Վերջերս ինձ հետ շատ հետաքրքիր և շատ հատկանշական իրադարձություն տեղի ունեցավ: Երթուղայինում ինձ դիմեցին երկու երիտասարդ տղաներ, որոնց հետաքրքրեց իմ ականջակալներում հնչող երաժշտությունը:
-Ի՞նչ ես լսում, ձյաձ ջան:
-Ջազ:
-Այն որ սաքսոֆոն է և կոնտրաբա՞ս: Ոչ, այդպիսի հնություն մենք չենք սիրում:
Առաջին մղումով ցանկացա նրանց բացատրել, որ ջազը նույնպես տարբեր է լինում՝ նոր, հին, ավանդական, ավանգարդային, բայց հետո հասկացա, որ դա անօգուտ է․ եթե տղաները, ապրելով 17-18 տարի, չեն հասկացել դա, ապա արդեն դժվար թե հասկանան: Եվ, ահա, անցյալ շաբաթ երաժիշտները՝ մերոնք և օտարները, ակնառու կերպով ցույց տվեցին, թե ինչպիսի ջազ են հիմա նվագում: Բայց այդ տղաները, իհարկե, այդ համերգներից ոչ մեկին չեն եղել: Ափսո՜ս:
Ջազի մարդիկ Երևանում
Ֆլեյտահար Վալերի Տոլստովին Երևանում լավ են ճանաչում: Երևանի Կոնսերվատորիայի շրջանավարտը, նա և´ ռոկ, և´ ջազ երաժշտություն է նվագել 2000-ականներին, իսկ հետո մեկնել է սովորելու Շվեյցարիայիում: Այնտեղ էլ մնացել է: Այնտեղ էլ ստեղծել է իր Authentic Light Orchestra կոլեկտիվը, որը ըստ իր մտածածի, պետք է էթնո-ջազ նվագեր՝ հայկական ֆոլկլորի հիման վրա: Անսամբլի կազմի մեջ էին շվեյցարացի երաժիշտներ: Մենակատարը Վերոնիկա Ստադլերն էր, ով հատուկ մեկնել էր ԱՄՆ, որպեսզի սովորեր Տաթևիկ Հովհաննիսյանի մոտ՝ երգելու հայկական ազգային երգեր ջազային ոճով: Նա հայերեն չգիտեր, հայերեն բառեր սովորում էր լատինական տառադարձությամբ: Անսամբլը ձայնագրել էր 2 ձայնասկավառակ, հաղթել Russian World Music Award-ում, մի քանի մենահամերգներ ունեցել Մոսկվայում և մի քանի տարի առաջ եղել Երևանում: Եվ, ահա, նոր հանդիպում Վալերիի հետ: Այս անգամ նա՝ որպես հիմնական խումբ, կոլեկտիվում ներառել էր հայտնի ռուսական LRK Trio-ին (դաշնակահար Եվգենի Լեբեդև, բասիստ Անտոն Ռևնյուկ, հարվածային գործիքահար Իգնատ Կռավցով)-ն, իսկ հրավիրված հյուրերի ցանկում նրանց հետ նվագում էին մեր երաժիշտները՝ սաքսոֆոնիստ Արմեն Ուսնունցը, դուդուկահար Էմմանուել Հովհաննիսյանը, թառահար Միքայել Ոսկանյանը: Գումարած կամերային նվագախմբի լարային տրիոն:
Կրկին հնչեցին հայկական ֆոլկլորային թեմաները և մի քանի հեղինակային կոմպոզիցիաներ, որոնք ոճավորված էին որպես ֆոլկլոր: Եթե փորձենք ինչ-որ կերպ դասակարգել հնչած երաժշտությունը, ապա դա հավանաբար new age էր, քան էթնո-ջազ: Բացառությամբ այն պահերի, երբ հերթը հասնում էր LRK Trio-ին: Բայց դա արդեն ուղղակի ջազ էր, որը կապ չուներ հայկական երաժշտության հետ: Իսկական, ժամանակակից, խելացի, գեղեցիկ, բայց կապ չունեցող հայկական ֆոլկլորի հետ։ Այս տղաները իրական վիրտուոզներ են, բայց նրանց ներգրավվածությունը հայկական ազգային երաժշտություն կատարելու մեջ մեծ հարց առաջացրեց:
Գործը փրկեց Արմեն Ուսնունցը, ով մեր էթնո-ջազային շարժման մեջ համարվում է անվիճելի հեղինակություն: Այստեղ պետք է հիշել, որ նա բարձրակարգ «Time Report» անսամբլի հիմնադիրներից մեկն է, որը արդեն 20 տարի զարգացնում է հենց այդ թեման՝ հայկական ֆոլկլոր ջազում: Ջազի նման ինչ-որ մի բան փորձում էր նվագել նաև Միքայել Ոսկանյանը, բայց տպավորություն չթողեց: Շատ լավն էր դուդուկահարը, բայց նա, ըստ էության, նվագում էր այդ երաժշտական գործիքի սովորական գործեր: Բոլոր գովաբանություններից ցածր էր լարային կվարտետը, որը ռիթմի մեջ չէր ընկնում (Վալերան ստիպված էր ամեն անգամ նրանց մոտենալ, դիրիժորություն անել և այլն), հնչում էր ինչ-որ աննշան: Մի խոսքով՝ չէր տեղավորվում ընդհանուր պատկերի մեջ: Ընդհանուր առմամբ բաղկացուցիչները չդարձան մեկ ընդհանուրի մասեր, մոզաիկան չհավաքվեց, երաժշտական պատկերը չնկարվեց: Շատ տարբեր էին երաժիշտները և´ տեխնիկայով, և´ էներգիայով:
Տվյալ պահին աշխարհում բավականաչափ երաժիշտներ կան, ովքեր զբաղվում են ֆոլկլորի մշակմամբ: Ընդ որում, որքան էլ դա տարօրինակ չհնչի, բայց, չգիտես թե ինչու, երաժիշտների մեծամասնությունը (հիմնականում Հյուսիսային և Հարավային Եվրոպայից) հետաքրքրվում են աֆրիկական, արաբական, և լատինաամերիկյան ժողովուրդների ֆոլկլորով: Որպես հիմք վերցնելով այդ երկրների ժողովրդական երգերն ու մեղեդիները՝ նրանք շատ մակերեսորեն ուսումնասիրում են դրանք և ներկայացնում այնպես, ինչպես իրենց կարծիքով դրանք պետք է հնչեն: Շատ դեպքերում անճաշակություն է ստացվում: Մի բան, որը անում են երկու Նադեժդաները՝ Բաբկինան և Կադիշևան: Եվ ահա, վախենամ, որ այն, ինչ անում է այսօր Authentic Light Orchestra-ն, շատ նման է դրան: Նվագել շվեյցարիացի կամ ռուս երաժիշտների հետ հայկական ֆոլկլոր, առնվազն այնքան էլ ճիշտ չէ: Պետք էլ չէ: Բայց դա, ինչպես հասկանում է ընթերցողը, հեղինակի անձնական կարծիքն է:
Դասական ջազի համերգը հոգու ճիչ է
Հաջորդ օրը տեղի ունեցավ նաև երկրորդ նշանակալից համերգը: Իսկ դա արդեն դասական ջազ սիրողների համար հոգու խրախճանք էր: Արմեն Ուսնունցի ղեկավարությամբ Հայաստանի Պետական ջազ նավագախմբի նվագակցությամբ, երգում էր հանրահայտ Ջեյմի Դևիսը՝ «շոկոլադե» բարիտոնը: Քննադատները նրան անվանել են նաև «քաղցր» բարիտոն, դասական և, վերջապես, իդեալական: Սկսելով իր երաժշտական կարիերան, ինչպես շատ երգիչներ այդ տարիներին, Օհայո նահանգի եկեղեցական երգչախմբում՝ Դևիսը հետո տեղափոխվեց ՍանՖրանցիսկո, որը դարձավ նրա տունը մոտակա 30 տարիներին, և որտեղ նա ակտիվորեն սկսեց համագործակցել ամերիկյան բեմերի այնպիսի աստղերի հետ, ինչպիսիք են Միլթ Ջեկսոնը, Էդդի Հենդերսոնը, Դեյվ Լիբմանը, Մելբա Մուուռը և այլք: Եվ, վերջապես, 2000 թվականին տեղի ունեցավ Ջեյմի Դևիսի հայտնի ելույթը Կաունտ Բեյսիի նվագախմբի հետ: Այդ հոյակապ երաժշտական միությունը Դևիսին բերեց արժանի ճանաչում լսարանի կողմից: Նա շատ է ելույթ ունենում աշխարհով մեկ՝ լինելով ջազի աշխարհի այնպիսի նշանակալի գործիչների ավանդույթների կրող, ինչպիսիք են Նաթ Քինգ Քոուլը, Թոնի Բենեթը, Բիլլի Էքստայնը և այլք:
Ճարտարապետների Տան համերգը, որտեղ արդեն մի քանի տարի է տեղակայված է Պետջազը, սկսվեց հոյակապ գործիքային երկից, որը կատարեցին մեր երաժիշտները: Բարձր, շատ բարձր կատարողականության նշաձող դրվեց ամենասկզբից: Երիտասարդ երաժիշտները, երկում որպես մենակատար հանդես եկածները, նաև հետագայում, սաքսոֆոնիստ Դավիթ Մելքոնյանը, շեփորահար Տիգրան Հարությունյանը դրական կերպարով զարմացրեցին ձայնի որակով, տեխնիկայով և երևակայությամբ: Իսկ հետո բեմ դուրս եկավ հյուրը, և դահլիճում հնչեց հաճելի, վաղուց ծանոթ և երկրպագուների կողմից սիրված ջազի մեղեդիները: Դևիսը, ինչպես պարզվեց, ոչ միայն հոյակապ երգիչ է, այլև շատ լավ շոումեն: Նա երգում էր, պարում, սիրաշահում հանդիսատեսին, փոքր-ինչ ծամածռություններ անում և փորձում էր ծիծաղեցնել: Բայց ամեն ինչ, փառք Աստծո, չափի մեջ էր և բացասական էմոցիաներ չէր արթնացնում: Այս բոլոր ջազային ստանդարտները հիանալի ուղեկցվում էր նվագախմբի կողմից: Եվ այստեղ ճիշտ ժամանակն է նկատելու այն, որ այս անգամ նվագախումբը գերազանցեց մենակատարին: Սովորաբար լսարանի ողջ ուշադրությունը կենտրոնացած է լինում մենակատարի վրա, առավել ևս դրսից եկած աստղերի դեպքում: Տվյալ դեպքում մեր նվագախումբը ավելի մեծ ուշադրության արժանացավ, քան ամերիկացի հյուրը: Արմեն Ուսնունցին՝ գեղարվեստական ղեկավարը և դիրիժորին, հաջողվել էր ստեղծել երիտասարդ երաժիշտների հոյակապ անսամբլ, ստեղծել նրանց մոտ անհրաժեշտ տրամադրություն և հայկական կոլեկտիվը վերածել միջազգային մակարդակի նվագախմբի: Եվ դա այն դեպքում, երբ երաժիշտները երիտասարդ են, հաճախակի փոխվող կազմով: Բայց ակնհայտ է՝ գեղարվեստական ղեկավարը իր ենթակաների հանդեպ մոտեցում է գտել և նրան հաջողվել է նրանց գերել իր էներգիայով և խանդավառությամբ: Դե, և վերջին նկատառումը: Իհարկե, Ջեյմի Դևիսը մեծ արտիստ է: Բայց այն, որ նա արդեն «զիջել է իր դիրքերը» նույնպես պարզ երևում էր: Հատկապես դա շատ լավ երևաց մեր երիտասարդ, էներգիայով լի նվագախմբի ֆոնին: Բայց, ամեն դեպքում, համերգը ընդհանուր առմամբ թողեց ամենաբարեհաճ տպավորությունները ընդհանրապես, և, մասնավորապես, մեր նավագախմբի կատարման շնորհիվ: Հիանալի, բարդ գործիքավորումները և դրանց հոյակապ կատարումը՝ ահա թե ինչն է ամենաշատը տպավորել:
Իհարկե, համեմատել անսամբլները, որոնք նվագում են տարբեր ոճերով, տաբեր «քաշային կարգերում» են, այնքան էլ շահեկան գործ չէ, բայց ամեն դեպքում ցանկալի է: Եվ ուրեմն, համեմատելով, թվում է, թե ավելի լավ է լավ անել քո կոնկրետ գործը, քան փորձել փորձեր անել փորձարկման համար:
Հեղինակ՝ Արմեն Մանուկյան (Armen Manukyan) © բոլոր իրավունքները պաշտպանված են:
Թարգմանիչ՝ Սյուզաննա Ղազարյան (Syuzanna Ghazaryan).