Առաջին աշխարհամարտի պատմություններից․
«Այսպես՝ 1915թ․ մայիսի վերջին ես միացա օդային ծառայությանը։ Իրագործվեց մեծագույն երազանքս»:
Լոնդոնի թագավորական օդուժի թանգարանի երկրորդ սրահում՝ Առաջին համաշխարհային պատերազմի օդային ցուցահանդեսում, Ֆոկկեր Դ-VII-ն է։
Սա հավաքածուի ամենագունավոր ինքնաթիռներից մեկն է, աչք է զարնում իր աբստրակտ գունավորմամբ։ Այն ակներև հիշեցում է, որ Առաջին աշխարհամարտը մղվել է ոչ թե սև ու սպիտակ, այլ պարզ, ներդաշնակ գույներով։
Մոտակայքում այլ մասշտաբով ցուցադրված է ապակյա մի փոքրիկ, նուրբ, կապույտ շուն։
Սա դաշնակիցներին իբրև Կարմիր բարոն հայտնի Մանֆրիդ ֆոն Ռիխտհոֆենի թալիսմանն է և ուղեկցում էր նրան թռչելիս։ 1918թ․ ապրիլի 21-ին՝ մոտ 102 տարի առաջ, Կարմիր բարոնը առերեսվելու էր իր ճակատագրին։ 1918թ․ ապրիլի 24-ին «Թայմզ»-ը նկարում է թաղման բավական գեղեցիկ, հուզիչ պատկերը։
«Կապիտան բարոն ֆոն Ռիխտհոֆենի թաղումը, որ տեղի ունեցավ երեկ կեսօրին, հասարակ, բայց տպավորիչ արարողություն էր։ Դագաղը, որ տանում էին Թագավորական ռազմական օդուժի վեց սպա, դրեցին ֆրանսիական գերեզմանի անկյունում՝ մի փոքրիկ հողաշեն գյուղի մոտ, որտեղից մինչև արարողությունը կարելի էր դիտել Ամիենի տաճարը՝ կանգուն շատ պարզ ու գեղեցիկ կեսօրի արևի ներքո։ Հնչեց հոգեհանգստի անգլիական պատարագն, ու վերջին տուրքը մատուցվեց գերեզմանի մոտ»։
Արարողության տեսագրությունը այսօր էլ կարելի է դիտել առցանց:
Հարգանքը օդաչուների միջև միանգամայն ակնհայտ էր։ Հաճախ ծաղկեպսակներ ու գրություններ էին դրվում և ռազմական ծիսակարգեր մատուցվում ընկած թշնամու հիշատակին։
Սա ակնհայտ է 1918 թվականի ապրիլի 23-ին Aberdeen Daily Journal-ի մի գրառման մեջ.
«Թաղումը շատ տպավորիչ էր։ Ընկած օդաչուն թաղվեց մի գեղեցիկ, փոքրիկ գերեզմանատանը՝ ոչ շատ հեռու այն վայրից, որտեղ ընկել էր։ Ներկա էր նաև Թագավորական ռազմական օդուժի զորակազմը։ Գուցե չենք համարում, որ Kultur-ը [sic] [1] մնացյալ աշխարհին փորձել պարտադրելը մեր ազգային պարտքն է, բայց մենք անկասկած շարունակում ենք ասպետի պես վեհանձն գտնվել մեր թշնամու նկատմամբ»։
«Ասպետություն» եզրը մեզ բերում է օդում Առաջին համաշխարհային պատերազմի գաղափարին, որը մղում էին օդի ասպետները։ «Օդի ասպետներ» մոտեցումը պատմագրական առումով դուրս է մնում կիրառությունից 1960-ականներից սկսած Առաջին համաշխարհային պատերազմի պատմությունում «Առյուծը՝ ավանակների գլխավորությամբ» մոտեցման առաջխաղացմամբ։
Այնուամենայնիվ, այս գաղափարում ճշմարտության հատիկ կա. մարդիկ, որ թռչում էին բոլոր կողմերում, ունեին նույն ծագումն ու կենսակերպը, և գերակշիռ դեպքերում փոխադարձ հարգանք էին տածում միմյանց նկատմամբ։ Սակայն այս մոտեցումը չպետք է քողարկի այն փաստը, որ այս մարդիկ բռնություն էին կիրառում մարտական գործողությունների նոր դաշտում՝ նոր տեխնոլոգիայի կիրառմամբ։
Ինչպես նշում է Փիթեր Հարթը՝ «ատրճանակները, հրացանները, ռումբերը, նռնակները, բոլորը փորձվել էին գնդացիրից առաջ իրենց մարտակից օդաչուներին սպանելու ձգտման մեջ»։ Կարմիր բարոնի «ուշագրավ ցուցանիշը» նույնպես սրա վկայությունն է։
1918թ․ ապրիլի 22-ին Yorkshire Evening Post-ը գրում է, որ ինչպես ակնկալվում է՝ Կարմիր բարոնի հուղարկավորությունը լինելու է «շատ տպավորիչ ու արժանի ընկած օդաչուի ուշագրավ ցուցանիշին»։
Այս «ուշագրավ» ցուցանիշը Կարմիր բարոնի գրանցած 80 հաղթանակներն էին։ Ընկած օդանավերից շատերը ղեկավարելու էին նոր պատրաստված օդաչուներ, ու նրանցից շատերը բառացիորեն չէին էլ իմանալու, թե ինչն իրենց հարվածեց։
Կարմիր բարոնի պես խորհրդանշական մեկին ուսումնասիրելիս գլխավոր խոչընդոտը հանրայնության ու առասպելների հաղթահարումն է։ Տվյալ դեպքում մենք ունենք նրա սեփական հուշագրությունները՝ Der Rote Kampfflieger-ը։
Der Rote Kampfflieger-ը Ջ․ Էլլիս Բարկերի թարգմանությամբ հրատարակվել է 1917թ․ և վերահրատարակվել անգլերենով 1918թ․ «The Red Flier» [2] անվամբ։ Թարգմանության նպատակը, ինչպես նշված է The Aeroplane-ի խմբագիր Չ․ Գ․ Գրեյի առաջաբանում, հետևյալն է․
«Մեր թռչող մարդկանց համար սա հնարավորություն է համեմատելու գրառումները Գերմանիայի ամենատպավորիչ մարտական օդաչուներից մեկի հետ»։
Մինչև մահը Ռիխտհոֆենը կարծում էր, որ այս գիրքն իրեն ավելի հանդուգն է պատկերում, քան այդ պահին էր, այնուամենայնիվ, այն արտահայտում է այդ ժամանակի նրա մտքերն ու հայացքները և հնարավորություն տալիս մեզ պատկերացում կազմել այդ շրջանի մարտական օդաչուի մտածելակերպի մասին։
Մանֆրիդը՝ բարոն ֆոն Ռիխտհոֆենը, ծնվել է 1892թ․ մայիսի 2-ին՝ Գերմանիայի Բրեսլաու քաղաքում (այժմ՝ Լեհաստանի Վրոցլավ քաղաքը)։ Նա բարեկեցիկ ընտանիքից էր, ու իր ամենամեծ երջանկություններից մեկը ընտանեկան կալվածքում և դրա շրջակայքում որսորդությամբ զբաղվելն էր։ Որսորդության թեմային դեռ կանդրադառնանք։
Ռիխտհոֆենն Առաջին աշխարհամարտի գործողություններին առաջին անգամ մասնակցել է պրուսական բանակի հեծելազորային գնդում ու կռվել Ռուսաստանում պատերազմի սկզբին, մասնակցել Բելգիա ու Ֆրանսիա ներխուժմանը։ Հեծելազորում քաջություն դրսևորելու համար արժանացել է Երկաթե խաչ շքանշանին։
Շուտով նոր խրամատային պատերազմի արդյունքում հեծելազորում նրա պարտականությունը դարձավ փոխադրումներ կատարելը, այլ ոչ թե գործողություններին մասնակցելը։ «Կարմիր մարտական օդաչուն» գրքում նա մտաբերում է Վերդենում եղած ժամանակը․
Սկզբում ես այնպիսի խրամատներում էի, որտեղ ոչինչ չէր կատարվում։ Հետո սկսեցի փոխադրմամբ զբաղվել ու արկածներ ունենալու հույս ունեի։ Սակայն սխալվեցի․․․ Կռվողներին մի կարճատև այցելությունից հետո իմ դիրքն ինձ շատ անմիտ թվաց․․․ Բավական էր։
Ես նամակ ուղարկեցի գլխավոր գեներալին, և չար լեզուների համաձայն՝ նրան ասացի․«Հարգելի՛ ձերդ գերազանցություն, ես չեմ գնացել պատերազմ պանիր ու ձվեր հավաքելու, այլ ուրիշ նպատակով»։ Սկզբում վերևում գտնվողները ցանկանում էին բղավել ինձ վրա։ Բայց հետո ի կատար ածեցին ցանկությունս։
Այդպես՝ 1915թ․ մայիսի վերջին ես միացա օդային ծառայությանը։ Իրագործվեց մեծագույն երազանքս։
Որպես դիտորդ նրա առաջին թռիչքն այնքան էլ սահուն չանցավ.
Հաջորդ առավոտ ժամը յոթին ես պետք է առաջին անգամ թռչեի որպես դիտորդ։ Բնականաբար շատ հուզված էի, քանի որ պատկերացում չունեի, թե ինչպես կանցներ։ Ում հարցրել էի զգացումների մասին, տարբեր հեքիաթներ էին պատմել։
Նախորդ գիշեր շուտ էի գնացել քնելու, որպեսզի հաջորդ առավոտ լիովին թարմ լինեմ։ Մենք գնացինք դեպի թռիչքային հարթակ ու առաջին անգամ մտա թռչող մեքենա։ Ինքնաթիռի օդային պտուտակից եկող միջանցահովը անտանելի տհաճություն էր առաջացնում։
Ինձ միանգամայն անհնարին թվաց օդաչուին որևէ բան հասկացնելը։ Քամին տանում էր ամեն ինչ։ Եթե թղթի մի կտոր էի հանում, այն անհետանում էր։ Անվտանգության սաղավարտս վայր սահեց։ Աղմկախլացուցիչս ընկավ: Բաճկոնս պատշաճ կերպով կոճկված չէր։ Մի խոսքով շատ անհարմար էի ինձ զգում։
Մինչև կհասկանայի, թե ինչ է կատարվում, օդաչուն ողջ արագությամբ առաջ սլացավ, ու շարժիչը սկսեց պտտվել։ Ավելի ու ավելի արագ էինք գնում։ Ես բռնվեցի մեքենայի կողքերից։ Հանկարծ ցնցումն ավարտվեց, ու մեքենան օդում էր, իսկ գետինը չքացավ ոտքերիս տակից։
1915թ․ հոկտեմբերի 10-ին երկտեղանոցում մարտեր վարելուց հետո Ռիխտհոֆենը պետք է վարեր իր առաջին միայնակ թռիչքը։ Նա չէր հանձնելու իր ավարտական քննությունները մինչև 1915թ․ Սուրբ ծննդյան օրը, իսկ այնուհետև Մանֆրիդ ֆոն Ռիխտհոֆենը դառնալու էր մարտական օդաչու և ոչնչացներ բոլոր նրանց, ովքեր դուրս կգային իր դեմ։ Նա հայտնի էր որպես անվրեպ նշանառու։
1917թ․ սկզբին դարձել էր Գերմանիայի ամենաբարձր վարկանիշ ունեցող օդաչուն։ Սա 16 հաղթանակների արդյունքն էր, որից հետո պարգևատրվել է Pour le Mérite շքանշանով, ավելի հայտնի որպես Կապույտ Մաքս՝ գերմանացի հռչակավոր մարտական օդաչու Մաքս Իմմելմաննի անունով։
1917թ․ հունվարին Ռիխտհոֆենին տվեցին իր իսկ մարտական ավիաջոկատի՝ Յագշտաֆել 11-ի (N11 մարտական էսկադրոն) հրամանատարությունը։ Օդաչուները հատուկ ընտրված էին ու կազմում ունեին իրենց ժամանակի առաջատար մարտական օդաչուներին. նրանց շարքերում էր նաև Ռիխտհոֆենի կրտսեր եղբայրը՝ Լոթարը, որ խոցելու էր բրիտանացի հռչակավոր օդաչու, Վիկտորիայի խաչի շքանշանակիր կապիտան Ալբերտ Բոլլին. վերջինս մարզվում էր Հենդոնում, ուր այժմ տեղակայված է Լոնդոնի թագավորական օդուժի թանգարանը։
Յաստային կցված 26 օդաչուներից 20-ը հասան հինգ կամ ավելի հաղթանակի։ Ավիաջոկատը հայտնի էր իր գունավոր ինքնաթիռներով, ու դեպի ամենաթեժ մարտական գոտիներ ուղևորվում էին շարքով։ Շուտով նրանք ստացան «Թռչող կրկես» մականունը։
«Թռչող կրկեսն» այնքան հաջողակ էր 1917թ․ ապրիլին, որ այդ ամիսը դաշնակիցներից ստացավ «Արյունոտ ապրիլ» անվանումը։ Փիթեր Հարթի նույնանուն գրքում նշվում է, որ հունվար ամսից մինչև մայիսի վերջ ընկած ժամանակահատվածում Թագավորական օդային կորպուսը կորցրել է 708 օդանավ, որից 275-ը ընկել է ապրիլին, ունեցել են 1014 տուժած՝ 473 զոհ, 317 վիրավոր և 224 ռազմագերի։
Չնայած այս բոլոր մահերին՝ օդաչուների միջև փոխադարձ հարգանք կար, ինչպես ակնհայտ երևում է Կարմիր բարոնի թաղման նկարագրությունում։ Նրա մահվան մյուս կողմն էլ կա․ դաշինքի անդամների ակնհայտ հիացմունքն այս մարդու նկատմամբ, ում օդանավը նկատվելիս սարսափ էր ներշնչում։
Սա նկատվում է Cross and Cockade-ի 20-րդ հատորում, երրորդ համարի հետաքրքրաշարժ հոդվածում, որը վերաբերում է ավստրալական կայսերական ուժերից Վինս Էմերիի հետ Ջեֆֆրի Հայնի հարցազրույցին։ Վինսն առաջիններից էր հայտնվել դեպքի վայրում, երբ վթարվեց Ռիխտհոֆենի կարմիր Ֆոկկերը։
«Հասնելով դրան՝ նա պտույտ կատարեց՝ անցնելով քթի հատվածի ու թևի շեղջակույտի միջև, դեպի ստորին կողմ, և կանգնեց ծռմռված, հետին ամենացածր թևին։ Օդաչուի գլխին ոչինչ չկար, ու այն հետ էր ընկած։ Վինսն այդ պահին անկասկած վերցրեց օդաչուի վզից շատ կարճ, մուգ գույնի մետաքսե կապիչով կախված փոքրիկ հեռադիտակը և օդաչուի համազգեստի առջևի գրպանում դրված ակնոցը։
Այդ ակնոցը Վինսը դրեց տարազաբաճկոնի կողային գրպանը։ Ջեֆֆրին վերցրեց ատրճանակը․․․ Վինսը հիշեց, որ օդաչուն ուներ իր երբևէ տեսած ամենապարզ կապույտ աչքերը։ Նա սաղավարտ չէր կրում, չնայած համազգեստը հավանաբար ուներ գլխանոց, մազերը կարճ կտրած էին, իսկ հագին ձեռնոցներ էին։ Մոտ երեք րոպե անց օդանավի շուրջ արդեն մոտավորապես հարյուր մարդ կար»։
Իհարկե, շուտով սկսվեց հուշանվերների հավաքումը՝ շատերը սկսեցին վերցնել նրա իրերն ու ինքնաթիռի մասերը, ու Վինսի հիշատակության արժանի նկարագրության համաձայն՝ այդ մարդիկ «նման էին ագեվազի շուրջ հավաքված ագեվազ շների»։ Հետաքրքիր է՝ արդյոք այդ իրերից որևէ մեկը դեռ գոյություն ունի՝ թեկուզ որպես այդպիսին չճանաչված։
Հուշանվերների գաղափարին Ռիխտհոֆենը ծանոթ էր։ Նրա ամենահայտնի հաղթանակներից մեկը Թագավորական օդուժի կորպուսի մայոր Լենո Հոուքերի (Վիկտորիայի խաչի շքանշանակիր, «Մատուցած ծառայությունների համար» մեդալակիր) նկատմամբ էր։ Իր հուշագրության մի գեղեցիկ հատվածում նա նկարագրում է մարտերը իր և իր կողմից հարգված հակառակորդի միջև, գրեթե որպես բալետ՝ միայն դաժան վերջաբանով։
«Սկզբում մենք քսան անգամ պտտվեցինք դեպի ձախ, հետո՝ երեսուն անգամ դեպի աջ։ Ամեն մեկը փորձում էր հայտնվել մյուսի հետևում կամ վերևում։ Շուտով հասկացա, որ չէի պայքարում սկսնակի դեմ։ Նա ընդհանրապես մտադիր չէր դադարեցնել մարտը։ Թռչում էր գեղեցիկ պտտվող մի օդանավով։
Այնուամենայնիվ, իմն ավելի լավն էր բարձրություն հավաքելու գործում, քան նրանը, ու ի վերջո ինձ հաջողվեց հայտնվել վալսի իմ անգլիացի զուգընկերոջ վերևում և հետևում․․․ Հակառակորդս, գլխին հարված ստանալով, ընկավ մեր սահմանից հարյուր հիսուն ոտնաչափ հեռու։ Նրա գնդացիրը դուրս բերվեց հողի միջից, ու այժմ զարդարում է իմ կացարանի մուտքը»։
Մայոր Հոուքերի Վիկտորիայի խաչի բնօրինակը գողացվել է Ֆրանսիայում 1940թ․, իսկ կրկնօրինակն այժմ գտնվում է Հենդոնում՝ Թագավորական օդուժի թանգարանում։
Ռիխտհոֆենի համար հակամարտությունը մի լայնամասշտաբ որս էր, որի համար որսորդի հմտություններ էին անհրաժեշտ։ Նա հաճախ էր հաղթանակներից հուշանվերներ պահում՝ ներառյալ ընկած օդանավերի գրանցման համարները կամ օդանավի պտուտակները։
«Ողջ կյանքիս ընթացքում ավելի հաջող որսի վայր չեմ տեսել, քան Սոմմի ճակատամարտի ժամանակ։ Առավոտյան՝ հենց որ արթնացա, առաջին անգլիացիները ժամանեցին, ու վերջինները անհետացան միայն մայրամուտից բավական անց։ Բոլկն ասել է, որ սա նման էր թռչող մարդկանց Էլ Դորադոյի»։
Կռվում հանգստությունն էր, որ առանձնացնում էր Ռիխտհոֆենին մյուս մարտական օդաչուներից։
«Նախկին հուզմունքս անցել էր։ Նման իրադրությունում սառն ու հավաքված ես դատում՝ հաշվարկելով խոցելու կամ խոցվելու հավանականությունը։ Ընդհանուր առմամբ մարտն ինքնին գործի ամենանվազ հետաքրքրական մասն է։ Նա, ով տարված է կռվով, անկասկած սխալներ թույլ կտա։ Նա երբեք չի գցի հակառակորդին»։
«Սրանից հետևում է, որ հաղթում էր նա, ով ամենահանգիստն էր, ու ով վտանգի պահին ամենասթափ միտքն ուներ»։
Ռիխտհոֆենը խիզախ, անվախ մարտիկ էր, և այդ ժամանակի գերմանացի հռչակավոր օդաչուներից սովորած փորձառությունն ազդեցություն է թողել Ռիխտհոֆենի վրա, իսկ հանգստություն պահպանելու հանդեպ նրա մոտեցումը և ավիաջոկատում աշխատելը սովորել է այն մարդկանցից, ում հետ աշխատել է. նրանց շարքում՝ վերոնշյալ Օսվալդ Բոլկեն։
Հայտնի լինելով որպես գերմանական ռազմաօդային ուժերի հայր և հրաշալի մարտավար՝ Բոլկեն զոհվել է միջօդային բախման արդյունքում։ Թագավորական օդային կորպուսի դրած ծաղկեպսակի վրա պարզ ընթեռնելի էր․«Կապիտան Բոլկեի՝ մեր խիզախ ու ասպետական հակառակորդի հիշատակին»։
Հավանաբար Առաջին համաշխարհային պատերազմի ամենաբախտավոր օդաչուներից մեկը Վիլֆրիդ Ռիդ Մեյն է։ Մեյի վրա էր Կարմիր բարոնի հարձակումը, երբ ինքն էլ հարված ստացավ։
Մեյը որպես այն կյանքի օրինակ, որը կարող էին ունենալ երկու կողմից մարտերում զոհվածները, դարձավ լավագույններից մեկը՝ 13 հաստատված հաղթանակներով նվաճելով «Թռիչքային ակնառու ձեռքբերումների խաչ» մեդալը (վկայակոչում), բայց պատերազմից հետո՝ ձմռան սարսափելի պայմաններում, օգնության նպատակով թռիչք կատարեց դեպի Կանադա՝ տանելով շիճուկ և փրկելով տղամարդկանց, կանանց և երեխաներին դիֆթերիայի բռնկումից։
Մեյը թփուտի օդաչուների բնագավառում առաջիններից էր ու Կանադայում Էդմոնտոնից ապահովել է առաջին օդային ծառայությունը։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում աշխատել է Կանադայի թագավորական օդուժի ուսումնական օդաչուների հետ։ 1973 թվականին ներկայացվել է Կանադայի ավիացիոն փառքի սրահում։ Մինչ այդ նաև պարգևատրվել էր Բրիտանական կայսրության բարձրագույն շքանշանով։ Այս ամենը, իհարկե, տեղի չէր ունենա, եթե նա ճիշտ ձևով ու ճիշտ պահին չշրջեր իր օդանավը՝ խուսափելով 81-րդ հաղթանակը դառնալուց։
Գունավոր Ֆոկկերը հիշեցում է այն մասին, որ սա անցյալ օրերի սև ու սպիտակ պայքար չէր, այլ տարբեր ծագում ունեցող ծեր տղամարդկանց պայքարը օդում։ Ռիխտհոֆենը «Կարմիր մարտական օդաչուն» գրքում կոպտորեն նշում է, որ «անգլիացի օդաչուների արյունը հոսելու է առուներով»։ Օդում մղվող պատերազմը նույնքան դաժան էր, որքան խրամատներում, և բոլոր կողմերից այս օդանավերը կառավարող տղամարդիկ նույնքան խիզախ ու երիտասարդ էին։ Մահվան պահին Ռիխտհոֆենը 25 տարեկան էր, Հոուքերը՝ 25, իսկ Բոլլը՝ 20։
Ես վերջին խոսքը կթողնեմ կապիտան Ռոյ Բրաունին՝ Կանադայի թագավորական օդուժի օդաչուին, որին վերագրվում է Կարմիր բարոնի սպանությունը, չնայած մինչ օրս էլ շարունակվում է այն բանավեճը՝ արդյոք Բրաունն էր գետնել տխրահռչակ Ֆոկկեր եռաթիռը, թե ցամաքային կրակոցը։ Նաև հայտնի է, որ հուլիսի 17-ին Ռիխտհոֆենը գլխի վնասվածք էր ստացել, որը ինչպես հարկն էր չէր բուժվել, և կարծիք կա, որ սա լուրջ երկարաժամկետ հետևանքներ է ունեցել։
Բրաունը տեսնում է Ռիխտհոֆենին մահից անմիջապես հետո վրանում պառկած ու մորն ուղղված նամակում գրում է հետևյալը․
«Երբ մոտեցա, Ռիխտհոֆենի տեսքն ինձ ցնցեց։ Նա այնքան փոքր թվաց ինձ, այնքան փխրուն։ Այնքան ընկերասեր տեսք ուներ։ Շեկ, երեխայինի պես մետաքսյա-փափուկ մազերը թափվում էին լայն, բարձր ճակատին։
Մասնավորապես խաղաղ էր նրա դեմքը, որն ուներ հեզ, բարի ու ինչ-որ անմեղ արտահայտություն։ Հանկարծ ես ինձ թշվառ զգացի, անհուսորեն դժբախտ, ասես անարդարություն էի գործել։ Ամոթի զգացման հետ մեկտեղ ինքս իմ հադեպ ինչ-որ բարկություն ստիպեց մտածել, որ ես եմ նրան ստիպել այդտեղ պառկել։ Եվ հոգուս խորքում ես անիծեցի մահվանը նվիրված ուժը։ Ես կրճտացրի ատամներս, անիծեցի պատերազմը։
Եթե կարողանայի, սիրով նրան կվերակենդանացնեի, սակայն սա որոշ չափով տարբերվում էր ատրճանակով կրակելուց։ Ես այլևս չէի կարող նրա դեմքին նայել։ Հեռացա։ Ինձ հաղթող չէի զգում։ Կոկորդիս գունդ կար։ Վիշտս ավելի մեծ լինել չէր կարող, անգամ եթե ամենահարազատ ընկերս լիներ նրա փոխարեն»։
Հեղինակի մասին
Գերի Հեյն․ Արխիվավար
Գերին պատիվ ունի լինելու Թագավորական օդուժի թանգարանի արխիվավարն ու Արխիվի և գրադարանի թիմի անդամը։ Գերին անսպառ հետաքրքրություն ունի ռազմական պատմության, ուսումնասիրությունների և գրագրության հանդեպ, ու հրատարակվել է սոցիալական, մշակութային և ռազմական պատմության բնագավառներում։ Նա սիրում է պատմել մոռացված պատմություններ, որ կարելի է գտնել արխիվներում։ Եթե լսում եք որևէ մեկի ոգևորված բացականչությունը, ապա հաստատ Գերին է արխիվներում։
[Quoted in Mark C. Wilkins, Aero-Neurosis: Pilots of the First World War and the Psychological Legacies of Combat, Pen & Sword, 2019]
Ծանոթագրություն
Թարգմանիչ՝ Լիլիթ Արսենյան (Lilit Arsenyan) © Բոլոր իրավունքները պաշտպանված են։