Հետ-ճշմարտություն

Փիլիսոփա և գիտական սոցիոլոգ Սթիվ Ֆուլերը ճշմարտության և ստի մշուշոտ տարորոշման, կեղծ լուրերի և Պլատոնի հետ-ճշմարտության իրավիճակի կանխատեսման մասին:

Հետ-ճշմարտությունը 2016 թ․ Օքսֆորդի բառարանի տարվա բառն էր: Այդ է պատճառը, որ այսօր այն այդքան ակնառու է: Շատ պատճառներ կան այդ պատվին արժանանալու համար: Դա պայմանավորված է այն հարցերով, թե ինչպես է փորձագետների հեղինակությունը վիճարկվել և անտեսվել վերջին 12 ամիսների ընթացքում՝ ներառյալ այնպիսի իրադարձություններ, ինչպիսիք են Դոնալդ Թրամփի ընտրությունը որպես նախագահ, Բրեքսիտը Միացյալ Թագավորությունում և տարբեր պոպուլիստական շարժումների աճը՝ բոլոր այս դեպքերն էլ՝ ի հեճուկս բոլոր փորձագետների և հարցախույզների կարծիքի:

Այնուամենայնիվ, ինքս հետ-ճշմարտություն երևույթն այս կերպ չեմ դիտարկում: Որոշ չափով այն հասկանում եմ այդ պայմաններում և խոսում եմ իբրև մարդ, որ 2008 թվականին քվեարկել է Հիլարի Քլինթոնի, ոչ թե Օբամայի օգտին: Ես վերելքում գտնվողներից չէի: Այնուամենայնիվ, ես հասկանում եմ երևույթը: Կարծում եմ, որ այն արտահայտում է արևմտյան մտավորական պատմության ավելի խորը խնդիր, այնպես որ, մարդիկ, որոնք ընկալում են սա իբրև ուղղակի ներկային հատուկ երևույթ, սխալ են հասկացել: Ես դիտարկում եմ հետ-ճշմարտությունն իբրև մեզ մշտապես համընթաց մի բան: Այս բառն ինքնին հնարավորություն է տալիս մեզ բյուրեղացնել այն, ինչի մասին խոսում ենք:

Հետ-ճշմարտությունը տարանջատում է ճշմարիտի և կեղծի մասին խոսակցությունը ճշմարիտ և կեղծ լինելու հնարավորության պայմանից: Փիլիսոփայության մեջ առաջին խնդիրն անվանում ենք «առաջին կարգի խնդիր». մենք խոսում ենք այնպիսի աշխարհի մասին, որտեղ բոլորը կրում են ընդհանուր վարկածներ: Դրանց օգնությամբ մենք կարող ենք ասել՝ արդյոք ինչ-որ բան ճշմարիտ է, թե կեղծ: Կան նաև երկրորդ կարգի խնդիրներ, որոնք առնչվում են աշխարհի հետ, որտեղ մենք համաձայնություն չունենք վարկածների շուրջ: Ինչ- որ իմաստով այն կապված է դրանց հաստատման հետ, որոնց տեսանկյունից կարող եք խոսել, թե որն է ճշմարիտ և որը՝ կեղծ:

Հետ-ճշմարտության աշխարհը վերջին իրավիճակի մասին է: Կանտն այն անվանեց «անդրանցական պայմաններ». նա խոսեց այդ մասին ճշմարիտի և կեղծի հավանականության տեսանկյունից: Եվ հենց սա է երևան բերում հետ-ճշմարտության պայմանը. հիմքում այն գաղափարն է, որ այն ինչի մասին խոսում ենք քաղաքականության մեջ, և աշխարհում, ընդհանուր առմամբ, պարզապես ճշմարիտի և կեղծի մասին չէ, այլ այն պայմանների մասին, որոնց ներքո որոշվում է՝ որն է ճշմարիտն ու կեղծը: Հետ-ճշմարտության իրավիճակի մասին հետաքրքրականն այն է, որ դու ընդունում ես դա և պայքարում ճշմարիտն ու կեղծը սահմանող պայմանների շուրջ:

