«Սկզբում ես եվրոպացի հայրենասեր էի». զրույց Ալեն Ֆինկելկրաուտի հետ

«Ես դարձա եվրոպացի հայրենասեր, մինչ, պիտի խոստովանեմ, ֆրանսիացի հայրենասեր լինելս»:

 

Le Grand Continent-ի խմբագրությունը անվերապահորեն դատապարտում են 2019 թվականի նոյեմբերի 13-ին LCI հեռուստաալիքով հնչած Ալեն Ֆինկելկրաուտի անհեթեթ արտահայտությունները: Այս հարցազրույցը 2017 թվականի է և փաստագրական հետաքրքրություն է ներկայացնում գրողի եվրոպական դիրքորոշման մասին: Այնուամենայնիվ, իր արտահայտությունների պատճառով մենք հանձն ենք առնում չտրամադրել Le Grand Continent-ի սյունակների սահմանափակ տարածքը մի անձնավորության, ով դուրս է եկել ինտելեկտուալ բանավեճի թույլատրելի սահմաններից:

Ինչպե՞ս եք հասկանում Եվրոպական միության և եվրոպական մտքի միջև առկա ներկայիս կապը:

Եվրոպական միությունը հետաքրքրված է նորմերով և հետաձգում է ընթացակարգերը՝ այսպիսով կարծելով, թե ազատվում է մի շարք հրատապ հարցերից: Փոխարենը, եթե Եվրոպան նախևառաջ քաղաքակրթություն է, ապա առաջանում է սահմանների և դրանցով տարբերակված տարածքների հարցը։ Կենտրոնական Եվրոպայի գրողներն են, ինչպես  Միլոշը և Կունդերան, որ ինձ համար առաջին անգամ բացահայտեցին Ռուսաստանի տարակազմ լինելը: Համակված զգացողությամբ, որ այդ հսկայական տարածքը նրանց կուլ էր տալիս՝ ստիպելով կլանել մի պատմություն, որը նրանք չէին ճանաչում, նրանք մեզ կանգնեցրին այս փաստի առաջ. եվրոպական պատմության մեծ վանկատումները իրեն շրջապատող բոլոր տարածությունների համար չէ, որ նույնկերպ ընդունելի են։ Եվրոպայի գաղափարը ծնվել է առճակատումից, կոնֆլիկտային հարաբերությունից: Դեռ այսօր էլ նմանօրինակ հարց է ծագում իսլամի հետ կապված, թեև, անկասկած, հնարավոր կլիներ որպես հակափաստարկ ներկայացնել միջերկրածովյան քաղաքակրթության գոյությունը, և իսկապես արժե այս հարցը տալ։

Ես ցանկացա նպաստել մշակույթի շուրջ եվրոպական երկխոսության հաստատմանը՝ միավորելով Կունդերային և Ֆելինիին, Հայդեգերին և Պատոչկային:

ԱԼԵՆ ՖԻՆԿԵԼԿՐԱՈՒՏ

Ձեր դիրքորոշմամբ, այն կարգավիճակով, որ ունեք 2014թ.-ից, դուք ի վերջո շատերի աչքին երևացել եք որպես ֆրանսիական մշակույթի երաշխավոր. ո՞րն է ձեր կապը ֆրանսիական մշակույթի հետ:

Ակադեմիա ընդունվելուց շատ առաջ, 1986թ.-ին ես հիմնեցի մի տարեկան հանդես, Le Messager européen (Եվրոպական սուրհանդակ)-ը, որը սկզբում լույս տեսավ P.O.L.-ում, հետո Gallimard հրատարակչությունում: Այն գոյատևեց 10 տարի, ինչը գովելի է՝ հաշվի առնելով մեդիաաշխարհի բացարձակ անտարբերությունը: Այս աշխատանքիս նպատակն էր նպաստել մշակույթի շուրջ եվրոպական երկխոսության հաստատմանը՝ միավորելով Կունդերային և Ֆելինիին, Հայդեգերին և Պատոկային: Իմ համոզմունքը հետևյալն էր. գոյություն ունի Եվրոպայի մի հատված, որը ներառված չէ Եվրոպական միության մեջ՝ Յալթայի բաժանման պատճառով և, մենք դա մոռանալու իրավունք չունենք: Մենք նրան պետք է առավել ևս ձեռք մեկնեինք, քանի որ նա գտնվում էր ռուս-սովետական լծի տակ և մեզ սովորեցնելու որևէ բան ուներ:

Ինչի՞ մասին էր խոսքը:

Արևմտյան Եվրոպան ցնցված էր նացիզմից, սևեռված էր վտարելու վախի վրա և ի վերջո վախենում էր նույնիսկ մեկ այլ քաղաքակրթության հարաբերությամբ ինքն իրեն  որպես քաղաքակրթություն որոշարկելու հանգամանքից։ Այս փակուղուց դուրս գալու համար նա փնտրել էր և գտել սահմանադրական հայրենասիրության ուղին՝ մատնանշված մասնավորապես գերմանացի փիլիսոփա Յուրգեն Հաբերմասի կողմից:   Կենտրոնական և Արևելյան Եվրոպան միանգամայն այլ իրավիճակում էր գտնվում: Այն ապրում էր ոչ միայն կենտրոնական տոտալիտար իշխանության լծի տակ, այլ նաև քաղաքակրթության, որում ինքն իրեն չէր ճանաչում և որը նրան ջախջախում էր: Այդ Եվրոպայի մտավորականները ամենևին խնդիր չունեին պաշտպանելու եվրոպական մշակույթը և մեզ՝ Արմուտքում գտնվողներիս, հիշեցնում էին նրա գոյության և, համարձակվում եմ ասել, անմեղության մասին. այդ մշակույթը մեղավոր չէր նացիզմի հանցանքների համար և արժանի էր սիրված և պաշտպանված լինելու:

Ուրեմն Արևելքի միջոցո՞վ է, որ դարձել եք եվրոպացի:

Այո՛, ծանոթանալով Միլան Կունդերայի, Չեսլավ Միլոշի, Կազիմեժ Բրանդիսի ստեղծագործություններին՝ ես դարձա եվրոպացի հայրենասեր, մինչ, պիտի խոստովանեմ, ֆրանսիացի հայրենասեր լինելս: Եթե հիմա ես ֆրանսիական Ակադեմիայում պաշտպանում եմ Ֆրանսիան կերտած մշակույթը՝ ապա որպես եվրոպական քաղաքակրթության բաղկացուցիչ մաս: Կունդերան 1983թ.-ի մի հոդվածում՝ Առևանգված Արևմուտք կամ Կենտրոնական Եվրոպայի ողբերգությունը, որը մեծ նշանակություն ունեցավ ինձ համար, առանց  չնչին երկմտանքի ազգային ինքնությունը շաղկապում է եվրոպական ինքնության գիտակցման հետ: Նա գրանցում է Հունգարիայի մամլո ծառայության տնօրենի պաշտոնական նամակը, որը, Բուդապեշտ մտած սովետական տանկերի կողմից իր գրասենյակը պայթեցնելուց մի քանի րոպե առաջ, հեռագրակապով հուսահատ հաղորդագրություն է ուղարկում, որն ավարտվում է այս խոսքերով. «Մենք մեռնում ենք Հունգարիայի և Եվրոպայի համար»: Այստեղ ազգային ինքնությունը անվերջության մեջ շաղկապվում է եվրոպական ինքնության հետ՝ իրենց ընդհանուր բնույթով, որը Կունդերան անվանում է «արևմտականություն», և նա դա ասում է առանց չնչին բարդույթի, մինչդեռ այսօր այդ ինքնություն բառը վատահամբավ է Ֆրանսիայում և Արևելյան Եվրոպայում:

Այսուհանդերձ, ազգային ինքնությունը, որպես ինքնիշխանական քաղաքական լուծում, կարող է իրապես հանգեցնել Եվրոպայի փլուզմանը` իր գծուծ, միջակ ինքնամփոփության ձգտմամբ, լինելով անընդունակ, դիցուք, զուգորդելու ազգային մակարդակը մայցամաքայինին:

Ես կարծում եմ, որ եվրոպական կառույցի ճգնաժամը իրական է և կարող է հաղթահարվել միայն իսկական եվրոպական ինքնության կառուցմամբ: Եվրոպայի փլուզումը աղետ կլիներ և միանգամային ճիշտ է, որ կան շատ ազգայնամոլներ, որ դա են ուզում: Այնուամենայնիվ, սա ազգային ինքնիշխանական լուծման նկատմամբ իմ տարակուսանքի միակ պատճառը չէ։ Ես իրականում երբեք ինքնիշխանության մեջ լուծում չեմ տեսել: Ֆրանսիացի ինքնիշխանականները վրդովեցնող ձգտում ունեն պահանջել սատարել բռնապետություններին, իբրև Ֆրանսիայի ինքնատիպ քաղաքականություն արտերկրում: Ես եղել եմ նախկին Յուգոսլավիայի պատերազմի առաջնագծում, և ֆրանսիացի ինքնիշխանականները իրենց դրսևորեցին՝սատարելով Միլոշվիչին և Սերբիային, որը պաշարում էր Սարաևոն… Տարբեր պատճառներով, ուրեմն, ես տարակուսանք ունեմ զուտ ազգային քաղաքականության առաքինությունների վերաբերյալ: Եթե ուզում ենք համաշխարհային մաշտաբով այս հոսքը, այս անդադար շրջանառությունը,, բոլորը բոլորի դեմ տեղափոխության այս տխուր երազը դադարեցնել, ապա կարծում եմ, որ միայն եվրոպական քաղաքականությանը կարող է դա հաջողվել:

Այո՛, ծանոթանալով Միլան Կունդերայի, Չեսլավ Միլոշի, Կազիմեժ Բրանդիսի ստեղծագործություններին՝ ես դարձա եվրոպացի հայրենասեր, մինչ, պիտի խոստովանեմ, ֆրանսիացի հայրենասեր լինելս:

ԱԼԵՆ ՖԻՆԿԵԼԿՐԱՈՒՏ

Ո՞վ, ըստ Ձեզ, կարող է հանձն առնել այդ ծրագիրն այսօր:

Իմ կարծիքով Եվրոպական առաջնորդները շարունակում են չկարևորել քաղաքական գործողության անհրաժեշտությունը: Անգելա Մերկելը որոշեց ընդունել մեկ միլիոն սիրիացի փախստականների, նա դա արեց միաժամանակ բարոյական և տնտեսական փաստարկներով, թեև պիտի որ ընկալեինք այդ հաշվարկի հակասությունը: Չեմ կարծում, թե կարելի է կոծկել  ձախողված ժողովրդագրությունը` այլ տեղերից մարդիկ բերելով, առանց առճակատվելու նրանց այդտեղ բերած քաղաքական պատճառներին։ Մարդիկ փոխանակելի չեն, ահա նրանց անքակտելի արժանապատվությունը:

Բայց եթե չենք կարող տեղափոխվել, ուրեմն փոխանակելու համար պետք է թարգմանել: Դուք թարգմանության մեջ տեսնու՞մ եք եվրոպական ինտեգրման սկզբունք:

Լիովին: Երբ ես ծնվեցի, ծնողներս բնավ չէին ցանկանում խախտել հրեական ընտանիքների ավանդույթը, ըստ որի՝ նորածնին տալիս են տատիկի կամ պապիկի անունը: Մինչդեռ, հասկանում եք, հետպատերազմյան աշխարհ նետել մի Ահարոն Լազար Ֆինկելկրաուտ կառաջացներ դժվարություններ, որոնք կարելի է պատկերացնել: Այդ պատճառով նրանք որոշեցին թարգմանել իմ պապիկ-տատիկի անունները՝ պահպանելով նրանց անունների սկզբնատառերը, ինչն ինձ տվեց շատ ֆրանսիական այս անունը՝ Ալեն Լյուկ Ֆինկելկրաուտ:

Եթե Եվրոպական միությունը տարված չլիներ գլոբիշի գաղափարախոսությամբ, որն Էրազմուսի ուսանողներին դրդեց ճանապարհորդել Եվրոպայի չորս կողմը՝ վատ անգլերեն խոսելու համար, ապա այն պիտի լրջորեն վերադարձներ եվրոպական լեզուները կրթության կենտրոն` դրանք փոխպատվաստելով նախկին լեզուներին: Լատիներենը մեր ընդհանուր լեզուն է, մեր հարստությունը, մեր գանձը:

ԱԼԵՆ ՖԻՆԿԵԼԿՐԱՈՒՏ

Թարգմանության հանդեպ այս սերը ձեզ մոտ ուղեկցվու՞մ է օտար լեզուների կիրառմամբ:

Ցավոք, ո՛չ: Միշտ զղջալու եմ իտալերեն չսովորելու համար, երբ ես բավականաչափ երիտասարդ էի դա անելու համար: Ահա մի գեղեցիկ եվրոպական լեզու, որ չեն սովորում Ֆրանսիայում հաճախ այն անհեթեթ պատճառաբանությամբ, որ այն հեշտ լեզու է և, ի տարբերություն իսպաներենի, տարածված չէ շատ մայրցամաքներում: Արդյունքում, երբ գնում ես Իտալիա, իտալացիների հետ անգլերեն ես խոսում, և դա շատ ցավալի է, քանի որ այն կատարելապես հրաշալի լեզու է: Եթե Եվրոպական միությունը տարված չլիներ գլոբիշի գաղափարախոսությամբ, որն Էրազմուսի ուսանողներին դրդեց ճանապարհորդել Եվրոպայի չորս կողմը՝ վատ անգլերեն խոսելու համար, ապա այն պիտի լրջորեն վերադարձներ եվրոպական լեզուները կրթության կենտրոն` դրանք փոխպավաստելով նախկին լեզուներին: Լատիներենը մեր ընդհանուր լեզուն է, մեր հարստությունը, մեր գանձը: Ինչպես ասում էր Սիմոն Վեյը՝ չկա ավելի կենսական բան, քան անցյալը:

Կարո՞ղ է արդյոք եվրոպական մայրցամաքի տարբեր տարածքները միավորելու ունակ նմուշների փնտրտուքը իրագործվել խորհրդանիշների փոխադարձ թարգմանության սկզբունքով։

Կրոնը, մասնավորապես իսլամին բախվելը, եղել է Եվրոպայի շարժառիթը, ասում էր Կունդերան․ Նոր ժամանակների սկզբին Աստված անհետացավ և մշակույթը փոխարինեց կրոնին` որպես գերագույն արժեք: Ուրեմն պետք չէ համակերպվել այս շարժմանը. եթե մշակույթն իր տեղը զիջում է, պետք է ողջ կարևորությունը մշակույթին տալ: Երբ խոսում են Եվրոպայից, ես մտածում եմ եվրոպական ճարտարապետության, եվրոպական կերպարվեստի և եվրոպացի մեծ գրողների մասին: Դանթե, Շեքսպիր, Սերվանտես, սա է մեր ընդհանուր գանձը: Հոգնակնական, քանի որ բարբառային: Պահելու, այսինքն՝ թարգմանելու ենթակա: Ուրեմն պետք չէ փնտրել խորհրդանիշներ, պետք է փնտրել ստեղծագործություններ և այդքանով բավարարվել:

Ի դեպ, փոխենք կոորդինատները: Իսրայելը Մերձավոր Արևելքում է, այնուամենայնիվ այն պատկանում է ՈՒԵՖԱ-ին նույն հիմքով, ինչ Ռուսաստանը և Ղազախստանը: Ինչպե՞ս հասկանալ Իսրայելի դիրքը տարածքային և մշակութային առումներով։

Տարածքային առումով հստակ է, որ Իսրայելը գտնվում է Եվրոպայից դուրս: Լավ է, թե վատ, այն Միջին Արևելքի երկիր է: Բայց այն եվրոպական կազմավորում է:

Այս առումով սիոնիզմը պետք է համարվի ազգերի զարթոնքի բաղադրիչ, սա մի ազգային շարժում է ծագած Եվրոպայում և որի կառուցվածքային արժեքներն ու սկզբունքները վերին աստիճանի եվրոպական են: Սա է պատճառը, որ այն գեր-ժողովրդավարություն է, որը կիրառում է ինտեգրալ համամասնական ընտրակարգը, ինչն այն դարձնում է դժվար կառավարելի:

Որո՞նք են այդ գաղափարի ստեղծման գոյապայմանները:

Իսրայելի գաղափարն առաջացել է ավստրո-հունգարացի հրեա լրագրող Թեոդոր Հերցլի մոտ, այն նրա մոտ ծագել է կապիտան Դրեյֆուսի պաշտոնազրկումից հետո: Սիոնիզմը սկիզբ է առնում այն փաստից, որ ազատագրումը չլուծեց հրեական հարցը և նույնիսկ Ֆրանսիայում, ուր այնուամենայնիվ ծնվել էր ֆրանկո-հուդայականությունը, որին հատուկ էին հույսն և միտքը, թե Հեղափոխությունը երկրորդ Եգիպտոսից ելքն էր: Ուստի Դրեյֆուսի դատով այդ հույսը մարեց և չփրկվեց Օսվենցիմում: Այսպիսով, հրեաներին էր վիճակվում ճակատագիրն իրենց ձեռքը վերցնել՝ ազատագրման գործը շարունակելու համար, լքել Եվրոպան՝ միաժամանակ մնալով խորապես եվրոպացի: Այստեղից էլ՝ Միջին Արևելքի կենտրոնում գտնվող եվրոպական բարքերով այս երկրի արտասովոր դրությունը: Այս առումով, արաբական բնակչությանն ամենից շատ ցնցած բաներից մեկը, կիբուցներում տղամարդկանց և կանանց բացահայտ հավասարությունն էր: Թե մեկը, թե մյուսը, բոլորը բոլորը կարճաթև վերնաշապիկներով էին և դա տրավմա էր արաբ բնակչության համար:

Այսօր թյուրիմացությունն այն է, որ շատ եվրոպացիներ համարում են, որ սիոնիզմը հենց այն գաղափարախոսությունն է, որը հիտլերյան ֆենոմենից ճիշտ դասեր չի քաղել և նույնիսկ շարունակում է դրա չարիքները: 

ԱԼԵՆ ՖԻՆԿԵԼԿՐԱՈՒՏ

Դա բավակա՞ն է Եվրոպայում Իսրայելի ընկալումը բացատրելու համար:

Տարածքային տեսանկյունից զատ կա նաև մի մեծ տարաձայնություն, որ զարգացել է Իսրայելի և Եվրոպայի միջև Շոայից հետո: Հրեաները և եվրոպացիները նույն  եզրահանգումները չարեցին: Հրեաները նացիզմի ցեղասպան նախաձեռնության մեծ զոհերը դարձան. նացիստական ծրագրի նպատակն էր երկրի երեսից բնաջնջել հրեաներին, սա, ի դեպ, միակ համաշխարհային ցեղասպանությունն է. հրեաներ էին փնտրում Սալոնիկում և Շանհայում: Նրանք այսպիսով եկան այն համոզմունքին, որ պիտի իրենց ձեռքը վերցնեն իրենց ճակատագիրը և հիմնեն հրեական պետություն. այսպիսով, եթե անգամ ոչ բոլոր հրեաներն են ապրում հրեական պետությունում, ապա բոլոր հրեաների, կամ նրանց մեծամասնության համար անտանելի կլիներ դրա (հրեական պետության) անհետացման (կամ այն կորցնելու) միտքը, որովհետև.

Եվրոպացիները, մասնավորապես Արևմուտքի եվրոպացիները, իրենց հերթին Երկրորդ աշխարհամարտից եկան այն եզրահանգմանը, որ ազգայնամոլությունը կարող էր հանգեցնել վատագույնին. այստեղից էլ ինքնության այս որոնումը, որի ախտանիշներից մեկը Ֆրանսիայի համաշխարհային պատմությունն է (այստեղ ամփոփ ձևով ներկայացնում ենք այդ գիրքը՝ խմբագրի ծանոթագրություն): Այսօր թյուրիմացությունն այն է, որ շատ Եվրոպացիներ համարում են, որ սիոնիզմը հենց այն գաղափարախոսությունն է, որը հիտլերյան ֆենոմենից  ճիշտ դասեր չի քաղել և նույնիսկ շարունակում է դրա չարիքները. այդ են ասում Բադիուն և Բարյացակամները (Les Bienveillantes) վեպը: Բերքլիի պատմության պրոֆեսոր Յուրի Սլյոզկինը «Հրեական դարը» գրքում (Le Siècle juif) բացատրում է, որ ժամանակակից Եվրոպայում բոլորը դարձել են հրեա, այսինքն՝ քոչվոր, ապատարածքայնացված, հակա-ինքնութենական….բացի հրեաներից: Այստեղ մի ահավոր խառնաշփոթ կա. այն է, թե հրեաները սիոնիզմի հետ ընտրել են արմատավորման, բնիկության ուղին, մինչդեռ Հիտլերը պետք է մեզ սովորեցներ հիմնովին կորցնել արմատները: Սա մի սարսափելի պարադոքս է: Հրեաները պարտավոր են պաասխանել նոր ոճրի՝ այլևս հրեա չլինելու, իրենց քոչվոր կոչմանը հավատարիմ չմնալու համար: Գռեհիկ լեզվում սա հանգեցնում է սիոնիզմի համեմատությանը ռասիզմի տեսակի հետ:

Բրեքսիթն ինձ համար վատ նորություն է, որովհետև կարծում եմ, որ Անգլիան եվրոպական քաղաքակրթության կարևոր բաղադրիչ է

ԱԼԵՆ ՖԻՆԿԵԼԿՐԱՈՒՏ

Որո՞նք են այդ թյուրիմացության հետևանքներն այսօր:

Սա ծանր իրավիճակ է ինձ նման մեկի համար, ով շարունակում է զբաղվել քաղաքականությամբ, ով անհանգստանում է Հորդանան գետի արևմտյան ափի օկուպացիայով և ով մտածում է, որ Իսրայելը այս հարցում համառելով, վտանգ կա, որ կգործի հենց իր՝ որպես հրեական պետության անհետացման օգտին, քանի որ կգա մի օր, երբ հրեաները փոքրամասնություն կլինեն այն իսկ երկրում, որը նրանք  վերակառուցել են ինչ-որ մի տեղ՝ հենց մեծամասնություն լինել կարողանալու համար: Այսպիսով, ես պիտի անդադար պայքարեմ երկու հակադիր դաշտերում երկու պետությունների ստեղծման համար և մեծ փոփոխության դեմ, որն է՝ մեղադրել հրեաներին, որոնք ապրում են Իսրայելում կամ սիրում են Իսրայելը՝ հուդայականությանը դավաճանելու համար: 

Դուք հիշատակեցիք քոչվորությունը. կասեի՞ք, որ ամեն ինչ տեղի է ունենում այնպես, կարծես Իսրայելը միակցում է հիմնական նստակյացության գաղափարը պետական արմատավորման միջոցով, մինչդեռ աշխարհում ամենուր վիրտուալ քոչվորները կարող են գալ տեղավորվել Իսրայելում:

Այո՛, և ես կասեի նույնիսկ, որ կան նաև հիմնական քոչվորներ, որոնք մասն են կազմում այս վիրտուալ աշխարհի, քանի որ Իսրայելը նոր տեխնոլոգիաների դրախտ է, նրանք կիրառում են Յերիդան, այսինքն եթե իրավիճակը վատանում է, նրանք կարող են գնալ ապրել Սիլիկոնյան հովտում, դա Ալիյային զուգահեռ շարժում է, որ պետք է հաշվի առնել:

Ինչպե՞ս եք մեկնաբանում այս կրկնակի տրամաբանությունը. արդյո՞ք Իսրայելը պետք է առաջնահերթություն տար ազգպետության նստակյացության տրամաբանությունը, որը ստիպում է ծրագիր առաջարկել, թե՞ հակառակը՝ արտոնություն տար քոչվորությանը:

Այդ քոչվորությունն ինձ սարսափեցնում է: Քանի որ ի՞նչ է այն վերջիվերջո: Այն կապիտալների, ապրանքների և մարդկանց ազատ շրջանառությունն է: Նրա գոյաբանությունը ամփոփվում է մեկ բառով` փոխադարձ փոխանակելիություն: Արդ, ես կարծում եմ, որ մարդիկ փոխադարձ փոխանակելի չեն, մշակույթները փոխադարձ փոխանակելի չեն և ես ցանկություն չունեմ մուտք գործել համընդհանուր փոխարինելիության դարաշրջան: Ինչ վերաբերում է ինձ, ապա, ի հեճուկս այս նեո-քոչվորության, ես խոսում եմ հօգուտ  որոշակի նստակյացության:

Իսկ Եվրոպայում, արդյո՞ք Բրեքսիթը այնուամենայնիվ մի երևույթ չէ, որը ցայտուն կերպով երևան հանեց այս հակասությունը հիմնական նստակյացների, որոնք, որքան էլ հեգնական հնչի, քվեարկել են  Leave (Լքել) և վիրտուալ քոչվորների միջև, որոնք քվեարկել են Remain (Մնալ):

Բրեքսիթն ինձ համար վատ նորություն է, քանի որ ես կարծում եմ, որ Անգլիան եվրոպական քաղաքակրթության կարևոր բաղադրիչ է, այդ պատճառով նստակյացությունը ես դիտարկում եմ ավելի լայն մաշտաբով, քան ինքնամփոփ ազգերինն է, բայց բավականին հասկանալի է, որ ազգերը ըմբոստանում են ընդհանրացած շրջանառության դեմ: Ես ասում եմ` մի փոքր հանգի՛ստ, մի փոքր համառությու՛ն: Ես բավականին ծեր եմ ապագաղութացման մեծ շարժումը, հակաիմպերիալիստական պայքարներն ապրած լինելու համար. Աֆրիկայի, հարավարևելյան Ասիայի ժողովուրդների համար դա անկախության, ինքնիշխանության վերանվաճելն էր: Պետք է վերականգնել նստակյացությունը: Քաղաքականությունը կայանում է երկիրը մարդկային կացարան դարձնելու մեջ, և այն մարդկային կացարան է, եթե յուրաքանչյուրը կարող է մնալ ինչ որտեղ. հենց սրան մենք պետք է ձգտենք և պետք է ձգտի համաշխարհային մասշտաբով ընկալված քաղաքականությունը: 

Բնօրինակի հեղինակ՝ Gilles Gressani, Mathéo Malik, Le Grand Continent


Թարգմանիչ՝ Տաթև Թադևոսյան (Tatev Tadevosyan), խմբագիր՝ Լուսինե Աղաջանյան (Lusine Aghajanyan) © Բոլոր իրավունքները պաշտպանված են: