Խնդրում ենք մինչ վերլուծությունն ընթերցելը դիտել այս տեսանյութը:
1991թ. ապրիլի 13-ի Հանրապետության (այն ժամանակ դեռևս Լենինի) հրապարակում գտնվող Լենինի հսկայական արձանն ապամոնտաժվեց: Շատերի համար այս իրադարձությունը դիտվում էր որպես Խորհրդային Միության բռնապետությունից ազատվելու ևս մեկ խորհրդանշական ակտ: Բայց սա անգամ ավելին էր. սա ամբողջատիրացման գործընթացի դադարումն էր Հայաստանում, արդարության հաղթանակն էր բռնության և ստի վրա կառուցված համակարգի դեմ։
Նախապատմությունը
Նախ փորձենք հասկանալ, թե ով էր Վլադիմիր Իլյիչն իրականում, և ով էր նա սովետական ժողովուրդների համար։
Ռուս հեղափոխական գործիչ և բոլշևիկ, Հոկտեմբերյան հեղափոխության առաջնորդ, Ռուսական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության առաջին, իսկ 1922թ.-ից ԽՍՀՄ փաստացի ղեկավար, համաշխարհային հեղափոխության ձգտող և դրա մոտալուտ գալուստը քարոզող գործիչ, ով իր երազանքների, և ինչպես պատմությունը ցույց տվեց, անիրատեսական նպատակների կատարման համար մշակեց ու կիրառման դրեց ամբողջովին սուտ, մտացածին ու անկենսունակ համակարգ, որը միլիոնավոր անմեղ մարդկանց ոչնչացման և ամբողջ աշխարհամասի հասարակական-քաղաքական համակարգի աննպատակ մուտացիայի պատճառ դարձավ։
Վլադիմիր Լենինի կողմից մարքսիստական փիլիսոփայության մեջ կատարված փոփոխությունների պատճառով այդ հեղափոխական ուսմունքը կոչվեց «մարքսիզմ-լենինիզմ»։ Հայերի ու Հայաստանի վրա ունեցած ազդեցությամբ Լենինի պատմական դերակատարումը կարելի է ամփոփել հետևյալ երկու կետերով՝ 1. Քեմալական Թուրքիայի հետ հանցավոր համաձայնության արդյունքում Արևելյան Հայաստանի (մինչ այդ ռուսական կայսրության) անբաժան մաս կազմող Կարսի նահանգի և Սուրմալուի գավառի փոխանցումը վերջինիս, 2. Հայաստանի առաջին Հանրապետության կործանումը։
Ամբողջովին այլ էր Լենինի կերպարի ընկալումը թե՛ ԽՍՀՄ-ում և թե՛ ՀԽՍՀ-ում։ Եթե փորձենք հեռանալ քաղաքական արդի դասակարգումներից և ԽՍՀՄ-ին տանք փոքր-ինչ փիլիսոփայական նկարագրություն, ապա կհանգենք ԽՍՀՄ-ի նմանեցմանը հին արևելյան թեոկրատական միապետություններին (Լենինիզմի/կոմունիզմի և կրոնական աղանդի միջև նմանությունները նկատել է դեռևս անգլիացի տնտեսագետ Ջ. Քեյսնը, ում՝ այս թեմայով գրված հոդվածը կարող եք կարդալ այստեղ)։
Աղանդում Լենինի կերպարը գլխավոր աստվածությունն էր, ում արձաններն ամենուրեք էին և զարդարում էին բոլոր քաղաքների կենտրոնական հրապարակները և փողոցները (որոնք նույնպես նրա անվան էին), կուսակցությունը քրմական դասն էր, որը համարվում էր անսխալական և գործադիրից վեր կանգնած ինստիտուցիա։ Վերջինիս առաջնորդները՝ քաղբյուրոյի անդամները, ըստ էության, քրմապետներն էին՝ զառամյալ ծերունիները, որոնք համարվում էին աստծո՝ Լենինի գործի շարունակողները երկրի վրա: Նրանք վեր էին կանգնած դատարաններից և իշխանության ճյուղերից ու վայելում էին ամբողջատիրական իշխանություն։
Շարքային մարդն իրավունքներ չուներ, պարտավոր էր մշտապես վախենալ համակարգից, դրա ամբողջատիրացման հիմնական գործող անձը դառնալ, իր դերը խաղալ հասարակական այդ ինքնախաբեության գործընթացում (մասնակցել աբսուրդային ժողովների, հանդիսությունների և վանկարկել «Պրոլետարիատներ բոլոր երկրների, միավորվեք» արտահայտությունը, որի իմաստն ու նպատակն իրեն հասկանալի ու հետաքրքիր չէին)։
Մարդկային արժանապատվությունը և ինքնաընկալումը, ըստ էության, իջեցված էին անասնական մակարդակի, քանի որ հասարակական-քաղաքական գործընթացներում հասարակ քաղաքացուն փորձում էին զրկել ամեն տեսակի պոտենցիայից. նա պետք է ունենար միայն մեկ կողմնորոշում՝ կուսակցական գծին հարիր։
Ինչպես ցանկացած կրոնում, այստեղ նույնպես խոստացվում էր լուսավոր և որակապես այլ ապագա՝ կոմունիզմ։ Համակարգը, ինչպես ցանկացած կրոն, ուներ իր ծեսերն ու խորհուրդները (կուսակցական ժողովներ, ինքնաքննադատություններ, պրոֆխորհուրդներ, համագումարներ, հանրահավաքներ և այլն)։
Այս տրամաբանության մեջ Լենինի կերպարն աստվածացվել էր, նրա գործունեությունը դարձել էր անքննելի, ամենաբարձր մակարդակով տարվում էր նրա գերմարդկային ունակությունների տիրապետելու մասին գիծը (Լենինի անսովոր մեծ ուղեղի կամ ուղեղի բացառիկ ունակությունների մասին պատմությունները), նրա (և իր նախորդ կոմունիստ տեսաբանների) թողած գրավոր ժառանգությունը հասցվել էր սուրբ գրության մակարդակի. ամեն ինչը՝ արվեստը, մշակույթը, գիտությունը հարմարեցվում և տեղավորվում էր նրանց գրույթների մեջ։1
Հեղինակը կոմունիզմի և կրոնական հոսանքի միջև նմանությունները ցուցադրում է՝ քաջ գիտակցելով, որ կոմունիստական տեսությունը բացառապես ժխտում է գերբնականի առկայությունը, սակայն դա որևէ կերպ չի խանգարում կոմունիզմը կրոնական աղանդ անվանելու մեր մոտեցմանը, քանի որ կրոնը տեսաբանի համար առաջին հերթին յուրահատուկ գոյաբանական մոտեցումներով կառավարման համակարգ է (սովորաբար ամբողջատիրական)։
Իսկ ՀԽՍՀ-ում այդ ամենը հասնում էր առավելագույնս թույլ և գավառացված տարբերակումներով:2 Պատճառներից են՝ Հայաստանում տարածված ազգայնականությունը, սեփական պատմության հետ վառ արտահայտված օրգանական կապը, լարված հարաբերությունները հարևանների հետ, համազգային մասշտաբի հոգեբանական տրավման, տեղական քաղաքական մշակույթի թերզարգացվածությունը, պրագմատիզմը։ Արդյունքում, Հայաստանում մեր հերոսը երբեք ձեռք չբերեց այնպիսի բնորոշիչներ, ինչպես սովետական այլ հանրապետություններում էր: Այստեղ Լենինը դարձել էր կարգերի, կոմունիզմի ու երկրի սիմվոլը։ Սիմվոլ, որը թվում էր հավերժ, անձեռնմխելի և ամենահաս: Այդ իսկ պատճառով դարձյալ գործ ունենք կերպարի որոշակի սակրալացման հետ։
Արձանը
Վերադառնանք Երևանի կենտրոնական հրապարակում տեղադրված արձանին: Ժողովուրդների առաջնորդի արձանը տեղադրելու որոշումը կայացվել էր դեռևս 1924թ.՝ Լենինի մահվան հետ կապված միջոցառումների ընթացքում: Այդուհանդերձ, իր իսկ անունը կրող հրապարակում այն տեղադրվեց միայն 1940թ.՝ Հայաստանի խորհրդայնացման 20-րդ տարեդարձին՝ նոյեմբերի 24-ին: Այն պատրաստված էր բրոնզից և գրանիտից: Բարձրությունը 7,5 մետր էր, քանդակագործը Սերգեյ Մերկուրովն էր, իսկ ճարտարապետը՝ Լևոն Վարդանյանը:
Մարկ Գրիգորյանի վկայությամբ՝ բանակցությունների ընթացքում Մերկուրովն առաջարկեց արձանը պատրաստել կռածո պղնձից: Այս առաջարկը հավանության արժանացավ այդ ժամանակ Երևանում գտնվող ակադեմիկոս Հովսեփ Օրբելու կողմից: 1939թ. ամռանը Պարեմուզովան և Վարտանովը սկսեցին աշխատել պատվանդանի գծագրերի վրա: Ճարտարապետները շատ կարճ ժամանակահատվածում պատրաստեցին պահանջվող գծագրերը: Նրանց մանրակրկիտ աշխատանքի մասին վկայում էին առանձին հատվածների գծագրերը: Օրինակ՝ Պարեմուզովայի գծագրով պղնձից պատրաստվեցին երկու արտաքին դռները, որոնք տանում էին դեպի կառավարական տրիբունաներ: Դռների խիստ հայկական զարդարանքը վերցված էր Գոշի խաչքարից: Այսպիսով՝ կարելի է պնդել, որ արձանի վրա ամեն ինչ, բոլոր լուծումները և դետալները հայկական էին, բացի բուն արձանից և դրա տված գաղափարական սիմվոլից։
Անմահի մահը
Թվում էր՝ երևանյան Լենինը դարեր պետք է կանգուն մնա, բայց ժամանակի ընթացքում իրավիճակը փոխվեց: Հուշարձանի համար անհանգիստ ժամանակները սկսվեցին նախորդ դարի 80-ականների վերջից և 90-ականների սկզբից: 1991թ. փետրվարին հանրահավաքի մասնակից անկախության կողմնակիցներն արձանի վրա ներկ էին լցրել: Մի գիշեր էլ հետևի դռան մոտ պայթուցիկ էին տեղադրել ու ոչնչացրել այն:
Արձանը հանելու մասին որոշում էր կայացվել մարտի 28-ին Երևանի քաղաքային խորհրդի նիստում: Ժողովրդական պատգամավորները գրեթե միաձայն կողմ քվեարկությամբ քաղխորհրդի գործկոմին հանձնարարեցին «մինչև 1991թ. ապրիլի 22-ն ավարտել արձանի ապամոնտաժման աշխատանքները։
Ազգային պատկերասրահի աշխատակցուհի Կիմա Մկրտչյանի հուշերից. «Նախապես հայտարարվել էր, որ ժամը 17:00-ին Լենինի արձանը ապամոնտաժվելու է: Տաք եղանակ էր: Հրապարակում մեծ թվով մարդիկ էին հավաքվել: Թվում էր, թե արձանն ամբողջությամբ պետք է տեղից պոկվի, ու երբ արձանից առանձնացավ գլուխը, հրապարակում հռհռոց լսվեց: Հետո պատվանդանից հանեցին արձանի մարմինը: Այդ պահին օդում սկսեցին լսվել բացվող շամպայնի ձայները. մարդիկ նշում էին «Լենինի անկումը»: (…) ” Լենինը հատեց հրապարակը, որը երբևէ կրում էր իր անունը, որպեսզի անփառունակ տեղ գտնի թանգարանի բակում…»:
Հավաքվածները, փաստորեն, դիտում էին մի եզակի տեսարան՝ աստծո մահը։ Կործանվում էր այն, ինչը ժամանակին իրենց անմահ էր թվում, կործանվում էր այն ամենի սիմվոլը, ինչին իրենց սովորեցրել էին հավատալ, կործանվում էր իրենց ողջ կյանքում սերմանված գաղափարների ֆետիշը։
Այս ամենը խտացնում էր այն հուզված, մոլորված և շփոթմունքի մեջ գտնվող հայացքները, որոնք մենք տեսնում ենք տեսանյութում։ Անգամ այդ սև ու սպիտակ կադրերից է հասկանալի դառնում, թե ինչքան լարված էր մթնոլորտը, ինչպիսի մեծ փոփոխություն էր դա ժամանակակիցների համար։ Լենինի արձանը գլխատվեց տեխնիկական խնդիրների պատճառով, արձանի ապամոնտաժումը կազմակերպելու համար, այն չէր կրում սիմվոլիկ բնույթ, սակայն, ինչպես ցույց է տալիս ամբոխի արձագանքը, այն հենց այդպես ընկալվեց։
Երևանում ապրիլի 13-ին տեղի ունեցածն արձանի ապամոնտաժում չէր, այն շատ ավելին էր, յուրօրինակ պսակն էր անցյալի հուշերի և նորի կառուցման ազդարարը։ Միայն գուշակել կարելի է, թե քանի հարյուր անգամ է այդ հրապարակում հնչել «Անմահ Լենին» արտահայտությունը, քանի անգամ է մեծարվել նրա «հավերժ» վառ հիշատակը: Սակայն այդ օրը նրա հայաստանյան մահն էր։
Արվեստագետները երկար կարող են պնդել և բարձրաձայնել հայկական քանդակագործության մեջ արձանի գեղարվեստական բարձր արժեքի և նշանակության մասին, քննադատել հատկապես պատվանդանի ապամոնտաժումը, և գուցե իրենց թվա, թե իրենք ճիշտ են, բայց սխալն առավել գլոբալ է։
Այդպիսի արձանի կանգնեցման առաջնային նպատակը ոչ թե գեղարվեստական է, այլ չոր գաղափարական, և դրա ապամոնտաժումը նույնպես կրում է գաղափարական տոն։ Մեր կարծիքով պատվանդանի մնալը նպատակահարմար չէր, քանի որ այն պիտանի չէր լինի նոր արձանի համար ո՛չ տեխնիկական, ո՛չ էլ գաղափարական առումով, իսկ դատարկ պատվանդանի մնալը նույնպես նպատակահարմար չենք համարում։ Հետաքրքիր է, որ վերոնշյալ ամբողջատիրական գաղափարական ենթատեքստը ժամանակին դեռևս նկատել և փորձել էր հնարավորինս թուլացնել Ա. Թամանյանը։
Հրապարակի հորինվածքն այնպիսին էր, որ այնտեղ երկու կարևոր կետ կար՝ Լենինի արձանը և Հայաստանի պատմության թանգարանի շենքը։ Բայց պատմության թանգարանի շենքի բարձր թմբուկն ակնհայտ իշխող դեր ուներ հրապարակի ընդհանուր հորինվածքում՝ դրանով իսկ Սովետա-Լենինական լեգենդը ստորադասելով հայոց պատմության և Հայաստանի գաղափարին։ Այս դիսկուրսը, հետագայում մշակույթում զարգանալով, պետք է ստանար նաև իր տնտեսական ու քաղաքական ճյուղավորումները։
ՀԽՍՀ-ում գրեթե բոլոր ոլորտների գրեթե բոլոր նշանակալի գործիչները հայաստանակենտրոն էին, նրանց համար առաջնային էր Հայաստանի, այլ ոչ թե կուսակցական գիծը (թեպետ Հայաստանի գիծը հաճախ իջեցվում էր էթնիկ ազգայնականության մակարդակի)։ Այսպիսով՝ պետք է հաստատել, որ ՀԽՍՀ մշակութային միտքը հիմնականում հակոտնյա էր սովետականին՝ գերադասելով հայկականը: Այդ մտածելակերպի վերջնական հաղթանակն էլ սովետականության վրա կարելի է համարել Երևանի քաղաքապետ Համբարձում Գալստյանի գործունեությունը։ Տեսանյութում նրան կարելի է տեսնել 0։22 վայրկյանից (սպիտակ պիջակով): Հենց նա էր այդ օրը գլխավորում ապամոնտաժման օպերացիան։
Ազգագրագետ Լևոն Աբրահամյանի հուշերում3 հանդիպում ենք իր և Գալստյանի համատեղ խոսակցության մի հատված, որից ենթադրելի է, որ քաղաքապետը մտադիր էր Երևանում հիմնել Տեռորի այգի (ավելի ուշ նման գաղափար իրագործվեց Բուդապեշտում տեռորի տան տեսքով): Սակայն այս պլանները չիրագործվեցին Համբարձում Գալստյանի հրաժարականի, ապա սպանության պատճառով, և մի քանի տասնամյակ տևող դիսկուրսը, հեղինակի կարծիքով, մնաց անավարտ։
Սովետական շրջանի պատմությունը չպետք է մնա լուսանցքից դուրս, մոռացվի, այլ պետք է ստանա պատմական ճիշտ գնահատական։ Այլ խոսքով՝ Լենինի արձանի տեղը պատմության թանգարանի բակը չէ, այլ առանձին այգին, որտեղ կտեղադրվեն սովետական տեռորի և ամբողջատիրության բոլոր հուշարձաններն ու նյութական հիշողությունները։
Ժառանգությունները
Իսկ ի՞նչ եղավ հետո։ Արձանը՝ գլուխն ու մարմինը, գտնվում են Պատմության թանգարանի բակում: 1996թ. ապամոնտաժվեց նաև պատվանդանը: Մնացորդներն այժմ պահվում են քաղաքապետարանի պահեստում՝ Չարբախում: 2001թ.-ին, երբ Հայաստանում մեծ շուքով նշվում էր քրիստոնեության ընդունման 1700-ամյակը, այդ կապակցությամբ արձանի տեղում հսկայական խաչ կանգնեցվեց: Մի քանի տարի անց այն տեղը զիջեց գովազդային էկրանին: Բացի այդ, վերջին տարիներին Հանրապետության հրապարակի վերակառուցման մի քանի մրցույթ է անցկացվել, որոնց գլխավոր նախապայմաններից մեկն արձանի տապալումից հետո ազատ մնացած հատվածը զբաղեցնելն էր:
Վերջին տարիների ուկրաինական դեպքերը քննարկվող թեմայի շրջանակներում նույնպես բավականին ուշագրավ են: Քաղաքական և տնտեսական շրջադարձներին և ցնցումներին զուգահեռ այնտեղ տեղի էր ունենում նաև սիմվոլների դաշտի ցնցում։ Ուկրաինացի շարքային քաղաքացիներն ամբոխներ կազմած ամբողջ երկրով մեկ շուռ էին տալիս և քանդում Լենինի արձաններն ու սովետական այլ գործիչների հուշակոթողները։ Իր հիմնադիր հայրերի անփութության պատճառով այսպիսի բարբարոսական գին վճարեց Ուկրաինան։ Խնդիրն այն է, որ անցումային պատմական շրջանները չափազանց լարված են, պայթյունավտանգ և հուզական, այդ իսկ պատճառով դրանց հնարավորինս կարճացումը ելնում է բոլորի շահերից։ Անցումային փուլի բաղադրիչներից է նաև սիմվոլիկայի փոփոխությունը: Պատմական փուլը չի կարելի համարել ավարտված, քանի դեռ ողջ կամ կենսունակ է դրա սիմվոլիկան։ Իսկ Ուկրաինայում, ի տարբերություն մեզ, քաղաքների կենտրոնական հրապարակներից ժամանակին չէին հանել լենինյան և խորհրդային սիմվոլիզմի խորհրդանիշ հուշարձանները, ինչի արդյունքում գերհուզված և անցյալի նկատմամբ չարացած ժողովուրդը, որը անընդմեջ գտնվում էր անցյալը քննադատող ներկա հասարակական-քաղաքական դիսկուրսի և անցյալը մեծարող մշակութային ազդեցության բախման խաչմերուկում, գիշերներն ուղղակի հավաքվում էր հրապարակներում և կործանում ու այլանդակում հուշարձանները։
Հայաստանում Լենինի արձանի փոփոխությունն արվեց ճիշտ ժամանակին և ճիշտ մոտեցմամբ, մեր պետական այրերը վարվեցին իրատեսորեն և ապագան բավականին ճիշտ կանխագուշակեցին։
Սակայն մեր կարծիքով՝ հրապարակի այդ հատվածը չպետք է դատարկ մնա:
Հայկ Նահապետ
Ինչպես արդեն ներկայացվեց, Լենինի արձանի հանումից հետո բազմաթիվ առաջարկություններ եղել են դրա փոխարեն ինչ-որ բան կառուցելու վերաբերյալ: Հեղինակն առաջարկում է այստեղ կանգնեցնել Հայկ Նահապետի նոր ու մեծ արձանը՝ դրա համար հնարավորինս հակիրճ հիմնավորումներ բերելով։
- Հայկ Նահապետի անվան հետ է կապված մեր՝ հազարամյակների պատմություն ունեցող ինքնանվանումը և, հետևաբար, ազգային ինքնագիտակցության հիմքը. նա է մեր արարչագործ նախնին։ Նրա անունն է կրում նաև մեր երկիրը՝ Հայաստանի Հանրապետությունը:
- Անկախ նրանից՝ Հայկը լեգենդար կերպար է, թե ոչ (ինչպես ցույց է տալիս պատմությունը, նման հնության կերպարները միշտ են համեմված լեգենդար մոտիվներով), այնուամենայնիվ, նա մեր առաջին առաջնորդն է և հայ ժողովրդի նահապետը։
- Հայկն է մեր հնդեվրոպական հիմքի կոթողը, մեր ազգի հավաքական կերպարը, ազգի ու պատմության լեգենդի իրացումը, որի արտահայտումը թե՛ հեթանոսական և թե՛ քրիստոնեական դիցաբանության մեջ մեզ համար ունի առանցքային նշանակություն։
- Հայկը և՛ հանուն անկախության պայքարող մարտիկի կերպար է և՛ մեր մշակույթի ինքնության սիմվոլ։
- Հայկ Նահապետն է մեր առաջին հաղթանակած զորավարը։
- Հայկի թոռների և երեխաների անուններով են մեր բնակավայրերի ու անվանումների զգալի մասը։
Այսպիսով՝ Հայկ Նահապետի արձանը ՀՀ մայրաքաղաքի գլխավոր հրապարակում իդեալական լուծում կլինի։ Արձանի տեղադրումը նոր բյուրեղացնող խթան կլինի մեր հասարակության համար։ Այն սիմվոլիկայի սեմանտիկ դաշտը կարգավորող և սոցիալական գիտակցության մեջ հայրենիքի խտացված պատկերավորումը ձևավորող նորամուծություն կլինի, որը հնարավոր է հասարակական-քաղաքական մոբիլիզացիայի նոր ալիք առաջացնի։
Երկու խոսք…
Սույն վերլուծությունը գրելու մղում հեղինակի մոտ առաջացավ նշյալ տեսանյութը դիտելուց հետո։ Հեղինակը ոչ միայն կարևորում է սիմվոլների դերն ու դրանց ճակատագիրը հասարակական գործընթացների հարացույցում, այլև դրանց ճիշտ պատմական գնահատումը։ Լենինի արձանի ապամոնտաժումը սկզբից մինչև վերջ ճիշտ ծրագիր էր, որն անհամեմատ ավելի մեծ և նշանակալի էր, քան կարող է թվալ առաջին հայացքից, քանի որ այն հերթական քայլ էր դեպի ամբողջատիրության կապանքների կործանում և ազատ հասարակության կառուցում։ Ամբողջատիրության հետքը դեռևս ամբողջությամբ չի վերացվել մեր հասարակական գիտակցությունից, բայց մենք այս գործում անհամեմատ ավելի մեծ նվաճումներ ենք ձեռք բերել, քան նախկին ԽՍՀՄ հանրապետությունների մեծ մասը, և պետք է շարունակել այս գործը՝ միաժամանակ կարևորելով ու գնահատելով եղած նվաճումները։
1Արամ Խաչատրյանը «Սպարտակ» բալետը գրելիս հիմնավոր մտավախություններ ուներ, թե այն բացասական կընկալվի կուսակցության կողմից, սակայն նրա ընկերներից ակադեմիկոս Արկադի Առաքելյանը փարատեց այդ կասկածները՝ Սպարտակի մասին դրական արտահայտություններ մատնանշելով Կառլ Մարքսի հատորներից մեկում, ինչը լիարժեք արդարացում կարող էր լինել այդ թեմայով աշխատանք գրելու համար։
2Սրա օրինակներից է անտարբերությունն իշխող գաղափարների նկատմամբ, հաճախ թեթևամտության հասնող ազատամտությունը, բնակչության մեջ մեծ տարածում գտած կատակներն ու անեկդոտներն իշխող ռեժիմի մասին: Սարսափի մթնոլորտը, որը մոլեգնում էր ԽՍՀՄ-ում, երբեք չտարածվեց ՀԽՍՀ-ում. ավելին, տեղի հայկական ղեկավարությունն ամեն գնով փորձում էր մեղմել այդ ալիքները և «մերոնց» պաշտպանել վտանգից)։
3Левон Абрамян, Борьба с памятниками и памятью в постсоветском пространстве, (Acta Slavica Iaponica, Tomus XX, 2003, c.25-49)
Օգտագործած գրականության ցանկ
- Լենինի արձան` (ան)կենդանի պատմություն, http://www.mediamax.am/am/news/yerevan-XX- century/6339/
- Լենինի արձանի հանումը, 1991թ., https://www.youtube.com/watch?v=JSQELITEcHs
- Leon Trotsky, Lenin, Encyclopedia Britannica, 14th edition, https://www.marxists.org/archive/trotsky/1939/xx/lenin02.html
- Lenin and the First Communist Revolutions, I, http://econfaculty.gmu.edu/bcaplan/museum/hisfram1.htm
- Дж. Кейнс, Беглый взгляд на Россию, http://ecsocman.hse.ru/data/441/927/1216/19Kejns_Beglyj_vzglyad.pdf
- Գոռ Մադոյան, Անուժների ուժը, http://bit.ly/2dMQQ5Y
- Левон Абрамян, Борьба с памятниками и памятью в постсоветском пространстве
Հեղինակ՝ Արեգ Քոչինյան (Areg Kochinyan) © Բոլոր իրավունքները պաշտպանված են: