Սիմոն դը Բովուար․ կենցաղային պարտականությունների բաշխման հեղափոխություն

Մեկուսացումն ընդգծում է զույգերի ներսում եղած անհավասարությունները․ կանանց 70%-ը պնդում է, որ զբաղվում է կենցաղային աշխատանքներով և իրենց երեխաների առաջադրանքներով։ Բովուարը դա կանխատեսել էր․ «Կանանց իրավունքները դեռ հաստատված չեն, դուք պետք է զգոն լինեք ձեր կյանքի ընթացքում»։

«Ինչո՞ւ եմ ես ֆեմինիստ»։ Ահա այն ծրագիրը, որն առաջարկում է Սիմոն դը Բովուարը 1975 թվականին ֆրանսիական հեռուստատեսության համար․ բացատրել իր պայքարի պատճառները՝ պատասխանելով Ժան-Ժակ Սևրան-Շրեբերի հարցերին 50 րոպեի ընթացքում։ Հարցազրույցի ժամանակ «Երկրորդ սեռի» հեղինակը երկիցս անդրադառնում է կենցաղային պարտականությունների անհավասար բաշխմանը հայրիշխանական տիրապետության մեջ։ Տնային տնտեսություն, խոհանոց, գնումներ, երեխաների դաստիարակություն․․․ այս պարտականություններն այսօր մեծապես կատարվում են կանանց կողմից և առավել շոշափելիորեն հենց մեկուսացման այս ժամանակաշրջանում։ Ըստ Observatoire Sociologique du Changement de Sciences Po-ի (Քաղաքական գիտությունների ֆակուլտետի փոփոխության սոցիոլոգիական ուսումնասիրության կենտրոն) իրականացրած ուսումնասիրության՝ 2020 թվականի ապրիլին կանանց 70%-ը հայտնում է, որ ամենօրյա կարգով ուղղորդում է իր երեխաների դպրոցական աշխատանքը՝ հակառակ տղամարդկանց 32%-ի (տղամարդկանց 28%-ը հայտնում է, որ երբեք չի զբաղվել այդ աշխատանքով՝ հակառակ կանաց 12%-ի)։

«Կյանքն անցկացնել առանց որևէ արդյունավետ գործունեության՝ իսկական դատապարտում է»։ Դեռ 1975 թվականին Սիմոն դը Բովուարը կենցաղային աշխատանքները դրել էր կանանց իրավունքների համար իր պայքարի հիմքում։

«Ինչո՞ւ եմ ես ֆեմինիստ»՝ բացատրում է Սիմոն դը Բովուարը հեռուստատեսությամբ 1975 թվականին։ Նա կենցաղային աշխատանքները դնում է կանանց իրավունքների համար իր պայքարի հիմքում։

Բովուար: Եթե կանայք այս կենցաղային աշխատանքների ոլորտում հեղափոխություն անեին, եթե նրանք մերժեին, եթե պարտադրեին տղամարդկանց դա անել իրենց հետ միասին, եթե աշխատանքն այլևս չլիներ այդ ապօրինի աշխատանքը, որին նրանք, ես կասեի, դատապարտված են, որովհետև կարծում եմ՝ ապրել այդ կյանքը երկար տարիներ և առանց որևէ արդյունավետ գործունեության, իսկապես դատապարտում է, և ուրեմն, եթե դա փոխվեր, ողջ հասարակությունը տակնուվրա կլիներ։

Տղամարդիկ ջանացել են համոզել կանանց, որ նրանք կարիք չունեն ֆինանսապես ինքնաբավ լինելու, որ նրանք պետք է հենվեն ամուսնու վրա և սահմանափակվեն՝ անելով այն, ինչը ծայրահեղ կարևոր է քաղաքակրթության համար որպես այդպիսին՝ կենցաղային աշխատանքը։ Կարծում եմ, որ կնոջը պարտադրված կացության բանալիներից մեկն այս աշխատանքն է, որը նրանից կորզում են, առանց աշխատավարձի աշխատանք, չվճարվող աշխատանք, որը նրան թույլ է տալիս միայն պահված լինել իր ամուսնու կողմից քիչ թե շատ շքեղորեն, քիչ թե շատ թշվառորեն, բայց որում չկա հավելյալ արժեքի արտադրություն, որում աշխատանքի ներդրման արժեքը ճանաչված չէ։ Եվ սա շատ կարևոր է։

1955 թվականին վիճակագրություն էր կատարվել 45 միլիարդ վարձատրվող աշխատանքի վերաբերյալ, որ կար մեկ տարում Ֆրանսիայում, և կար մոտավորապես 46 միլիարդի կենցաղային աշխատանք, այսինքն՝ չվարձատրված աշխատանք։ Բանվորուհու համար, որն ունի երեխաներ և քիչ փող, կենցաղային աշխատանքը ծայրահեղ հոգեցուցիչ աշխատանք է։ Ավելի հոգնեցուցիչ, քան գործարանային ութժամյա աշխատանքը։

Հաղորդավար։ Հաճախ նրանք երկուսն էլ անում են։

Բովուար։ Ի լրումն ամենի կանայք հաճախ երկուսն էլ անում են։ Այո՛, այդպես է։ Այստեղ, ես հիմա նկատի ունեմ կենցաղային աշխատանքը, սովորական առօրյայի, կրկնության, վերսկսման կողմը կա, և հատկապես՝ սարսափելի կախվածություն: Կարծում եմ՝ տղամարդիկ պետք է մասնակցեն կենցաղային աշխատանքներին, երեխաների դաստիարակությանը, ճիշտ նույն ձևով, ինչպես կանայք։ Անհրաժեշտ է, որ նրանք կիսեն բոլոր պարտականությունները։ Եվ անհրաժեշտ է, որ տղամարդը հրաժարվի այն իշխանությունից, որը նա հավակնում է իրականացնել կնոջ նկատմամբ։ Կարծում եմ՝ այդ բռնակալությունը իրականացվում է ինչպես բանվոր դասակարգում, այնպես էլ՝ մանր բուրժուազիայում կամ բուրժուական դասակարգում։ Սա շատ-շատ տարածված է։ Իսկ ինչ վերաբերում է կնոջը, այնպես են համոզել, որ իսկական կին լինել նշանակում է թողնել ամուսնուն աշխատել։ Շատ հաճախ կինը դա ընդունում է։ Երբեմն նա տրոհված է։ Ինչպես նաև, նրա մոտ առաջացնում են մեղավորության այնպիսի զգացում, որ եթե նա ուզում է և՛ աշխատել, և՛ ընտանիք ու երեխաներ ունենալ, ապա հաճախ դա շատ դժվար է լինում նրա համար։ Անգամ եթե դա հնարավոր է, նրան մեղադրում են, ասում, որ բավականաչափ ժամանակ չի անցկացնում երեխաների հետ, քիչ է տանը լինում, և ուրեմն նա ընդունում է։ 

Ինձ համար ամենակարևորը, ինչպիսին էլ որ լինեն դժվարությունները, ֆինանսական անկախություն ունենալն է, եթե անգամ նրանք ստիպած են թանկ վճարել դրա համար, և ես գիտեմ, որ ստիպում են շատ թանկ վճարել։ Քանի որ նրանց հենց պարտադրում են միաժամանակ զբաղվել և տան խնամքով։ Բայց դա առաջին պայմանն է նաև ներքին անկախություն ձեռք բերելու համար։ Ես նկատի ունեմ բարոյական, մտավոր անկախություն, քանի որ առանց դրա նրանք ստիպված են հասկանալ, թե ինչպես են ապրում։ Այսինքն՝ ստիպված են կրել իրենց ամուսնու գաղափարները, ենթարկվել իրենց ամուսնու քմահաճույքներին, ցանկություններին և այլն։ Ստիպված են մնալ իրենց ամուսնու հետ, անգամ եթե այլևս կապված չեն նրան, և սա մի իրավիճակ է, որն իսկապես արժանի չէ գովասանքի, ինչպես մարմնավաճառությունն իսկ։ Իսկապես, կինը, որը մնում է իր ամուսնու հետ միայն փողի համար, քանի որ միջոցներ չունի ինքնուրույն գումար վաստակել, կին է, որը հրաժարվել է իր մարդկային արժեքից և արժանապատվությունից։

Բնօրինակի հեղինակ՝ Vidéo Camille Renard, France culture


Թարգմանիչ՝ Լուսինե Աղաջանյան (Lusine Aghajanyan) © Բոլոր իրավունքները պաշտպանված են։