Ոսկեղենիկ նախաձեռնության 2021 թ. ապրիլի հրապարակումները
Նախաձեռնության գաղափարը հղացվել և իրագործվում է կազմակերպության Թարգմանիչների ու խմբագիրների բաժնի հայերենի խմբագիրների կողմից: Ի սկզբանե նախաձեռնության նպատակն է վեր հանել հայերենում տարածված ու առօրյայում կիրառվող սխալները, բացատրել և ցույց տալ վերջիններիս ճիշտ տարբերակները՝ նպաստելով մայրենի լեզվում գրագետ խոսքի ձևավորմանը։ Այժմ նախաձեռնության շրջանակներում ներկայացվում են նաև հայերեն և փոխառյալ մի շարք բառերի ու արտահայտությունների ծագման պատմությունը:
Աքիլլեսյան գարշապար
Հետհոմերոսյան առասպելում Աքիլլեսին դեռ մանուկ ժամանակից վիճակված էր ապրել երկար, բայց անփառունակ կյանք, կամ նա պետք է հերոսաբար մահանար Տրոյայի պատերի մոտ։ Նրա մայրը՝ Թետիսը, չէր ցանկանում, որ իր որդին այդքան շուտ մահանար, ուստի որդուն անխոցելի դարձնելու համար մայրը Աքիլլեսին սուզում է Ստիքս գետի սուրբ ջրերը։ Ընդ որում՝ նա պահում էր Աքիլլեսին գլխիվայր՝ գարշապարից բռնած, հետեւաբար ոտքի այն մասը, որին չէր կպել Ստիքսի կախարդական ջուրը, մնաց խոցելի։
Շատ տարիներ հետո Աքիլլեսը հույների հետ հարձակվում է Տրոյայի վրա։ Մարտերից մեկի ժամանակ Ապոլլոն աստվածը (որին ավելի վաղ վիրավորել էր Աքիլլեսը) Պարիսի նետն ուղղեց Աքիլլեսի գարշապարի վրա։ Չնայած վերքը շատ փոքր էր՝ մահացու էր։
Այսպիսով՝ «Աքիլլեսյան գարշապար» արտահայտությունը օգտագործում են ինչ-որ մեկի թույլ, «ցավոտ» կողմը նշելու համար։ Այդ կողմը կարող է լինել և՛ ֆիզիկական, և՛ բարոյական։
Աղբյուրը՝ Վիքիպեդիա
Տարհանել/տարահանել
Հայերենում կան մի շարք ածանցներ, որոնք կոնկրետ իմաստներ ունեն, այդպես էլ տար- ածանցը, որ հայերենում ունի «տարբեր» իմաստը։ Ուշադրություն պետք է դարձնենք, որ տար- ածանցը բառերում հաճախ հանդես է գալիս տարա- ձևով, որը սխալ է, ինչպես՝ տարահանում, տարակետում և այլն։
Տարհանել, տարկետում, տարընթաց, տարընթերցում բառերը բառացիորեն նշանակում են՝
- տարբեր տեղ հանել,
- տարբեր կերպ ընթանալ,
- տարբեր կերպ ընթերցել։
Աղբյուրը՝ Մայրենի լեզվի դասեր
Գորդյան հանգույց
Գորդյան հանգույց արտահայտության ծագումը կապվում է դիցաբանության հետ։ Ըստ հին հունական ավանդության՝ Գորդիոս թագավորը Զևսի տաճարին է նվիրում իր կառքը, որի լուծը քեղիին կապված էր այնպիսի հնարամտությամբ, որ հնարավոր չէր հանգույցի ծայրերը գտնել ու արձակել։ Ում որ հաջողվեր, նա պետք է տիրեր Ասիային։ Ալեքսանդր Մակեդոնացին պարսկական արշավանքից առաջ Գորդյան հանգույցը լուծեց թրի մի հարվածով։ Այստեղից էլ առաջացել է «գորդյան հանգույց» արտահայտությունը որպես անլուծելի և կնճռոտ խնդիր, իսկ «գորդյան հանգույցի լուծում» արտահայտությունը նշանակում է բարդ, խճճված իրադարձությունների ժամանակ կայացնել արագ ու խիզախ վճիռ։
Աղբյուրը՝ Հայկական սովետական հանրագիտարան
Բառիս բուն իմաստով
Վերջերս բանավոր և գրավոր խոսքում «բառիս բուն իմաստով» արտահայտությունը սխալմամբ գործածվում է «բառից բուն իմաստով» եղանակով: Օրինակ՝ «Ապրում է բառից բուն իմաստով ծայրահեղ վիճակում» (ֆեյսբուքյան օգտատեր): Բառի(ս) բուն իմաստով նշանակում է միանգամայն, ամբողջապես, իսկական, բուն, ճիշտ իմաստով:
Հասկանալու համար, թե արտահայտության մեջ ինչ նշանակություն ունի «բառիս» բառի ս-ն, պետք է վերհիշենք հոդերը հայերենում: Հայերենում հոդերի տեսակներն են՝ դիմորոշ, ստացական, որոշիչ, ցուցական: Վերջինս ս հոդն է, որը գործածվում է այս ցուցական դերանվան փոխարեն: Օրինակ՝ աշխարհս՝ այս աշխարհը: Հենց այս ցուցական ս հոդն է, որ «բառիս բուն իմաստով» արտահայտության մեջ միացել է «բառ»-ին, այսինքն՝ բառիս բուն իմաստով նշանակում է այս բառի բուն իմաստով: Հետևաբար «բառից բուն իմաստով» գործածությունը բառիս բուն իմաստով սխալ է:
Աղբյուրը՝ Ա. Գալստյան, Հայոց լեզվի դարձվածաբանական բառարան
Մ. Ասատրյան, Ժամանակակից հայոց լեզու. Ձևաբանություն
Մարաթոնյան վազք
Մարաթոնյան վազքը 42 կմ 195 մ առավելագույն տարածությամբ վազքային մրցում է: Այն 1895 թվանականից համալրել է օլիմպիական մարզախաղերի շարքը, իսկ նրա առաջացման պատմությանը ծանոթանալու համար եկե´ք սրբենք հունական մի լեգենդի վրա նստած փոշին: Համաձայն դրա` Մ.թ.ա. 490 թ. գարնանը պարսկական բանակը շարժվում է Աթենքից 42կմ այն կողմ` Մարաթոնի դաշտ, որտեղ տեղի է ունենում հույն-պարսկական պատերազմների առաջին խոշոր ճակատամարտը։ Այդ ընթացքում Աթենքում տիրան Հիպիասն իր համախոհների հետ ապստամբել էր իր իսկ երկրի դեմ և անցել պարսիկների կողմը` երկրում ստեղծելով պայթյունավտանգ վիճակ:
Հույները, սակայն, Միլտիադեսի գլխավորությամբ Մարաթոնում պարսիկների նկատմամբ փայլուն հաղթանակ են տանում, և հրամանատարը որոշում է անհապաղ Աթենք հասցնել այդ լուրը` հանդարտեցնելով այնտեղի ապստամբական կրքերը. նրա զինվորներից Ֆիդիպիդեսը, անկանգառ վազելով 42 կմ, հասնում է Աթենք` Արտեմիսի տաճար, շնչահեղձ հայտնում հաղթանակի փառապանծ լուրը և տեղնուտեղը մահանում:
Դե իսկ այլաբանորեն «մարաթոնյան վազք» արտահայտությունը կարող եք գործածել «երկարատև, ծանր գործընթաց» կամ «լարված մրցախաղ» նշանակություններով:
Աղբյուրը` Պետրոս Բեդիրյան, Հայերենի թևավոր խոսքերի բառարան
Էդուարդ Աղայան, Արդի հայերենի բացատրական բառարան
#Ոսկեղենիկ #Փոխառություն #Մայրենի #Սխալներիուղղում