Ամերիկահայերը հիանում են տարեց կնոջ մեծահոգությամբ, մինչ վշտանում են իրենց նախնյաց տան համար
Ֆրեզնոյի նոյեմբերյան մի օր էր. արքայանարինջները չորանում էին խոհանոցում, ու ջարդած ընկույզներով լի մի ափսե դրված էր սեղանին: 102-ամյա Կլարա Մարկոսյանը կապեց իր սիրելի շարֆը գլխին ու ամրացրեց այն կզակի ներքևում: Սա այն շարֆն էր, որ նա պահում էր հյուրերի հետ հանդիպումների համար:
40 տարի առաջ թզենու մրգաստանում կառուցած տանը նա խնդրեց իր խնամակալներին՝ Նունուֆար Խալաթյանին ու Մարգո Էլլիսոնին, որ բերեն «Սիզ քենդիի» (See’s candy) կոնֆետների մի տուփ, որը նա ամեն առիթի համար միշտ ձեռքի տակ ուներ: Բայց հետո նկատեց, որ կանայք՝ երկուսն էլ հայ ներգաղթյալներ, ստուգում էին իրենց հեռախոսները՝ փորձելով թաքցնել արցունքները:
-Ի՞նչ է պատահել,- հարցրեց Մարկոսյանը՝ հանկարծ անշարժանալով,- պատերա՞զմն է:
7 շաբաթ առաջ, երբ կռիվը ծավալվեց Ադրբեջանի ու Հայաստանի միջև՝ Լեռնային Ղարաբաղի՝ Կովկասյան լեռների հին ու գեղեցիկ տարածքի համար, Խալաթյանն ու Էլլիսոնը չափազանց ցնցվել էին ու չէին կարողանում թաքցնել իրենց հույզերը: Նրանք լացում էին: Նրանք քննարկում էին, թե ինչքան գումար են պատրաստվում ուղարկել Համահայկական հիմնադրամ, որը Լոս Անջելեսում գտնվող մարդասիրական օգնության կազմակերպություն է: Խալաթյանը ուղարկեց $1000, Էլլիսոնը՝ $700: Երկուսի համար էլ դա զոհաբերություն էր:
Մարկոսյանն ասաց, որ նա նույնպես ցանկանում է օգնել: Իր ընտանիքի անդամներից ոչ մեկը երբևէ գումար չէր նվիրաբերել: Բայց Մարկոսյանը, լինելով իր տոհմի վերջին ժառանգը ու չունենալով ողջ մնացած հարազատներ, դիմեց իր գործերով զբաղվող եկեղեցու սարկավագին՝ իր անունից 1 միլիոն դոլարի նվիրատվություն կատարելու համար:
Նորությունը, որ արագորեն տարածվեց սփյուռքում, Ֆրեզնոյում բնակվող 102-ամյա մի կնոջ մասին էր, ով 1915 թվականի Մեծ Եղեռնից փրկվածներից էր և այդպիսի նվիրատվություն էր կատարել Հայաստանին։
Էլլիսոնի՝ Հայաստանում բնակվող զարմիկը, որ տուն էր եկել առաջնագծից՝ փամփուշտը ծնկում, զանգել էր հարցնելու՝ արդյոք նա գիտի, թե ով կարող է լինել այդ կինը:
Էլլիսոնն էլ պատմեց նրան, որ դա Կլարան էր՝ այն կինը, ում մոտ նա աշխատում էր: Նա բարձրացրեց պլանշետը, որպեսզի իր զարմիկը կարողանա Մարկոսյանի հետ տեսակապով խոսել: Տղան հուզված շնորհակալություն հայտնեց նրան աջակցելու համար այն հայրենիքին, որ նա երբեք չէր տեսել, և ասաց, որ Հայաստանի ամենամեծ աղետից փրկված կնոջից փոխանցված այդ գումարը մեծ հույս ներշնչեց:
Քնարիկ-Կլարա Մարկոսյանի կյանքը ձգվել է պատմության խորդուբորդ ճանապարհներով, ինչը և արտահայտում է հայի ճակատագիրը: Նա ծնվել է ցեղասպանության տարիներին և այժմ՝ ծեր տարիքում, ամեն գիշեր դիտում է պատերազմի մասին պատմող յութուբյան նոր հոլովակներ այն երկրի մասին, որտեղից իր ընտանիքն է փախել:
Կլարայի մայրը հղի էր նրա ավագ եղբորով, երբ շուրջ 1.5 միլիոն հայեր սպանվեցին ու վտարվեցին իրենց երկրից օսմանյան թուրք զինվորների ու ոստիկանների կողմից: Թուրքիան դեռ ժխտում է, որ դա ցեղասպանություն էր:
Մարկոսյանի ավագ եղբայրը ծնվել է ապրիլի 25-ին՝ հայկական ջարդերի զոհերի հիշատակի հաջորդ օրը: Նրա ծնողներին թուրք հարևաններն են թաքցրել: Իսկ հետո, երբ օրենք դուրս եկավ, թե ցանկացած թուրք ընտանիք, որ պաշտպանում է հայերին, կսպանվի, Կլարայի ծնողները՝ 3-ամյա երեխան գրկներին, բռնեցին Ռուսաստանի ճամփան: Կլարան ու իր կրտսեր քույրը ծնվել են Ռուսաստանում: Իսկ նրանց ողջ մնացած հարազատները մեկը մյուսի հետևից միացան իրենց:
Ժամագործների ընտանիքը հաջողությունների էր հասնում, սակայն օտարներից մեկուսացած ու զգուշավոր էր: Ո՛չ Կլարան, ո՛չ էլ իր քույրն ու եղբայրը երբեք չամուսնացան: 1940-ական թվականներին, իրենցից առաջ եկած շատ հայ ընտանիքների նման նրանք տեղափոխվեցին Ֆրեզնո, որը Կալիֆոռնիայում հայկական սփյուռքի առաջին կենտրոնն էր: Մի անգամ իրենց ընտանիքի ընկերներից մեկը ասել էր, որ եթե ամեն ամիս մի փոքր գումար խնայեն, ծեր տարիքում հարուստ կլինեն: Մարկոսյանը դեռ հիշում է այդ մարդուն իր աղոթքներում:
Հայկական համն ու հոտը զգացվում է Կենտրոնական հովտի բնապատկերում. նոր պատրաստված չամիչների սկուտեղներ, քաղաքի ծայրամասերում արծաթագույն խաղողի որթեր, որոնք առաջին անգամ տնկվել են հայ նորաբնակների կողմից 1800-ական թվականների վերջում: Սուրբ Երրորդություն Հայ Առաքելական եկեղեցին դեռ կենտրոնի զարդն է, նույնիսկ հիմա՝ գտնվելով ավտոմեքենաների ճոխ խանութի կողքին: Փողոցի մյուս կողմում գտնվող «Վելի Լավաշ» (Valley Lahvosh) հացաբուլկեղենի խանութը պատրաստում է հայկական սրտաձև խրթխրթան լավաշ:
Քաղաքում ապրող շատ ընտանիքների ազգանուններ վերջանում են «իան/յան»-ով՝ հայկական ազգանվան հին վերջավորություն, որը նշանակում է «ինչ-որ մեկի տոհմից»: Այդպես է ներկայացված բնիկ հայորդի Վիլյամ Սարոյանի «Մարդկային կատակերգություն» ստեղծագործության սյուժեում: Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին թիկունքում կռվող հասարակ մարդկանց մասին նրա վեպը համարվում է ամերիկյան հակապատերազմական դասական ստեղծագործություն:
2020 թվականի հայ-ադրբեջանական պատերազմի ժամանակ Ֆրեզնոն փաստացի դարձավ թիկունքը: Իր երեխաներին հայկական դպրոցում թողած մոր աչքերը կարմրած և ուռած էին ամբողջ գիշեր լաց լինելուց: Համարյա ամեն օր «Խմորեղեններ հանուն խաղաղության» (“Pastries for Peace”) կամ քյաբաբի վաճառք էր Հայաստանի համար գումար հավաքելու նպատակով: Իսկ ավելի մեծ քաղաքներում մարդիկ բողոքի ցույցեր էին կազմակերպում փողոցներում ու ապարդյուն պահանջում ԱՄՆ-ի միջնորդությունը: Մի երկրում, որը ներքաշված էր նշանակալից ընտրությունների, համաճարակի ու քաղաքացիական խռովությունների մեջ, նրանց ձայնը շատ քիչ ուշադրության արժանացավ:
Երբ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը սկսեց աջակցել նավթով հարուստ Ադրբեջանին ժամանակակից զենքերով, Ֆրեզնոյում և այլ վայրերում բնակվող հայերը ցնցվեցին՝ կարծելով, որ վերջնական նպատակը հենց Հայաստանը ոչնչացնելն էր:
Երեկոյան Մարկոսյանը սովորաբար նախընտրում էր դիտել իր սիրելի հաղորդումը` «Փոլդարքը» (Poldark), ՓիԲիԷս-ի (PBS) հաղորդումների շարք, որ պատմում է մի ընտանիքի սերունդների մասին, որոնք անցել են պատերազմի միջով: Սակայն այժմ նա դիտում էր իրականում տեղի ունեցող հայկական պատերազմի լուսաբանումը: Նրանք միշտ հաղորդում էին, որ Հայաստանը հաղթում է՝ չնայած հավանականություններին ու այն փաստին, որ Խալաթյանն ու Էլլիսոնը հաղորդագրություններ էին ստանում սարսափելի կորուստների մասին:
Նոյեմբերի 9-ին իրականությունը հայտնեցին. հայկական ուժերի մարտական ոգին կոտրվել էր, ու նրանք հստակ պարտության էին մատնվել: Հայկական կառավարությունը ստորագրեց Ռուսաստանի կողմից միջնորդված խաղաղության զինանադարը՝ Լեռնային Ղարաբաղի մեծ մասը տալով Ադրբեջանին: Ռուս զինվորները պետք է հսկեին տարածքը ու նոր սահմաններ գծեին:
Մարկոսյանը նկատեց իր խնամակալներին արտասվելիս այն ժամանակ, երբ նրանք տեսան նկարներ, որոնց մեջ ադրբեջանական դրոշն էր ծածանվում Շուշայում կամ Շուշիում, ինչպես հայերն են անվանում՝ այդ բարձունքում գտնվող քաղաքը, որը և՛ հայերը, և՛ ադրբեջանցիները մեծապես արժևորում են:
Խալաթյանը ուղիղ չպատասխանեց Մարկոսյանին, երբ նա հարցրեց՝ պատերա՞զմն է:
-Կլարա ջան,- ասաց նա՝ ավելացնելով ջերմ բառ, որը հայերը հաճախ են գործածում,- Ձեր գումարը ավելին քան երբևէ կօգնի այն մարդկանց, ովքեր դեղորայքի ու բնակատեղիի կարիք ունեն:
Մարկոսյանը կարծես հասկանում էր, թե ինչ է դա նշանակում: Նրա աչքերը լցվեցին արցունքով:
-Ուզում եմ խոսքս ուղղել հայերին,- ասաց Մարկոսյանը, որ խորը հավատացյալ է,- ասեք նրանց, որ չկորցնեն Աստծո և միմյանց հանդեպ հավատը:
Վիշտը տարածվեց հայ համայնքի մեջ, երբ նրանք գիտակցեցին, որ այն շրջանը, որը նրանք Արցախ են անվանում, այն ամենահին եկեղեցիների ու վանքերի բնօրրանը կորսված է: Էլլիսոնը լուր ստացավ, որ իր ընտանիքի անդամները՝ իր հայրական կողմից 2 երիտասարդ եղբայրները, զոհվել են զինադադար հայտարարելուց 25 րոպե առաջ:
Ֆրեզնոյում հայկական թանգարանի տնօրեն Վարուժան Տեր-Սիմոնյանը մեծացել է Լիբանանում ու արդեն 41 տարի է, ինչ ապրում է Ֆրեզնոյում: Սակայն նա ինքն իրեն հարց էր տալիս, թե ինչու էր արյան մեջ կորած այս հայրենիքի կորուստը իրեն հյուծում, և թե ինչու շատ այլ սերունդներ հեռացան Հայաստանից:
-Ես հասկացա, որ դա ինձնից էլ է, այդտեղ մեղքի իմ բաժինն էլ կա,-ասաց նա:
Նա կենտրոնի եկեղեցու բակում ծնկել է հավերժության նշանի առջև. դա հայկական անվերջության նշանն է, որ նաև փորագրված է բազմաթիվ խաչքարերի վրա Լեռնային Ղարաբաղում, մի վայր, որ նա շատ է այցելել գյուղատնտեսական նպատակներով:
-Ես դժվարությամբ եմ այսօր եկել այստեղ, ” ասաց նա՝ նայելով նշանի օղակվող ու չխախտվող գծերին,. այս շրջանակը իր մեջ ամփոփում է հայ ժողովրդի սերն ու ստեղծագործ լինելը: Մենք սա էլ կհաղթահարենք ու կշարունակենք աջակցել մարդկությանը:
Խորհրդային շրջանում թուրքական Ադրբեջանը և Հայաստանը կողք կողքի համերաշխ ապրում էին: Սակայն Իոսիֆ Ստալինը փորձեց ջնջել հոգևոր ու մշակութային ինքնությունները՝ հայկական մշակույթի տիպօրինակ Լեռնային Ղարաբաղը դարձնելով Ադրբեջանի մաս:
Երբ Խորհրդային Միությունը փլուզվեց, երկու երկրներն էլ դարձան անկախ: Լեռնային Ղարաբաղը, իր գլխավորապես հայ բնակչությամբ, փորձեց Ադրբեջանի տիրապետությունից դուրս գալ: Հայաստանը զորքեր մտցրեց այս վիճահարույց տարածք, որ հայրենիք էր համարում, և որը, սակայն, միջազգայնորեն ճանաչված է որպես Ադրբեջանի տարածք, և 600,000 թուրքեր ստիպված եղան դուրս գալ իրենց տներից:
Պատերազմը վերջացավ 1994 թվականին՝ 20,000 զոհերով, իսկ ադրբեջանցիները երդվեցին մի օր ետ բերել այն հողը, որ իրենցն են համարում: Այդ պատերազմում հայ հրամանատարը Մոնթե Մելքոնյանն էր՝ հայ-ամերիկացի, ով մեծացել է Կենտրոնական հովտի Փոքր լիգայում (Little League) բեյսբոլ խաղալով:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի խոսքերով՝ այս պատերազմում 5000 հոգի է զոհվել: Զոհվածներից շատերը քաղաքացիականներ էին: Փախստականները մեծ թափով գալիս են Հայաստանի մայրաքաղաք Երևան, նույնիսկ երբ համաճարակը շարունակում է սպանել: Անկայուն տարածաշրջանում իշխանության ղեկը անցել է Թուրքիայի և Ռուսաստանի ձեռքը:
Իր տանը Մարկոսյանը տեսանյութ էր դիտում, թե ինչպես են հայերը երկրի հանձնման դեմ խռովության ակցիաներ անցկացնում, ու լքում Լեռնային Ղարաբաղը, ու թե ինչպես են ոմանք վառում իրենց սեփական տները՝ հեռանալով իրենց բնօրրանից:
Մարկոսյանը հարցրեց, թե արդյոք մարդիկ ուրախ էին պատերազմը վերջանալու համար: Խալաթյանը բռնեց Մարկոսյանի ձեռքը ու մեղմ սեղմեց:
-Կարծում եմ՝ 2 երկրներում էլ այն մարդիկ, ում երեխաները ողջ-առողջ տուն կվերադառնան, ուրախ կլինեն, որ պատերազմը ավարտվել է:
Դայանա Մարքումը գրում է Կալիֆոռնիայի փոքր քաղաքների ու գյուղական վայրերի մասին «Լոս Անջելես Թայմս»-ի համար: 2015 թվականին նա արժանացել է Պուլիցերյան մրցանակի Կալիֆոռնիայի՝ երաշտից վնասներ կրած Կենտրոնական հովտի ագարակներում աշխատող մարդկանց, ֆերմերների ու ուրիշների մասին նյութ պատրաստելու համար: Նա «Տասներորդ կղզի», «Գտնելով ուրախություն», «Գեղեցկություն ու Ազորյան կղզիներում անսպասելի սեր» (“The Tenth Island, Finding Joy, Beauty and Unexpected Love in the Azores.”) գրքի հեղինակն է:
Թարգմանիչ՝ Ջեմմա Խաչատրյան (Jemma Khachatryan) © Բոլոր իրավունքները պաշտպանված են: