Վերջերս թվում է, թե մենք անընդհատ դժվար ժամանակների խաչմերուկում ենք գտնվում: Մինչ ես այս գրառումն եմ անում, աշխարհն առերեսվում է COVID19-ի հսկայական ալիքին: Մարտահրավերները, որ այն նետում է հասարակությանը, ակնհայտ են: Դասասենյակներում մանկավարժները շարունակում են բախվել այս երևույթի ներգործությանը թե՛ հեռավար, թե՛ հիբրիդային ուսուցման մոդելների վրա: Սա հեշտ չէ, և շատ մարդիկ կորցնում են ինքնատիրապետումը, բայց ո՞վ կարող է մեղադրել նրանց: Այստեղ մնում է հուսալ, որ սոցիալական հեռավորության ավելի խիստ օրենքների և պատվաստանյութի շնորհիվ մենք համավարակը որոշ չափով հսկողության տակ կվերցնենք:
Երբ ամեն ինչ հանդարտվի, մենք պետք է հանգամանալից քննության ենթարկենք ճգնաժամային այն դասերը, որոնք սովորել ենք: Աշխատանքի աշխարհը փոխվել է և շարունակում է հիմնովին փոխակերպվել: Հենց մեր աչքերի առաջ է տեղի ունենում այդ անխուսափելի անցումը։ Աստիճանաբար ավելի շատ գործատուներ են տեղափոխվում ֆիզիկական տարածքներից դեպի հեռավար տիրույթ՝ միևնույն ժամանակ ապահովելով վստահության ավելի բարձր մակարդակ: Սա հանգում է նրան, որ ավելի քիչ ուշադրություն է դարձվում աշխատանքային օրվա ժամաքանակին և ավելի շատ` աշխատանքը բարձր որակով կատարելուն:
Իմ կարծիքով ապագան պայծառ է, և այս փոփոխությունները շատերը կողջունեն: Իրականում գրասենյակ այցելելը կամ օրվա մեջ սահմանված ժամերին աշխատելու պարտադրված լինելը միշտ չէ, որ հաջողություն են բերում: Ուստի ի՞նչ է սա նշանակում կրթության առումով: Արդյունավետության շեշտադրումն աշխատանքի ապագայում մեր սովորողներից մի շարք հղկված հմտություններ կպահանջի: Կարևորն այն է, որ չներքաշվենք պահանջվող «կարողությունների» շուրջ ստեղծված իրարանցման մեջ։ Կարևոր դեր ունենալով հանդերձ նրանք կենտրոնանում են «ինչ»-ի վրա այն ունակությունների տեսանկյունից, որոնք սովորողին անհրաժեշտ են որոշակի առաջադրանք կամ գործողություն կատարելու համար: Այդ հմտությունները նախանշում են, թե «ինչպես» կլուծվեն և կբավարարվեն նպատակներն ու խնդիրները: Դրանք ավելի դետալային են և սահմանում են հաջողության պահանջներն ավելի լայն, ավելի ընդգրկուն կերպով: Իմ նախորդ գրառման մեջ ես նկատել էի հետևյալը.
Հմտությունները ուրեմն կարող են ինչ-որ ունակություն ներառել, սակայն դրանք ավելին են, քան զուտ այդ ունակությունը: Դրանք ընդգրկում են կարողությունների, մոտեցումների, վարքագծերի և գիտելիքի դինամիկ համադրություն, որը հիմնարար է ուսման արդյունքին կապակցված հմտության օգտագործման համար:
Հիմա և ապագայում մեր սովորողները հաջողության հասնելու համար ամենայն հավանականությամբ պետք է հմուտ լինեն հետևյալ ոլորտներում.
- Ինքնակարգավորում. գործընթաց, երբ մարդիկ պլանավորում են առաջադրանքը, վերահսկում կատարումը և անդրադառնում արդյունքին:
- Հեռավար համագործակցում. անկախ իրենց աշխարհագրական դիրքից մարդիկ կազմակերպչական նպատակներին հասնելու համար աշխատում են միասին՝ օգտագործելով մի շարք թվային գործիքներ:
- Քննադատական մտածողություն և խնդիրների լուծում. ունակություն մտածել բազմաբարդ և կիրառել ձեռք բերված գիտելիքն ու հմտությունները համապատասխանեցված միջոցներով: Նույնիսկ շփոթեցնող անհայտներին բախվելիս մարդիկ ունակ են գործի դնել լայն գիտելիքներ և կարողություններ, որպեսզի ստեղծեն լուծումներ և իրականացնեն գործողություններ, որոնք հետագայում կզարգացնեն իրենց սեփական կարողություններն ու գիտելիքները:
- Հուզական ինտելեկտ. սեփական հույզերը գիտակցելու, վերահսկելու, արտահայտելու և միջանձնային հարաբերությունները խելամտորեն ու էմպատիկ կերպով հարթելու անհատի ներուժը: Մարդը, ով հմուտ է հուզական ինտելեկտի հարցում, կարող է հասկանալ, ղեկավարել և օգտագործել իր սեփական հույզերն արդյունավետ հաղորդակցվելու, սթրեսից խուսափելու, մյուսներին ապրումակցելու, մարտահրավերները հաղթահարելու և կոնֆլիկտը դրական լիցքաթափելու համար:
- Ժամանակի կառավարում. կազմակերպման և պլանավորման գործընթաց, որ օգնում է որոշակի գործողություններ իրականացնելիս կամ կախված կազմակերպական կառուցվածքից՝ ուրիշներին հանձնարարականները պատվիրակելու շղթայում ձեզ հասանելի ժամանակը բաշխելիս: Կարճ ասած խոսքը նպատակներին հասնելու համար ավելի խելամիտ, ոչ թե ավելի քրտնաջան աշխատելու մասին է:
- Ստեղծագործականություն. սա բարդ խնդիրների լուծումներ մշակելու համար նորարարական գաղափարներ ստեղծելու և հաջողությամբ կիրառելու ունակությունն է, որն իրականացվում է առաջին հայացքից միմյանց հետ առնչություն չունեցող երևույթները կապակցելով:
Դասավանդողների համար կարևոր է զարգացնել իրենց սեփական զգացողությունը, թե ինչն է որոշիչ սովորողների առաջընթացի համար: Դասացանկը կարող է թելադրել ինչ սովորեցնել, սակայն ուսանելու արվեստը հենց այն մասին է, թե ինչպես սովորեցնենք, որպեսզի խրախուսենք գիտակցված ուսումը: Քանի որ աշխարհը շարունակում է փոխվել մի ձևով, որ մենք երբեք չէինք կարող պատկերացնել, ապա անպայմանական է, որ սովորողները տիրապետեն այն ամենին, ինչն անհրաժեշտ է հաջողության հասնելու համար:
Թարգմանիչ՝ Մանե Վարդանյան (Mane Vardanian), պատկերազարդումների և ինֆոգրաֆիկայի հեղինակ՝ Սյուզի Մելքոնյան (Syuzi Melkonyan) © Բոլոր իրավունքները պաշտպանված են: