Շրջակա միջավայրն աղտոտող կորոնավիրուսի պլաստիկ թափոններ

Նկարազարդումը՝ Սյուզի Մելքոնյանի

Մեկանգամյա օգտագործման դիմակները, ձեռնոցները և ախտահանիչ նյութերի տարաները, պաշտպանելով մեզ COVID-19-ից, իրենց վերջին հանգրվանն են գտնում փողոցներում, ծովերում և վայրի բնության գրկում:

Մեկամսյա լոքդաուն, և Աթենքից դեպի հարավ-արևմուտք գտնվող հունական ոճով կառուցված և հնավանդ ձիթապտուղներով հայտնի Կալամաթա քաղաքի՝ ամենօրյա թոհուբոհով լի փողոցները ամբողջովին դատարկ են:

Ինչպես ողջ Հունաստանում, այնպես էլ այստեղ ծովափնյա քաղաքի բնակիչներին թույլատրվում է տանից դուրս գալ միայն ծայրահեղ անհաժեշտության, կարճատեւ վարժություններ կամ գնումներ  կատարելու դեպքերում: Սակայն օգտագործված ձեռնոցները, անձեռոցիկները և ախտահանիչ միջոցների տարաները դեն են նետված ողջ այգով, մայթերով և ճանապարհներով մեկ, ինչը պայմանավորված է մարդկանց՝ իրենց և մյուսներին վարակից պաշտպանելու փորձերից:

Խնդիրը չի սահմանափակվում հունական փոքրիկ քաղաքով: Նույնանման թափոնները մեծ խնդիրների պատճառ են դառնում նաև մեգապոլիսներում, ինչպիսիք են Նյու Յորքը և Լոնդոնը:

Այն նույնիսկ հասել է անմարդաբնակ Սոկո կղզիներ: «OceansAsia» պահպանողական խմբի անդամ Գարի Սթոքսը՝ Հոնգ Կոնգից մի քանի ծովային մղոն հեռավորության վրա ծովափնյա իր երեք այցերի արդյունքում հայտնաբերել է մոտ 100 դիմակ: 

«Մենք նախկինում այսպիսի հեռու տարածության վրա այսքան շատ դիմակներ երբևէ չէինք նկատել»,- ասել է Սթոքսը, ով ենթադրում է, որ այդ բոլորը Չինաստանից կամ Հոնգ Կոնգից են հասել այստեղ: «Երբ մենք հայտնաբերեցինք այդ ամենը, դեռ վեցից ութ շաբաթ էր, ինչ մարդիկ սկսել էին այսպիսի դիմակներ օգտագործել»:

«OceansAsia» պահպանողական խմբի անդամ Գարի Սթոքսը՝ Սոկո կղզիներում հայտնաբերած բժշկական դիմակները ձեռքին:
Ազդեցությունը վայրի բնության վրա

Ձեռնոցները, դիմակները և այլ անձնական պաշտպանիչ սարքավորումները (ԱՊՍ) շատ կարևոր նշանակություն ունեն համավարակների դեմ պայքարողների համար, բայց լայնատարած օգտագործում ունեն նաև հասարակության կողմից: Ներկայումս, քանի դեռ դրանցից ձերբազատումը ոչ միշտ է պատշաճ կերպով  իրականացվում, բնապահպանները վախենում են այն բացասական հետևանքներից, որոնք կարող են ներգործել վայրի բնության և պլաստիկ աղտոտման դեմ պայքարի վրա:

«Այս ամենը եթե փողոց նետվի, ապա անձրևի ժամանակ ձեռնոցներն ու դիմակները հավանաբար կհայտնվեն ծովում»,- ասել է ծովային կենսաբան և Հունաստանի տարածքում գտնվող Արխիպելագոս ծովային պահպանության ինստիտուտի հետազոտական տնօրեն Անաստասիա Միլիուն: Եվ քանի որ Հունաստանում թափոնների կանոնավարման խնդիրներ մշտապես կան, աղբամանում գտնվող հասարակ ձեռնոցները և դիմակները ի վերջո կարող են հայտնվել բնության մեջ: 

Նույնիսկ Հոնգ Կոնգում, որտեղ աղբակալումը հազվադեպ երևույթ է, Սթոքսը հավաստիացնում է, որ կան տասնյակ ճանապարհներ, որոնց միջոցով դիմակները կարող են հայտնվել ծովում:

«Մարդիկ քայլում են փողոցով, դրամապանակը գրպանից հանելիս դիմակը գրպանից պատահաբար ընկնում է»,- բացատրում է Սթոքսը՝ ավելացնելով, որ եթե նույնիսկ դրանք աղբաման նետեն, ապա չափազանց թեթև են քամուց քշվելու համար:

Սթոքսի նման բնապահպանները վախենում են, որ դեն նետված դիմակները և ձեռնոցները միայն կնպաստեն ծովում պլաստիկի աղտոտման դեմ պայքարի ընդլայնմանը:

Ջրում հայտնվելուն պես դրանք սպառնալիք են հանդիսանում ծովային կյանքին: «Այս տարածքով անցնելիս Հոնգ Կոնգի ջրերում վարդագույն դելֆիններ և կանաչ կրիաներ հայտնաբերեցինք»,- նշում է Սթոքսը: -«Վերջին հրապարակված հետազոտությունները ցույց են տալիս, որ երբ պլաստիկը հայտնվում է ջրում, որոշ ժամանակ անց ջրիմուռներ և բակտերիաներ են հայտնվում նրա վրա, ինչը կրիաների մոտ որպես սնունդ է ասոցացվում»:

Ինչպե՞ս պատշաճ կերպով վերամշակել դիմակները. Դա խնդիր է

Ջոան Մարկ Սիմոնը, ով Բրյուսելում գործող հասարակական կազմակերպության՝ «Զրոյական թափոնների Եվրոպա»-ի գլխավոր տնօրենն է, բացատրել է, որ  շրջակա միջավայրում կամ էլ ծովում չհայտնված ԱՊՍ տարրերի հետ այդքան էլ դյուրին չէ գործ ունենալ:

Նա մատնանշում է վերամշակման եվրոպական սխեման, որի ներքո մանրածախ առևտրականներն ու արտադրողները վճարում են բաշխված պլաստիկի հավաքման և մշակման համար: Քանի որ ձեռնոցները բաշխման ենթակա չեն, դրանք վերամշակման աղբամաններ չեն նետվում. այդպես է բացատրել Սիմոնը:

Կայուն գործելակերպը ճգնաժամային պայմաններում երկրորդական դիրք է զբաղեցնում:

Սիմոնն ավելացրեց, որ նույնիսկ բնական հումքից՝ լատեքսային կաուչուկից պատրաստված ձեռնոցները ոչ այդքան էկոլոգիական ընտրություն են: Նա հավելեց նաև, որ դա կախված է արտադրության ժամանակ օգտագործված քիմիական հավելումներից, որոնցից շատերը քայքայվելուց հետո կարող են վնասել շրջակա միջավայրը:

Փլիմութի համալսարանի ծովային հատազոտությունների ինստիտուտի պրոֆեսոր և դեկան Ռիչարդ Թոմփսոնն ասել է, որ չնայած  ճգնաժամի ընթացքում կայունությանը միտված գործունեությունների նահանջն ըմբռնելի է, պլաստիկ թափոնների ճգնաժամի հաղթահարումը ենթադրում է, որ անհրաժեշտ է հետևել արտադրանքի ողջ կյանքի ցիկլին՝ դիզայնից մինչև դրա վերացում։

«Սա պետք է վերաբերի բոլորին՝ լինի դա լիմոնադի շիշ, թե հիվանդանոցում օգտագործված դիմակ»,- ասել է Թոմփսոնը: «Անշուշտ դա չի օգնում, երբ մենք ճգնաժամային իրավիճակում ենք հատկապես երբ բոլորը դիմակ են ցանկանում»:

Մինչդեռ ԵՄ բնապահպանական հարցերի հանձնաժողովի խոսնակ Վիվիան Լունելան «EurActiv» մեդիա հարթակին ասել է, որ դեռ չափազանց շուտ է գնահատել կորոնավիրուսի՝ 2020թ-ի ողջ պլաստիկ փաթեթավորման թափոնների քանակի վրա ունեցած ազդեցության չափը: Որո՞նք են այս համավարակի պարագայում գոյություն ունեցող կայուն տարբերակները:

Լվացվող դիմակները կարող են նվազեցնել վարակի տարածումը

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հայտնել է «DW» լրատվական հարթակին, որ ձեռքերի կանոնավոր լվացումը ավելի ապահով է COVID-19-ից խուսափելու համար, քան հասարակական վայրերում ռետինե ձեռնոցներ կրելը, մինչդեռ Համավարակի կառավարման և կանխարգելման ամերիկյան կենտրոնները հավաստիացնում են, որ հասարակության համար լվացվող կտորից դիմակները կապահովեն անհրաժեշտ պաշտպանություն:

Եվ չնայած որ բժշկական հաստատություններում օգտագործվող ԱՊՍ-ները չվերամշակվող են կամ մեկանգամյա օգտագործման ենթակա, ի հայտ են գալիս հաստատուն նորարություններ: 

Միացյալ Նահանգներում «Ֆորդ» մեքենաշինական ընկերությունը արտադրում է օդապարիկի հումքից պատրաստված բազմակի օգտագործման զգեստներ, որոք կարող են լվացվել 50 անգամ: միաժամանակ Նեբրասկայի համալսարանում փորձարկումներ են կատարվում՝ պարզելու՝ արդյո՞ք ուլտրամանուշակագույն լույսը կվարակազերծի և կերկարացնի բժշկական դիմակների օգտագործումը և ի վերջո կնվազեցնի թափոնների քանակը:

Սիմոնը՝ «Զրոյական թափոններ Եվրոպա»-ից, հավաստիացնում է, որ պետությունները ստիպված չեն լինի ընտրություն կատարել շրջակա միջավայրի պահպանման և հասարակության առողջության պաշտպանության միջև:

«Հենց դա է ներկայումս տեղի ունենում»,- նշում է Սիմոնը: -«Ապագայում մենք պետք է համոզված լինենք նման համավարակներին պատրաստ լինելու և բնապահպանական ճանապարհով դրանց դեմ պայքարելու հարցում.  իսկ դա չպետք է լինի դրանցից մեկի անտեսման հաշվին»:

Կորոնավիրուսը և շրջակա միջավայրը․ Ակնկալվող 7 փոփոխություններ

  • Առավել մաքուր օդ | Քանի դեռ աշխարհը կանգ է առել, արդյունաբերական գործունեության մեծ մասի հանկարծակի դադարեցումը նվազեցրեց օդի աղտոտվածության մակարդակը: Արբանյակային նկարահանումները նույնիսկ արձանագրել են ազոտի երկօքսիդի (NO2) մակարդակի անկում: Վերջինս հիմնականում արտանետվում էր մեքենաների շարժիչներից և առևտրային արտադրական գործարաններից, ինչը մեծ քաղաքներում աղտոտված օդի պատճառ էր դառնում:


Բնօրինակի հեղինակ՝ Ineke Mules, Deutsche Welle


Թարգմանիչ՝ Արամ Սանամյան (Aram Sanamyan) ©️ Բոլոր իրավունքները պաշտպանված են: