«Ինլայթ»-ի սիրելի՛ համայնք, հարգելի՛ հետևորդներ
Ինչպես արդեն տեղյակ եք, օրեր առաջ` մայիսի 20-ին, լրացել է «Ինլայթ»-ի հիմնադրման 5-ամյակը՝ որպես հասարակական կազմակերպություն, և 13-ամյակը՝ որպես նախաձեռնություն:
«Ինլայթ»-ի 5-ամյակի գործունեության ու ծրագրերի համար այս տարի որոշվել է Աշխատանք (Ջանք) խորագիրը, որի կարգախոսն այժմ ընտրության փուլում է:
«Ինլայթ»-ի Կանոնադրության համաձայն՝ երկու տարին մեկ կազմակերպվում են նախագահական ընտրություններ, նախագահը և փոխնախագահը առաջադրվում են միասին՝ մեկ քվեաթերթիվով, միևնույն ժամանակահատվածով:
Այսօր՝ մայիսի 25-ին, «Ինլայթ»-ում տեղի են ունենում հերթական նախագահական ընտրությունները։
Այս տարի կազմակերպության նախագահի պաշտոնում առաջադրվել է «Ինլայթ»-ի գործող փոխնախագահ Դավիթ Պետրոսյանը, փոխնախագահի պաշտոնում առաջադրվել է Աշխատակազմի գործող ղեկավար Լիլիթ Կարապետյանը:
Նախօրեին՝ քարոզարշավի փուլում՝ մայիսի 23-ին, թեկնածուներն առցանց եղանակով ներկայացրել էին իրենց նախընտրական ծրագիրը և պատասխանել Կազմակերպության անդամների և կամավորների հարցերին։
Անդրադառնալով Կազմակերպության ապագա ծրագրերին՝ թեկնածուները նշել էին, որ «Ինլայթ»-ը շարունակելու է իր ընթացիկ ուղին, այսինքն՝ շարունակելու է գնալ զարգացման ճանապարհով, և, չնայած Կազմակերպությանը արմատական փոփոխություններ չեն սպասվում, որոշակի ճշգրտումներ, վերանայումներ, շեշտադրումներ ու թիմերում վերադասավորումներ, այնուհանդերձ, կլինեն։
«Ինլայթ»-ում ունեցած ձեռքբերումների մասին հարցին ի պատասխան՝ թեկնածուները նշեցին, որ ինլայթյան ձեռքբերումները բազմաթիվ մարդկանց համատեղ աշխատանքի արդյունք են, և հենց նմանատիպ աշխատանքային միջավայր ունենալն է «Ինլայթ»-ի կարևոր առանձնահատկությունը՝ որպես կազմակերպություն։
Սպասվող փոփոխությունների մասին նշվեց նաև, որ նախատեսվում է նոր թափ հաղորդել Կազմակերպության վերլուծաբանների բաժնին, մարզերում ծավալել ակտիվ գործունեություն։
Վերլուծական ֆորումին նոր թափ հաղորդելու առնչությամբ Դավիթը մանրամասնեց, որ Կազմակերպության վերլուծաբանների բաժինը ակտիվորեն պետք է զբաղվի Հայաստանի խնդիրներով՝ իր մտավոր ողջ ներուժը ծառայեցնելով խնդիրների հետազոտմանը, լուծմանն ու առաջարկությունների ձևավորմանը։
Տեղեկացնում ենք, որ ընտրվելու պարագայում նոր նախագահությունը իր լիազորություններին ստանձնելու է 2021 թվականի հունիսի 6-ից:
Թեկնածուներին մաղթում ենք հաջողությո՜ւն:
Հետևե՛ք «Ինլայթ»-ի զարգացումներին: