2021 թվականի հունիսի 8-ին Հանրային հեռուստաընկերության «Առավոտ լուսո» հաղորդման հյուրերն էին «Ինլայթ»-ի նախագահ Աննա Խաչյանը, փոխնախագահ (այժմ արդեն նորընտիր նախագահ) Դավիթ Պետրոսյանը, աշխատակազմի ղեկավար (այժմ արդեն նորընտիր փոխնախագահ) Լիլիթ Կարապետյանը և Խորհրդի անդամ Նիկոլայ Հարությունյանը։ Նրանք խոսեցին «Ինլայթ»-ի գործունեության, նախագծերի, անդամակցության կարգի և Կազմակերպության ընձեռած հնարավորությունների մասին։
Աննա Խաչյանը նշեց, որ Կազմակերպության կանոնադրության համաձայն՝ տեղի են ունեցել նախագահի և փոխնախագահի ընտրություններ, և հունիսի 6-ին Կազմակերպության 5(13)-ամյակը համընկել է նոր նախագահի ու փոխնախագահի պաշտոնների ստանձման հետ՝ ի դեմս Դավիթ Պետրոսյանի և Լիլիթ Կարապետյանի։
Խոսելով «Ինլայթ»-ի մասին՝ Աննան նշեց, որ այն իր գործելակերպով ու սկզբունքներով եզակի է Հայաստանում։ Նա նաև ներկայացրեց Կազմակերպության առանձին բաժինները՝ նշելով, թե յուրաքանչյուրն ինչպիսի գործունեություն է ծավալում և ինչ կարևորություն ունի։
Անդրադառնալով «Ինլայթ»-ի կրթական ծրագրերին՝ Լիլիթ Կարապետյանը շեշտեց, որ կրթությունը Կազմակերպության կարևորագույն բաղադրիչներից ու հիմնասյուներից է։ Նա խոսեց իրականացվող թարգմանչական, խմբագրական և վերլուծական պրակտիկաների մասին, որոնց հնարավորություն ունեն մասնակցելու ինչպես ուսանողները, այնպես էլ արդեն իսկ մասնագիտություն ձեռք բերած մարդիկ, որոնք ցանկանում են իրենց փորձն ու գիտելիքները հասցնել նոր, ավելի բարձր մակարդակի։
Դավիթ Պետրոսյանը պատմեց տավուշյան դեպքերի և Արցախյան պատերազմի ընթացքում Կազմակերպության ծավալած գործունեության մասին՝ միջազգային մամուլի մոնիթրինգ, հայաստանյան նյութերի բազմալեզու թարգմանություն և այլն։ Որպես նորընտիր նախագահ՝ նա ներկայացրեց նաև Կազմակերպության իր տեսլականը։
Իսկ խորհրդի անդամ Նիկոլայ Հարությունյանն անդրադարձավ համագործակցություններին՝ նշելով, որ Կազմակերպության նոր խորհրդի առաջնահերթություններից է ոլորտում մասնագիտացված կազմակերպությունների հետ համագործակցությունն ու դրա արդյունքում տեխնոլոգիական լուծումների զարգացումը, օրինակ՝ տվյալագիտության ոլորտում հնարավորություն կունենանք բարձրացնելու վերլուծությունների որակը։
Վերջում Աննան ներկայացրեց Կազմակերպությանը միանալու ընթացակարգը, որի համար պարզապես անհրաժեշտ է կայքի «Միացիր մեզ» բաժնում ծանոթանալ տվյալ պահին առկա հաստիքներին և լրացնել հայտադիմումը։ Աշխատանքը թեև կամավորական հիմունքներով է, բայց «Ինլայթ»-ը խոստանում է լինել աշխատանքային ուղին սկսելու լավագույն հարթակը։