Ֆուկոյի դիմադրությունը

Դանիել Զամորա. «Ֆուկոյի դիմադրությունը այլևս դասակարգային պայքարի ձևով չի ներկայանում»

«Վերջին մարդը և հեղափոխության ավարտը. Ֆուկոն Մայիս 68-ից հետո» (« Le dernier homme et la fin de la révolution : Foucault après Mai 68 » (Lux, 2019)) աշխատության մեջ, որ գրվել է Միտչել Դինի համահեղինակությամբ, Դանիել Զամորան անդրադառնում է Միշել Ֆուկոյի՝ նեոլիբերալիզմի մասին վերլուծությանը՝ հենվելով մասնավորապես 1977 և 1979 թվականներին Կոլեժ դը Ֆրանսում անց կացրած նրա դասախոսությունների վրա, որոնք հրապարակվել են «Կենսաքաղաքականության ծնունդը» գրքում: Սոցիոլոգը ձախակողմյան նեոլիբերա՞լ էր: Կարծես թե ամեն ինչ մի փոքր ավելի բարդ է:

Ֆուկոյի ինքնահռչակ ժառանգները շատ բազմազան են՝ սկսած ազատապաշտական ձախերից մինչև MEDEF* պաշտոնյաներ՝ ներառելով սոցիալ-դեմոկրատներին և ֆրանսիական «երկրորդ ձախերի» մնացորդներին։ Ինչպե՞ս բացատրել դա: Ինչպե՞ս առորոշել* Ֆուկոյին:

Նախևառաջ կարծում եմ՝ որոշ մտավորականներ կասկածելի սովորություն ունեն իրենց իսկ քաղաքական օրակարգը վերագրել փիլիսոփային: Սեփական գաղափարները արդարացնելու համար մտավոր կյանքի նշանավոր գործչի հեղինակությանն ապավինելը սովորական պրակտիկա է: Սակայն Ֆուկոյի դեպքում այն ​​առանձնակի ցնորական աստիճանի է հասել: Նրա աշխատանքների անգամ ամենատարրական համատեքստայնացումը դժվար է Ֆրանսիայում։ Պետք է հարցնեք, թե ինչու են այսօր Ֆրանսիայի մտավոր պատմության այդ շրջանին վերաբերող առավել ազդեցիկ աշխատությունները գրվում անգլո-սաքսոնական հետազոտողների կողմից, ինչպիսիք են Մայքլ Բերենտը կամ Մայքլ Սքոթ Քրիստոֆերսոնը: Անհրաժեշտ է հարցնել նաև, թե ինչ պատճառով է, որ «նոր փիլիսոփաների» կամ «երկրորդ ձախերի» հետ Ֆուկոյի զուգորդումների մասին հիշատակումն այդքան դժվար ընդունելի է։

Փոքր ինչ հեգնական է, որ ինքնահռչակ «ներկայի պատմիչը» այդուհետ ընթերցվի և մեկնաբանվի լիակատար վերացարկվելով իր այդ ժամանակվա ներկայից: Նրանք, ովքեր դրան են հավակնում այսօր, նախընտրում են ձևավորել այնպիսի կերպար, որը համապատասխանում է իրենց սեփական սպասումներին:

Տեքստերը կամ հասկացությունները, որոնք կշիռ ունեցան նրա կյանքում, նրան հետաքրքրում էին միայն որպես ներկան հարցաքննելու միջոցներ։

Ավելի հիմնարար, ես կարծում եմ, որ այս հսկայական բազմազանությունը մասամբ բխում է նաև այն բանից, թե ինչպես է Ֆուկոն ինքը ներկայացրել իր աշխատանքը: Նա երբեք չի ձգտել կառուցել մտքի համակարգ կամ սոցիալական մեծ տեսություն՝ իրեն բնորոշելով որպես «փորձարար»: Տեքստերը կամ հասկացությունները, որոնք կշիռ ունեցան նրա կյանքում, նրան հետաքրքրում էին միայն որպես ներկան հարցաքննելու միջոցներ: Նա այդպիսով կարողացել է իրեն անվանել «ստրուկտուրալիստ» (կառուցվածքաբան), հարել պրոլետարական ձախ-մաոիզմին, կամ, ավելի ուշ, մոբիլիզացնել նեոլիբերալիզմի գաղափարները իր պայքարում այն ամենի դեմ, ինչը անհատին է վերագրում իր մասին ունեցած հստակ պատկերացումը: Այստեղից է գալիս սեփական գրքերը «գործիքակազմերի» հետ համեմատելու Ֆուկոյի հայտնի փոխաբերությունը, վերջիններս կարելի է մոբիլիզացնել՝ ըստ ցանկության: Այս հեռանկարը, սակայն, ունի իր սահմանները:

Հասկացությունը երբեք լիովին անկախ չէ համատեքստից և նպատակներից, որոնք պայմանավորել են դրա առաջացումը: Այն միշտ մասամբ իր իսկ ճարտարապետության գերին է մնում: Այսպիսով, կարելի է հարցաքննել այս չավարտվող հմայանքների պատեհությունը, որոնք նպատակ ունեն, օրինակ, հաշտեցնել Մարքսին ու Ֆուկոյին մի մեծ համադրության մեջ, այնինչ վերջինս իր կյանքի վերջին շրջանում ձգտում էր հենց «ձերբազատվել» մարքսիզմից: Նույնը կարելի է ասել նրանց մասին, ովքեր Ֆուկոյին դարձնում են հականեոլիբերալիստ մտածող:

Ի՞նչ է տալիս Ֆուկոյի նեոլիբերալիզմի վերլուծությունը։

Ֆուկոյի վերլուծությունն ուշագրավ է նրանով, որ կազմում է նեոլիբերալիզմի՝ որպես մտածողության հավաքականություն, մանրակրկիտ ուսումնասիրության առաջին փորձերից մեկը ինչպես միավորման, այնպես էլ այնտեղ համակեցության մեջ գտնվող մեծ տարբերությունների առումով: Հաճախ մոռանում ենք, որ Ֆրիդմանի և Հայեկի միջև ինտելեկտուալ անդունդներ կան: Այնուամենայնիվ, անհրաժեշտ եղավ սպասել մինչև 1990-ական թվականները, որպեսզի նեոլիբերալիզմի մտավոր պատմության և վերլուծության ոլորտում ավելի մանրակրկիտ աշխատություններ ի հայտ գային: Այդուհետ Ֆուկոն մեզ ընձեռում է այս հիմնական հասկացությունների և հեռանկարների առաջին խթանիչ մեկնություններից մեկը:

Նա այն տարբերակում է մասնավորապես դասական լիբերալիզմից այն առումով, որ դա ոչ թե «թույլատրողականություն» է, այլ ընդհակառակը՝ շուկայի կառուցման ակտիվ քաղաքականություն: Մի կողմից պետության տիրույթը չկա, մյուս կողմից՝ շուկայի ազատ խաղը: Ֆուկոն միանգամայն արդարացիորեն նշում է, որ XIX դարի տնտեսական լիբերալիզմի ձախողումը նեոլիբերալ ավստրիացիներին մղել է հղանալ շուկայի իրենց ուսմունքը՝ որպես փութաջան և ակտիվ կառուցում, որը, հետևաբար, բնական ոչինչ չունի: «Այնտեղ չի լինելու ազատ թողնված շուկայի խաղը,-բացատրում է նա իր դասախոսություններում,-ճիշտ այն պատճառով, որ շուկան, կամ ավելի ճիշտ՝ մաքուր մրցակցությունը, որը շուկայի բուն էությունն է, կարող է ի հայտ գալ միայն այն դեպքում, եթե այն ստեղծված է, և եթե այն ակտիվ կառավարականության կողմից է ստեղծված»:

Վերլուծության մեկ ուրիշ հետաքրքիր կողմ էլ, որն այս անգամ հատկապես վերաբերում է ամերիկյան նեոլիբերալիզմին, այն է, որ փիլիսոփան նեոլիբերալ այս նոր կառավարականությունն ընկալում է որպես «միջավայրային»: Վերջինիս նպատակը սուբյեկտիվություններ առաջացնելը չէ, այլ անհատներին խթանելն է որոշակի եղանակներով գործելու՝ հիմնականում ներգործություն ունենալով իրենց տնտեսական միջավայրի վրա: Նեոլիբերալիզմը՝ որպես «շրջակա միջավայրի տեխնոլոգիա»,-ասում է նա իր դասախոսություններում,-նախանշում է «զգալի հեռացում նորմատիվ-կարգապահական համակարգից»: Ֆուկոն իրավացիորեն նկատում է, որ, օրինակ, ըստ Գերի Բեքերի՝ հանցագործությունը պետք է դիտարկվի՝ հաշվի առնելով տնտեսական դրդիչ գործոնները, այլ ոչ թե քրեական սուբյեկտիվություններ ձևավորելով: Նեոլիբերալ հեռանկարում հանցագործը պարզապես այն անձն է, որի արժեքի/օգուտի հաշվարկը հակվում է դեպի հանցագործություն:

Հետևաբար տնտեսական գործողության նպատակը փոփոխականները փոխելն է՝ հանցագործությամբ «շահագրգռվածությունը» «օպտիմալ կերպով» նվազեցնելու համար: Այսպիսով, Ֆուկոն նեոլիբերալիզմը հասկանում է ոչ թե որպես պետությունից հրաժարում, այլ որպես հրաժարում վերջինիս հպատակեցման տեխնիկաներից: Այն փորձում է ոչ թե մեզ վերագրել որոշակի ինքնություն, այլ պարզապես ներգործել մեր միջավայրի վրա:

Նեոլիբերալիզմը քննադատելը ոչ թե որպես իր իսկ պատկերացման փոխագրում է, այլ, ընդհակառակը, իր իսկ ստեղծած առասպելաբանության փլուզում:

Սա չափազանց կարևոր հանգամանք է, երբ խոսքը ժամանակակից նորմալացման տեխնիկաների գլխավոր մտածողի մասին է։ Այս վերլուծությունը բացատրում է այն խոր կապը, որը գոյություն ունի 1970-ականների կեսերի Ֆրանսիայում նեոլիբերալիզմի՝ որպես կառավարականության ձևի ծավալման և Ֆուկոյի՝ նոր սուբյեկտիվությունների հորինման գաղափարի առաջքաշման միջև: Նրա կարծիքով՝ այդ երկուսը, հեռու լինելով իրար հակադրվելուց, համահունչ են միմյանց։ Հոգնականության նկատմամբ ավելի բաց լինելու դեպքում նեոլիբերալիզմը կարծես պակաս ճնշող շրջանակ է ստեղծում փոքրամասնական փորձարկությունների տարածման համար:

Այս ամենը, սակայն, ոչ թե նեոլիբերալիզմի քննադատություն է, այլ ավելի շուտ դրա ռացիոնալությունն ըմբռնելի դարձնելու միջոց: Այս առումով պատահական չէ, որ Գերի Բեքերը՝ ամերիկյան նեոլիբերալիզմի հայրերից մեկը, լիովին համաձայն էր Ֆուկոյի՝ իր տեքստերի վերլուծությանը: Նեոլիբերալիզմը քննադատելը ոչ թե որպես իր իսկ պատկերացման փոխագրում է, այլ, ընդհակառակը, իր իսկ ստեղծած առասպելաբանության քանդում:

Ֆուկոյի նեոլիբերալիզմի վերլուծությունը կարծես բացարձակապես անտեսում է Պինոչետի հետ կապված փորձառությունը, որը սկսվեց 1973-ին, և այն փաստը, որ այդ «կառավարականությունը» կարող է գոհանալ ավտորիտարիզմով: Այն (վերլուծությունը՝ խմբագրի կողմից) ասես զարմանալիորեն ապապատմական լինի։

Դա իրականում Ֆուկոյի միտումնավոր ընտրությունն է: Թեև ​​Թետչերը և Ռեյգանը այն ժամանակ դեռ իշխանության ղեկին չէին, այնուամենայնիվ արդեն կարելի էր ընկալել այն պահպանողական բնույթը, որ ստանալու էր այդ քաղաքական նվաճումը: Այսպիսով, Ֆուկոն լավ ծանոթ էր Կալիֆոռնիա նահանգի այդ ժամանակվա կառավարիչ Ռոնալդ Ռեյգանի քաղաքականությանը, ուր նա կանոնավոր կերպով այցելում էր՝ սկսած 1970-ականների կեսերից: Եվ հավանաբար նրա ուշադրությունից դուրս չէր մնացել 1964 թվականի նախագահական ընտրությունների ժամանակ Միլթոն Ֆրիդմանի կապը գերպահպանողական հանրապետական Բարրի Գոլդուոթերի ընտրարշավի հետ։

Այնուամենայնիվ, կարծում եմ, որ նրա վերլուծությունը ինչևէ պատմականորեն առորոշված է, բայց ավելի շուտ ֆրանսիական համատեքստում: Վերլուծությունը հասկանալու համար այն պետք է դիտարկել, նախ և առաջ, ձախականության և հետպատերազմյան սոցիալիզմի միավորման ծրագրի նկատմամբ մտավորականների աճող դիմադրության համատեքստում: Եվ ապա դիտարկել որպես մասնակից՝ Ֆրանսիայում «երկրորդ ձախի» կողմից առաջ քաշվող մտորումներին, որ կազմակերպվում էին այնպիսի նշանավոր անձանց շուրջ, ինչպիսիք էին Միշել Ռոկարը ՍԿ-ում (PS) կամ Պիեռ Ռոզանվալոնը ԱՖԺԿ-ում (CFDT): Այս կոնֆիգուրացիայում, որտեղ ձախերի մի մասը հետաքրքրված է իր ապագայի հարցերով, Ֆուկոն բնականաբար նեոլիբերալիզմը չի տեսնում որպես առաջնահերթություն, այլ ավելի շուտ փորձում է դրա «խելացի կիրառությունն» իրականացնել, եթե կրկնենք Սերժ Օդիեին, սոցիալիզմին այլընտրանք ստեղծելու համար։ 

Ուստի նրան նեոլիբերալիզմը հետաքրքրում է ավելի շատ որպես «կառավարականություն», որպես քաղաքականությունը մտառելու եղանակ, քան որպես տնտեսական օրակարգ: Մյուս կողմից, նեոլիբերալիզմի այսպիսի կիրարկությունը պատճառաբանված է Ֆրանսիայում Վալերի Ժիսկար դ՛Էստենի վարած քաղաքականությունների յուրահատուկ համատեքստով: Ժիսկարի կառավարությամբ Ֆրանսիայում նեոլիբերալիզմի զարգացումը Ֆուկոն դիտարկում է որպես «ձախ-աջ» դասական տարանջատման խզում: Իրականում, ինչպես իրավացիորեն նկատել է Սերժ Օդիեն, նա ուշադրություն է դարձնում Ժիսկարի՝ Հելմուտ Շմիդտի գերմանական ՍԴԿ-ի (SPD) սոցիալիստների հետ ունեցած հիանալի հարաբերություններին: Պետք է հիշել, որ 1976 թ.-ի դեպի պահպանողականություն բեկումնային փուլից առաջ նրա նախագահությունը նշանավորվել է աբորտի ապաքրեականացմամբ, բանտարկյալներին այցելելու իրավունքով, գրաքննության ավարտով և ընտրական տարիքի շեմի իջեցմամբ: Հետևաբար, նեոլիբերալիզմը այլևս չի ընկալվում ձախ-աջ հակադրության խիստ շրջանակում, այլ որպես կառավարականություն՝ պատրաստ վերաձևակերպելու ինքնին քաղաքականությունն ընկալելու ձևը։

Ֆուկոն գոլիստներին և կոմունիստներին ընկալում է որպես «սոցիալ-պետականական» դիրքորոշում ունեցողների, եթե երկրորդ ձախերի եզրաբանությանը դիմենք, մինչդեռ ժիսկարդականներն ու ռոկարդականները կարծես պետության վրա պակաս կենտրոնացած դիրքորոշում են ուրվագծում՝ դրան հակադրելով քաղաքացիական հասարակության ու ձեռներեցության արժանիքները: Ի դեպ, հենց այս հայեցակետն է, որ Ժոֆրուա դը Լագանըրին կամ Քրիստիան Լավալը կարծես ամբողջովին անտեսում են իրենց աշխատություններում: Ֆուկոն չի փորձում նորից հորինել ձախը կամ քննել նեոլիբերալիզմը վակուումում, այլ այն քաղաքական համատեքստում, որն իրենն էր՝ քննարկելով մասնավորապես երկրորդ ձախերի հետ:

Այս իմաստով արդյոք Ֆուկոյի վերլուծությունը զուտ տեսական չէ։

Իրոք: Որքան էլ, որ Լագանըրին իրավացի է, երբ այդ դասախոսություններում տեսնում է ոչ թե բացահայտում, այլ հենց ինտելեկտուալ փորձարարություն, այնքան այդ փորձարարությունը նպատակ ուներ քննելու նրա և ոչ թե մեր ներկան: Այն համատեքստում, երբ նա կարծում է, որ անհավասարության կամ շահագործման հարցերը հիմնականում լուծված են, իսկ հեղափոխության գաղափարը՝ հնացած, անհատների ինքնուրույնությունն է, որ բախտախաղի է դրվում: Եթե իշխանությունն այլևս չպետք է «զավթվի», ապա անհրաժեշտ է դրա ներսում ձևավորել այնպիսի տարածքներ, որտեղ անհատները կարող են նորովի դրսևորվել և փորձարկել գոյության այլ ձևեր: Ուստի քննադատությունը նրա մոտ կենտրոնանում է հպատակեցման բոլոր այն մեխանիզմների վրա, ինչպիսիք են սոցիալական ապահովագրությունը, դպրոցը, արդարադատությունը և այլն: Այն պետք է մեզ թույլ տա լինել, եթե կրկնենք նրա հայտնի արտահայտությունը Լուսավորականության վերաբերյալ, «ոչ այդաստիճան կառավարելի»:

Քանի որ իշխանությունն ամենագո է, Ֆուկոյի նկատառումը անհատին դրանից «ազատագրելը» չէ, այլ ուղղված է նրա ինքնուրույնության ընդարձակմանը: Այս իմաստով, եթե փոփոխությունը պետք է արվի նախևառաջ փոքրամասնական փորձարարությունների տարածման միջոցով, ապա այդ նեոլիբերալ «միջավայրային» կառավարականությունը, իր կարծիքով, կարող է ընդլայնել ինքնուրույնության տարածքները իշխանության ներսում՝ ազատագրվելով սոցիալ-պետականական նորմատիվությունից»:

Ի դեպ, այս գաղափարը չի սահմանափակվում միայն Ֆուկոյով: Նույն համատեքստում կարելի է հիշել նեոլիբերալիզմի վերաբերյալ Անդրե Գորցի տեսակետը: Le Nouvel Observateur-ում այդ ժամանակ Միշել Բոսքե կեղծանվամբ նա գրում է, որ «եթե ժիսկարդիզմին հաջողվի նվազեցնել կենտրոնական իշխանության ներգրավվածությունը և նոր տարածքներ ազատել, որտեղ կարող է դրսևորվել կոլեկտիվ նախաձեռնությունը, ապա ինչու՞ չօգտվել դրանից»: Եթե ​​Ժիսկարը նեոլիբերալ է, ավելացնում է նա, «ապա դա չի նշանակում, որ հասարակության ազատականացումը անպայմանորեն պետք է աջական նախագիծ լինի»: Նա շարունակում է, շեշտելով, որ «Եվրոպայում ամենուրեք այսօր նեոլիբերալների և նեոսոցիալիստների միջև առկա են ​​մասնակի փոխանակումներ և օսմոզներ»[i]։ Ինչպես Ֆուկոյի, այնպես էլ Գորցի համար նեոլիբերալիզմը լուծում չէ, բայց, ըստ նրանց՝ հորիզոններ է բացում պետության այդ ազատված տարածքը այլ տիպի փորձառությունների տրամադրման համար: Իհարկե, նրանց կանխատեսումը ճշգրտորեն չիրականացավ, և նեոլիբերալ քաղաքականություններով «ազատագրված» պետության այս ամբողջական կտորները չհանգեցրին ազատագրման քաղաքականության: Պետության նահանջը չհանգեցրեց ինքնուրույն տարածքների տարածմանը, և ինքնավարության խոսույթը պարադոքսալ կերպով ձևափոխեց սոցիալական պետությունը ավելի դիսցիպլինար, քան ազատագրական «գործարկման» մեքենայի: Բայց դա մեկ այլ պատմություն է…

Ֆուկոն չի հավատում հեղափոխությանը, այլ հավատում է ավելի շուտ ամենօրյա միկրոդիմադրություններին և «[սեփական] կյանքը հորինելու» անհրաժեշտությանը: Բացի այդ՝ նա հավատում է, որ «ինքն իր հետ փոխհարաբերությունը» «քաղաքական իշխանությանը դիմակայելու» «առաջին և բացարձակ» կետն է:

Երկար ժամանակ Ֆուկոն իրապես հեռանկար չի առաջարկել սոցիալական փոխակերպության վերաբերյալ: Նա նորմալացման մեխանիզմների, իշխանության, մարմինների կարգապահության և այլնի փայլուն դիմանկարներն էր կառուցում: Սակայն դիմադրությունն ընդհանուր առմամբ մեծապես բացակայում էր: Նրա սուբյեկտը բավականին պասիվ էր, անկարող արձագանքելու իշխանությանը: Կարծում եմ` իր կյանքի միայն վերջին տասնամյակում է որ, «Ինք»-ի տեխնիկաների համար ունեցած իր ուշադրության միջոցով նա սկսում է ավելի մեծ ինքնուրույնություն տալ սուբյեկտին: Իշխանությունը այնուհետև դանդաղորեն պատկերանում է որպես հարկադրանքի տեխնիկաների և «Ինք»-ի տեխնիկաների խառնուրդ, որոնց միջով անցնելով՝ սուբյեկտը ինքնակազմավորվում է: Իշխանությունն ու դիմադրությունն այժմ նույն մետաղադրամի երկու կողմերն են: Ինքն իր հետ փոխհարաբերությունը այդուհետ դառնում է ազատության և ինքնուրույնության պոտենցիալ տիրույթ, որն անհատները կարող են գործարկել իշխանության դեմ:

Այս համատեքստում Ֆուկոյի մոտ դիմադրությունն այլևս սոցիալական շարժումների կամ դասակարգային պայքարի տեսքով չի ներկայանում։ Անդրադառնալով 1977-ին Պիեռ Ռոզանվալոնի կողմից կազմակերպված մի ֆորումի՝ նա ասում է, որ այն բխում է անհատական, բարոյական մտահոգությունից [ii]: Այսուհետ խնդիրը ո՛չ թե իշխանությունը «զավթելը» կամ աշխարհը դասական իմաստով փոխակերպելն է, այլ, գրում է նա, «փոխել մեր սուբյեկտիվությունը, ինքներս մեզ հետ մեր փոխհարաբերությունը» [iii]: Հասարակական մոդելի հարցը այսուհետ փոխարինվում է հասարակության մեջ մեր ապրելու ձևի հարցով: Ֆուկոն առաջարկում է ավելի շուտ ապրելու եղանակների «արվեստ», «ոճականացում», քան քաղաքական ռազմավարություն: Ինքն իրեն փոխելը, ուրեմն, կարող է լինել այն բանի սկզբնապատճառը, ինչ Դըլյոզն անվանելու է ներքևից հասարակությունը փոփոխող «մոլեկուլային հեղափոխություններ»: Այլ կերպ ասած՝ էթիկան է այսուհետ փոխարինում քաղաքականությանը:

Իրականում ​​գաղափարը, ըստ որի՝ ապակենտրոնացած «մոլեկուլային» հեղափոխությունները ինչ-որ կերպ կարող էին հանգեցնել լայնածավալ միակցված արդյունքների, պարզվեց՝ բոլորովին անիրատեսական էր, երբ կիրառվում էր տնտեսական հարաբերություններում։

Ավելորդ է նշել, որ այս շրջադարձային պահը ունեցավ առավել քան երկիմաստ զարգացումներ 1984 թվականի հունիսին՝ նրա մահվանը հաջորդած տասնամյակների ընթացքում։ Դիմադրությունը գլխավորապես դասելով ինքն իր հետ փոխհարաբերության ոլորտին՝ Ֆուկոն էականորեն նվազեցրել է սոցիալական քննադատության նշանակությունը։ Այն պարադոքսալ կերպով անմատչելի է դարձնում տնտեսական և քաղաքական կառուցվածքները (les structures), որոնք էլ հենց ձևավորում են այն շրջանակը, որում այս «ինքն իր հետ փոխհարաբերությունը» կարող է փորձարկվել: Այս «միկրո-դիմադրություններով» պայմանավորված՝ շահագործման, աշխատանքի անհավասար բաժանման (որ այժմ համաշխարհային մասշտաբի է հասել) կամ տնտեսական անհավասարությունների հարցերն անհետանում են և թվում են բոլորովին անհասանելի:

Իրականում այն ​​գաղափարը, ըստ որի՝ ապակենտրոնացած «մոլեկուլային» հեղափոխությունները ինչ-որ կերպ կարող էին հանգեցնել լայնածավալ միակցված արդյունքների, պարզվեց՝ բոլորովին անիրատեսական էր, երբ կիրառվում էր տնտեսական հարաբերություններում։ Բանավեճ հրահրելու համար կարելի է նույնիսկ առաջ քաշել մի հարց, թե ինչպիսի հարաբերություն ունի այս պատկերացումը նեոլիբերալիզմի հետ: «Մի՛ մոռացեք հորինել ձեր կյանքը»,-ամփոփում է Ֆուկոն 1980-ականների սկզբին: Արդյոք այդ հեռանկարը զարմանալիորեն համահունչ չէ «ինքներս մեր նախաձեռնողը» դառնալու Գերի Բեքերի հրահանգին:

Ըստ էության՝ դուք փոքր-ինչ միանում եք Մյուրեյ Բուքչինի մատնանշած «anarchism lifestyle»-ի քննադատությանը:

Բուքչինը լիովին իրավացի է, երբ Ֆուկոյի «անձնական ընդվզումներում» մշտական պարտիզանական պատերազմի պես բան է տեսնում, որն ասես ընդմիշտ ձախողման է դատապարտված կամ առնվազն արգելք է մեր գոյության կազմակերպման այլ ինստիտուցիոնալ ձևերի հորինման եղանակի մասին ցանկացած մտորմանը:

Այս հեռանկարի հիմնական սահմանափակությունը, իմ կարծիքով, այն է, որ այն կանխենթադրում է, թե կապիտալիզմը և իշխանությունը հենված են սեռական հարաբերություններում, դպրոցներում, ընտանեկան կառույցներում, գիտելիքում, գիտության և այլնի մեջ գործող միկրոիշխանությունների լայն գամմայի վրա: Այս տեսանկյունից, օրինակ, պետությունը կարծես ավելի փոքր մասշտաբներով գործող փոխհարաբերությունների ամբողջության միայն ավելի ընդհանրական ամրանն է: Ուրեմն ուրվագծվում է պետությունը և կապիտալիզմը տապալելու ռազմավարությունը ոչ թե ճակատային գրոհով, այլ գործելով այդ միկրո մակարդակում, այսինքն՝ «առօրյա կյանքում»:

Այդ դեպքում հնարավոր կլիներ սոցիալական ողջ կարգը փոխակերպել ներսից, գոյության ոճավորմամբ, փորձարարական տարածքների ստեղծմամբ։ Գաղափարն այն էր, որ իրականում կապիտալիզմն իր բնույթով կապված է սոցիալական և մշակութային կազմակերպվածքի որոշակի ձևի հետ, որ վերարտադրվելու համար նրան անհրաժեշտ կլիներ, օրինակ, ընտանիքի հայրիշխանական կազմակերպվածքը: Այնուամենայնիվ, պատմությունը ավելի շուտ ցույց է տվել, որ եթե այն կարող է նման կառույցներ (structures) գործարկել, ապա կարող է նաև միանգամայն գոհանալ, նույնիսկ քաջալերել այլ կենսակերպեր կամ ընտանեկան կարգեր: Դրա փոխարեն նվաճման ենթակա հրաշալի շուկաներ է ստեղծում։

Ըստ էության, Մայիս 68-ի «ամեն ինչ քաղաքական է»-ն, իհարկե, թույլ տվեց քննության առնել ուժային հարաբերությունների մի ընդարձակ գամմա, որը նախկինում անտեսանելիացված էր: Մինչդեռ դրան նույնպես պարադոքսալ կերպով հետևեց հավաքական գործողության նահանջը և այժմ այն ավելի շատ ներկայանում է որպես պատմական պարտության խորհրդանիշ, քան որպես հեղափոխության նոր ձև: Երբ մակրոտնտեսական մեծ փոփոխականները մեզ անհասանելի են թվում, ինքն իր հետ փոխհարաբերությամբ կամ խոսքի փոխակերպմամբ սահմանափակվելը մի փոքր նման է անհրաժեշտությունը առավելություն դարձնելուն։

Նմանօրինակ հասկացութայնացումը հանգեցրել է տարատեսակ կեղծ բողոքների, ինչպես Հակիմ Բեյի «TAZ»-երն են (Temporary automous zone, ժամանակավոր ինքնավար գոտի), որտեղ հեղինակավոր արվեստի պատկերասրահում տեղի ունեցած դիպվածը (happening) կարող է հանդիսանալ «ժամանակավորապես» ինքնավար տարածք: Հիշենք նաև սպառման այլընտրանքային եղանակների դեռևս ժողովրդականություն վայելող այդ բոլոր տարատեսակների մասին կամ «կոլիբրիների»* մասին, որոնք կոչված են մեզ փրկելու աղետից իրենց անհատական էթիկայի միջոցով:

Համամի՞տ եք Ժան-Կլոդ Միշեայի հետ, երբ նա պնդում է, որ Ֆուկոն Հայեկի, Ֆրիդմանի և Գերի Բեքերի մշակութային լրացումն է:

Ես կասեի, որ Հայեկի և Ֆրիդմանի «լրացումը» լինելուց բացի, ավելին՝ Ֆուկոյի խնդիրն այն է, որ նա ներակայորեն յուրացրել է շուկայի մասին նրանց պատկերացումը: Այն է՝ պակաս նորմատիվ, պակաս հարկադրական և փոքրամասնական փորձարարությունների համար ավելի հանդուրժող, քան սոցիալական պետության շուկայի մասին պատկերացումն է՝ մեծամասնության օրենքին ենթակա: Ֆրիդմանը սիրում էր կրկնել, որ «քվեատուփն առաջացնում է նույնականություն առանց միաձայնության», իսկ «շուկան՝ միաձայնություն առանց նույնականության»: Նրա կարծիքով, շուկան իր նշանակությամբ ավելի ժողովրդավարական մեխանիզմ էր, քան քաղաքական քննարկումը այն պատճառով, որ պաշտպանում էր անհատական նախասիրությունների բազմաքանակությունը:

Որքան էլ Ֆուկոյի մոտ կարևոր զարգացումներ կան այն ձևի մասին, որով մենք կկարողանայինք մեզ վերագրել ինքներս մեր մասին ունեցած որոշակի գաղափարի այնպիսի ինստիտուտների միջոցով, ինչպիսիք են սոցիալական ապահովագրությունը կամ արդարադատությունը, այնքան նա լիակատար փակուղի է տանում շուկայի նորմատիվության և հարկադրականության առումով:

Կարծում եմ, որ Ֆուկոն ներակայորեն մասնակցել է այդ կեղծ երկատման (դիխոտոմիայի) տարածմանը: Դրանով ես չեմ ուզում ասել, թե պետք է մոռացության մատնել նորմալացման կամ հարկադրանքի որոշակի ձևերի դեմ պայքարները, ինչպես Ֆուկոն էր ասում՝ «այդ աստիճան կառավարելի չլինելու» արվեստը: Հետևապես, հետպատերազմյան սոցիալական պետությունը նպատակ ուներ վերարտադրելու ընտանեկան որոշակի մոդել, իսկ արդարությունը՝ որոշ քրեական «պրոֆիլներ»: Բայց ըստ սահմանման՝ ցանկացած քաղաքականություն, լինի այն պետականական թե նեոլիբերալ, նորմատիվ է: Եվ այդ մեխանիզմները բողոքարկելը ճիշտ է: Սակայն սա չի նշանակում, թե կարելի է ձերբազատվել նորմատիվությունից: Եթե ​​որոշենք բոլորին համընդհանուր նպաստ հատկացնել անվճար բժշկական խորհրդատվությունների փոխարեն, ապա կփոխարինենք մի որոշակի նորմատիվություն (որը սահմանում է որոշակի սուբյեկտների՝ ըստ որոշակի «սոցիալական իրավունքների») մեկ այլնով (որն անհատական «ընտրություն» է կատարում արտոնյալ շուկայում): Ուստի Ֆուկոն, ֆրանսիական «հակատոտալիտալիզմի» այս համատեքստում, ընդհանուր առմամբ, նորմալացման այդ մեխանիզմները կապել է պետության հետ և այդ միջոցով շուկան ներակայորեն դիտարկել է որպես մի վայր, որտեղ նորմատիվությունը ավելի հեշտորեն կարելի կլիներ տապալել։

Որքան էլ Ֆուկոյի մոտ կարևոր զարգացումներ կան այն ձևի մասին, որով մենք կկարողանայինք մեզ վերագրել ինքներս մեր մասին ունեցած որոշակի գաղափարի այնպիսի ինստիտուտների միջոցով, ինչպիսիք են սոցիալական ապահովագրությունը կամ արդարադատությունը, այնքան նա լիակատար փակուղի է տանում շուկայի նորմատիվության և հարկադրականության առումով։ Նրա կարծիքով, գլխավորապես ինքնիշխան մոդելի, մասնավորապես մեծամասնական կարգի միջոցով ընկալված քաղաքականությունն է, որ հարկադրանքի և նորմատիվության տարածք է հանդիսանում: Շուկայի անկողմնակալ և ապակենտրոնացված ազդանշաններն այդ դեպքում դառնում են գրավիչ այլընտրանք քաղաքական քննարկումների համար, այն պատճառով, որ դրանք կարծես պաշտպանում են փոքրամասնական ընտրանքները՝ պայմանավորված հենց իրենց ենթադրյալ «միջավայրային» գործողությամբ: Այսօր մենք պետք է հասկանանք, որ նորմատիվությունն ինքնին խնդիր չէ։ Տնտեսական և ինստիտուցիոնալ ցանկացած կոնֆիգուրացիա նորմատիվ է, կարևորն այն է, որ մենք իմանանք, թե ինչ տիպի ինստիտուտներ ենք ուզում: Վերջերս լույս տեսած մի գրքում, փիլիսոփա Մարտին Հագգլունդն արդարացիորեն գրում է, որ ազատ լինել չի նշանակում լինել ազատ նորմատիվ հարկադրանքներից, այլ լինել ազատ քննարկել, փոխակերպել, բողոքարկել: Այսինքն՝ կարողանալ կառուցել ժողովրդավարական այն ինստիտուտները, որոնցում մենք կկարողանանք հավաքականորեն սահմանել հասարակության կառավարման նորմերը։ Շուկան նորմատիվության այլընտրանք չի առաջարկում, այլ միայն դրա ներգործության կրճատումը նրանց համար, ովքեր ունեն բավարար կապիտալ՝ վերջինիս կողմից առաջարկված «ընտրանքներից» օգտվելու համար:

Հղումներ

[i] André Gorz, « Occupons le terrain », Le Nouvel observateur, n°116, août 1976, p. 23 cité dans : Serge Audier, Penser le “néolibéralisme” : Le moment néolibéral, Foucault et la crise du socialisme, Le bord de l’eau, Paris, 2015, p. 212. (Անդրե Գորց, «Եկեք գրավենք տարածքը», «Նոր դիտորդը», N ° 116 , օգոստոս 1976 թ., էջ 23 մեջբերված ՝ Սերժ Օդիե, «Նեոլիբերալիզմ» մտածելով. Նեոլիբերալ պահը, Ֆուկոն և սոցիալիզմի ճգնաժամը, Ջրի եզրը, Փարիզ, 2015 թ., էջ. 212)

[ii] Michel Foucault, « Une mobilisation culturelle », 1977, dans : Dits et Écrits, texte n°207. (Միշել Ֆուկո, «Մշակութային մոբիլիզացիա», 1977թ., Ասույթներ և գրություններ, տեքստ N ° 207):

[iii] Michel Foucault, « Foucault étudie la raison d’État », 1980, dans : Dits et Écrits, texte n°280. (Միշել Ֆուկո «Ֆուկոն ուսումնասիրում է պետության պատճառը», 1980թ, Ասույթներ և գրություններ տեքստ N ° 280):

Ծանոթագրություն

* Ֆրանսերեն situer բայի համար, որ այստեղ նշանակում է «տեղը/վերաբերությունը որոշել/որոշարկել», անհրաժեշտ համարեցինք առորոշել բառի ստեղծումը։ Բառի կազմության հիմքում ընկած է առ նախածանցը՝ վերաբերության իմաստով և որոշել բայը (խմբագրի կողմից)։

** Ֆրանսիայի ձեռնարկատիրական շարժում (խմբագրի կողմից)։

*** «Կոլիբրիներ»-ը բնապահպանական շարժում է, որն ստեղծվել է 2007 թվականին Պիեռ Ռաբհիի, Սիրիլ Դիոնի և այլոց կողմից, և որի նպատակը էկոլոգիական ու մարդկային հասարակություն կառուցելն է։ Կազմակերպությունը կարևորում է անհատական փոփոխությունը՝ համոզված լինելով, որ հասարակության փոխակերպումը լիովին ենթակա է մարդկային փոփոխությանը։ Շարժումը հիմնված է հետևյալ փիլիսոփայության վրա․ յուրաքանչյուրը կարող է իր մասն ունենալ արդար և տանելի հասարակություն կառուցելու գործում։ «Կոլիբրիներ» անվանումը ծագում է ամերիկյան հնդիկների մի առասպելից՝ այստեղ պատմված շարժման հիմնադիր Պիեռ Ռաբհիի կողմից․ «Առասպելը պատմում է, որ մի օր ահռելի հրդեհ բռնկվեց անտառում։ Բոլոր կենդանիները՝ սարսափած, սահմռկած, անզոր դիտում էին աղետը։ Միայն փոքրիկ կոլիբրին էր գործում՝ իր կտուցով մի քանի կաթիլ ջուր բերելով՝ կրակի վրա լցնելու համար։ Որոշ ժամանակ անց, զրահակիրը, վրդովված այս ծիծաղաշարժ իրարանցումից, ասում է,- «Կոլիբրի, հո խենթ չե՞ս։ Այդ ջրի կաթիլներով կրակը չես հանգցնի»։ Եվ կոլիբրին նրան պատասխանում է․ «Գիտեմ, բայց ես իմ բաժին գործն եմ անում» (խմբագրի կողմից)։


Թարգմանիչ՝ Հերմինե Մուրադյան (Hermine Muradyan), խմբագիր՝ Լուսինե Աղաջանյան (Lusine Aghajanyan) © Բոլոր իրավունքները պաշտպանված են: