Ալեն Բադիու․ Համավարակ, անգիտություն և նոր հավաքական վայրեր

Նկար․ Մարսելում, Բենեդի փողոց։ Իրենց առաջին՝ «Իսկ հետո՞» աֆիշին ի պատասխան՝ երկու արվեստագետ առաջարկում են շարունակությունը («Լրիվ հակառակը») (Լուսանկարը Յոան Լամուլերի, Tendance floue)։

Մեր դժբախտությունների մեղավորն Էմանուել Մակրոնը չէ, այլ մասնավոր սեփականության և կապիտալի կենտրոնացման դժվարին զուգակցումը: Հնարավոր է համատեղ կյանք վերստեղծել դպրոցների շուրջ՝ համախմբելով ողջ աշխարհի մտավորականներին, բանվորներին, արվեստագետներին՝ իրականից ելնելով նոր գաղափարներ մշակելու համար:

Ներկայիս համավարակը կախված է միաժամանակ բնական պատճառից. վարակի գոյությունը և նրա գոյատևման ու փոխանցման եղանակները չղջիկից մարդուն. և «սոցիալական» պատճառից․ մարդկանց տեղաշարժերի ծավալը և արագությունը՝ երկուսն էլ զգալի, որոնց պատճառով վարակը մի քանի շաբաթում շրջանառվում է Չինաստանից Եվրոպա և Ամերիկա, և ոչինչ այն ի զորու չէ դադարեցնել, եթե ոչ մարդկային գրեթե ողջ այս եռուզեռի կանգը․ կանգ, որ կոչվում է «մեկուսացում»: 

Իսկ ի՞նչ է կատարվում բուրժուական պետություններում (այսօր ցավոք մեկ ուրիշը չկա): Նրանք ստիպված են միջոցներ ձեռնարկել, որոնք խախտում են իրենց դասակարգային կուռ տրամաբանությունը: Անհրաժեշտ է, որ ամեն գնով հիվանդանոցային համակարգը գործի, պետք է կարողանալ օգտագործել հյուրանոցային համարներն՝ այնտեղ հիվանդներին մեկուսացնելու համար, պետք է նաև սահմաններին նվազեցնել բնակչության տեղաշարժերը, որոնք վարակն իրենց հետ տեղափոխում են և այլն: Բայց այս ամենով հանդերձ պետությունները պետք է անպայմանորեն պաշտպանեն ողջ հասարակության հատուկ կառուցվածքի ապագան, այսինքն՝ նրա դասակարգային բնույթը: Կառավարելը դառնում է ավելի դժվար գործ, քան պակաս յուրահատուկ հանգամանքներում էր: Բարեբախտաբար գործող պետությունների համար մեր տեսակի հասարակությունների իրական թշնամին, որը ոչ թե վարակն է, այլ կոմունիզմը, այնքան թույլ է այսօր, որ նրանք ելք կգտնեն՝ գոնե կարճաժամկետ, առանց մեծ վնասի:

Մակրոնի՞ն են վատաբանում: Խորհրդարանական վարչակարգը, որը զարգացած կապիտալիզմի բնական քաղաքական վարչակարգն է, և, որը Ֆրանսիայում շարունակում է խնկարկվել «ժողովրդավարություն» և «Մեր հանրապետություն» երկակի ֆետիշական անվան տակ, ուրիշներին էլ է տեսել: Եթե պետք է ազատվել Մակրոնից, խաղի տերերը՝ իրենք, դա կանեն ամեն տեսակ դժգոհների ծափողջյունների ներքո, որոնք երկու տարի շարունակ մտածում են, թե այս Մակրոնն է իրենց բոլոր դժբախտություների պատճառը: Մինչդեռ, եթե ճշմարիտ խոսենք, երկու դարից ի վեր մեր խնդիրները ծագում են մասնավոր սեփականության (որ կարելի է գովել և խոստանալ բոլորին) ու կապիտալի կենտրոնացման «երկաթյա օրենքի» (որը, ինչում, որ վճռորոշ պետք է լիներ, այն է՝ մասնավոր սեփականությունը, միայն շատ քչերին է օգուտ բերում) զուգակցումից՝ այս պահին, ճիշտ է, հատկապես լարված։

Այն, ինչն ինձ կործանարար է թվում տվյալ իրավիճակում և նպաստում է հակազդեցության բոլոր ձևերին, այս ակնհայտությունների անտեսումն է և այն քիչ կարևորությունը, որ տրվում է համոզիչ դատողություններին և գիտականորեն հաստատված ձևակերպումներին: Իսկական գիտությունները կազմում են մարդկային գործունեության հազվագյուտ ոլորտներից մեկը, որն արժանի է վստահության, մարդկության ընդհանուր հիմնական հարստություններից մեկը՝ մաթեմատիկայից կենսաբանություն՝ ներառելով ինչպես ֆիզիկան և քիմիան, այնպես էլ մարքսիստական ուսումնասիրությունները` հասարակության և քաղաքականության վերաբերյալ, չմոռանալով հոգեվերլուծական հայտնագործությունները, ինչ վերաբերում է սուբյեկտիվության խանգարումներին: Իրական խնդիրն այն է, որ բանականության նկատմամբ վստահությունը հաճախ անգետ է և կույր, և այդ պատճառով, ինչպես այսօր տեսնում ենք, շատ մարդիկ, գուցե և մեծամասնությունը, վստահում են նաև թյուր գիտություններին, անհեթեթ հրաշքներին, հնացած գաղափարներին և խաբեություններին: Սա իրավիճակը դարձնում է միանգամայն անորոշ և ստեղծում «հաջորդ օրվա» մասին անհիմն մարգարեություններ: Ահա թե ինչու, ի դեպ, բոլոր ժամանակների հեղափոխական ղեկավարները գիտեին, որ առանց տեսակետի գաղափարական նախապատրաստման, քաղաքական գործողությունը շատ բարդ է:

Համավարակային ճգնաժամի և, ի միջի այլոց, բոլոր «ճգնաժամերի» ամփոփման հիմքն, ուրեմն, պետք է լիներ բոլոր կամավոր մարտնչողների կողմից դպրոցների մի լայն ցանցի կազմավորումը, որտեղ կուսուցանվեր բոլոր նրանց, ովքեր ցանկանում են, այն ամբողջությունը, որն անհրաժեշտ է իմանալ մեր հասարակությունների մեջ ապրելու, գործելու և ստեղծելու համար։

Լավ կլիներ միջազգային ուսումնասիրություն կատարել այն ամենի մասին, ինչն արդեն կարող է գոյություն ունենալ այս ուղղությամբ: Ուսումնասիրությունն անհրաժեշտ է և խրթին այնքանով, որ լեցուն է շինծուություններով՝ լինեն դրանք զուգորդական թե պաշտոնական, որոնք միայն գթասիրտ և սուտ մարդասիրական են, քանի որ ծառայում են ոչ թե իրական մարդկությանը, այլ գոյություն ունեցող կարգի և նրա հիմնական անհավասարությունների ինտեգրմանը:

Ելնելով իմ անձնական փորձառությունից՝ կարող եմ ասել, որ Օբերվիլիեյում Կոմունայի թատրոնի (Théâtre de la Commune) աջակցությամբ ստեղծված Արարների դպրոցը (l’École des Actes) կարծում եմ առաջարկում է մի վայր, որը դիցուք ուղղված է այսօր ծառացող փոխանցման և ստեղծման աշխատանքներին: Այս դպրոցը համախմբում է մարդկանց խմբերի, որոնց հանդիպումը կարևոր է. ողջ աշխարհից եկած մտավորականներ, բանվորներ, արվեստագետներ, ինչպես նաև այս բազմազգ քաղաքի կանայք, տղամարդիկ և երեխաները: Նրանց հանդիպումը կազմակերպվում է «ժողովների» ձևով՝ նոր գաղափարների մշակման հավաքական վայր, որը ենթադրում է «մարդկանց կյանքի օրենքներ», որոնք ենթակա են ձևակերպման, ընդունման և հարգանքի: Նույնիսկ համավարակից առաջ այնտեղ մտքեր էին հղանում և սովորում միաժամանակ՝ ելնելով ժողովրդական հանրության փորձառություններից և հարցերից՝ ներառյալ գլխավորապես քոչվոր պրոլետարներին` (սխալմամբ «գաղթականներ» կոչված), շատ բաներ, որոնք բանականության տարբեր ձևերով անհրաժեշտ են գոյատևելու, խոսելու, կարդալու, մտածելու համար:

Այս տեսակ դպրոցները կարող էին կազմակերպել նաև, Արարքների դպրոցը փորձարկում է դա, նյութական և ադմինիստրատիվ օգնություն նրանց համար, ովքեր դրա կարիքն ունեն, ինչպես տաք կերակուրների ճաշարան, առաջին բժշկական օգնության բուժարան, կացարանի խնդրով որոշակի մտահոգություն, իրավունքներ ստանալու համար խորհրդականներ, իրավունքներ, որոնք գոյություն ունեն և որոնք պիտի գոյություն ունենային մարդու կյանքի օրենքների հիման վրա: Եվ շատ այլ բաներ, որոնց մասին ես չեմ մտածում, և որոնք դպրոցները կհորինեն:

Ինչպես տեսնում ենք, մեխանիզմի հիմքում «ժողով» ձևն է, և ոչ թե տերերի հետ հարաբերությունը: Իր ավելի «քաղաքական» կողմով՝ լայն ու բաց իմաստով, որն այսօր ծառանում է, Արարքների դպրոցը ամեն շաբաթ կազմակերպում է ընդհանուր կոչված ժողով, ես երբեմն մասնակցել եմ դրան, որտեղ ցանկացած ոք, որ ունի ասելիք կամ հարց, կամ քննադատություն, կամ նոր առաջարկ, կարող է հանդես գալ: Ելույթները թարգմանված են դպրոցում խոսվող լեզուներով: Ես ականատես եմ եղել, որ թարգմանում էին անգլերեն (Բանգլադեշի բնիկների համար), սոնինկե, ֆուլա և արաբերեն: Այստեղ կա նաև շատ անհրաժեշտ միջազգայնական ուղղություն:

Գուցե կարելի է խնդրել այս դպրոցին և նույն տեսակի մեկ ուրիշին, որտեղ էլ որ այն լինի, ժամանակ առ ժամանակ կազմակերպել բաց ժողովներ, որտեղ կքննարկվեն այդ տեսակ հաստատության սկզբունքն իսկ, անհրաժեշտությունն ու ապագան: Անկասկած, քաղաքականությունը պահանջում է ժամանակի կառավարում և սառնասրտություն, որոնք պաշտպանում են ուտոպիական խանդավառություններից, ինչպես օրինակ աշխարհի վերջի մասին մարգարեություններն են: Այսուհանդերձ միակցելով իրավիճակի ընդհանուր պատկերը և նշածս կոնկրետ օրինակից քաղած դասերը՝ կարծում եմ կարելի է խոհեմաբար ասել, որ մտածողությանը մատչելի ապագայում դպրոցների միջազգային դաշնության նման մի բան հաջորդիվ կլիներ մի կարևոր շրջան, որպեսզի երևան գային նոր քաղաքական ծրագրի գոնե մի քանի կարևոր տարրեր, մի քանի ուժագծեր, որոնք կգտնվեն և՛ մեր կեղծ «ժողովրդավարություններից», և՛ պետության կոմունիզմների ձախողումից անդին:

Եթե բախտի բերումով մի նոր բանավեճ սկսվի՝ ելնելով այս տիպի առաջարկից, համավարակը հնարավորություն կունենա չլինել միաժամանակ կենսաբանորեն մահաբեր, մտավորապես թշվառ և քաղաքականապես ստերիլ: 

Բնօրինակի հեղինակ՝ Alain Badiou, Libération


Թարգմանիչ՝ Տաթև Թադևոսյան (Tatev Tadevosyan) © Բոլոր իրավունքները պաշտպանված են։