Մայիս 68-ը տեղի չունեցավ

 

Ժիլ Դըլյոզը և Ֆելիքս Գուատարին կրկին հանդես են գալիս միասին` վերլուծելու 1984-ը 1968-ի լույսի ներքո։

Պատմական ֆենոմեններում, ինչպիսիք են 1789 թվականի հեղափոխությունը, Փարիզի կոմունան, 1917 թվականի հեղափոխությունը, միշտ իրադարձության կողմը կա, որը կրճատելի չէ սոցիալական դետերմինիզմների, պատճառահետևանքային շարքերի։ Պատմաբաններն այնքան էլ չեն սիրում այս տեսանկյունը. նրանք վերականգնում են պատճառականությունները եղածից հետո: Սակայն իրադարձությունն ինքնին կտրված կամ խզված է պատճառականություններից. սա երկատում է, օրենքերից շեղում, անկայուն վիճակ, որը նոր դաշտ է ստեղծում հնարավորի համար: Պրիգոժինը խոսել է այս վիճակներից, որտեղ, նույնիսկ ֆիզիկայում, փոքր տարբերությունները վերանալու փոխարեն բազմանում են և որտեղ միանգամայն անկախ ֆենոմենները ռեզոնանսի և շաղկապման մեջ են մտնում: Այս իմաստով իրադարձությունը կարող է հակասված, ճնշված, վերամշակված, խեղաթյուրված լինել, դրանից այն պակաս չի պարունակում ինչ-որ անգերազանցելի բան: Ուրացյալներն են, որ ասում են՝ այն գերազանցված է: Բայց իրադարձությունը ինքնին թեկուզ և հին՝ չի ենթարկվում գերազանցման. այն հնարավորի բացումն է: Այն ներթափանցում է անհատների մեջ այնքան, որքան և հասարակության խտության մեջ:

Եվ այնուամենայնիվ, պատմական ֆենոմեննները, որ մենք վկայակոչում ենք, ուղեկցվում էին դետերմինիզմներով կամ պատճառականություններով, նույնիսկ եթե դրանք այլ բնույթի էին: Մայիս 68-ը ավելի շուտ մաքուր իրադարձության կարգի է՝ ազատ որևէ նորմալ կամ նորմատիվ պատճառականությունից։ Նրա պատմությունը «անկայունությունների և ուժեղացած տատանումների հաջորդականություն» է: Բազում ալեկոծումներ, ձեռածություններ, խոսքեր, հիմարություններ, պատրանքներ են եղել 68-ին, բայց դա չէ էականը: Էականն այն է, որ  պայծառատեսության ֆենոմեն եղավ, ասես հասարակությունը հանկարծ տեսավ, թե  ինչ ուներ անհանդուրժելի և տեսավ նաև մեկ այլ բանի հնարավորությունը: Սա հավաքական ֆենոմեն է՝ «Տվե՛ք հնարավորը, թե չէ՝ կխեղդվեմ» կաղապարով: Հնարավորը նախագո չէ, այն ստեղծվում է իրադարձության կողմից: Սա կյանքի հարց է: Իրադարձությունը նոր գոյություն է ստեղծում, առաջացնում է նոր սուբյեկտիվություն (նոր առնչություններ մարմնի, սեռականության ժամանակի, միջավայրի, մշակույթի, աշխատանքի հետ…)

Մարգինալացված կամ ծաղրանկարված

Երբ սոցիալական փոխաշրջում (mutation) է ի հայտ գալիս,  բավարար չէ դրա հետևանքները կամ ազդեցությունները հասկանալ ըստ տնտեսական և քաղաքական պատճառականությունների: Անհրաժեշտ է, որ հասարակությունը ունակ լինի կառուցել հավաքական դասավորություններ՝ նոր սուբյեկտիվությանը համապատասխան, այնպես, որ վերջինս ցանկանա փոխաշրջումը: Ահա սա է իսկական «վերափոխարկումը»: Ամերիկյան New Deal-ը, ճապոնական վերելքը սուբյեկտիվ վերափոխարկման շատ տարբեր օրինակներ հանդիսացան, ամեն տեսակ երկիմաստություններով և նույնիսկ հետադիմական կառուցվածքներով, բայց նաև նախաձեռնության և ստեղծագործական կողմով, որը հանդիսանում էր նոր սոցիալական վիճակ՝ ունակ բավարարելու իրադարձության պահանջները: Ֆրանսիայում, ընդհակառակը, 68-ից հետո իշխանությունները չդադարեցին ապրել այն մտքով, որ «ամեն ինչ կկարգավորվի»: Եվ իրականում, կարգավորվեց, բայց աղետալի պայմաններում: Մայիս 68-ը ճգնաժամի հետևանք չէր,  ո՛չ էլ ճգնաժամի հակազդեցություն: Ավելի շուտ հակառակը: Այդ ներկայիս ճգնաժամը, Ֆրանսիայում ներկայիս ճգնաժամի փակուղիներն են, որ ուղակիորեն բխում են  Մայիս 68-ը  յուրացնելու ֆրանսիական հասարակության անկարողությունից: Ֆրանսիական հասարակությունը արմատական անկարողություն ցուցաբերեց հավաքական մակարդակում սուբյեկտիվ վերափոխարկում գործարկելու, ինչպիսին պահանջում էր 68-ը. ուրեմն ինչպե՞ս այն կարող էր այժմ իրականացնել տնտեսական վերափոխարկում «ձախական» պայմաններում: Այն ոչինչ չկարողացավ առաջարկել մարդկանց, ո՛չ դպրոցի ոլորտում, ոչ՝ աշխատանքի: Այն ամենը, ինչը նոր էր, մարգինալացվեց կամ ծաղրանկարվեց: Այսօր տեսնում ենք, որ Լոնվիի մարդիկ կառչած են իրենց պողպատից, կամ կաթ արտադրողները իրենց կովերից և այլն․ ուրիշ ի՞նչ պիտի անեին նրանք, քանզի ցանկացած նոր գոյության, հավաքական սուբյեկտիվության դասավորում հենց սկզբից ջախջախվել է 68-ի դեմ հակազդեցությամբ ձախում գրեթե նույնքան, որքան աջում: Նույնիսկ ազատ ռադիոալիքները։ Ամեն անգամ հնարավորը նորից փակվել է: 

Մայիս 68-ի զավակներին կարելի է գտնել գրեթ ամենուր, նրանք իրենք դա չգիտեն, և ամեն երկիր յուրովի է նրանց ստեղծում: Փայլուն վիճակում չեն: Երիտասարդ կադրեր չեն: Տարօրինակ կերպով անտարբեր են և այդուհանդերձ շատ իրազեկ: Դադարել են  պահանջկոտ կամ ինքնազմայլ լինել, բայց գիտեն, որ ներկայումս ոչինչ չի պատասխանում իրենց սուբյեկտիվությանը, իրենց էներգիայի կարողությանը: Նույնիսկ գիտեն, որ բոլոր ներկա բարեփոխումները ավելի շուտ իրենց դեմ են: Վճռական են իրենց սեփական գործն անել, այնքան որքան կարող են:  Պահպանում են բացությունը, հնարավորը:  Կոպոլան է, որ ստեղծել է նրանց բանաստեղծականացված դիմանկարը Ռասթի Ջեյմսում (Rumble Fish). դերասան Միքի Ռուրկը բացատրում է. «Սա մի կերպար է, որը սպառել է իր ողջ եռանդը, մոտեցել է իր վերջին: Նա «Դժոխքի հրեշտակների» (Hell’s Angels) տեսակը չէ: Ունի ուղեղ, ավելին, ունի առողջ դատողություն: Մշակույթի մի խառնուրդ` եկած փողոցից և համալսարանից: Եվ այդ խառնուրդն է, որ նրան խենթացրել է: Ոչինչ չի տեսնում: Գիտի, որ իր համար ոչ մի աշխատանք չկա, քանի որ ավելի  խորամանկ է, քան իրեն գործի ընդունելու պատրաստ ցանկացած տիպ…» (Libération, 1984թ. փետրվարի 15)

Կա միայն ստեղծարար լուծում

Սա ճիշտ է ամբողջ աշխարհի համար: Այն, ինչ սահմանակարգում են գործազրկության, թոշակի մեջ, դպրոցում, վերահսկվող «լքուն վիճակներն» են, հաշմանդամները որպես նմուշօրինակ: Ներկայիս միակ սուբյեկտիվ վերափոխարկումները հավաքական մակարդակում վայրի կապիտալիզմինն են ամերիկյան ոճով կամ մուսուլմանական ֆունդամենտալիզմինը, ինչպես Իրանում, աֆրո-ամերիկյան կրոնները, ինչպես Բրազիլիայում. սրանք նոր ինտեգրիզմի հակադիր կերպարներ են (այստեղ պիտի  ավելացնենք եվրոպական նեոպապականությունը): Եվրոպան ոչինչ չունի առաջարկելու, և Ֆրանսիան կարծես այլևս չունի այլ հավակնություն, քան գլխավորել ամերիկանացված և գերզինված Եվրոպան, որը վերից կգործարկի անհրաժեշտ տնտեսական վերափոխարկումը: Մինչդեռ հնարավորների դաշտը այլուր է. ըստ արևմուտք-արևելք առանցքի՝ պացիֆիզմը՝ որպես ԱՄՆ-ի և ԽՍՀՄ-ի միջև հակամարտային, գերզինման, ինչպես նաև մեղսակցության և բաշխման հարաբերությունները քայքայելու առաջադրվող։ Ըստ հյուսիս-հարավ առանցքի՝  նոր միջազգայնության, որն այլևս չի հիմնվում միայն Երրորդ աշխարհի հետ դաշնակցության վրա, այլ հենց հարուստ երկրներում երրորդ-աշխարհականցման ֆենոմենների վրա (օրինակ մայրաքաղաքների զարգացումը, քաղաքների կենտրոնների դեգրադացիան, եվրոպական Երրորդ աշխարհի առաջացումը, ինչպես, որ Պոլ Վիրիլիոն է դրանք վերլուծում): Կա միայն ստեղծարար լուծում: Այս ստեղծարար վերափոխարկումներն են, որ կնպաստեին լուծել ներկա ճգնաժամը և ընդհանրացված Մայիս 68-ի, երկատման կամ ուժեղացած տատանման  հերթափոխը կստանձնեին:


Թարգմանիչ՝ Տաթև Թադևոսյան (Tatev Tadevosyan), խմբագիր՝ Լուսինե Աղաջանյան (Lusine Aghajanyan) © Բոլոր իրավունքները պաշտպանված են: