Երևանի կոմենդանտ Շահխաթունիի հրամանը (1918թ․ մայիսի 31)

Այս օրերին լրանում է 1918 թվականի մայիսյան հաղթանակների եւ Հայաստանի անկախության հռչակման հերթական տարեդարձը: Հրապարակում ենք թեմային առնչվող մի քանի նյութ՝ վերցված 1918-ի մայիսի մամուլից, որոնք պետք է օգնեն ավելի լավ զգալու այդ օրերի կենդանի մթնոլորտը: Երկրորդ նյութը Երեւանի պարետ՝ Արշավիր Շահխաթունիի հրամանն է զինակոչի եւ դասալքության մասին: Ի դեպ, երկու խոսք Արշավիր Շահխաթունիի (1885-1957) մասին: Մինչեւ Առաջին համաշխարհային պատերազմը նա հասցրել է դառնալ հաջողակ դերասան, պատերազմի ժամանակ զինվորագրվել է ռուսական բանակ, Առաջին հանրապետության օրերին դարձել է Երեւանի ռազմական պարետ, իսկ Հայաստանի սովետականացումից հետո, ապրելով արտասահմանում, շարունակել է իր հաջողակ դերասանական կարիերան: 

Թեմայի շուրջ կարող եք նայել մեր նախորդ հրապարակումները՝ Հաղթանակի հավատքով, Ա-Դո. Ժողովրդական շարժումը Երեւանում, նաեւ՝ Գեներալ Նազարբեկյանի կոչը (1918, մայիսի 25)։

* * *

Երեւանի կոմենդանտ Շահխաթունին N3 հրամանով յայտնում է ի գիտութիւն Երեւան քաղաքի հասարակութեան, որ

  1. Այն բոլոր մինչեւ 32 տարեկան հասակ ունեցող ծառայողները կամ այլ անձնաւորութիւնները, որոնք մինչեւ այժմ ունեցել են ազատման թղթեր, կամ չեն ներկայացել զինւորակոչին, պարտաւոր են անյապաղ ներկայանալ նախկին կոմենդատուրան (Աստաֆեան փողոցի սկզբին) մինչեւ մայիսի 31-ը, իրենց հագուստով եւ զէնքով։
  2. 33-50 տարեկան հասակ ունեցողները, որոնք մինչեւ այսօր չեն ներկայացել, պարտաւոր են մինչեւ 31-ը ներկայանալ նախկին կոմենդատուրան իրենց հագուստով եւ ունեցած զէնքերով։
  3. Նրանք, ովքեր մինչեւ այդ օրը չեն ներկայանայ, կը համարւեն դեզերտիրներ եւ կը դատւեն զինւորական ժամանակի օրէնքներով։
  4. Յետաձգում ոչ ոքի չի տրւում եւ ոչ մի պաշտօն չի ազատում զինւորագրութիւնից։
  5. Հասարակական հիմնարկութիւնների կեանքը չը խանգարելու նպատակով կարգադրւած է, որ զինւորագրւածները գան վարժութիւնների երեկոյեան ժամը 5-8։
  6. Բոլոր ծառայողները-պոստային կանտորայում, վադապրավոդում, էլէքտրական հիմնարկութիւններում, զօրքի համար բանող արհեստանոցներում եւ փռերում աշխատողները պէտք է նոյնպէս ներկայանան։ Դոցա պարապմունքների ժամերի մասին յատուկ կոմիսսիան կանի առանձին կարգադրութիւն։

― Երեւանի քաղաքային ինքնավարութիւնը եւ վարկային հաստատութիւնները յայտարարում են ի գիտութիւն Երեւանի քաղաքացիների, որ մանր դրամի պակասութեան հետեւանքով առաջ եկած դժւարութիւնները ի նկատի առնելով, որոշւած է բաց թողնել 3, 5, 10, 20, 25 ռուբլիանոց չէկեր, որոնք պարտադիր են շրջանառութեան համար, ռուսական պետական դրամների եւ Անդրկովկասեան բոների հետ համահաւասար։ 


«Զանգ», # 38 (54), մայիս 31 (18), Երեւան, 1918


Աղբյուրը՝ hambardzum.am կայքի արխիվ