Ժիլ Դըլյոզը Արցախի և հայերի կյանքի իրավունքի մասին

Ձեզ ենք ներկայացնում մի հատված ֆրանսիական “L’Abécédaire de Gilles Deleuze” (Ժիլ Դըլյոզի այբուբենը) հեռուստահաղորդումից՝ պատրաստված 1988-1989թթ․ Պիեռ Անդրե Բուտանգի կողմից․ այն Ժիլ Դըլյոզի և Քլեր Պարնեի միջև ութժամյա հարցազրույցների շարք է։ Հարցազրույցներից մեկի ժամանակ ֆրանսիացի փիլիսոփան խոսում է Արցախում տեղի ունեցող իրադարձությունների և հայերի կյանքի իրավունքի մասին։

«Դիտարկենք Հայաստանում տիրող վերջին խռովությունների օրինակը։ Ի՞նչ իրավիճակ է այնտեղ՝ համաձայն իմ պատկերացումների։

Խորհրդային մեկ այլ հանրապետությունում մի անկլավ կա։ Գոյություն ունի հայկական անկլավ և Հայաստանի Հանրապետություն․․․ Կա թուրքական խմբի՝ ադրբեջանցիների կողմից իրականացված կոտորած։ Իրականությունը չգիտենք, բայց ենթադրում եմ, որ այսպես է։ Բայց ահա կրկին հայերին բնաջնջում են իրենց սեփական անկլավում։ Ուստի կարծում եմ, որ հայերը նահանջում են դեպի իրենց հանրապետություն և հետո հանկարծ՝ երկրաշարժ։ Կարծես Մարկիզ դը Սադի գործերից լինի։ Այս խեղճ ժողովուրդը տառապում է մարդու կողմից հասցված սարսափելի փորձություններից և երբ ապաստան է գտնում, բնությունն է հարված հասցնում։ Ու դեռ խոսում են մարդու իրավունքներից։ Սա մտավորականների քննարկման թեման է։ Գարշելի մտավորականների, մտավորականների, որ զուրկ են գաղափարներից։

Ես միշտ նկատել եմ, որ այս հայտարարությունները երբեք չեն անում այն մարդիկ, որոնք անմիջական առնչություն ունեն դրանց հետ՝ հայկական միություններ, հայկական համայնքներ և այլն։ Մարդու իրավունքները նրանց խնդիրը չէ։ Այդ դեպքում ո՞րն է նրանց խնդիրը։ Հենց սա եմ ես անվանում պայմանավորվածություն։ Երբ ասում էի, որ ցանկությունը ի հայտ է գալիս պայմանավորվածություններից, հենց այս գլխավոր օրինակը նկատի ունեի։ Ի՞նչ կարելի է անել այս անկլավը ճնշելու կամ էլ դրա գոյությունը ապահովելու համար։ Ի՞նչ ասել է անկլավ այս շրջանակներում։ Այստեղ տարածքի խնդիր է, ոչ թե մարդու իրավունքների, տարածքի կազմակերպման խնդիր։ Ինչպե՞ս, ինչպե՞ս Գորբաչովը կարձագանքի այս իրավիճակին։ Ի՞նչ կանի նա, որ հայկական այս անկլավը զոհ չգնա իրեն շրջապատող սպառնալիք թուրքերին։ Ես կասեի, որ սա մարդու իրավունքների խնդիր չէ։ Արդարության խնդիր չէ։ Սա իրավագիտության խնդիր է։ Այն բոլոր նողկալի քայլերը, որոնց մարդիկ դիմանում են, ոչ թե վերացական իրավունքների տարրեր են, այլ դեպքեր։ Նողկալի դեպքեր։ Կարելի է ասել, որ դրանք նման են իրար, բայց բոլորն էլ իրավագիտության իրավիճակներ են։

Հայկական այս աղետը արտառոց խնդրի տիպիկ օրինակ է։ Ի՞նչ կարելի է անել հայերին փրկելու համար, օգնելու, որ հաղթահարեն այս անհավատալի իրավիճակը, որի մեջ հայտնվել են։

Այս ամենի հետ մեկտեղ երկրաշարժ է տեղի ունենում, երկրաշա՜րժ։ Սա երևան է հանում այն բոլոր շինությունները, որոնք չէին կառուցվել այնպես, ինչպես հարկն էր։ Սրանք բոլորը իրավագիտության խնդիրներ են։

Հեղափոխական դառնալով՝ ազատության համար պայքարել նշանակում է կիրառել իրավագիտությունը արդարադատության համակարգում։ Արդարություն գոյություն չունի, մարդու իրավունքներ գոյություն չունեն։ Ամենակարևորը իրավագիտությունն է՝ օրենքների ստեղծումը։ Նրանք, ովքեր բավարարված են, մեջբերում ու թվարկում են մարդու իրավունքները, ուղղակի հիմարներ են։ Այն ոչ մի ընդհանրություն չունի մարդու  իրավունքները պարտադրելու հետ, այլ իրավագիտության այնպիսի ձևեր ստեղծելու, որ ցանկացած դեպքում այն այլևս չկրկնվի։  Շատ տարբեր են։

Այսպիսին է կյանքը․ չկան մարդու իրավունքներ, գոյություն ունեն միայն կյանքի իրավունքներ, և ամեն դեպքի հետ կյանքի իրական պատկերը երևում է։ Սա այս կամ այն իրավունքների խնդիր չէ, այլ իրավիճակների, զարգացող իրավիճակների խնդիր։ Եվ ազատության համար պայքարելը իրավագիտությամբ զբաղվելն է։ 

Հայաստանի օրինակը տիպիկ է։ Ի՞նչ է նշանակում մարդու իրավունքներ, ինչպես անվանում ենք դրանց։ Թուրքերը չունեն հայերին կոտորելու իրավունք։ Բարի։ Հետո՞։ Ո՞ւր է մեզ սա իրականում հասցնում։ Միայն թուլամիտներն ու կեղծավորներն են պաշտպանում մարդու իրավունքների մասին այս տեսակետը. փիլիսոփայորեն այն անիմաստ է։ Այն օրենքի ստեղծումն է, ոչ թե մարդու իրավունքների հռչակագիրը։ Իրավագիտությունը օրենքի ստեղծումն է, ու միայն սա գոյություն ունի, և ուստի պետք է պայքարել իրավագիտության համար։

Ահա թե ինչ է նշանակում լինել ձախ կողմում՝ ստեղծել օրենք»։ 

L’abécédaire de Gilles Deleuze, G Come Gauche, 1988–1989

Բնօրինակի հեղինակ՝ Sev Bibar, Medium


Թարգմանիչ՝ Լիլիթ Արսենյան (Lilit Arsenyan) © Բոլոր իրավունքները պաշտպանված են։