Ինչպես COVID-19-ը փոխեց 2020-ի մշակույթը

Կորոնավիրուսի համավարակը հատկապես ուժգնորեն է ազդում արվեստի և մշակույթի վրա: Թատրոնները, ակումբներն ու թանգարանները, պարտադրված հանգամաքներից ելնելով, փորձում են ստեղծարար մոտեցումներ առաջարկել: 

Կինոթատրոնները հիշեցնում էին, որ մշակույթն ավելին է, քան պարզապես հաճելի ժամանցը

Կորոնավիրուսի համավարակը խորապես ցնցեց 2020թ. մշակութային և գեղարվեստական, գեղարվեստա-գեղագիտական կյանքը: Ինչ-որ չափով անօգուտ թվացին քաղաքականության հնչեցրած քաջալերող խոսքերը, թե ներկայացումները ստեղծարար լուծումներ կառաջարկեն:

Չնայած բազմաթիվ տների և մշակութային գործիչների ֆինանսական կարիքները մեծ են, և ոչ բոլորն են այնպիսի երախտագիտությամբ ընդունում համավարակը, ինչպես դերասան և երգիչ Թոմ Շիլլինգը, որը «ծայրահեղ իրավիճակների կամ ողբերգությունների դեպքում առանձնահատուկ մի ուրախություն է զգում», և որն «իսկապես ոգեշնչված էր» գարնանը ներդրված սահմանափակումներից, անցած մի քանի ամիսների ընթացքում նրանք  իրենց հնարամիտ կոնցեպտներով ու մոտեցումներով դիմակայում էին լարված իրավիճակին:

Համերգներ

Նորաբանությունը, որ բնորոշեց 2020 թվականը, անկասկած «հիգիենայի հայեցակարգ»-ն էր: Սահմանափակումների առաջին փուլից հետո այն անհրաժեշտ էր ամենուրեք` պայմանով, որ միջոցառումներ անցկացնող վայրերը թեկուզև խիստ սահմանափակ քանակով ցանկանային վերաբացվել հասարակության համար: Ներկայացումներն ամբողջ երկրում ընդունվեցին ցնծությամբ, կենդանի մշակույթի հանդեպ նոստալգիան հանդիսատեսի համար նույնչափ մեծ էր, որքան արվեստագետների շրջանում: Համբուրգի Էլբֆիլհարմոնիայի պես ինստիտուտները ապավինում են մի քանի փոփոխական ներկայացումների՝ նույն օրը կատարելով դերասանական կազմի փոփոխություն: Միակ խնդիրը շատ տեղերում շարունակում է մնալ շահութաբերության պակասը:

Նկարիչ Ալեքսանդր Իսկինին վեբ-տեսախցիկի միջոցով կարելի էր տեսնել արվեստանոցում

Հեռարձակում

Ակումբները, նվագախմբերը և թատրոնները հավասարապես ապացուցել են, որ հեռարձակումները միայն Netflix-ի ֆիլմաշարերի ու հաղորդումների binge-watching [1]-ի (հայտնի է նաև Komaglotzen անվանմամբ)  համար  չեն նախատեսված: 

Սահմանափակումների մեկնարկից կարճ ժամանակ անց Բեռլինի ակումբները համախմբվեցին “United We Stream” («Հեռարձակում ենք միասնաբար», թրգմ.՝ խմբ.) նշանաբանի ներքո և սկսեցին հեռարձակել գիշերային երեկույթներ տանը փակված այցելուների հյուրասենյակներում. դիջեյները ուղիղ հեռարձակմամբ նվագում էին իրենց հավաքածուները ակումբներում՝ դատարկ պարահրապարակների դիմաց: Ամբողջ աշխարհում նվագախմբերը նույնպես օգտվում էին թվային հնարավորություններից: Հայտնի դաշնակահար Իգոր Լեվիտը տնային համերգներ էր տալիս իր հյուրասենյակից, իսկ նկարիչ Ալեքսանդեր Իսկինի աշխատելու ընթացքին կարելի էր հետևել շուրջ 50 օր վեբ-տեսախցիկի միջոցով ուղիղ հեռարձակմամբ: 

Վիրտուալ իրականություն

Աուգսբուրգի քաղաքային ​​թատրոնը կազմակերպեց վիրտուալ իրականության բեմադրություններ, որոնք կարելի է վայելել տանը VR (virtual reality) ակնոցների միջոցով առանց վարակվելու վտանգի: Յուրաքանչյուրը, ով կցանկանա դիտել դրամատիկ կամ բալետային ներկայացումներ, 2021թ-ին կարող է սեփական ակնոցներով անգամ ուղղակիորեն հեռարձակել դրանք կամ էլ օգտվել թատրոնի տրամադրած համապետական վարձույթի ծառայությունից:

Այս տարբերակը հավելյալ արժեք է խոստանում ավանդական ներկայացման համեմատ. թատրոնը հայտարարում է, որ 3600 տեսարանը հաղթահարում է տարածաժամանակային սահմանները՝ այդպիսով ստեղծելով նոր ապրումների հնարավորություն: Թանգարանները նույնպես արձագանքեցին սահմանափակումներին և թվային շրջագայություններով բացեցին իրենց ցուցադրությունները:

Աուգսբուրգ քաղաքի թատրոնը (Das Staatstheater Augsburg) բեմադրեց վիրտուալ իրականության ներկայացումներ և VR (ՎԻ) ակնոցներ ուղարկեց հանդիսատեսին:

COVID-19-ն արվեստում

Համավարակը գեղարվեստական ​​կայուն ազդեցություն կթողնի նաև մշակույթի վրա: Ինչպե՞ս են նկարիչները և երգիչները, գրողները և դերասանները արտահայտելու այդ ապրումները և սոցիալական ցնցումները: Բրեգենցի արվեստի տունը (Kunsthaus Bregenz) չցանկացավ շատ երկար սպասել պատասխանի և արդեն ամռանը արվեստագետներից COVID-ցուցադրություն պահանջեց «Անմոռանալի ժամանակ» խորագրով: Ոմանք ուղարկեցին ընթացիկ աշխատանքներ, որոնք արդեն իսկ ճգնաժամի արտացոլանքն էին, այդ թվում՝ հարավաֆրիկացի ժամանակակից արվեստի ներկայացուցիչ Ուիլյամ Քենթրիջի աշխատանքը: Մյուսները ներկայացան ավելի հին գործերով, որոնք իրենց հոռետեսությամբ և մելամաղձոտությամբ համավարակի կանխազգացումներ էին թվում:

Նորաբանություններ

Լեզուն մշակույթ է, և խոշոր սոցիալական իրադարձությունները միշտ ազդեցություն են ունենում մեր հաղորդակցման վրա: «Հիգիենայի կոնցեպտ»-ը դրա արտահայտման մեկ օրինակ է: COVID-19-ի շնորհիվ այլ հասկացություններ անկանխատեսելի վերելք ապրեցին. այժմ յուրաքանչյուրը գիտի, թե ինչպես են գրվում «համաճարակաբանությունը» և «կարանտինը»: Իսկ մինչև այս տարին որքա՞ն հաճախ եք հանդիպել Spuckschutz” [2] եզրույթին:

Վիրուսը նախընտրում է ստեղծել նոր բառեր հատկապես տևական եղանակով. շուրջ հազար տերմին հայտնվեց Լայբնիցի գերմաներեն լեզվի ինստիտուտի լեզվական բառարանում, այդ թվում ՝ «Superspreaderereignis» [3],  «Wellenbrecherlockdown» [4] և «Zoomparty» [5]: Եվ հիմա մենք սկսում ենք 2021 թվականը Impfstraße-ից [6]:

Բրեգենցի արվեստի տունը (Das Kunsthaus Bregenz) ցուցադրեց համավարակի թեմայով ընթացիկ աշխատանքները, այստեղ՝ Մարկուս Շինվալդի «Գրիտա» -ն

Ծանոթագրություններ

  1. Հեռուստատեսային ծրագրերի մի քանի սերիաների/հատվածների հաջորդական, անընդմեջ դիտումը:
  2. Թաափանցիկ պաշտպանիչ էկրան, որը նվազեցնում է օդակաթիլային ճանապարհով վարակի հարուցիչների փոխանցման ռիսկը:
  3. Վարակային համաճարակաբանության եզրույթը, ըստ որի՝ վիրուսով վարակված մեկ անձը վարակում է առանձնապես մեծ թվով մարդկանց:
  4. Der Wellenbrecher-Lockdown / Wellenbrecher-Shutdown. համաճարակների մեկ այլ ալիք կանխելու համար նախատեսված զսպման կարճատև արձագանք-ռազմավարություն է:
  5. Zoom օնլայն հարթակում իրականացվող երեկույթ (party)։
  6. Պատվաստման սահուն գործընթացների անցկացում։

Բնօրինակի հեղինակ՝ Torsten Landsberg, Deutsche Welle (DW)


Թարգմանիչ՝ Սաթեն Հարությունյան (Saten Harutyunyan) © Բոլոր իրավունքները պաշտպանված են: