Անդրադարձ ՀՀ Կենտրոնական Բանկի նախագահ Մարտին Գալստյանի 2020 թվականի դեկտեմբերի 15-ի ասուլիսին:
ՀՀ կենտրոնական բանկի (ԿԲ) խորհուրդը 2020 թվականի դեկտեմբերի 25-ին որոշել է բարձրացնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը 1.0 տոկոսային կետով՝ սահմանելով 5.25 %:
2020 թվականի նոյեմբերին արձանագրվել է 1.3 % գնաճ նախորդ տարվա նույն ամսվա 1.1 % գնաճի դիմաց, որի պարագայում 12-ամսյա գնաճը կազմել է 1.6 %՝ դեռևս ցածր գտնվելով նպատակային 4 %-ի մակարդակից: Նոյեմբերին շարունակել է ավելանալ նաև 12-ամսյա բնականոն գնաճը, որը ամսվա վերջին կազմել է շուրջ 2 %։ Չորրորդ եռամսյակում համաշխարհային տնտեսության փաստացի զարգացումները հիմնականոմ կրել են կորոնավիրուսի համավարակի նոր ալիքի և որոշ երկրներում դրա հետ կապված սահմանափակումների ազդեցությունը, ինչը բացասաբար է անդրադարձել համաշխարհային պահանջարկի և տնտեսական ակտիվության վրա, մյուս կողմից 2021 թվականի տարեսկզբից պատվաստանյութերի հնարավոր արդյունավետ կիրառության վերաբերյալ սպասումները դրական միջավայր են ձևավորել համաշխարհային պահանջարկի վերականգման հեռանկարի առումով: Այս իրավիճակում գնաճային միտումներ են արձանագրվել թե՛ հումքային, թե՛ պարենային ապրանքների միջազգային շուկաներում, ինչն աստիճանաբար արտահայտվում է նաև գործընկեր երկրների գնաճային միջավայրերի վրա: Ելնելով նշված զարգացումներից՝ ԿԲ-ի խորհուրդը գտնում է, որ արտաքին հատվածից ՀՀ տնտեսության վրա ակնկալվում է որոշակի գնաճային ազդեցություն:
Երրորդ եռամսյակում Հայաստանում ԿԲ կանխատեսումներին համահունչ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ արձանագրվել է 9.1 % տնտեսական անկում, ինչը ձևավորվել է տնտեսության բոլոր, հատկապես, ծառայությունների ոլորտում արձանագրված նվազեցումների հաշվին:
Չորրորդ եռամսյակի գնահատականների համաձայն ցածր տնտեսական ակտիվությունը և թույլ ներքին պահանջարկը կպահպանվի՝ պայմանավորված Հայաստանում ռազմական դրության հաստատման և կորոնավիրուսի համավարակի նոր ալիքի բռնկման ու բարձր տեմպերով տարածման, ինչպես նաև նշված գործոնների ներքո տնտեսական աճի հեռանկարների հետ՝ կապված անորոշության բացասական ազդեցություններով։
Մյուս կողմից ամբողջական պահանջարկին կշարունակի դրական նպաստում ունենալ նախանշված ընդլայնողական հարկաբյուջետային քաղաքականության իրականացումը: Նման պայմաններում 2020 թվականի համար տնտեսական աճի տարեկան գնահատականները չեն վերանայվել:
Հաշվի առնելով արտաքին տնտեսությունից սպասվող գնաճային ազդեցությունների ներքո կանխատեսվող գնաճի որոշակի արագացումը և երկրի ռիսկի հավելավճարի աճը՝ ԿԲ-ի խորհուրդը նպատակահարմար է գտնում բարձրացնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը:
Խորհուրդը գնահատում է նաև, որ դրամավարկային գիրքը շարունակվում է պահպանվել խթանող, ինչը կանխատեսվող հորիզոնում անհրաժեշտ կլինի աստիճանաբար կրճատել՝ ապահովելով գնաճային կայունացումը նպատակային 4 %-ի շուրջ:
ԿԲ-ի խորհուրդը գտնում է, որ տնտեսական հեռանկարների մասով բարձր անորոշությունների ներքո կարճաժամկետ հատվածում առկա են կանխատեսված ուղեգծից գնաճի շեղման ռիսկեր դեպի վերև ուղղությամբ: Ուստի ԿԲ-ն մշտապես հետևում է իրադարձությունների զարգացմանը և դրանց դրսևորման պարագայում պատրաստ է համապատասխանորեն արձագանքել՝ ապահովելով գների կայունությունը միջնաժամկետ հատվածում:
Նշվեց նաև, որ այս տարվա դեկտեմբերի 29-ին ԿԲ-ն կհրապարակի գնաճի հաշվետվությունը և դրամավարկային քաղաքականության ծրագիրը չորրորդ եռամսյակի համար:
Մինչև հարց ու պատասխանին անցում կատարելը Մարտին Գալստյանը հաղորդեց մի քանի կարևոր մեսիջներ:
Դեկտեմբերի 11-ին Արժույթի միջազգային հիմնադրամի գործադիր խորհուրդը հաստատել է Հայաստանի հետ համատեղ եռամյա ծրագրի գնահատման երրորդ փուլի արդյունքները․ պետք է փաստել, որ սա կարևոր գնահատական է Արժույթի միջազգային հիմնադրամի կողմից ՀՀ մակրոտնտեսական կայունությանն ուղված քաղաքականությունների վերաբերյալ: Նրանց կողմից նշված դրական զարգացումները շատ կարևոր են մեր երկրի համար, ավելին, Արժույթի միջազգային հիմնադրամը արձանագրել է ԿԲ-ի դրամավարկային և ֆինանսական քաղաքականությունների հետևողականությունն ու համաչափությունը գների և ֆինանսական կայունության նպատակների արդյունավետ իրականացմանը, որն, ըստ Գալստյանի, չափազանց կարևոր ձեռքբերում է և, միաժամանակ, դրական ազդակ է նաև միջազգային կապիտալի շուկայի ներդրողների համար: Սրանով ՀՀ-ի համար անմիջապես հասանելի է դարձել մոտ $37 մլն ծավալով բյուջետային միջոցներ, ինչպես նաև շուրջ $70 մլն մյուս տարվա համար՝ ճշգրտման հնարավորությամբ:
Երկրորդ կարևոր մեսիջը վերաբերում է ներկայիս գնաճային միջավայրին: Իր խոսքում նա նշեց, որ Հայաստանում գնաճը շարունակվում է պահպանվել մեր նպատակային ցուցանիշից ցածր մակարդակում ու ազգային վիճակագրական կոմիտեի համաձայն 1.6-ի շրջանակում է: ԿԲ-ն արձանագրում է, որ սպառման շուկայում տարբեր գործոններով պայմանավորված որոշ ապրանքատեսակների գծով կան գնաճային զարգացումներ: Բավականին մեծ աճ կա նաև միջազգային շուկաներում պարենային ապրանքների մասով, ինչպես նաև այս ամենին նպաստում է նաև հայկական դրամի արժեզրկումը, և այս ամենի ներքո ընդունվել է 1 տոկոսային կետով փոփոխելու որոշումը:
Երրորդ ազդակը վերաբերում է վերջին շրջանում մեր ազգային դրամի փոխարժեքի տատանումներին: Նշվեց, որ արտարժութային շուկայում իրական հատվածից հոսքերի տեսանկյունից այս պահի դրությամբ խնդիրներ չեն նկատվում: Երբ համադրում ենք իրական հատվածից եկող հոսքերը, որոնք վերաբերում են արտահանմանը, ներմուծմանը, տրանսֆերտներին, միջազգային ուղղակի ներդրումներին, այստեղ որևէ խնդիր չի դիտվում: Գալստյանն ասուլիսի ժամանակ հայտարարեց, որ դրամի արժեզրկման համար ֆունդամենտալ առումով խոչընդոտ չի տեսնում:
Միևնույն ժամանակ, պարոն Գալստյանը նշել է, որ եթե ռազմական դրություն հայտարարելու առաջին օրերին Հայաստանում երկրի ռիսկի հավելավճարը միջազգային ֆինանսական շուկաներում բարձրացել էր, ապա ներկայում այն կրկին նվազել է: Նա նշել է, որ այս երկու գործոնը դրական են ազդում փոխարժեքի վրա:
«Այս ամենին զուգահեռ ապագայի հեռանկարների վերաբերյալ ձևավորված անորոշությունների պայմաններում ՀՀ-ում փոխարժեքի ներկա միտումների վրա անմիջական ազդեցություն են ունեցել մասնավոր հատվածի և ֆինանսական համակարգի պորտֆելային, կառուցվածքային տեղաշարժերը և արժութային փոխարկումները: Այսինքն, հօգուտ արտարժույթի այստեղ մենք ունենք տնտեսվարող սուբյեկտների որոշակի բալանսավորում, ինչի արդյունքում որոշակի պահանջարկ է ներկայացվել ԱՄՆ դոլարի նկատմամբ, որն էլ, բնականաբար, արտարժույթի գինը տարել է վերև»,- ասել է ԿԲ նախագահը:
Մարտին Գալստյանը նշեց նաև, որ շարունակվելու են բանկերին տրամադրել դրամային իրացվելիություն, բացի այդ այսուհետ իրենց տրամադրվելու է նաև արտարժութային իրացվելիություն, որպեսզի արտարժութային իրացվելիության որևէ խնդիրներ չլինի:
Խոսքի վերջում նա նշեց, որ ԿԲ-ն հավատարիմ է մնալու իր մանդատին՝ ֆինանսական շուկաների բնականոն գործունեությանը, ֆինանսական կայունությանը ու գների կայունությանը:
Հարց ու պատասխանի ընթացքում նշվեց, որ ազգային փոխարժեքի արժեզրկման վրա կարող է ազդել նաև հավելյալ պահանջարկը, որը ներկայացվում է որոշակի սպասումներ ձևավորող տնտեսության տնտեսվարող սուբյեկտների կողմից:
ԿԲ նախագահն իր խոսքում նշեց նաև, որ ցանկալի է՝ փոխվստահությունը մարդկանց օգնի ճիշտ որոշումներ կայացնել ճգնաժամերի ժամանակ։ Երբ կյանքը հանդարտ է, գնում է իր բնականոն հունով, ոչ մի արտառոց բան տեղի չի ունենում, ըստ էության, ԿԲ-ին վստահելու մեծ կարիք էլ չկա, բայց հենց այսպիսի արտառոց իրավիճակներում պետք է վստահել ու հավատալ, որ ֆինանսական որոշումների կայացման ժամանակ իրենք են քաղաքացիների շահերի պաշտպանը:
Մարտին Գալստյանի փոխանցմամբ այս ընթացքում Կենտրոնական բանկը միայն 1 անգամ է ինտերվենցիա կատարել: Նա նշել է, որ դժվար է կանխատեսել, թե ինչ կլինի ապագայում, բայց ֆունդամենտալ՝ իրական հատվածից եկող որևէ ռիսկային բան չեն տեսնում: Եթե նայենք իրական հատվածի զուտ ներհոսքին և արտահոսքին, ապա փոխարժեքի առումով որևէ զարգացումներ դեպի վերև չենք նկատի, բայց միևնույն ժամանակ պետք է փաստել, որ ամեն օրվա փոխարժեքը իր մեջ ներառում է բոլոր այն ռիսկերը, որոնք երկրում կարող են լինել: Այսինքն՝ փոխարժեքը այսօր արտահայտում է ընդհանուր ռիսկի մակարդակը մեր երկրում՝ ներկայացված պահանջարկի և առաջարկի տեսանկյունից:
Գալստյանը նշեց նաև, որ ԿԲ-ն իրականացնում է գնաճի նպատակադրման քաղաքականություն, որի թիրախը գնաճն է։ Փոխարժեքին անդրադառնում են բացառապես այն դեպքերում, երբ շուկայական որոշակի աղճատումներ են նկատվում, և իրենք փորձում են հարթել դրանք:
Ի պատասխան հարցերից մեկին՝ նախագահը ներկայացրեց, թե 2020 թվականի նոյեմբերի 1-ին որքան են աճել մի քանի ապրանքատեսակների միջազգային գները նախորդ տարվա նոյեմբերի 1-ի համեմատ։ Արդյունքում ակնհայտ դարձավ, որ կան որոշակի ապրանքատեսակներ, որոնք, բնականաբար, իրենց ներմուծման ցիկլից կախված Հայաստանում կարող են կարճատև հատվածում աճել:
Նա նշեց նաև, որ իրենց կարծիքով որոշակի ապրանքատեսակների դեպքում գնաճ կլինի նաև 2021 թվականի տարվա սկզբին և իրենք այդ իրավիճակում այնպայման կարձագանքեն:
«Կենտրոնական բանկի կանխատեսումների համաձայն՝ համավարակի և պատերազմի արդյունքում Հայաստանում չաշխատող վարկերը կարող են ավելանալ»,- նշեց Գալստյանը, անդրադառնալով լրագրողի այն դիտարկմանը, թե բանկային համակարգից տեղեկություններ են գալիս, որ վարկերի չվերադարձելիության խնդիր է առաջացել:
Հարցերից մեկին ի պատասխան ասվեց, որ ավանդների վերադարձելիության խնդիր առկա չէ, սակայն վարկերի վերադարձելիության դեպքում կարող են խնդիրներ լինել: «Այո՛, մենք այդ խնդիրն արձանագրել ենք: Տնտեսությունն այս տարի սկսեց կորոնավիրուսի համավարակով, հետո՝ պատերազմ, պատերազմից հետո որոշակի անորոշության փուլում ենք կապված մարդկանց սպասումների հետ: Ամեն դեպքում որոշակի վերադարձելիության հետ կապված կարող են խնդիրներ լինել»,-ասաց Գալստյանն ու վստահեցրեց, որ ԿԲ-ն այդ հարցն անընդհատ պահում է իր ուշադրության կենտրոնում:
Բանկերի հետ, ըստ էության, ԿԲ-ն ամենօրյա աշխատանքային ռեժիմում է: «Չաշխատող վարկերի մասով հրապարակված վերջին թիվը եղել է 6.7 %: Մեր ակնկալիքն այն է, որ այդ թիվը կարող է աճել ընդհուպ մինչև 10 %: Դա գնահատական է, որը ծնվել է որոշակի հետազոտության արդյունքում»,-ասաց ԿԲ նախագահը:
Նրա խոսքով՝ այդ մտավախությունը կա, սակայն ԿԲ-ն դրան հետևում է: Այս պահի դրությամբ ֆինանսական կայունության տեսանկյունից, սակայն, ԿԲ-ն էական ռիսկեր չի տեսնում: Գալստյանը կարծում է, որ կապիտալն այս պահի դրությամբ բավարար է՝ կլանելու հնարավոր պոտենցիալ ռիսկերը:
Պատասխանելով ասուլիսի ընթացքում հնչած բոլոր հարցերին Մարտին Գալստյանն ամփոփեց հանդիպումը:
Հեղինակ՝ Մարիաննա Մանվելյան (Marianna Manvelyan) © Բոլոր իրավունքները պաշտպանված են: