Թվային հմտությունները բարելավող ծրագրերը վճռորոշ են Հայաստանում իրական ու ֆինանսական հատվածների զարգացման գործում

EU4Digital. Women mentorship programs in the IT sector

Աջակցելով համապարփակ և առավել արդյունքամետ մոտեցմանը՝ «Ինլայթ» հանրային հետազոտությունների կենտրոն հասարակական կազմակերպությունը համագործակցություն է ձեռնարկում StrategEast-ի հետ՝ վերջիններիս նոր ծրագրի շրջանակներում․ «Տեղեկագրում՝ ԵՄ և Արևելյան գործընկերության երկրների (այսուհետև ԱլԳ) երկկողմ օրակարգի հիմնական հարցերի վերաբերյալ»: Տեղեկագիրը ձևավորված է որպես օգտակար գործիք հանրային կառույցների և որոշում ընդունողների համար, որոնց հետաքրքրության ոլորտը ընգրկում է ԱլԳ տարածաշրջանը, և տարածվելու է ԵՄ և ԱլԳ ավելի քան 1000 բարձրաստիճան պաշտոնյաների, միջազգային կառույցների և ճանաչված փորձագետների շրջանում։

Վերջին շրջանում ԵՄ-ն ակտիվ գործունեություն է ծավալում ԱլԳ երկրներում ՏՏ հատվածի զարգացմանը վերաբերող մի շարք նախաձեռնությունների ստեղծման հարցում։ Այսպիսով, վերջերս EU4Digital-ը սկսել է նոր գործունեություն ծավալել ԱլԳ երկրների տեղեկատվական հատվածում կանանց մենթորության ծրագրերին աջակցելու համար։

Ձեր կարծիքով նմանօրինակ նախագծերը պատեհաժա՞մ են հետհամավարակային ժամանակշրջանի համար։

Այս առումով համավարակի բուն ընթացքը, դրան նախորդող և հետհամավարակային շրջանները նույնն են այն իմաստով, որ նույնիսկ առանց այս արտաքին ցնցման՝ ինչքան շուտ թվային փոխակերպումը տեղի ունենա, այնքան լավ։ Նկատի ունենալով թվային հատվածի վերադիր բնույթը՝ հասարակության մեջ թվային հմտությունները զարգացնելուն ուղղված ծրագրերը վճռորոշ դեր ունեն իրական և ֆինանսական հատվածների զարգացման, ինչպես նաև Կառավարության և ՀԿ-ների համար՝ հատկապես հաշվի առնելով նաև, որ ՏՏ հատվածը տնտեսական աճի համար մեծ ներուժ ունի նույնիսկ համավարակի և հետհամավարակային վերականգնողական շրջանի ընթացքում, մինչդեռ այլ ոլորտներում մարդիկ՝ կրճատումների կամ խանութների փակման հնարավորության պատճառով և այլընտրանքային աշխատանք գտնելու դժվարության ընկալման արդյունքում, սկսել են գիտակցել իրենց աշխատանքների երերությունը։

Այս տեսանկյունից, կանանց մենթորության ծրագրի թողարկումը Հայաստանի և ԱլԳ երկրների տեխնոլոգիական հատվածում կարող է ավելի արդյունավետ աշխատել, քանի որ ներկայիս դժվարությունները կարող են մարդկանց համար հավելյալ խթան դառնալ՝ «ռիսկի» դիմելու և աշխատաշուկայում ավելի լավ տեղ գտնելու համար՝ ավելի բարձր վարձատրությամբ ու մասնագիտական դիրքով։ Մյուս կողմից, իհարկե, կա ռիսկ, որ այլընտրանքային աշխատանք գտնելու անհրաժեշտությունը կփոխի մարդկանց վերաբերմունքը դեպի աշխատանքի գործիքային ընկալում, երբ մարդիկ կորցնում են իրենց հետաքրքրությունը աշխատանքի/մասնագիտության հանդեպ՝ դիտարկելով այն միայն որպես իրենց ֆինանսական կարիքների բավարարման միջոց։ Սա կարող է հանգեցնել աշխատանքային էթիկայի թուլացման և նվազեցնել նրանց հակվածությունը մասնակցելու իրենց համար նոր հնարավորություններ ստեղծող նոր ծրագրերի: Ինչ վերաբերում է կանանց նկատմամբ թիրախային մոտեցմանը, ապա կարևոր է նաև հաշվի առնել երկրի սոցիալ-տնտեսական գործոնները, զբաղվածության օրինաչափությունների և կենսակերպի ընտրության ազգային առանձնահատկությունները, քանի որ այդպիսի ընտրություններն այլ հանգամանքներից անկախ չեն արվում։ Անշուշտ, այսօր կանայք ազատ են ընտրություն կատարելու մեջ այն իմաստով, որ Հայաստանում կանանց մեծամասնությունը ընտրության հնարավորություն ունի կրթության և զբաղվածության առումով, սակայն աշխատանք-ընտանիք հավասարակշռության մեջ առկա նախապատվությունները և պետական ու անհատական մակարդակի մի շարք այլ փոփոխականներ ազդում են նրանց ընտրության վրա, և այսօրինակ գործոնները ևս կարող են պայմանավորել կանանց ներգրավվածության մակարդակը տեխնոլոգիական ոլորտում կամ ոլորտին ուղղված ծրագրերում։

Մյուս կողմից էլ, կանանց մենթորության ծրագրերը կարող են հասնել հաջողության, քանի որ նշված բոլոր փոփոխականների մեջ կրթության ազդեցությունը զգալի է, հատկապես նրանց համար, ովքեր նոր են սկսում իրենց կարիերան։

Նկատե՞լ արդոք թվային տեխնոլոգիաների զարգացման անհրաժեշտություն ՝ Ձեր երկրում համավարակի հետևանքներին արձագանքմանն աջակցելու համար:

Թվային տեխնոլոգիաների ու դրանց օգտագործման համար անհրաժեշտ հմտությունների կարիքը, անկասկած, զգալի է համավարակի և, որպես հետևանք, ներփակման ընթացքում։ Կարելի է պնդել, որ հմտությունների բարելավումն անհրաժեշտ է հատկապես մեծահասակների շրջանում, որոնք հակառակ դեպքում նույնքան եռանդագին չեն իրենց մասնագիտության մեջ թվային տեխնոլոգիաների օգտագործման առումով, որքան երիտասարդ սերունդը։ Այնուամենայնիվ ընդհանրացնենք՝ Հայաստանի՝ շարունակաբար ավելի նշանակալի դարձող ՏՏ օրակարգը լավ միջավայր է ստեղծում թվային տնտեսության ու հասարակության ներուժի զարգացման համար։


Հակոբ Հակոբյան և Հեղինե Ալեքսանյան՝ «Enlight» հանրային հետազոտությունների կենտրոն ՀԿ-ի վերլուծաբաններ © Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Սկզբնաղբյուրը՝ Strategeast

Թարգմանիչ՝ Մարիամ Անտիկյան (Mariam Antikian)։