Ոսկեղենիկ նախաձեռնության 2021 թ. հունիսի հրապարակումները
Նախաձեռնության գաղափարը հղացվել և իրագործվում է կազմակերպության Թարգմանիչների ու խմբագիրների բաժնի հայերենի խմբագիրների կողմից: Ի սկզբանե նախաձեռնության նպատակն է վեր հանել հայերենում տարածված ու առօրյայում կիրառվող սխալները, բացատրել և ցույց տալ վերջիններիս ճիշտ տարբերակները՝ նպաստելով մայրենի լեզվում գրագետ խոսքի ձևավորմանը։ Այժմ նախաձեռնության շրջանակներում ներկայացվում են նաև հայերեն և փոխառյալ մի շարք բառերի ու արտահայտությունների ծագման պատմությունը:
Ցուցում/ցուցմունք
Երբեմն «ցուցմունք» բառը սխալմամբ գործածվում է «ցուցում» բառի փոխարեն։ Օրինակ՝ մարզիչի ցուցմունքները, մինչդեռ պետք է լիներ՝ մարզիչի ցուցումները։
«Ցուցում» նշանակում է «հրահանգ, առաջադրանք, պատվեր այսպես կամ այնպես վարվելու՝ գործելու և այլնի մասին»։
Մինչդեռ «ցուցմունք»-ը իրավաբանական եզր է, նշանակում է «վկաների, մեղադրյալի և այլնի դատարանում տված բացատրությունների ու տեղեկությունների ամբողջությունը ըստ գործի էության»։
Այսպիսով՝
- Մարզիչի ցուցումներով երեխաները կատարեցին վարժությունները։
- Վկան հրաժարվել է ցուցմունք տալուց։
Աղբյուրը՝
- Էդ. Աղայան, Արդի հայերենի բացատրական բառարան
Ռուբիկոնն անցնել
Հունիսի 20-ին անցնելու եմ Ռուբիկոնը` մասնակցելով ընտրություններին, իսկ դու՞:
Հռոմեացի ռազմական, քաղաքական գործիչ Հուլիոս Կեսարը հաղթական արշավանքներից հետո կանգնած էր վճռական որոշում կատարելու շեմին` վերադառնա՞լ Հռոմ` այդպիսով քաղաքացիական պատերազմ հրահրելով Հռոմում իշխող Սենատի դեմ, թե՞ մնալ Գալիայում` հրաժարվելով իշխանությունից:
Մ. թ. ա. 49 թ.-ին Կեսարն այլևս Ռուբիկոն գետի մոտ էր, որը այդ ժամանակ Գալիայի և Կենտրոնական Իտալիայի միջև սահմանն էր:
Համաձայն Հռոմեական իրավունքի այդժամանակյա նորմերի` Ռուբիկոնը զորքով հատող յուրաքանչյուր ոք հորջորջվում էր հռոմեական ժողովրդի թշնամի, և գետը հատելով` ազդարարվում էր պատերազմի սկիզբ:
Կեսարը, չնայած իր տարակուսանքներին, բացականչում է. «Alea iacta est» (Վիճակը նետված է) ու իր զորքի ուղեկցությամբ` անցնում է Ռուբիկոնը` վճռականորեն ընդառաջ գնալով քաղաքացիական պատերազմին, որի հանգուցալուծումը խիստ անորոշ էր: Պատերազմը, այնուամենայնիվ, ավարտվում է Կեսարի հաղթանակով:
Պատմական այս իրողությունն էլ հիմք է հանդիսացել «Ռուբիկոնն անցնել» թևավոր խոսքի ստեղծման համար, որը նշանակում է վճռական, անդառնալի քայլ անել:
Աղբյուրը՝
- How Julius Caesar started a big war by crossing a small stream(National Geographic, History Magazine)
- Աշոտ Սուքիասյան, Սերգեյ Գալստյան, Հայոց լեզվի դարձվածաբանական բառարան
ԱՄՆ-ը/ԱՄՆ-ն
Գրավոր խոսքում հաճախ ԱՄՆ հապավումը գործածվում է ը հոդով, օրինակ՝ ԱՄՆ-ը Ռուսաստանի նկատմամբ նոր պատժամիջոցներ է կիրառել:
Մինչդեռ պետք է լիներ՝ ԱՄՆ-ն Ռուսաստանի նկատմամբ նոր պատժամիջոցներ է կիրառել:
Պատճառը հասկանալու համար վերհիշենք ը և ն հոդերի կիրառության կանոնները:
- Ը հոդը կիրառում ենք բաղաձայնով ավարտվող բառերի դեպքում և այն դեպքում, երբ հաջորդ բառը սկսվում է բաղաձայնով, օրինակ՝ Գիրքը սեղանի վրա է:
- Ն հոդը կիրառում ենք այն դեպքում, երբ բառը վերջանում է ձայնավորով կամ հաջորդ բառը սկսվում է ձայնավորով, օրինակ՝ Երեխան քնած է, Արամն ասաց, որ կգա:
ԱՄՆ հապավման հետ գործածում ենք ն հոդը, քանի որ այն վերջանում է չգրվող ձայնավոր հնչյունով՝ [ԱՄըՆը]:
Ուստի պետք է լինի՝ ԱՄՆ-ն:
Աղբյուրը՝
- Մ. Ասատրյան, Ժամանակակից հայոց լեզու. ձևաբանություն
Բարի սամարացի
Գթասիրտ մարդուն հաճախ բնութագրում են «բարի սամարացի» արտահայտությամբ։ Հայաստանում այդպես է կոչվում նաև «Բարի սամարացի» մսամթերքի և կաթնամթերքի արտադրական ձեռնարկությունը։
Իսկ ո՞վ էր այդ սամարացին, և ի՞նչ բարի արարք է կատարել նա։
Արտահայտությունը ծագում է աստվածաշնչյան Բարի սամրացու մասին առակից։ Այն Հիսուսի պատմած խրատական պատմություններից է, որ ներակայացվում է Ղուկասի ավետարանում։
Առակը պատմում է մի ճամփորդի մասին, որին թալանում, ծեծում, մերկացնում և կիսամեռ թողնում են ճանապարհին։ Մի հոգևորական ու ղևտացի անցնում են նրա կողքով, բայց օգնություն չեն ցուցաբերում։ Մինչդեռ մի սամարացի (Սամարիան Իսրայելի պատմական շրջաններից է) գթաց նրան։ Սամարացին մոտեցավ ու կապեց նրա վերքերը, վրան ձեթ ու գինի ածեց և, դնելով նրան իր գրաստի վրա, տարավ մի իջևան ու խնամեց նրան:
Հաջորդ օրը, երբ դուրս էր գալիս այնտեղից, իջևանատիրոջը երկու դահեկան հանեց տվեց և ասաց. «Խնամի´ր նրան, և ինչ որ ծախսես դրա վրա, իմ մյուս անգամ գալուն կհատուցեմ քեզ»:
Աղբյուրը՝
- Բարի սամարացու առակը (Ղուկ. 10։30-35)
#Ոսկեղենիկ #թևավորարտահայտություններ #Մայրենի #Սխալններիուղղում