել առանց հանածո վառելիքի էներգիայի: Նախ արդյո՞ք «Նոր կանաչ կուրս»-ը մանրամասն քաղաքականության առաջարկ է մեզ կլիմայական փոփոխության ճգնաժամից հեռու պահելու համար և երկրորդ՝ արդյո՞ք  այն իրատեսական է:

Ռոբերտ Փոլլին: «Նոր կանաչ կուրս»-ը՝ որպես կազմակերպող շրջանակ անցած տարվա ընթացքում առաջացրել է հսկայական իրարանցում: Միայն դա արդեն մեծ ձեռքբերում է: Բայց այս մեծ գաղափարը կենսունակ ծրագիր դարձնելը դեռ հրամայական է: Իմ կարծիքով «Նոր կանաչ կուրս»-ն ավելի մարմնավորելու համար մի պարզ միտք կա՝ ամբողջովին դադարեցնել էներգիա ստանալու համար նավթի, ածուխի և բնական գազի այրումը ամենաշատը առաջիկա երեսուն տարում, և մենք պետք է անենք դա այնպես, որ դա խթանի ապրելու ստանդարտների աճը և լայնացնի աշխարհում աշխատող և աղքատ մարդկանց հնարավորությունները:

«Նոր կանաչ կուրս»-ի այս տարբերակը իրականում ամբողջովին իրատեսական է պարզ տնտեսական և տեխնիկական առանձնահատկությունների առումով: Մաքուր վերականգնվող էներգիայի աղբյուրները՝ ներառյալ արևայինը, քամու, գեոջերմային և ավելի հազվադեպ փոքրամասշտաբ հիդրո և քիչ արտանետումների բիոէներգիան, արդեն կամ ինքնարժեքով հավասար են հանածո վառելիքին, կամ միջուկայինին, կամ ավելի էժան են: Ի հավելումն դրա՝ նշենք, որ, արտանետումները նվազեցնելու ամենաէժան և ամենահեշտ ճանապարհը, ի թիվս այլ միջոցառումների, գոյություն ունեցող շենքերի արդիականացումն է՝ կառուցել նոր շենքերն այնպես, որ դրանք գործեն որպես զուտ զրոյական էներգիայի սպառողներ, և փոխարինեն գազաբալոնային մեքենաները՝ ընդլայնելով հասարակական տրանսպորտի և էլեկտրական մեքենաների օգտագործումը: Էներգաարդյունավետության միջոցառումները, ըստ սահմանման, կխնայեն մարդկանց գումարը, օրինակ, տան էլեկտրաէներգիայի ծախսերը իրատեսորեն կարող են կրճատվել առանց նվազեցնելու տունը լուսավորելու, տաքացնելու կամ հովացնելու համար օգտագործվող էներգիայի քանակը: Այսպիսով՝ «Նոր կանաչ կուրս»-ը սպառողների համար ժամանակի ընթացքում ոչինչ չի արժենա, քանի դեռ մենք լուծում ենք «Նոր կանաչ կուրս»-ի ներդրումների  ֆինանսավորման բավական պարզ խնդիրը միջոցների խնայողության հաշվին, որին հասնում ենք էներգաարդյունավետության ստանդարտների բարձրացման և նոր, էժան էներգիայի արտադրման միջոցով: Ես և գործընկերներս հաշվել ենք, որ 100% մաքուր էներգետիկ համակարգ ստեղծելը յուրաքանչյուր տարի կպահանջի գալիք 30 տարվա համաշխարհային ՀՆԱ-ի 2,5%-ը: Այո, դա մեծ գումար է դոլարի վերածված, որը կկազմի մոտավորապես 2 տրիլիոն դոլար 2021-ին և հետագայում էլի կաճի: Բայց դա դեռևս նշանակում է, որ համաշխարհային տնտեսության ակտիվության 97,5%-ը բացի մաքուր էներգիայի ներդրումներից կարող է հատկացվել նաև այլնի համար:

Այսպիսով՝ «Նոր կանաչ կուրս»-ը կարող է ամբողջովին դառնալ գլոբալ կլիմայական կայունացման ծրագիր: Ավելի կոնկրետ՝ «Նոր կանաչ կուրս»-ը ունակ է նպաստելու արտանետումների նվազեցման անհրաժեշտ միջոցառումների իրականացմանը՝ համաշխարհային միջին ջերմաստիճանի կայունացման համար կրճատելով արտանետումների մակարդակը մինչև 2100թ.-ը 1,5 աստիճան և ավելի բարձր ջերմաստիճանով, որը որոշվել է Կլիմայական փոփոխության միջկառավարական հանձնաժողովի կողմից (IPCC) անցած հոկտեմբերին: Սակայն իրական հարցը իհարկե այն չէ, թե արդյո՞ք «Նոր կանաչ կուրս»-ը տնտեսականորեն կամ տեխնիկապես իրագործելի է, թե ոչ, այլ հարցը այն է, թե արդյո՞ք իրագործելի է այն քաղաքականապես: Այս հարցի մասին Նոամը, իհարկե, արդարացիորեն հարցնում է, թե արդյո՞ք մենք՝ մարդկային ցեղս, պատրաստվում ենք թույլ տալ մեզ դառնալ աստերոիդի՝ 21-րդ դարի կլոնը, թե ոչ:

Ս. Ժ. Պոլիխրոնիու: Ի՞նչ կասեք այն պնդման մասին, որ 100%-անոց վերականգնվող էներգիային անցնելու արդյունքում միլիոնավոր բարձր վարձատրվող աշխատատեղեր անընդհատ կփակվեն:

Փոլլին: Իրականում մաքուր էներգիայի ներդրումերը աշխատատեղերի ստեղծման հիմնական աղբյուր կլինեն աշխարհի բոլոր մասերում: Որոշիչ գործոնն այն է, որ մաքուր էներգիայի ներդրումները կստեղծեն ավելի շատ աշխատատեղեր, քան գոյություն ունեցող կեղտոտ էներգետիկ ենթակառուցվածքների պահպանումը․ կստեղծվեն 2-4 անգամ ավելի աշխատատեղեր յուրաքանչյուր մեկ դոլար ծախսի պարագայում բոլոր այն երկրներում, որ մենք ուսումնասիրել  ենք, ներառյալ՝ Բրազիլիան, Չինաստանը, Հնդկաստանը, Ինդոնեզիան, Հարավային Աֆրիկան, Իսպանիան և ԱՄՆ-ը: Իհարկե, աշխատատեղերը, որոնք կապված են հանածո վառելիք արդյունաբերության հետ կփակվեն: Ծրագրի շրջանակներում վնաս կրած աշխատողները և իրենց համայնքները պետք է աջակցություն ստանան առատաձեռն փոխհատուցման տեսքով՝ երաշխավորելով աշխատողների թոշակները, առանց եկամտի կորստի նոր աշխատանքի տեղավորելը և տուժած կազմակերպություններում ներդրում կատարելու միջոցով: Հողերի մելիորացիան այդպիսի ներդրման միայն մեկ հնարավորություններից է, ներառյալ ածուխի լքված հանքերի մաքրումը և ածուխից մնացած մոխրի վերարտադրումը օգտակար իրերի, ինչպիսին է, օրինակ, թուղթը: Չեմ կարող շեշտել, որ ամբողջ աշխարհում անցումային ծրագրերը «Նոր կանաչ կուրս»-ի համար պետք է ընկալվեն որպես առանցքային:

Ս. Ժ. Պոլիխրոնիու: Նոամ, ինչպե՞ս պետք է բարձրացնենք կլիմայի փոփոխության վերաբերյալ կառավարության գործողությունների անհրաժեշտության վերաբերյալ հանրային իրազեկվածությունը:

Չոմսկի: Պարզ պատասխանն է՝ աշխատել ավելի քրտնաջան: Նոր հատուկ հնարքներ չկան: Մենք գիտենք, թե որն է ուղերձը: Գիտենք, որ կան խոչընդոտներ, որոնք պետք է հաղթահարվեն: Որպեսզի հաղթահարենք դրանք, պետք է ուղերձը բառերով և գործողություններով ձևավորելու ճանապարհ գտնենք:

Ուղերձը երկկողմանի է․ առաջին՝ մենք կանգնած ենք էքզիստենցիալ ճգնաժամի առջև, որին պետք է շտապ լուծում տալ, երկրորդ՝ այն հաղթահարելու եղանակներ կան:

Առաջին մասը բավականին պարզ ներկայացված է ամենահեղինակավոր և վստահելի ամսագրերի ընթացիկ հոդվածներում: Օքսֆորդի ֆիզիկայի պրոֆեսոր Ռայմոնդ Պիերհումբերտը՝ Կլիմայի փոփոխության միջկառավարական հանձնաժողովի զեկույցի (IPCC) գլխավոր հեղինակը, սկսում է իր՝ գոյություն ունեցող հանգամանքների և տարբերակների մասին զեկույցը ասելով․ «Եկեք սա հենց հիմա դնենք սեղանին առանց ավելորդ խոսքերի: Կլիմայի ճգնաժամի հետ կապված, այո՛, խուճապի մատնվելու ժամանակն է: Մենք լուրջ անախորժության մեջ ենք»: Այնուհետև ուշադիր և բծախնդրորեն ներկայացնոմ է մանրամասները՝ վերանայելով հնարավոր տեխնիկական  լուծումները և դրանց շատ լուրջ խնդիրները ներառյալ՝ «չկա պլան Բ»: Մենք պետք է արագ անցնենք ածխածնի զրոյական արտանետումներին:

Երկրորդ մասը համոզիչ մանրամասներով նկարագրված է Բոբի աշխատանքում, որը համառոտ ներկայացված է այստեղ:

Ուղերձը պետք է այնպես հաղորդվի, որ չառաջացնի հուսահատություն կամ մերժում նրանց կողմից, ովքեր հակված են ընդունելու դա, և չառաջացնի վրդովմունք, զայրույթ կամ նույնիսկ ավելի մեծ մերժում նրանց կողմից, ովքեր փաստացի չեն ընդունում այն, ինչը դառնում է լիովին իրատեսական:

Վերջին դեպքում անհրաժեշտ է հասկանալ պատճառները: Գուցե ընդհանրապես գիտության մերժումը կամ տնտեսագետների՝ շուկայի վրա հիմնված լուծման նախապատվության ընդունումը (ինչ էլ որ կարծեն նրանց մասին ամբողջովին սխալ ժամանակային մասշտաբով է), կամ շատ շատերը, ովքեր սպասում են Երկրորդ Գալստյանը, կամ կարծում են, որ կփրկվենք ինչ-որ անհայտ տեխնիկայի կամ ականավոր ինչ-որ մեկի շնորհիվ, գուցե Ստենֆորդի Հովերի համալսարանի գիտնականների կողմից  մի հսկայի, ում «ոգին շրջում է երկրով և նայում մեզ ինչպես ջերմ և ընկերասեր հոգի» (Ռոնալդ Ռեյգան):

Աշխատանքը հեշտ չի լինելու: Այն պետք է շտապ ձեռնարկվի: Խոսքերով և գործողություններով, ինչպիսիք օրինակ՝ 2019-ի սեպտեմբերին կլիմայի համար ձեռնարկված գործադուլներն էին:

Ս. Ժ. Պոլիխրոնիու: Բոբ, ինչքա՞ն ժամանակ կպահանջվի, որպեսզի աշխատանքային շարժումը՝ որպես մեկ ամբողջություն ձևավորվի և ընդունի «Նոր կանաչ կուրս»-ի գաղափարը:

Փոլլին: «Նոր կանաչ կուրս»-ը արդեն մի քանի տարի է, ինչ մեծ աջակցություն է ստանում աշխատանքային շարժման կողմից: Դեռ երկար ճանապարհ կա անցնելու, բայց առաջընթացն ակնհայտ է: Օրինակ՝ Վաշինգտոն նահանգում գործող կոալիցիան, որը առաջ քաշեց «Նոր կանաչ կուրս»-ի առաջարկը 2018թ. ընտրական շրջանում, գլխավորվում էր Ամերիկայի աշխատանքի ֆեդերացիայի և արդյունաբերական արհմիությունների կոնգրեսի նախագահ Ջեֆ Ջոնսոնի կողմից: Վերջիվերջո նախաձեռնությունը տապալվեց, երբ նոյեմբերի ընտրություններին նախորդող շաբաթներին նավթային ընկերությունները հեղեղեցին եթերը 30 մլն դոլարի բռնի քարոզչությամբ: Նմանատիպ նախաձեռնություններ հիմա առաջ են քաշվում Կոլորադոյում կրկին երկրի  հիմնական արհմիութենական ղեկավարների առաջնորդությամբ:

Իհարկե, մենք պետք է շատ արագ առաջ սլանանք միայն այս մի քանի փայլուն օրինակների շնորհիվ: Այստեղ վճռորոշ է այն, որ կլիմայական շարժումը պետք է ամուր կապված լինի արդար անցումային ծրագրերին  ՝ որպես «Նոր կանաչ կուրս»-ի մի մաս, որը նույնքան կարևոր է, որքան մյուսները: Կլիմայական շարժումը պետք է նաև պարզ լինի այն իմաստով, որ մաքուր էներգիայի տնտեսության ստեղծումը աջակցի աշխատանքային հնարավորությունների աճին և բարձրացնի կյանքի ցուցանիշները, ինչը, ես համոզված եմ, հնարավոր է:

Պատճառ չկա, որ «Նոր կանաչ կուրս»-ը որևէ կերպ ասոցացվի կոշտ տնտեսման քաղաքականության հետ: Հակառակը՝ մաքուր էներգիայի ներդրումները նոր հնարավորություններ կստեղծեն փոքրամասշտաբ հասարակության լայն շրջանակի համար համագործակցային և մասնավոր սեփականության տեսքով: Հարկավոր չեն հանքարդյունաբերության լայնամաշտաբ նախագծեր, խողովակներ կամ մաքուր էներգիայի ապահովման հարթակներ: Տանիքների վրայի և ավտոկայանատեղիների արևային պանելները, ֆերմաների հողմատարները իրենք իրենցով ուղղամտորեն հեռու են պահում մեզ աճող իրավահավասար տնտեսությունների էներգետիկ կարիքներից: Այս տեսանկյունից «Նոր կանաչ կուրս»-ը պետք է արդարացիորեն ընկալվի որպես կոշտ տնտեսման դեմ առաջարկվող լիովին կենսունակ այլընտրանք 21-րդ դարի աստերոիդի կլոն դառնալուց զերծ պահող միակ իրատեսական ուղու հետ միասին:

Այս պատմությունը «Կլիմայի մասին հիմա» (Covering Climate Now) շարժման մասն է, որը նախատեսում է ավելի քան 220 լրատվամիջոցների գլոբալ համագործակցությունը հանուն կլիմայի փոփոխության պատմության մասին իրազեկման բարձրացման:

Ս. Ջ. Պոլիխրոնիու

Ս. Ջ. Պոլիխրոնիուն քաղաքական տնտեսագետ է/քաղաքագետ, որը ուսուցանել և աշխատել է Եվրոպայի և ԱՄՆ-ի համալսարաններում և ուսումնական կենտրոններում։ Նրա հիմնական հետազոտական հետաքրքրությունները եվրոպական տնտեսական ինտեգրման, գլոբալիզացիայի, Միացյալ Նահանգների քաղաքական տնտեսության և նեոլիբերալիզմի քաղաքական-տնտեսական ծրագրի ապամոնտաժման գործընթացներն են: Նա կանոնավոր կերպով իր ներդրումն է ունեցել  Truthout -ում, ինչպես նաև եղել է Truthout -ի հասարակական մտավոր ծրագրի անդամ։ Նա հրատարակել է մի քանի գիրք, և նրա հոդվածները հայտնվել են տարբեր ամսագրերի, թերթերի և հայտնի լրատվական կայքերում: Նրա հրատարակություններից շատերը թարգմանվել են մի շարք օտար լեզուներով, այդ թվում՝ խորվաթերեն, ֆրանսերեն, հունարեն, իտալերեն, պորտուգալերեն, իսպաներեն և թուրքերեն: Նա հեղինակ է «Հուսահատության նկատմամբ լավատեսությունը. Նոամ Չոմսկին՝ կապիտալիզմի, պետության և սոցիալական փոփոխությունների վերաբերյալ» գրքի՝ Չոմսկիի հետ հարցազրույցների անթոլոգիա, որն ի սկզբանե հրատարակվել է Truthout-ում և հավաստագրվել է Haymarket Books-ի կողմից։


Թարգմանիչ՝ Լիաննա Սարգսյան (Lianna Sargsyan) © Բոլոր իրավունքները պաշտպանված են: