Անլուրջ մարդու հուշեր | Մաս 3

Համբարձում Գալստյան. Անլուրջ մարդու հուշեր | Մաս 3

Տղաներին տեղյակ պահեցի հանդիպման արդյունքների մասին, և սկսեցինք մտածել, թե ում ուղարկենք քաղբյուրոյի ներկայացուցիչների հետ հանդիպման: Իգորին զանգեցինք, բայց մայրն ասաց, որ վիճակը ծանր է, ու գալ չի կարող: Մինչ խորհրդակցում էինք, մոտեցավ Սիլվա Կապուտիկյանն ու երբ իմացավ առաջիկա հանդիպման մասին, միանգամից մի քանի հոգու անուն տվեց և, քանի որ այդ անունները ոչ մեկիս կողմից առարկություն չառաջացրին, շատ արագ հավաքեցինք խումբն ու գնացինք: Ավագ սերնդից տիկին Սիլվան էր (մենք ինքներս էինք իրեն առաջարկել), Սերո Խանզադյանը, Հենրիկ Իգիթյանը, պատմաբան Վլադիմիր Բարխուդարյանը: Երիտասարդներից Մանուչարյան Աշոտն էր, Սարգսյան Մանվելն ու ես: Կարծես այսքանս էինք, գուցե մեկ-երկու հոգի ավելի: Կենտկոմի շենք բարձրանալիս մի քանի անգամ ես ու Աշոտը հուսահատ փորձ արեցինք խմբի մյուս անդամների հետ անելիքներս համաձայնեցնելու ու կոնկրետացնելու, բայց անիմաստ էր. բարձր, շատ բարձր ղեկավարների հետ հանդիպելու դյութանքը մարդկանց խենթացրել էր, և բոլորը արագ վեր էին սուրում:

Հանդիպումը կայացավ նույն սենյակում: Կենտրոնի մեծ սեղանի հետևում նստել էին Դոլգիխն ու Լուկյանովը: Դոլգիխը կենտկոմի քարտուղար էր ու քաղբյուրոյի անդամության թեկնածու, Լուկյանովը դեռ ընդամենը կենտկոմի քարտուղար էր, բայց, դատելով նրանից, որ ղեկավարում էր վարչական մարմինների բաժինը, ակնհայտ էր, որ հեռանկարային քարտուղար էր եկել Հայաստան:

Խոսակցությունն սկսեց Դոլգիխը: Իմացանք, որ ԽՄԿԿ կենտկոմն և անձամբ Միխայիլ Սերգեևիչը խիստ անհանգստացած են երկու եղբայր ժողովուրդների միջև անսպասելիորեն ծագած այս վիհից, ու ամեն ինչ արվում է հարցը հանգիստ պայմաններում լուծելու համար: Ստեփանակերտ են գնացել ընկերներ Ռազումովսկին ու Դեմիչևը: Եվ հիմա, ըստ ընկերների, ամենակարևորը մարդկանց դեպի հարազատ հաստոցներ տանելն է: Առանց այն էլ պետությունն այս մի քանի օրերին արդեն հարյուր-հազարների, կամ, ով գիտե, միլիոնների վնաս է կրել: Ասվեց նաև, որ Մոսկվայում լավ տեղյակ են Ղարաբաղի պրոբլեմին, բայց միաժամանակ մենք էլ պիտի հասկանանք, որ վերակառուցումը դեռ նոր է սկսվել, ու բազմաթիվ այլ հարցեր կան, որոնք նախորդ տարիներին կուտակվել են, և միայն ազգային քաղաքականության բնագավառում կան մոտ 17 չլուծված հարցեր: Որ այդ բոլոր հարցերը լուծվելու են, միայն պետք է չխանգարել ղեկավարությանը, որ հակառակ դեպքում կկրկնվեն Ալմա-Աթայի իրադարձությունները: Ընկեր Դոլգիխը նաև նշեց, որ դեռ չի խոսում հարցի քաղաքական, բարոյական ու իրավական կողմի մասին՝ վերջապես ով պիտի պատասխան տա, եթե դրսում կանգնած հարյուր-հազարավոր մարդկանց մեջ մի պրովոկատոր գտնվի, ու կատարվի անկանխատեսելին:

