Ոսկեղենիկ #7

Ոսկեղենիկ նախաձեռնության վեցերորդ հրապարակումները

Նախաձեռնության գաղափարը հղացվել և իրագործվում է կազմակերպության Խմբագիրների բաժնի անդամների կողմից: Նախաձեռնության նպատակն է վեր հանել հայերենում տարածված ու առօրյայում կիրառվող սխալները, բացատրել և ցույց տալ վերջիններիս ճիշտ տարբերակները՝ նպաստելով մայրենի լեզվում գրագետ խոսքի ձևավորմանը։

Պատրաստակամություն/ պատրաստականություն.

այս երկու գոյականները հաճախ են շփոթեցնում մարդկանց։ Սխալ գործածումից խուսափելու համար պետք է իմանալ բառերի բացատրություները։

Պատրաստակամությունը պատրաստակամ լինելն է, որևէ բան անելու հոժարությունը։ Այստեղ հիմքը կամք բառն է, մինչդեռ «պատրաստականություն» բառի մեջ գործ ունենք -ական ածանցի հետ։ Պատրաստականությունը որևէ բանի համար անհրաժեշտ պատրաստություն՝ գիտելիքների ունակություն ունենալն է։

© Աղբյուրը՝ «Լեզվաշխարհ» ժողովածու, 2011թ․, հունվար-փետրվար (էջ 42):

Իմաստային շփոթի արդյունքում երբեմն «խթանել» բայը սխալմամբ գործածվում է «խանգարել, խոչընդոտ լինել» իմաստով։ Հետաքրքիր է, որ այն ունի հակառակ նշանակությունը։ «Խթանել» նշանակում է ոչ թե խանգարել, այլ «զարկ տալ, առաջ մղել»։ Օրինակ՝ Կառավարությունը նոր ծրագրեր է մեկնարկում ՀՀ-ում զբոսաշրջությունը խթանելու համար։ Նշանակում է, որ կառավարության ծրագրերը ուղղված են ոչ թե զբոսաշրջությունը խոչընդոտելուն, այլ հակառակը՝ առաջ մղելուն, զարգացնելուն։ 

Ընդ որում, «խթանել» բայը իմաստափոխական հետաքրքիր ուղի է անցել։ Ըստ Էդ. Աղայանի բացատրական բառարանի՝ բայը ունի առաջնային «1. խթանով հարվածել՝ խփել, 2. բզել, խթել, 3. ոտքերով խփել՝ հարվածել ձիու կողերին», ապա նաև փոխաբերական «4.գրգռել, հրահրել, դրդել, մղել, 5. զարկ տալ, թափ հաղորդել, առաջ մղել» իմաստները։ Վերջին ժամանակներում փոխաբերական համարվող այս իմաստները ավելի գործածական են դարձել, քան նրա արմատից բխող բառացի նշանակությունն է, այն է՝ «խթանով հարվածել՝ խփել»։

Կարելի է կռահել, որ իմաստային այդ անցումը պայմանավորված է խթանով հարվածելու միջոցով ձին առաջ մղելու, նրա ընթացքը արագացնելու հանգամանքով։ Այսինքն՝ խթանել նշանակում էր նախ ձիու ընթացքը առաջ մղել, ապա առաջ մղել առհասարակ ամեն ինչ։

Այսպիսով, երբ ինչ-որ բան խթանում ենք, լինի դա ձի թե զբոսաշրջություն, դա անում ենք ոչ թե խոչընդոտելու, այլ հակառակը՝ առաջ մղելու նպատակով։

© Աղբյուրը՝ Էդ. Աղայան, Արդի հայերենի բացատրական բառարան։

Բառացի թարգմանությունների պատճառով լեզվում ստեղծվող սխալները շատ հաճախ մնում են մեր առօրյա-խոսակցական, ինչպես նաև պաշտոնական խոսքում, որոնք խորթ են հայերենի կանոններին:

Այդպիսի սխալներից են «նա իրենից ներկայացնում է խելացի և ազնիվ բժիշկ», «Apple-ն իրենից ներկայացնում է խոշոր կազմակերպություն» արտահայտությունները:

Սա տիպիկ օտարաբանություն է, որի օգտագործումը հանգեցնում է խոսքի ավելորդ ընդարձակման և իմաստազրկման:

Ճիշտ տարբերակն է՝ «Նա խելացի և ազնիվ բժիշկ է», «Apple-ը խոշոր կազմակերպություն է»:

«Ականակիր» և «ականակիտ» բառերի նմանությունը երբեմն դրանց շփոթության առիթ է դառնում։ Մինչդեռ դրանք ունեն տարբեր իմաստներ։

«Ականակիր» բառը գոյական է, կազմված է ական (արկ) և կիր (կրող) արմատներից, նշանակում է «ականներով զինված (նավ)»:

«Ականակիտ» բառը ածական է, նշանակում է «1. վճիտ, հստակ, մաքուր, 2. փայլուն, շողշողուն»։ Այն կազմված է ակն (սեռ.՝ ական) և կիտ արմատներից։ Վերջինս Հ. Աճառյանը իր «Հայերենի արմատական բառարան»-ում համարում է անհայտ իմաստով արմատ, որը հանդիպում է միայն «ականակիտ» բառի կազմության մեջ։

© Աղբյուրը՝

Էդ. Աղայան, Արդի հայերենի բացատրական բառարան

Հ. Աճառյան, Հայերենի արմատական բառարան

Հաճախ «լուծարել» և «լուծել» բայերի օգտագործումը շփոթ է առաջացնում և սխալ իմաստներով է կիրառվում։

«Լուծարել» բառը նշանակում է կազմալուծել, վերացնել, փակել, ցրել, վերջ դնել, վերջ տալ (լուծարքի ենթարկել)։ Օրինակ՝ որևէ կազմակերպության գործունեությունը դադարեցնել, լուծարքի ենթարկել, վերջ տալ, վերջ դնել։

Իսկ «լուծել» բառը՝ մտածելով, դատելով վճռել որևէ բան, որոշել, անհրաժեշտ մաթեմատիկական գործողությունները կատարելով վճռել խնդիրը, կռահել որևէ առաջադրանք, նպատակադրում, իրագործել, վերացնել (արգելքը, պայմանը), կազմալուծել։ 

Կարող են բացառություն կազմել այն կիրառումները, երբ երկուսն էլ արտահայտում են կազմալուծել, վերացնել, վերջացնել իմաստները։ Օրինակ՝ պայմանագիրը լուծվեց (լուծարվեց) երկու կողմերի համաձայնությամբ։ 

© Աղբյուրը՝ Էդ․ Աղայան, Արդի հայերենի բացատրական բառարան

Անձնական դերանունները՝ ես, դու, նա (ինքս, ինքդ, ինքը), մենք, դուք, նրանք (ինքներս, ինքներդ, իրենք) մատնացույց են անում հաղորդակցման մասնակից(ներ)՝ առանց անվանելու։

Ինքս, ինքդ, ինքը… սաստկական են, շեշտում են մասնակցի հատկապես դեմքը։

Իրենք փայում֊փայփայում էին կոշիկի արտադրամասը։

Հաճախ նկատվում է հակառակ միտում, երբ անձնական դերանունների (անձ ցույց տվող) երրորդ դեմքի ձևերը՝ ինքը, իրենք, մատնանշում են ոչ թե անձ, մասնակից, այլ՝ առարկա, որը սխալ, ոչ ընդունելի երևույթ է լեզվում և խոսքում։

Ինքը հետաքրքիր գիրք է։

Իրենք հարմար կոշիկներ են։

Հայերենն ունի առարկա մատնանշող դերանուններ՝ ցուցական դերանուն։ Ուրեմն՝ ճիշտ է առարկա ցույց տվող բառերի դեպքում կիրառել ոչ թե անձնական (ինքը, իրենք), այլ ցուցական (այն, սա… սրանք, դրանք…) դերանուններ։

Ուրեմն՝ Այն հետաքրքիր գիրք է։

Դրանք հարմար կոշիկներ են։

© Աղբյուրը՝ Յու. Ավետիսյան, Հ. Զաքարյան, Ձևաբանություն

Երբեմն «անշուշտ» բառի փոխարեն սխալմամբ գործածվում է «անպաճույճ» բառը։ Մինչդեռ սրանք բոլորովին տարբեր նշանակություններ ունեցող բառեր են։

«Անշուշտ» բառը նշանակում է «անկասկած, անտարակույս»։ Օրինակ՝ «Անշուշտ, այդ հարցը կարևոր նշանակություն ունի մեզ համար»։

«Անպաճույճ» բառը, որը կազմված է «ան» ժխտական նախածանցից և «պաճույճ» (զարդ, զարդարանք) արմատից, նշանակում է «պաճուճանք չունեցող, առանց զարդարանքի, պարզ, համեստ, անշուք»։ Օրինակ՝ «Նա ապրում է այդ անպաճույճ սենյակում»։

© Աղբյուրը՝ Էդ. Աղայան, Արդի հայերենի բացատրական բառարան


#Ոսկեղենիկ #ՍխալներիՈւղղում #Մայրենի