Աջակցելով համապարփակ և առավել արդյունքամետ մոտեցմանը՝ «Ինլայթ» հանրային հետազոտությունների կենտրոն հասարակական կազմակերպությունը համագործակցություն է ձեռնարկում StrategEast-ի հետ՝ վերջիններիս նոր ծրագրի շրջանակներում․ «Տեղեկագրում՝ ԵՄ և Արևելյան գործընկերության երկրների (այսուհետև ԱլԳ) երկկողմ օրակարգի հիմնական հարցերի վերաբերյալ»: Տեղեկագիրը ձևավորված է որպես օգտակար գործիք հանրային կառույցների և որոշում ընդունողների համար, որոնց հետաքրքրության ոլորտը ընգրկում է ԱլԳ տարածաշրջանը,և տարածվելու է ԵՄ և ԱլԳ ավելի քան 1000 բարձրաստիճան պաշտոնյաների, միջազգային կառույցների և անվանի փորձագետների շրջանում։
Ըստ ապրիլին տարածված զեկույցի սևագրի՝ Եվրոպական խորհրդարանը մտադիր է ԵՄ և Արևելյան գործընկերության երկրների միջև նոր ընդհանուր տնտեսական տարածք ստեղծելու կոչով հանդես գալ։ Շարժման նպատակը ԱլԳ երկրների «աստիճանական ինտեգրում»-ն է միավորմանը։ StrategEast-ը հարցում է իրականացրել Արևելյան գործընկերության երկրների առաջատար ոչ պետական կազմակերպությունների և փորձագետների շրջանում՝ պարզելու, թե այս շարժումով ինչ կարելի է ակնկալել յուրաքանչյուր երկրի տնտեսության համար: Ահա փորձագետի պատասխանները Հայաստանի վերաբերյալ:
2009 թվականը նշանավորվեց ԱլԳ-ի ստեղծմամբ՝ համատեղ քաղաքականության նախաձեռնություն՝ կոչված խորացնելու Եվրամիության և Արևելյան հարևանության վեց երկրների՝ Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Վրաստանի, Մոլդովայի Հանրապետության և Ուկրաինայի միջև հարաբերությունները։ ԱլԳ-ն նաև Եվրոպական հարևանության քաղաքականության առանձնահատուկ հարթություն է, որտեղ, բացի քաղաքական կամ անվտանգային ձգտումներից, առևտրային հարաբերությունները նույնպես միտված են կարևոր դեր խաղալ ԵՄ սահմանակից երկրներում տնտեսական աճի ու կայունությսն խթանման հարցում: Սրանք վերաբերում են նաև ԵՄ արևելյան հարևաններին, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետությանը:
Չնայած տարաձայնություններին, թե որքանով են արդարացվել գործընկերների սպասելիքները, համագործակցության վերջին տասնամյակը նպաստեց Եվրամիության և ԱլԳ շահագրգիռ երկրների միջև քաղաքական ասոցացման արագացման և հետագա տնտեսական ինտեգրման համար անհրաժեշտ պայմանների ստեղծմանը: Իհարկե, միևնույն ժամանակ, ԱլԳ երկրներից յուրաքանչյուրը ներքին քաղաքականության և արտաքին քաղաքական ուղղվածության մեջ տարբեր աստիճանի փոփոխությունների է ենթարկվել: Հանուն արդարության նշենք, որ ԱլԳ երկրների նկատմամբ ԵՄ ընդհանուր մոտեցումն ի սկզբանե մարտահրավերների է բախվել: Պատճառը ոչ միայն վեց երկրների միջև տարբերություններն են, այլև աշխարհաքաղաքական համատեքստը: Այս կետը արտացոլված է նաև զեկույցի նախագծում, որը հաստատում է ԱլԳ երկրների սուվերեն իրավունքը` ազատ որոշելու ԵՄ-ի հետ իրենց համագործակցության կամ ինտեգրման մակարդակը:
Ներկայումս Հայաստանը Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) անդամ է: Այս տեսանկյունից ԵՄ-ն իր աշխարհագրական հարևանության և եզակի շուկայի շնորհիվ Ռուսաստանին և ԵԱՏՄ-ին հակակշռող հիմնական տնտեսական այլընտրանքն է: Այնուամենայնիվ, Ռուսաստանը շարունակում է մնալ Հայաստանի առևտրային և ներդրումային հիմնական գործընկերը: 2018-ից ի վեր գործում է Հայաստան-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիր, որը հիմնականում հստակեցնում է հնարավոր համագործակցության այն ոլորտները, որոնք համատեղելի են Եվրասիական տնտեսական միությանը մասնակցությունից բխող Հայաստանի նոր պարտավորությունների հետ: ԵԱՏՄ-ն ներկայումս զարգացման փուլում է՝ սպասվող մի շարք փոփոխություններով, քանի որ միությունը ևս նպատակ ունի ներդաշնակեցնել/հավասարեցնել ստանդարտները տարբեր ոլորտներում և, ինչպես ԵՄ-ն, նախատեսում է ապրանքների, ծառայությունների, անձանց և կապիտալի ազատ տեղաշարժ:
Մյուս կողմից, ի տարբերություն ԵՄ հիմնադիր պայմանագրերի՝ ԵԱՏՄ դաշինքը չի պահանջում «առավել սերտ միություն», և ոչ էլ՝ ընդհանուր արժեքներ: Այսպիսով, ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի քաղաքականությունների միջև այս տարբերություններն ու հակասական բնույթը Հայաստանի համար ամենամեծ մարտահրավերներից մեկն են հանդիսանալու՝ ԵՄ-ԱլԳ «ընդհանուր տնտեսական տարածքում» ինտեգրման հնարավոր մակարդակի առումով: ՀՀ «ինտեգրման» մակարդակը պայմանավորված կլինի Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցությամբ: Համենայնդեպս, առայժմ ՀՀ անդամակցությունը մաքսային միությանը նշանակում է ընդունել ԵԱՏՄ համատեղ արտաքին սակագները և կորցնել անդամների՝ սեփական առևտրային համաձայնագրեր կնքելու ազատությունը:
Բացի այդ, անվտանգության խնդիրները և Հայաստանի ու Ադրբեջանի միջև սառեցված հակամարտությունը շարունակում են խոչընդոտ հանդիսանալ տարածաշրջանում կայունության և բարգավաճման համար: Սա նշանակում է, որ Հայաստանի «ինտեգրման» քայլերը կհստակեցվեն կամ գուցե «կսահմանափակվեն» տարածաշրջանում անվտանգության մարտահրավերների նկատառումներով:
Հաշվի առնելով անցած տասնամյակի ընթացքում ԵՄ-Ռուսաստան հարաբերությունների կտրուկ վատթարացումը, և Ռուսաստանի գերակայությունը ԵԱՏՄ-ում, այս գործոնները նույնպես կարող են խոչընդոտ հանդիսանալ Հայաստանի՝ ավելի սերտ ինտեգրման համար, հատկապես հաշվի առնելով, որ ԵԱՏՄ-ն ոչ միայն տնտեսական միություն է, այլ նաև ունի աշխարհաքաղաքական մեծ նշանակություն:
Երկրին հատուկ խնդիրներից բացի՝ կան նաև ընդհանուր խնդիրներ, որոնք պետք է հստակեցվեն ԵՄ և ԱլԳ երկրների կողմից:
Առաջին հերթին, վեց երկրներից յուրաքանչյուրի ձգտման աստիճանը, ինչպես նաև համագործակցության և օժանդակության չափն ու տեսակը, որ ԵՄ-ն կարող է առաջարկել, որոշիչ գործոն կհանդիսանան ԵՄ-ԱլԳ ընդհանուր տնտեսական տարածքի ստեղծման համար:
Ընդհանուր տնտեսական տարածքի ստեղծման համար երկրորդ մարտահրավերը վեց գործընկեր երկրների միջև տարբերություններն են, որոնք, կարծես թե, չեն նվազել վերջին 10 տարիների ընթացքում: Դրանք մասամբ կապված են իրենց աշխարհագրական և տնտեսական դիրքի հետ, բայց նաև իրենց զգայական ինքնության և ապագայի տեսլականի արտահայտումն են:
ԵՄ և ԱլԳ երկրների միջև «ընդհանուր տնտեսական տարածքի» ստեղծումն ինքնին համարձակ քայլ է` հաշվի առնելով բազմաբնույթ լինելը, ներքին սոցիալական ու քաղաքական առանձնահատկությունները, անվտանգության մարտահրավերները, բախվող շահերը և տարածաշրջանում ԵԱՏՄ-ի ու Ռուսաստանի դերը: Այնուամենայնիվ, Արևելյան գործընկերության ծրագրի՝ նախկինում ունեցած ձեռքբերումներն ու փորձը, այն ընդհանուր հիմքը, որ այն ստեղծել է գործընկեր պետությունների համար (երկրները միասին աշխատելու են երկարաժամկետ քաղաքական նպատակների ուղղությամբ՝ ճկուն, կայուն և ինտեգրված տնտեսություններ, հաշվետու կառույցներ, օրենքի գերակայություն և անվտանգություն, շրջակա միջավայրի ու կլիմայի կայունություն և այլն), իրատեսական է դարձնում ընդհանուր տնտեսական տարածք ստեղծելու առաջարկված նախագիծը:
Հեղինակ՝ Հեղինե Ալեքսանյան՝ «Ինլայթ» հանրային հետազոտությունների կենտրոնի վերլուծաբան © Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Սկզբնաղբյուր՝ Strategeast
Թարգմանիչ՝ Սոնա Սիմոնյան (Sona Simonyan).