Կեղծ նորությունների ողջ իմաստը՝ որպես հռետորական նշան, որը օգտագործում է Դոնալդ Թրամփը, այն է, որ նրա հակառակորդները ևս այն օգտագործում են: Երկու կողմերն էլ մեղադրում են միմյանց կեղծ նորություններ տրամադրելու մեջ. Թրամփն այդպես է խոսում Նյու Յորք Թայմսի մասին, Նյու Յորք Թայմսն էլ ասում է, որ մեղավորը Թրամփի մամուլի խոսնակ Շոն Սփայսերն է: Սա մրցույթ է ոչ թե ճշմարիտի և կեղծի շուրջ, այլ այն պայմանների շուրջ, որոնց ներքո որոշվում են այդ ճշմարիտն ու կեղծը: Սա իրական խնդիր է, որը արևմտյան փիլիսոփայության մի մասն է կազմում, եթե այն զուգորդում եք Պլատոնի հետ:

Պլատոնը բացարձակ հետ-ճշմարտության կողմնակից է: Այս առումով մենք միշտ հետ-ճշմարտություն ենք եղել: Նախևառաջ «Հանրապետություն»-ում նա երկխոսություն ունի, որ նրա հիմնական աշխատանքն է արդար հասարակություն հիմնելու ուղղությամբ: Արդար հասարակություն հիմնելու մեջ հետաքրքրական է այն, թե ինչպես եք ի վերջո տարակարծիք դառնում այն հարցում, թե ինչ պետք է իմանան մարդիկ: Մի կողմից դուք ունեք այն, ինչ Պլատոնն անվանում է «փիլիսոփա արքաներ»: Այդ մարդիկ հատուկ ընտրվում են հենց իրենց տաղանդի շնորհիվ: Վաղ տարիքից նրանք սովորում են մաթեմատիկայի, փիլիսոփայության, երաժշտության և աստղագիտության վերացական առարկաները: Նրանք գլխավորապես կենտրոնացել են ավելի լայն, ավելի տիեզերական բաների, այլ ոչ թե այլ մարդկանց հատուկ մտածմունքների վրա:

Կարելի է ասել, որ այդ մարդիկ գիտեն ճշմարտությունը, հատկապես կառավարման տեսանկյունից ճշմարտության առումով: Այդուհանդերձ, նրանք առանձնացված են: Պլատոնը չի հավատում, որ բոլորը պետք է իմանան սա: Նա հավատում է, որ եթե սովորական մարդիկ իրապես նման բաներ իմանային, գիտենային, որ աշխարհը բաց է բոլոր այս հնարավորությունների համար, կխելագարվեին: Ըստ Պլատոնի՝ միակ իրականությունը, որի հետ մարդկանց մեծամասնությունը կարող է գործ ունենալ նրանց կողմից վերապրվողն է: Կարևոր է դառնում, որ այն իմացությունը, որը հասարակության մեծ մասը պետք է ունենա, համապատասխանում է նրանց կենսակերպին:

Ի վերջո սա նշանակում է, որ ճշմարտության տեսանկյունից այս մարդիկ կեղծ աշխարհայացք ունեն, որը գործում և թույլ է տալիս ճշմարիտ աշխարհայացք ունեցողներին աշխարհն ավելի լավը դարձնել նրանց բոլորի համար միասին վերցրած: Դրանում է Պլատոնի հանրապետության գաղափարը և դա որոշ առումով հետ-ճշմարտության հղացքն է: Արևմտյան փիլիսոփայության մեջ հետ-ճշմարտության զգայությունը ի վերջո գալիս է Պլատոնի «Հանրապետությունից»: Այն հաճախ դիտարկվում է իբրև արևմտյան քաղաքական փիլիսոփայության հիմնարար փաստաթուղթ, սակայն այն նաև սոցիալական իմացաբանության փաստաթուղթ է, որով մենք հասկանում ենք, թե ինչպես պետք է գիտելիքը կազմակերպվի և բաշխվի հասարակությունում:

Այստեղ խնդիրը բերվում է նրան, թե ինչ պետք է իմանան մարդիկ իրենց կյանքերը կառավարելու համար: Պլատոնի համար մի այսպիսի բաց հարց կար, թե որքանով յուրաքանչյուրին պետք է հասու լինի ճշմարտությունը, և ով պետք է իրավունք ունենա որոշել ճշմարտության հայտնության ձևը: Սա հանգեցրեց հստակ տարբերակման նրանց միջև, ովքեր պետք է վերահսկեին ճշմարիտն ու կեղծը սահմանող պայմանները, և այն մարդկանց, ովքեր պետք է ուղղակի ընդունողի դերում լինեին՝ նրանց ասելով, թե որն է ճշմարիտ, որը՝ կեղծ: Պլատոնի մոտ այս տարբերակումը շատ հստակ է. այն բավական ճանաչելի է դարձել արևմուտքի ողջ պատմության, եթե չասենք առհասարակ մարդկության պատմության ընթացքում: Դա իշխանության տեսակ է, որ հիմնված է իմացածի և չիմացածի վրա:

Պլատոնի համար մարդիկ, որոնք պետք է հաստատեն ճշմարիտի և կեղծի հնարավորության պայմանները առավել ունիվերսալ ընդգրկում պահանջող գիտելիքի ձևերով կրթված մարդիկ են: Այստեղ նա նկատի ուներ, որ մաթեմատիկան, ինչը մենք այժմ կոչում ենք ֆիզիկա, աստղագիտություն, երաժշտություն, աշխարհի ընկալման ունիվերսալ ձևեր են, որոնք կախված չեն որևէ կոնկրետ նյութական պայմաններից:

Մյուս կողմից մարդկության մեծ մասը պարտավոր է իմանալ գիտելիքի ձևերի մասին, որոնք արդիական են իրենց կյանքում և փորձում: Նրանք պետք է զորանան այդպիսի գիտելիքներով: Նրանց պետք է այնպիսի բաներ ասվեն, որոնք հնարավորություն կտան նրանց ապրել, ինչպես նախկինում: Պլատոնը դիտարկում էր սա որպես կայուն հասարակության բանաձև: Կոպիտ ասած, փիլիսոփա արքաների տեսանկյունից՝ բնակչության մյուս մասի իմացածը կեղծ է, այն իմաստով, որ մարդկանց ստիպում էին հավատալ, որ աշխարհում գոյություն ունեն միայն այն բաները, որոնք ուղղակիորեն կապված են իրենց նյութական պայմանների հետ: Նրանց համար այդ ամենից անդին գնալու, ոգեշնչվելու և մտածելու ոչինչ չկար այլևս:

Առաջին բաներից մեկը, որը Պլատոնն արեց՝ հետ-ճշմարտության այս նախօրինակ կարգը հաստատելն էր, որտեղ միայն մի խումբ մարդիկ են որոշում ճշմարիտն ու կեղծը, իսկ մնացածը միայն հավատում են կոնկրետ փաստ-հորինվածք այդ տարբերակմանը: Հետ-ճշմարտությունը գործի է դնում այն միտքը, որ, եթե ունեք մարդիկ, որոնք անկախ իրենց գտնվելու վայրից, հավատում են, որ աշխարհը պետք է որևէ հստակ կերպ գործի, ապա ունեք փաստ-հորինվածք հստակ տարբերակում: Երբ մտածում եմ աշխարհի լինելիության այլընտրանքային տարբերակների մասին, կարծում եմ, որ դա ուղղակի հորինվածք է: Պլատոնը հենց այս տեսակ երկու գաղափար էր առաջ քաշում: Այն այսօր էլ մեզ շատ մոտ է, խոսքը՝ հետ-ճշմարտության գաղափարի մասին է:

Այն, ինչպես կարող եք տեսնել, թե այս գաղափարը որքանով է հետ-ճշմարտացի, որ այն շատ հաստատակամ է փաստ-հորինվածք տարբերակման մեջ. այդպիսի մարդկանց իր օրերում Պլատոնն իր ամենամեծ թշնամին է համարել: Նրանք թատերգակներն էին. մարդիկ, որոնք դրամաներ էին գրում: Դուք պետք է մտածեք հին Աթենքի մասին որպես մի վայր, որտեղ պիեսները հիմնականում բեմադրվել են նույնպիսի հանրային տարածքներում, ուր սովորաբար իրականացվում էր քաղաքականությունը: Ֆիզիկական տեսանկյունից հստակ տարբերակում չկար փաստերի և հորինվածքի միջև: Այն պետք է որևէ կերպ արտահայտվեր: Թատերգակների հարցում Պլատոնն առարկում էր այն փաստին, որ այստեղ կան մարդիկ, որ ստեղծում են այլընտրանքային իրականություն ի հակադրություն այն իրականության, որն իրենք սովոր էին իբրև ճշմարիտ ընդունել: Այն դուրս էր գալիս ճշմարիտի և կեղծի ընդունված ընկալումից:

Պլատոնը կարծում էր, որ այդպիսի մարդիկ շատ վտանգավոր են. հատկապես, եթե ներկայացումները լավն էին և իրական, ինչի արդյունքում մարդիկ կարող էին մտածել, որ այն ինչ տեղի է ունենում բեմում, կարող է տեղի ունենալ նաև բեմից դուրս: Փաստ-հորինվածք իրականությունը աղավաղվում է: Այդ պահին, ըստ Պլատոնի, կհաջորդեր քաոս, ի հայտ կգար սոցիալական անհանգստություն: Արևմտյան պատմությունը լի է այսպիսի մտահոգություններով, բնորորշ ոչ միայն Պլատոնին: Այստեղ հետաքրքրական է այն, որ ակներև է դառնում Պլատոնի և թատերգակների միջև կատարյալ հասկացումը: Նրանք երկուսն էլ գիտակցեցին, որ գործում են հետ-ճշմարտության աշխարհում. այն ինչ նրանք անում են, ճշմարիտն ու կեղծը սահմանող պայմանների շուրջ մրցակցությունն է: Կողմերից ոչ մեկը ճշմարիտն ու կեղծը տրված չէր համարում:

Այս առումով կարող եք թատերգակների քայլերը դիտարկել իբրև այլընտրանքային կառավարություն, հասարակության այլընտրանքային կառավարման ձև: Պլատոնի աշակերտ Արիստոտելի արածներից մեկը, որը պարունակում է այսպիսի զգայունություն, իր սեփական տեսակետն էր դրամայի մասին: Արիստոտելը ասել է մի բան, որ շատ տեղին է գեղագիտության պատմության համար. եթե դուք լավ կազմված ներկայացում ունեք, այն հասնում է իր բնականոն ավարտին, ամփոփմանը: Կա այն, ինչն Արիստոտելն անվանում է «կատարսիս». երբ հանդիսատեսի՝ դերասանների հանդեպ ստեղծած ողջ հույզերն ու խնդիրները միանգամից վերանում են և մարդիկ վերադառնում են սովորական վիճակին: Նրանք լքում են թատրոնը այնպես, ինչպես եղել էին մտնելու պահին:

Արիստոտելի համար այս կերպ պետք է լինի պիեսների բեմադրումը: Սա նաև խոսում է այն մասին, որ Արիստոտելը պիեսը դասում է հորինվածքի կարգին: Ողջ գաղափարը կայանում է նրանում, որ դուք գիտեք, որ այն ինչ տեղի է ունենում թատրոնում, մնում է թատրոնում: Սա այն խնդիրն էր, որ հուզում էր Պլատոնին: Հետ-ճշմարտության աշխարհի մասին այն կետը, որում մենք այժմ ապրում ենք, այն է՝ թատերգակների հասարակական մերկացումը արգելելու Պլատոնի խնդիրը, բացահայտվել է: Հարցը կրկին արդիական է դարձել: Ահա թե ինչու ենք ԱՄՆ Սպիտակ տանը տեսնում Դոնալդ Թրամփին կամ երեսուն տարի առաջ Ռոնալդ Ռեյգանին. նրանք այնպիսի դերասանների տեսակին են պատկանում, որոնք ի վերջո շատ հայտնի են դառնում, քանի որ արժանիքները, որոնք նրանք՝ իբրև դերասան ցուցադրեցին բեմում, ավելի համոզիչ և համապատասխան են դիտվում քաղաքական ասպարեզի համար: Սա հենց այն էր, ինչին Պլատոնը դեմ էր: Սա հետ-ճշմարտության աշխարհն է, որում մենք այժմ ապրում ենք. Պլատոնը այն կատարելապես կանխատեսել էր, հստակ հասկացել, թե ինչպես է այն աշխատում, և բացատրել, թե ինչու է ցանկանում հեռացնել թատերգակներին հանրապետությունից:

Բնօրինակի հեղինակ՝ Steve Fuller, Serious Science


Թարգմանիչ՝ Արամ Սանամյան (Aram Sanamyan), խմբագիր՝ Հեղինե Ալեքսանյան (Heghine Aleksanyan)© Բոլոր իրավունքները պահպանված են: