Ինչպես թարգմանել գրքեր. պատմում է Վիկտոր Գոլիշևը

Վիկտոր Գոլիշև՝ թարգմանիչ, Գորկու անվան Գրական ինստիտուտի դասախոս, անգլերենից թարգմանիչների սեմինարի ղեկավար, բազմաթիվ մրցանակների, այդ թվում նաև «Մաստեր» («Мастер») մրցանակի դափնեկիր: Իոսիվ Բրոդսկու, Ջեյմս Ջոյսի, Վլադիմիր Նաբոկովի, Ջորջ Օրուելի, Ջերոմ Դ. Սելինջերի, Թորնտոն Ուայլդերի, Ուիլյամ Ֆոլքների և այլ գրողների թարգմանությունների հեղինակ:

Ողջ շաբաթ՝ ոչ գեղարվեստական, տարվա գլխավոր գրքային տոնավաճառից առաջ և ընթացքում,  քննարկում ենք, թե ինչպես են ստեղծվում գրքերը: Այսօր թարգմանիչ Վիկտոր Գոլիշևը պատմում է իմաստային ամպերի, բառերի հերթականության, ամենաբարդ էջերի և այն մասին, թե ինչո՞ւ է այդքան կարևոր, որպեսզի հերոսները խոսեն թարգմանչի գլխում:

Գրի է առել Ելենա Կալաշնիկովան

 

Վիկտոր Գոլիշև՝ թարգմանիչ, Գորկու անվան Գրական ինստիտուտի դասախոս, անգլերենից թարգմանիչների սեմինարի ղեկավար, բազմաթիվ մրցանակների, այդ թվում նաև «Մաստեր» («Мастер») մրցանակի դափնեկիր: Իոսիվ Բրոդսկու, Ջեյմս Ջոյսի, Վլադիմիր Նաբոկովի, Ջորջ Օրուելի, Ջերոմ Դ. Սելինջերի, Թորնտոն Ուայլդերի, Ուիլյամ Ֆոլքների և այլ գրողների թարգմանությունների հեղինակ:

Այն մասին, թե ինչպես հասկանալ տոնը

Միայն գործի ընթացքում կարելի է պարզել՝ ինչպես է պետք կամ ինչպես պետք չէ թարգմանել: Այն բաղկացած է մանրուքներից, ինչ-որ փշուրներից: Ոչ մի սկզբունք չկա, պարզապես ամեն անգամ քո խնդիրն այլ է: Թարգմանությունը պետք է լինի և՛ ճշգրիտ, և՛ ազատ, իսկ եթե լուրջ, ապա թարգմանություն կատարելուց առաջ գիրքը պետք է կարդալ մինչև վերջ: Պետք է հասկանալ տոնը․ որքանով է այն դրամատիկական կամ հեգնական: Իսկ առաջին էջերից այդ չի կարելի հասկանալ. առաջին էջերում շատ ես տանջվում, որպեսզի ճիշտ տոնը գտնվի. մինչև ընտելանալդ առաջին էջերը սովորաբար ամենաբարդն են:

 Ֆոլքների և Հեմինգուեյի մասին

Հիշում եմ, ժամանակին չէի ցանկանում, որ թարգմանության մեջ շատ դերբայական դարձվածներ լինեն, բայց դա ավելի շատ որոշվում է բնագրով, այլ ոչ թե քո ցանկությամբ: Ֆոլքներ թարգմանելիս քո առջև այդպիսի խնդիր չես դնի. այնտեղ, Աստված տա, ուղղակի դուրս գաս երկար արտահայտության տակից: Ես կարդացի «Շառաչ և ցասում»-ն անգլերեն: Կարդում եմ տասը էջ՝ չեմ հասկանում, ևս տասը էջ՝ չեմ հասկանում: Տասը կամ տասնմեկ անգամ կարդացի սկիզբը, հետո գլուխ հանեցի այդ անհեթեթությունից․ այնտեղ ժամանակներն իրար են խառնված, քանի որ Բենջին [1] ուղեղ չունի: Ֆոլքները ուզում էր տպագրել այդ ամենը տարբեր գույներով, քանի որ գիտեր՝ հասկանալը դժվար է լինելու:

Համարվում է, որ Հեմինգուեյի մոտ պարզ նախադասություններ են՝ միայն ենթակա և ստորոգյալ. «Ես կգնամ պատերազմ», «Դու չես գնա պատերազմ»: Իրականում նա ունի երկար և բավական խորդուբորդ արտահայտություններ և շատ անհարմար, ի միջի այլոց, թարգմանելու համար: Եվ բավական շատ է հումորը. չէի ասի, թե խորդուբորդ է, այլ ինչ-որ տեղ՝ թերարտահայտված:

Այն մասին, թե որքան կարևոր է կերպավորել պատկերը

Եթե թարգմանում ես արձակ գրականություն, ցանկալի է ինչ-որ կերպ մուտք գործել այդ աշխարհ, տեսնել պատկերը, անձամբ մասնակցել երկխոսության: Ազատություն է տալիս միայն այն, որ դու՝ ինքդ գրքում ես, սակայն դա չի պահանջվում ոչ գեղարվեստական գրականություն թարգմանելիս. այնտեղ պարզապես պետք է գլխի ընկնել՝ ինչ ասաց մարդը, և հոգալ այն մասին, որ այն հասկանալի լինի նաև ռուսերենով: Դու պետք է մասնակցես այն ամենին, ինչ տեղի է ունենում գրքում: Կարևոր չէ, թե ինչպես ես կերպավորում այդ պատկերը, սակայն նկարագրելու ես պատկերը, այլ ոչ թե բառերը: Կարևոր չէ, թե ինչպես են խոսում այդ մարդիկ հեղինակի գլխում, կարևոր է, թե ինչպես են նրանք խոսում քո գլխում, այդ ժամանակ դու ազատություն ես ստանում:

Տեխնոլոգիայի մասին

Դու չես կարող իմանալ բոլոր բառերը, այդ թվում նաև ռուսերենով: Ամենակարևորն այն է, որ արտահայտությունը կառուցված լինի ռուսերեն և նման լինի բնագրին, որպեսզի բաց չթողնվեն ինչ-որ մանրուքներ, նրբություններ: Դրանք երեքկոպեկանոց գործեր են, բայց հենց դրանցից է ամեն ինչ դասավորվում: Օրինակ՝ կարևոր է, որ ածականները չհանգավորվեն: Գեղեցիկ չի հնչում, եթե հանգ կա այնտեղ, որտեղ չպետք է լիներ։ Դա պետք է լինի այն դեպքում, երբ հատուկ է արված հեղինակի կողմից՝ ծիծաղ առաջացնելու համար: Թարգմանության մեջ չկա տիտանական այս ամենը․ «Նա ուզում էր այս կերպարին տալ սա կամ նա…»,- սրանում չէ խնդիրը: Թարգմանության մեջ կա տեխնոլոգիա, ոչ թե տեխնիկա, այլ հենց տեխնոլոգիա: Ի միջի այլոց, մեզ մոտ շփոթում են այս հասկացությունները: Քանի որ անգլերենում «տեխնոլոգիա» է, ապա մեզ մոտ հիմա բոլորը գրում են «տեխնոլոգիա»: Տեխնոլոգիան արտադրելու միջոց է, իսկ նրանք նկատի ունեն տեխնիկան: Եվ ուսանողներին պետք է բացատրել, որ դրանք տարբեր բառեր են: Science-ը «գիտություն» է, բայց իրենց մոտ գրականագիտությունը գիտություն չի համարվում, իսկ մեզ մոտ համարվում է, և դրա մասին նույնպես պետք է պատմել: Կրկնում եմ՝ սրանք բոլորը երեք կոպեկ արժեն, բայց դրանցից է ձևավորվում դրամապանակը:

Բառերի հերթականության և իմաստային ամպերի մասին

Ռուսերեն արտահայտության մեջ գլխավորը շեշտված բառն է՝ առաջինը կամ վերջինը, իսկ այն, ինչ մեջտեղում է, այդքան էլ կարևոր չէ, իսկ անգլերենում՝ բառերի մշտական դիրքը՝ (եթե, իհարկե, հեղինակը հատուկ չի փոխանցում օտարոտի արտահայտությունը) ենթական, ստորոգյալը, ուղիղ խնդիրը…. Եթե ռուսերենում մշտապես այդկերպ գրենք, ձանձրալի կստացվի, կլինի միատոն տեքստ: Իսկ եթե բառի տեղը փոխենք, իմաստն ավելի շատ կընդգծվի, և արտահայտությունը նվազ խամրած կլինի: Նաև պետք է հաշվի առնել, որ անգլերեն և ռուսերեն բառերի շուրջ տարբեր իմաստային ամպեր են: Դրանք չեն համընկնում, մասամբ փոխլրացվում են: «Ամպը» այն է, թե որտեղ է բառն օգտագործվել, ինչպիսի զուգորդումներ է այն առաջացնում: Եթե տեքստում գրված է «bunk», դու ընտրություն ես կատարելու՝ կա՛մ «койка» (մահճակ), կա՛մ «кровать» (մահճակալ) կա՛մ «лежанка» (ծալվող մահճակալ) բառը, և սա կախված է համատեքստից:

Թարգմանության և կլիպային գիտակցության մասին

Թարգմանությունները հնանում են, և կարծում եմ՝ իրողությունների պատճառով: Այժմ մարդիկ օգտվում են տեղեկության փոքր կտորներից. «Ալո՛, բա՜րև: Լա՛վ: Գնացի՛նք»: Իսկ նախկինում՝ «Ողորմած տեր, ուզում եմ Ձեզ հայտնել…» և այլն: Գիտակցությունը դառնում է կլիպային, և եթե դասական ուսում ստացած մարդը սկսի ժամանակակից գրականություն թարգմանել, ապա պետք է հաշվի առնի, որ մարդիկ կարդալու ժամանակ առանձնապես չունեն, և կարճ է պետք գրել:

Արդեն իսկ թարգմանվածի թարգմանությունների մասին

Արդեն թարգմանված տեքստեր վերցնելիս ելնում ես այն գաղափարից, որ պետք է ավելի լավ թարգմանես: Սա շատ հարաբերական չափանիշ է, և չարժե մտածել, որ  ավելի լավ կթարգմանես, քան ուրիշը. սա շատ է բարդացնում գործընթացը: Թարգմանությունը սպորտ չէ, որտեղ պարզ է, թե ով հարյուր մետրն ավելի արագ վազեց: Դու թարգմանում ես ինչպես կարող ես, իսկ այստեղ խնդիրն է թարգմանել ավելի լավ, քան մեկ ուրիշը: Ավելի լավ է չթարգմանել արդեն իսկ թարգմանվածը:

Հղումներ

[1] Բենջի՝ Բենջամին Քոմփսոն, «Շառաչ և ցասում»-ի գլխավոր հերոսներից մեկը, հոգեկան հիվանդությամբ (հնարավոր է ՝ օլիգոֆրենիա) տառապող 33-ամյա տղամարդ: Նրա անունից է պատմվում պատմվածքը ստեղծագործության առաջին մասում:

Բնօրինակի հեղինակ՝ Елена Калашникова, Arzamas


Թարգմանիչ՝ Սյուզաննա Ղազարյան (Syuzanna Ghazaryan) © Բոլոր իրավունքները պաշտպանված են: