Ոսկեղենիկ #6

Ոսկեղենիկ նախաձեռնության վեցերորդ հրապարակումները

Նախաձեռնության գաղափարը հղացվել և իրագործվում է կազմակերպության Խմբագիրների բաժնի անդամների կողմից: Նախաձեռնության նպատակն է վեր հանել հայերենում տարածված ու առօրյայում կիրառվող սխալները, բացատրել և ցույց տալ վերջիններիս ճիշտ տարբերակները՝ նպաստելով մայրենի լեզվում գրագետ խոսքի ձևավորմանը։

Նա/նրանք և ինքը/իրենք դերանունները երրորդ դեմքի անձ/անձանց ցույց տվող դերանուններ են, սակայն միշտ չէ, որ կարող են փոխարինել միմյանց: Այս հանգամանքը հաճախ առիթ է դառնում նրանց սխալ գործածության, օրինակ՝ Նրանք կարծում են, որ նրանց աշխատանքն է լավագույնը:

Բանն այն է, որ անձնական դերանվան 3-րդ դեմքը ցույց է տալիս մեկին, որը գործողություն է կատարում: Այդ գործողության առարկան կարող է լինել և՛ հենց ինքը, և՛ այդ գործողությունը կատարողին պատկանող առարկա: Օրինակ՝ Նա կարողանում է ուրիշի աչքերով նայել իր վրա: Նա չի կարդում իր գիրքը (բայց ոչ՝ նրա գիրքը):

Սա պետք է հատկապես հաշվի առնել ուրիշի ուղղակի խոսքը անուղղակի խոսքի փոխակերպելու ժամանակ:

Օրինակ՝ Նա ասաց.

-Մեր աշխատանքն է լավագույնը:

Անուղղակի խոսքի փոխակերպելիս պետք է լինի՝ Նա ասաց, որ իրենց (բայց ոչ՝ նրանց) աշխատանքն է լավագույնը: Հակառակ դեպքում կստացվի այնպես, որ աշխատանքը ոչ թե գործողությունը կատարողներինն է, այլ ուրիշներինը:

© Աղբյուր՝ Ա. Սանթոյան, Ձևաբանության դասախոսական տեքստ:

Գրավոր և բանավոր խոսքում երբեմն «որպեսզի» շաղկապը սխալմամբ գործածվում է «որ» շաղկապի փոխարեն։ Օրինակ՝ «Նա ուզում է, որպեսզի դու կատարես այդ աշխատանքը»։ Մինչդեռ պետք է լիներ այսպես՝ «Նա ուզում է, որ դու կատարես այդ աշխատանքը»։

«Որպեսզի» շաղկապը պատկանում է նպատակային շաղկապների խմբին, որոնք նպատակի հարաբերություն արտահայտող ստորադաս նախադասությունները կապակցում են գերադաս նախադասություններին։ Վերևի օրինակում ստորադաս նախադասությունը (….որպեսզի դու կատարես այդ աշխատանքը) նպատակային իմաստ չի արտահայտում։ Այդ պատճառով էլ նման գործածությունը սխալ է։

Այս շփոթի պատճառն այն է, որ «որ» շաղկապը ստորադաս նախադասություններ կապակցելու տեսանկյունից ավելի ընդգրկուն է. կապակցում է տարբեր իմաստներ արտահայտող ստորադաս նախադասություններ, այդ թվում՝ նպատակի։ Մինչդեռ «որպեսզի» շաղկապը կարող է կապակցել միայն նպատակային իմաստ արտահայտող ստորադաս նախադասություններ։ Ուստի՝ «որպեսզի» շաղկապը կարող է փոխարինվել «որ»-ով, ինչպես՝ «Զանգեց, որպեսզի/որ զրուցեն», բայց հակառակը լինել չի կարող, ինչպես՝ «Թույլ չենք տա, որ անօրինականություններ լինեն»։ Իսկ «Թույլ չենք տա, որպեսզի….» ձևը սխալ է:

© Աղբյուր՝ Մ. Ասատրյան, Ժամանակակից հայոց լեզվի ձևաբանություն։

«Ավանդություն» բառը նախկինում նշանակել է ավանդույթ, սովորույթ: Այժմ այս բառի իմաստն ավելի նեղ է և նշանակում է ավանդազրույց՝ հնից եկած և սերնդեսերունդ փոխանցված զրուցապատում։ 

Ավանդությունը ժողովրդական բանավոր արձակի տեսակներից է, կարճ հուշապատում է պատմական նշանակություն ունեցող դեպքերի ու դեմքերի, առարկաների ու երևույթների մասին։ Ավանդույթը նույնպես տարբերակված իմաստ է ստացել՝ սովորույթ, ընդունված կարգ, ծես, տրադիցիա՝ օտար բառի համարժեքով:

Այս բառազույգի սխալ կիրառության օրինակներից են՝ «Մեզանում տնօրհնեքի ավանդությունը հնուց է գործում»: Այս պարագայում հարկավոր է օգտագործել «ավանդույթ» բառը:

«Գրիգոր Լուսավորչի մասին շատ հայտնի ավանդույթ կա». հարկավոր է օգտագործել «ավանդություն» բառը:

Այս առանձնացված նախադասության մեջ հնարավոր է երկակիություն։ «Այս ավանդությունը // ավանդույթը եկել է մեր նախնիներից» («այս զրույցն է եկել հասել» եւ այս սովորույթն է եկել փոխանցվել»: 

© Աղբյուր՝ Հենրիկ Գալստյան, Ճիշտը և սխալը։

Որոշ միավանկ բառեր (ու, ի ձայնավորներով և ույ երկհնչյունով) բացառական հոլովի դեպքում կորցնում են իրենց ձայնավորներն ու երկհնչյունները (սղվում են կամ հնչյունափոխվում են՝ դառնալով ը) և կազմվում են բաղաձայնների զուգակցումից ու բացառական հոլովի -ից վերջավորությունից:

Օրինակ՝ տուն-տնից, բույն-բնից, քուն-քնից:

«Տնից» ձևին զուգահեռ, թեև քիչ, բայց լեզվում կա (այս կամ այն չափով ) նաև «տանից» ձևը: Սրանք տարբերակային ձևեր են: Կարող ենք, իհարկե, այս ձևերի մրցակցությունն ավարտված համարել և արձանագրել, որ «տնից» ձևը հաղթել է:

*Ճիշտ կողմնորոշվելու համար, կարող ենք ստուգել տվյալ բառի հոգնակիի միջոցով, քանի որ բացառական հոլովը կազմվում է նույն ձևով։

Տուն-տներ (հոգնակի), հետևաբար բացառական հոլովը կլինի ոչ թե տանից, այլ տնից:


Պարզաբանում է Լեզվի կոմիտեի նախագահը

© Աղբյուր՝  vnews.am

Հաճախ ենք լսում, թե ինչպես են մարդիկ սխալմամբ ասում «ներեղություն եմ խնդրում»։

Ճիշտ տարբերակը «ներողություն»-ն է, որն առաջացել է հետևյալ կերպ՝ «ներել-ներող-ներողություն»։ Նույն «ներող» արմատը տեսնում ենք «ներողամիտ», «ներողամտություն» բառերի մեջ:

© Աղբյուր՝ Յու. Ավետիսյան, «Ճիշտը եւ սխալը»:

Այսինքն, առայժմ, ուրեմն ձևերը ճիշտ են միայն ն վերջնահնչյունով։ Ի տարբերություն սրանց՝ երկփոխանակ ը/ն հոդերով հանդես են գալիս սառը կամ սառն, դառը//դառն, խառը//խառն բառերը, որոնց անհոդ կիրառությունները բնորոշ չեն գրական հայերենին։

Առայժմ բառի համար ճիշտ է անհոդ կիրառությունը։

Եվ ուրեմն ոչ թե՝ «Սիրելի՛ս, առայժմս սպասիր այնքան, որ ավարտեմ Ջ.Օսթինի«Էմմա» վեպի թարգմանությունը, այսինքնս՝ դա կտևի առնավազ մեկ ամիս», այլ՝ «Սիրելի՛ս, առայժմ սպասիր այնքան, որ ավարտեմ Ջ. Օսթինի «Էմմա» վեպի թարգմանությունը, այսինքն՝ դա կտևի առնվազն մեկ ամիս»:


#Ոսկեղենիկ #ՍխալներիՈւղղում #Մայրենի