Ընկեր Լուկյանովն ավելի հատու ու հստակ խոսեց: Ասաց, որ Ղարաբաղի պրոբլեմը գոյություն ունի (այս խոսքերից շատ ուրախացանք. կա, գոյություն ունի պրոբլեմ, անգամ Մոսկվայից եկած այս մարդիկ են խոստովանում, ի՜նչ երջանկություն), բայց լուծման ձևը բոլորովին տարբեր է նրանից, ինչ մենք են պատկերացնում: Իսկ կարո՞ղ ենք մենք պատկերացնել, արդյոք, թե ինչ կլինի, եթե հանկարծ միանգամից բոլոր չլուծված ազգային հարցերը Խորհրդային Միությունում փորձեն լուծել «Մի-աց-ման» միջոցով: Եվ կամ մտածե՞լ ենք արդյոք այն մասին, որ Ադրբեջանի տարածքում ավելի քան կես միլիոն հայ է ապրում, և ինչ կլինի նրանց հետ, եթե Ղարաբաղը միացվի Հայաստանին: Կամ ինչ նստաշրջան. ենթադրենք, Գերագույն խորհրդի մի նստաշրջան հրավիրեցինք ու հերոսաբար որոշեցինք Ղարաբաղը Հայաստանին միացնել: Դրանից հետո մի նստաշրջան էլ Ադրբեջանում կհրավիրեն և նույնքան հերոսաբար էլ կորոշեն Ղարաբաղը պահել իրենց կազմում: Իսկ խորհրդային սահմանադրությունում, ի գիտություն մեզ, գրված է, որ հանրապետության տարածքը չի կարող փոփոխության ենթարկվել առանց իր համաձայնության: Այնպես որ հիմա, քանի որ եկելենք, մեզ կլսեն, իսկ դրանից հետո բոլորս ձեռք-ձեռքի տված՝ կաշխատենք մարդկանց վերադարձնել դեպի հարազատ հաստոցները:

Առաջինը Սերո Խանզադյանը խոսեց: Ներկայացավ, թվարկեց իր բոլոր տիտղոսները, հետո հաղթական հայացքով եկվորներին նայելով տեղեկացրեց, որ միայն իր «Մխիթար Սպարապետ» գիրքը 40 հրատարակություն է ունեցել՝ չգիտեմ քանի լեզուներով: Հետո սկսեց գրքի բովանդակությունը հիշեցնել քաղբյուրոյի ներկայացուցիչներին, որոնց դեմքի արտահայտությունը վկայում էր, որ գիրքը վաղ պատանեկության տարիներին կարդացած լինելու պատճառով կարծես մի քիչ լավ չեն հիշում: Ելույթի քառասուներորդ րոպեին հայ գրողների նահապետը գիրքը բերեց կապեց Ղարաբաղի հետ ու…

Երկար պատմություն է:

Հաջորդը տիկին Սիլվան խոսեց: Ելույթն ամբողջությամբ փոխանցել թերևս չկարողանամ, բայց թեզերը հետևյալն էին. մենք մեր ամբողջ պատմության ընթացքում անսահման նվիրված ենք եղել Ռուսաստանին ու Խորհրդային Միությանը՝ Իսրայել Օրուց մինչև առաջին բոլշևիկները, կոլեկտիվացումից մինչև վերակառուցում ու հրապարակայնացում, իսկ Ռուսաստանն ու Խորհրդային Միությունը… Հետո սկսեց հուսահատության դուռը հասած ժողովրդի մասին՝ թե՛ Ղարաբաղում և թե՛ Հայաստանում: Աղեկտուր մի հառաչանք էր ամբողջ ելույթը:

Տիկին Սիլվայից հետո էլի մի նահապետ էլ վեր կացավ (հիմա արդեն լավ չեմ հիշում, թե ով էր)՝ հայ-ռուսական բազմադարյան հարաբերությունների մասին մի պերճ ու ընտիր բաժակաճառ ասելու վճռականությամբ: Դրությունը աղետալի էր դառնում, և արդեն հաշտվել էինք երկխոսությունը չկայացած լինելու մտքի հետ, երբ օգնություն ստացանք լրիվ անսպասելի տեղից: Վեր կացավ Հենրիկ Իգիթյանը և, ուշադրություն չդարձնելով կարգի հրավիրող ցուցումներին, բավական կտրուկ կերպով ասաց, որ բոլորն էլ ասելիք շատ ունեն, բայց քաղբյուրոյի անդամները ներկաներին ընդունել են դրսում հավաքված մարդկանց պահանջով, և լավ կլինի, որ առաջին հերթին նրանց ներկայացուցիչներին (ասել է, թե մեզ) լսեն: Այնքան կարճ ու կոնկրետ ելույթ էր, որ հռետորն անգամ չհասցրեց, ըստ սովորության, սեփական անձն ու անթիվ-անհամար արժանիքները ներկայացնել մոսկովյան հյուրերին: Միտինգավորների անունից երկու հոգի հասցրեցին ելույթ ունենալ՝ ես ու Սարգսյան Մանվելը: Չնայած ելույթս արդեն մի ժամի չափ մտմտում էի, այնուամենայնիվ խիստ անհաջող խոսեցի՝ չգիտեմ հուզված լինելս էր պատճառը, թե՞ թշվառ ռուսերենս: Եթե խեղճուկրակ ելույթս փորձեմ թեզերով ներկայացնել, ապա հետևյալ տեսքը կունենա.

ա) Մենք լավ ժողովուրդ ենք և յոթանասուն տարի արդեն սպասում ենք վերակառուցմանը, ժողովրդավարացմանն ու հրապարակայնացմանը:

բ) Մենք խիստ ուրախ ենք հարազատ կուսակցության հռչակած վերակառուցումից ու հիմա ազգովի, ձեռք-ձեռքի տված՝ պատրաստ ենք ընթանալ հերթական ճաղատ առաջնորդի մեկնած ձեռքի ուղղությամբ:

գ) Լավ և ուրախ լինելուց բացի, ի մեծ ցավ մեզ, նաև շատ միամիտ ժողովուրդ ենք, ու մեզ միշտ խաբել են: Ներկաներն, ինչ խոսք, չեն կասկածում, որ հարազատ կոմունիստական կուսակցությունը լավագույն մտադրություններն ունի հայ ժողովրդի ու նրա արդար դատի նկատմամբ, բայց քանի որ դրսում հավաքված ու տանը նստած մարդիկ գուցե պակաս խանդավառ են (ինչ խոսք, անհրաժեշտ քաղաքական մակարդակ չունենալու պատճառով), ապա ասված խոսքերն ու հռչակված քաղաքականությունը պիտի ամրապնդվեն մի շարք կոնկրետ գործերով: Այդ գործերից գոնե երեքը խիստ հրատապ են.

  1. Հանրապետության քաղաքական ղեկավարության փոփոխության հարցը: Հայաստանի ընդհանուր բարոյա-քաղաքական մթնոլորտը պայմանավորված է ներկա իշխանությունների բացահայտ «հակավերակառուցողական» տրամադրություններով, որը պարարտ հող է «պրոտեկցիոնիզմի», «կոռուպցիայի» ու սոցիալիստական հասարակագին խորթ ու անհարիր (հի-հի-հի) մյուս իզմերի համար:
  2. Հանրապետության գոյաբանական աղետալի վիճակն ու դրանից բխող մի շարք կոնկրետ քայլերը (սկզբի համար փակել ատոմակայանն ու «Նաիրիտը»):
  3. Ղարաբաղի հարցի արդար լուծումը:

Այսքանից հետո հռետորն իր պարտքը համարեց նշել, որ այս երեք հարցերը վերակառուցման «լակմուսի թղթերն» են, և միայն այս հարցերի լուծումից հետո հայերը կհամաձայնեն լուրջ ընդունել վերակառուցումը, ժողովրդավարացումը և այլն, և այլն: Հուզմունքից քրտնած պատանին ելույթն ավարտեց ու ինքն իրենից ու աշխարհից դժգոհ՝ նստեց:

Հետո Սարգսյան Մանվելը խոսեց: Եթե չեմ սխալվում, նրա ելույթն ամբողջությամբ նվիրված էր Ղարաբաղի հարցի պատմական ու բարոյական հարցադրումներին ու, խիստ զգայական լինելով հանդերձ, կարծես նախորդ ելույթին չգերազանցեց: Հետո ուրիշներն էլ վեր կացան, բայց մեր բարձրաստիճան զրուցակիցները, համարելով, որ իրենք արդեն վերջնական պատկերացում ունեն ներկաների, դրսում հավաքվածների ու ընդհանրապես ամբողջ հայ ժողովրդի իղձերի ու ձգտումների վերաբերյալ, որոշեցին ամփոփել բովանդակալից զրույցը: Ուսադիրային օրենքի համաձայն, առաջինը սկսեց Դոլգիխը (խեղճը հանկարծ չնեղանա՝ անուն-հայրանունը կարծես թե մոռացել եմ):

Հանդարտ ու կրքազուրկ խոսք էր՝ էլի վերակառուցում, էլի ժողովրդավարացում, էլի հրապարակայնացում ու հազար ու մի զահրումար: Քաղբյուրոն, ինչ խոսք, լավատեղյակ է Լեռնային Ղարաբաղում տարիներ ու տասնամյակներ շարունակ կուտակված պրոբլեմներին և ջանք ու եռանդ չի խնայելու դրանք ժողովուրդների բարեկամության ու ինտերնացիոնալիզմի ոգով լուծելու համար: (Ինչպես նաև երկրում գոյություն ունեցող մնացած ազգային պրոբլեմները): Սակայն գործադուլը, միտինգը, ցույցը և այլն անհարիր են վերակառուցման ու ժողովրդավարացման ուղին բռնած սոցիալիստական երկրի համար: Ու մենք բոլորս (խոսքը ներկաներին էր վերաբերում՝ ներառյալ նաև հռետորը) պատասխանատու ենք վերակառուցման ճակատագրի համար:

Հաջորդ հռետորն արդեն ընկեր Լուկյանովն էր՝ Անատոլի Իվանովիչը: Այս ելույթում և կիրք կար, և մետաղ կար, և ակնարկներ կային: Սկզբում ասվեց այն մասին, որ հռետորը Հայաստանն ու հայերին շատ է հարգում ու գնահատում: Հռետորը տվեց Ավետիքի (հետո հասկացա, որ Իսահակյանին նկատի ուներ հանրապետության կոմունիստների հյուրը) ու «Մեշտոցի» (այս մեկն էլ միանգամից չհասկացա) անունները, որից ներկաները ենթադրեցին, որ երկուսի հետ էլ մոսկովյան հյուրն անձնական բարեկամություն է ունեցել: Մեղքս ինչ թաքցնեմ, այս խոսքերը լսելիս մի միտք առաջացավ գլխումս, որը և որոճում էի ամբողջ ելույթի ընթացքում: Ամենայն հավանականությամբ, ԽՄԿԿ կենտկոմում քաղբյուրոյի անդամների, անդամության թեկնածուների ու քարտուղարների համար գոյություն ունի հատուկ մի բառարան, որը նախատեսված է սույն անձնավորությունների հրապարակային ելույթներն ու բաժակաճառերն ավելի ճոխ ու հյութեղ դարձնելու համար: Աչքիս առաջ միանգամից պատկերացրի նաև Հայաստանին նվիրված հատվածը՝ այբբենական հերթականությամբ. Արագած, Գառնի, Գեղարդ, իշխան, կոնյակ, Համբարձումյան, Մատենադարան, Մաշտոց ու Էջմիածին բառահոդվածներով: (Նյութից շեղվում եմ, չնայած շատ հետաքրքիր թեմա է):

Հայ ժողովրդի նկատմամբ իր հարգանքի տուրքը մատուցելուց հետո հռետորի տոնը միանգամից կտրուկացավ, ու սկսեց մի շարք հարցեր առաջադրել: Ո՞վ պիտի պատասխան տա այսքան մարդկանց տուն-տեղից ու աշխատանքից կտրելու համար, ո՞վ պիտի պատասխան տա, եթե հավաքվածների մեջ մի «պրովոկատոր» լինի ու մի «պրովոկացիա» կազմակերպի: Ու էլի այսպիսի մի քանի հարցեր: Վերջին հարցը, որը տվեց հռետորը, էլի հռետորական էր թվում ու մյուս հարցերի հենքի վրա, կարծում եմ, իր ամբողջ խորությամբ ներկաների կողմից չընկալվեց: Մինչդեռ իզուր: Հարցը հնչեց մոտավորապես այսպես. «Իսկ գիտե՞ք, արդյոք, հարգելի ընկերներ, թե որքան հայ է բնակվում Ադրբեջանում և ի՞նչ կարող է նրանց հետ պատահել, եթե այս ամենը Երևանում ու Ստեփանակերտում շարունակվի»: Այստեղ հռետորը մի պահ լռեց: Մենք էլ լուռ էինք: Երևի ամեն մեկը մի բան էր մտածում: Ես, օրինակ, մտածում էի, թե կհերիքի՞, արդյոք, գրական ռուսերենս վերջին հարցին դիպուկ պատասխան տալու համար, թե ոչ: Եվ քանի որ լռությունն արդեն անքաղաքավարության աստիճան երկարել էր, ապա ընկեր Լուկյանովն, ամենայն հավանականությամբ, համարելով, որ իր փաստարկներն ավելի ծանրակշիռ են, որոշեց հաշտության ձեռք մեկնել: Որպես սույն մտադրության արտահայտություն, նա առաջարկեց այսքանով բավարարվել, ընդհանուր հայտարարի գալ, որից հետո դուրս գալ և պայմաններ ստեղծել, որպեսզի Կարեն Սերոբիչը դուրս գա և ժողովրդին հանգստացնի: Էլի լռություն տիրեց, և մինչ անելիքներս էինք մտածում, վեր կացավ Մանուչարյան Աշոտն ու կարճ, շատ կարճ ելույթ ունեցավ: Կարող եմ բառացի կրկնել. «Հայաստանի բարձրագույն կուսակցական ղեկավարությունն արդեն այնքան է վարկաբեկված, որ նրա երևալն արդեն մարդկանց գրգռում է»: Այս խոսքերն արտասանելու պահին Կարեն Սերոբիչը դիմացս էր նստած, և անընդհատ իրեն էի նայում: Հանգիստ, ձեռքն ականջին դրած թիկնել էր սեղանին: Այս խոսքերը լսելուն պես ամբողջ մարմնով ցնցվեց ու ավելի շատ զարմացած, քան թե զայրացած, ակնապիշ հայացքով սկսեց Աշոտին նայել: (Խեղճ մարդն այդպիսի բաների ամենևին սովոր չէր. մերօրյա ժամանակները չեն, որ տեղից վեր կացող ութամյա կրթությամբ լակոտը անլվա «Երկրի» էջերից հանրապետության նախագահին մեղադրի բոլոր հնարավոր ու անհնար մեղքերի մեջ):

Այս կարճ ռեպլիկը միանգամից խոսակցությունը այլ հարթություն տեղափոխեց: Մոսկովյան հյուրերը ոչինչ չասացին, միայն միմյանց երեսի նայեցին: Աշոտն էլի խոսեց, հետո արդեն մյուս ներկաներն էլ սկսեցին խոսել: Հիմնական դժգոհությունը խորհրդային մամուլից էր. մարդիկ շատ վիրավորված էին էքստրեմիստ ու նացիոնալիստ խոսքերից և կուրծք ծեծելով ու տիտղոսները թվարկելով եկվորներին հարցնում էին, թե արժանի՞ են, արդյոք, այդպիսի գնահատականի: Հանդիպման ընթացքում մի պահ ընկեր Դոլգիխը դուրս եկավ, վերադարձավ կես ժամ անց ու հավաքվածներին տեղեկացրեց, որ ինքը հենց նոր հեռախոսային խոսակցություն ունեցավ Եգոր Կուզմիչի հետ, ու վերջինս խոստացել է ավելի լրջորեն հետևել մամուլի հրապարակումներին «Լեռնային Ղարաբաղում ու նրա շուրջ ընթացող իրադարձությունների վերաբերյալ»: Եվ ԽՄԿԿ կենտկոմի քաղբյուրոն էլ այսօր-վաղը անդրադառնալու է Ղարաբաղի հարցին: Մենք էլ մեզ չկորցրինք ու առաջարկեցինք մեր հյուրերին հենց հիմա մեզ հետ դուրս գալ հավաքված ժողովրդի առաջ ու նույն տեղեկությունները հայտարարել: Սկզբում մեր հյուրերը ու մանավանդ Դոլգիխը կտրականապես առարկում էին, բայց հետո համաձայնեցին և որոշեցին, որ Լուկյանովը խոսի (երևի Դոլգիխի դաստիարակությունը թույլ չէր տալիս հրապարակային ու առանց թղթի ելույթ ունենալ): Թիկնապահները մի քանի րոպե խորհրդակցեցին, ինչ-որ բաներ որոշեցին, ու դուրս եկանք: Ընթացքում նկատեցի, որ բոլոր թիկնապահները (8-10 մարդ) զինված էին կարճ ավտոմատներով ու խիստ անհանգիստ էին: Ծիծաղելի էր թվում, բայց սրանք լրջորեն կարծում էին, որ կարող էր հյուրերին ինչ-որ բան սպառնալ: Համենայնդեպս, կամաց-կամաց, ինչպես ասում են, պրիվատ խոսակցություն վարելով՝ իջնում էինք ներքև: Աշոտն այստեղ Լուկյանովին հարցրեց, թե մի՞թե Ռուսաստանը չի զգում իսլամական ու իսլամականացման վտանգն և մի՞թե Ռուսաստանը չի հասկանում, որ Անդրկովկասում Հայաստանը Ռուսաստանի ամենաբնական դաշնակիցն է: Լուկյանովն, ինչ խոսք, հավաստիացրեց, որ Ռուսաստանն իր քաղաքական շահերը մեզանից վատ չի հասկանում, որ Հայաստանի տեղն էլ լավ գիտի, Անդրկովկասինն էլ ու վտանգավոր տեղերինն էլ:

Ասեմ, որ մենք մեծ հրճվանքի մեջ էինք. հանաք բան հո չի՝ ԽՄԿԿ կենտկոմը խոստացել է Ղարաբաղի հարցը քննարկել, մամուլն էլ մեզ նացիոնալիստ ու էքստրեմիստ չի անվանելու, հիմա էլ՝ ԽՄԿԿ կենտկոմի երկու քարտուղարի ձեռքից բռնած, տանում ենք ժողովրդի առաջ ելույթ ունենալու: Շատ էինք ուրախացել, միմյանց էինք շնորհավորում՝ չգիտեմ որ հաղթանակի ու հաջողության համար: Սուտ չասեմ, հասցրի առիթից օգտվել ու մի գեղեցիկ աղջկա էլ ես համբուրեցի:

Լուկյանովը երկար չխոսեց. էլի նույն բաները կրկնեց Ավետիքի ու «Մեշտոցի» մասին, էլի հավատացրեց, որ Մոսկվայում լավատեղյակ են Ղարաբաղի հարցին, և այն ամենալուրջ քննարկման առարկա է դառնալու, և որ անհրաժեշտ է լայնախոհ լինել, դադարեցնել ցույց-միտինգ-գործադուլներն ու վերադառնալ աշխատատեղերը: Մոսկվան ամեն ինչ գիտի, ամեն ինչով զբաղվում է, ու ամեն ինչ լավ կլինի: Ուրախ-զվարթ ավարտեցինք միտինգն ու ցրվեցինք տուն: Ամեն ինչ լավ էր:


Հատված Համբարձում Գալստյանի «Հոդվածներ, հուշագրություններ, հարցազրույցներ»-ից, (Երևան, 2002)


Աղբյուրը՝ hambardzum.am կայքի արխիվ